(10 Նոյեմբեր-10 Դեկտեմբեր 2020թ․)
2020թ․ Նոյեմբերի 10ին ստորագրուած կապիտուլեացիոն (անձնատուութեան-Խմբ.) յայտարարութիւնից յետոյ Հայ Դատի յանձնախմբերն ու գրասենեակները նոյն թափով շարունակում են իրականացնել հայութեան շահերի պաշտպանութեան աշխատանքներ ամբողջ աշխարհում։ Արցախի նկատմամբ ադրբեջանաթուրքական ագրեսիան (յարձակումը-Խմբ.) դատապարտելու, Արցախի տարածքային ամբողջականութեան վերականգնմանը նպաստելու, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահութեան ձեւաչափը վերականգնելու, գերիների եւ զոհուածների մարմինների փոխանակման խնդիրը բարձրացնելու ուղղութեամբ կատարւում են մեծ ծաւալի աշխատանքներ։ Յատուկ ուշադրութիւն է դարձւում ղարաբաղեան հիմնախնդրի շուրջ տարբեր երկրներում ներքաղաքական քննարկումներ, խորհրդարանական լսումներ իրականացնելու վրայ, որոնք արդէն իսկ վերաճում են կոնկրետ (յստակ-Խմբ.) բանաձեւերի ընդունումների։
Հայ Դատի յանձնախմբերի եւ գրասենեակների կողմից շարունակւում են արտասահմանեան պատուիրակութիւնների, մեր ժողովրդի օտարազգի բարեկամների եւ լրագրողների այցելութիւնների կազմակերպումը դէպի Արցախ, որպէսզի նրանք տեղում ծանօթանան առկայ իրավիճակին եւ առաւել առարկայօրէն կարողանան օգտակար լինել եւ/կամ իրավիճակը ներկայացնել միջազգային հանրաութեանը։
Նախընթաց ամսուայ հիմնական ձեռքբերումները ըստ տարածաշրջանների ներկայացւում են ստորեւ.
ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑԵԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ
ԱՄՆ Հայ Դատի յանձնախմբի Վաշինգտոնի գրասենեակի աշխատանքները հիմնականում կենտրոնացուած են Ադրբեջանի եւ Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների կիրառման եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահութեան ձեւաչափի վերականգնման ուղղութեամբ։ Այս համատեքստում Վաշինգտոնի գրասենեակից յայտնում են, որ Նոյեմբերի 13ին, կոնգրեսականներ Ֆրանք Փալոնը, Բրեդ Շերմանը, Քարոլին Մալոնին, Լորի Թրահանը, Թոնի Քարդոնասը, Ջուդի Չուն եւ ուրիշներ իրենց ելոյթներում սատարել են Ադրբեջանական ագրեսիային ենթարկուած հայութեանը եւ պաշտօնական Վաշինգտոնին կոչ արել վերականգնել բանակցային գործընթացի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը։ Նոյեմբեր 17ին Սենատի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի անդամ Ռոբերտ Մենենդեսն է հանդէս եկել բաւական կոշտ ելոյթով եւ Մինսկի խմբի ձեւաչափի վերականգնման կոչին զուգահեռ՝ ԱՄՆ իշխանութիւններին յորդորել է 100 միլիոն դոլարի հումանիտար օժանդակութիւն յատկացնել, ինչպէս նաեւ դադարեցնել Բաքուին եւ Անկարային ամերիկեան զէնքերի վաճառքը։ Արդէն Նոյեմբերի 18ին յայտարարութեամբ է հանդէս եկել Կոնգրեսի հայկական հարցերով խումբը։ Վերջինիս համանախագահներ Ֆրանք Փալոնը, Գուս Բիլիրակիսը, Ջեքի Սփիրը եւ Ադամ Շիֆը ԱՄՆ Պետքարտուղարութեանն ուղղուած յայտարարութիւն են տարածել ի թիւս այլնի՝ կարեւորելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքի ճանաչումը, հումանիտար ճգնաժամի կանխմանը օժանդակելը։ Նոյեմբերի 22ին Թուրքիային եւ Ադրեջանին զէնքի վաճառքը դադարեցնելու նախաձեռնութիւն է սկսել կոնգրեսական Դեւին Նունեսը:
Այս ժամանակահատուածի թերեւս կարեւորագոյն արդիւնքը եղաւ այն, որ ԱՄՆ Ազգային պաշտպանութեան հաստատման վերաբերեալ օրէնքի նախագծում առկայ հակահայկական մի շարք ձեւակերպումներ, որոնք առաջ էին քաշուել Կոնգրեսի թուրքական հարցերով խմբի կողմից, չէզոքացուեցին։ Հակահայկական ձեւակերպումները վերաբերում էին Ուկրաինայում, Մոլդովայում, Վրաստանում եւ Ադրբեջանում ներքին տեղահանուած անձանց կարգավիճակին։ Լոբբիստական գործունէութեան համալիր գործիքակազմով, որը ներառում էր նաեւ շուրջ 100,000 նամակների յղում կոնգրեսականներին, հակահայկական ձեւակերպումները օրէնքի նախագծից հանուեցին։
ԵՒՐՈՊԱ
ԲԵԼԳԻԱ
Պատերազմի վերջին շաբաթուայ ընթացքում ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի յանձնախմբի կազմակերպմամբ, փաստահաւաք առաքելութեամբ Արցախում էր գտնւում Բելգիայի Դաշնային Խորհրդարանի պատգամաւոր Ջորջ Դալեմանը։ Վերադառնալով Բելգիա՝ Դալլեմանը խորհրդարանում վկայեց ադրբեջանական բանակի կողմից իրականացուած սարսափելի ռազմական յանցագործութիւնների մասին: Նա կոչ արեց Բելգիայի կառավարութեանը յստակ դատապարտել Թուրքիային եւ Ադրբեջանին, ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքը եւ հումանիտար օգնութիւն ուղարկել հայ վիրաւորներին եւ փախստականներին:
Հայ Դատի Եւրոպայի կենտրոնական գրասենեակի եւ Հայ Դատի Բելգիայի յանձնախմբի ջանքերով՝ Բելգիայի Դաշնային խորհրդարանի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովը Դեկտեմբերի 2ին ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման վերաբերեալ բանաձեւ՝ դատապարտելով Արցախի նկատմամբ Ադրբեջանական ագրեսիան, ինչպէս նաեւ կոչ է անում Բաքուին զօրքերը դուրս բերել Արցախի գրաւեալ տարածքներից։ Բանաձեւով կոչ է արւում նաեւ անդրադառնալ Արցախի ինքնորոշման իրաւունքի ճանաչմանը, ինչպէս նաեւ կարեւորւում է Մինսկի խմբի ձեւաչափի վերականգման անհրաժեշտութիւնը։ Բանաձեւը դեռ պէտք է քուէարկուի Դաշնային խորհրդարանի լիագումար նիստում եւ ըստ ամենայնի կ՛ընդունուի։
ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի գրասենեակի կազմակերպմամբ Դեկտեմբերի 2-6ը Հայաստան եւ Արցախ այցելեցին Արցախի հետ Բելգիայի ֆրանսախօս բարեկամութեան խմբի անդամները։ Նրանք հանդիպումներ ունեցան Արցախի մարդու իրաւունքների պաշտպանի, արցախցի խորհրդարանականների, արտաքին գործերի փոխնախարարի հետ, այցելեցին ներքին տեղահանուած անձանց կեցավայրեր, եղան Ստեփանակերտի հիւանդանոցում եւ հրետակոծուած թիւ 10 հիմնական դպրոցում, տեղում իրականացրեցին փաստահաւաք աշխատանք։ Պատուիրակութեան անդամները հիմնականում ներկայ ու նախկին խորհրդարանականներ էին։ Պատուիրակութիւնը ղեկավարում էր Արցախի հետ Բելգիայի ֆրանսախօս բարեկամութեան խմբի համակարգող Անդրէ դը Բիւսը, Բրիւսելի Ֆրանկոֆոն խորհրդարանի նախկին նախագահ Ժուլի դը Գռոտը, Բրիւսելի խորհրդարանի պատգամաւոր Էմանուէլ դը Բոկը, Ժետի քաղաքապետ Հերուէ Դոյենը եւ պատերազմական յայտնի լրագրող Ժոզի Դուբիէն։
ՖՐԱՆՍԻԱ
Հայ Դատի Ֆրանսիայի յանձնախումբը կարեւոր ներդրում է ունեցել Ֆրանսիայի Սենատի եւ Ազգայի ժողովի կողմից Արցախի Հանրապետութեան անկախութեան ճանաչման անհրաժեշտութեան մասին բանաձեւերի ընդունման գործում։ Իրենց բնոյթով աննախադէպ այս բանաձեւերով Ֆրանսիայի գործադիր իշխանութեանը կոչ էր արւում ճանաչել Արցախի Հանրապետութեան անկախութիւնը, դատապարտւում էր Արցախի նկատմամբ ադրբեջանաթուրքական ագրեսիան։
ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ
Մեծ Բրիտանիայի Հայ Դատի յանձնախմբի աշխատանքի արդիւնքում յաջողուել է Դեկտեմբերի 8ին ՄԹ Լորդերի պալատում հասնել Արցախի հարցով խորհրդարանական քննարկման, որին մասնակցել են հինգ կուսակցութիւնների (Պահպանողական, Լեյբորիստական, Շոտլանդական ազգային, Ժողովրդավարական կուսակցութիւններ) ներկայացուցիչներ։ Խորհրդարանականների ելոյթները գլխաւորապէս արտացոլում էին հայկական տեսակէտները, բրիտանացի խորհրդարանականներն անդրադարձան հակամարտութեան նախապատմութեանը, վերջին պատերազմին եւ ադրբեջանական յանցանքների ամբողջ շրջանակին։
ՀՈԼԱՆԴԻԱ
Նիդեռլանդների Հայ Դատի յանձնախումբը ողջունել է Նիդեռլանդների խորհրդարանի կողմից 2020թ․ Դեկտեմբերի 11ին Արցախի մասին ընդունուած բանաձեւը: Խորհրդարանը հակամարտութեան վերջնական կարգաւորումը տեսնում է տուժած բնակչութեան համար կայուն անվտանգութիւն ապահովելու մէջ, ինչպէս նաեւ խաղաղութեան եւ Արցախի կարգավիճակի հաստատման համար՝ ապահովելով Արցախի անվտանգութիւնը: Խորհրդարանը բանաձեւի միջոցով դիմում է կառավարութեանը՝ ԵԱՀԿ Միսնկի խմբի շրջանակներում հակամարտութեան կարգաւորման իրականցաման համար ջանքեր գործադրելու։
Ըստ Հայ Դատի յանձնախմբի, Նոյեմբերի 10ին ստորագրուած եռակողմ համաձայնագիրը Նիդեռլանդների եւ եւրոպական մի շարք երկիրների կողմից չի նկատւում որպէս յարատեւ խաղաղութիւն ապհովելու երաշխիք, հետեւաբար այս տեսակ բանաձեւերը միտուած են արտայայտելու եւրոպական երկրների դիրքորոշումը Արցախի կարգաւորման հարցով:
ԿԱՆԱԴԱ
ՀՅԴ Հայ Դատի Կանադայի յանձնախումբը շարունակում է աշխատանքները կանադական հասարակական-քաղաքական շրջանակների, նահանգային եւ ֆեդերալ խորհրդարանների հետ։ Աշխատանքի հիմնական ուղղութիւններն են Կանադայի կողմից Թուրքիա զէնքի արտահանման արգելք սահմանելը, Թուրքիայում կանադական զէնքի եւ ռազմական նշանակութեան արտադրանքի յայտնուելու հետաքննութիւնը, Արցախի Հանրապետութեան անկախութեան ճանաչումը, ապակենտրոն համագործակցութիւնը եւ այլն։
Դեկտեմբերի 9ին յանձնախումբը խորը հիասթափութիւն է յայտնել կանադական խորհրդարանում Լէօ Հուսակուսի ներկայացրած բանաձեւի քուէարկութեան արդիւնքերից։ Բանաձեւի նախագծով առաջարկւում էր դատապարտել Արցախի նկատմամբ թուրք-ադրբեջանական ագրեսիան, արգելել զէնքի վաճառքը Թուրքիային եւ ճանաչել Արցախի Հանրապետութեան անկախութիւնը։ Հայ Դատի յանձնախումբը յայտարարել է, որ չնայած այս ձախողմանը, կանադահայ համայնքի աշխատանքները՝ Արցախի անկախութեան ճանաչմանը հասնելու համար, չեն դադարելու։ Յանձնախումբը նաեւ շնորհակալութիւն է յայտնել բանաձեւի նախագծի հեղինակներին եւ դրան կողմ քուէարկած խորհրդարանականներին։
ԱՒՍՏՐԱԼԻԱ
Հայ Դատի Աւստրալիայի յանձնախումբը նոյնպէս ակտիւօրէն շարունակել է իր աշխատանքները, որոնց ընթացքում յանձնախումբը առաւելապէս գործադրել է իր խորհրդարանական կապերը եւ քարոզչական գործիքները։
Աւստրիալիայի խորհրդարանում շարունակում են հնչել բազմաթիւ կոչեր՝ ուղղուած երկրի գործադիր իշխանութեանը՝ ճանաչելու Արցախի Հանրապետութեան անկախութիւնը։ Դրանցից մէկը օրինակ, Դեկտեմբերի 10ին պատգամաւոր Ջոել Ֆիցգիբնի ելոյթն էր։
Դեկտեմբերի 9ին յանձնախմբի անդամները Խորհրդարանում հանդիպում են ունեցել Աւստրալիա-Հայաստան միջխորհրդարանական խմբի աւստրիալացի անդամների հետ եւ քննարկել ռազմագերիների վերադարձի, քրիստոնէական մշակութային ժառանգութեան պահպանման, 100,000 փախստականների, Մինսկի խմբի ձեւաչափի վերականգման եւ Աւստրալիայի կողմից Արցախի Հանրապետութեան ճանաչման հարցերը։
Իրականացւում են նաեւ բողոքի գործողութիւններ, որոնցից մէկը տեղի ունեցաւ Դեկտեմբերի 11ին, Կանբերայում՝ Աւստրալիայի խորհրդարանի, ցոյցին ակտիւօրէն մասնակիցում էին Աւստրալիայի ՀՅԴ Երիտասարդական Միութեան անդամները։
ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի Կենտրոնական գրասենեակը պարբերաբար հրապարակում է Հայ Դատի յանձնախմբերի ու գրասենեակների գործունէութեան ամփոփագրեր, որոնք լրատուամիջոցներին, հասարակական լայն շրջանակներին, մասնագիտական ու քաղաքական հանրոյթներին հնարաւորութիւն են տալիս կենտրոնացուած եւ հաւաստի տեղեկատուութիւն ստանալ ՀՅԴ Հայ Դատի համաշխարհային ցանցի գործունէութեան վերաբերեալ, իրազեկ լինել Սփիւռքի քաղաքական գործունէութեան ընթացիկ արդիւնքներին եւ մեր առջեւ ծառացած խնդիրներին։
ՀՅԴ ԲԻՒՐՈՅԻ ՀԱՅ ԴԱՏԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆԵԱԿ