ՀԱՐՑԱԶՐՈՅՑ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ԴԱՏԻ ՅԱՆՁՆԱԽՄԲԻ ԱՐԵՒՄՏԵԱՆ ՇՐՋԱՆԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԷՆ ԱՐՄԷՆ ՍԱՀԱԿԵԱՆԻ ՀԵՏ
Վարեց՝ ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ

Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդն օրեր առաջ բանաձեւ ընդունեց, որտեղ Նոյեմբերի 9ը հռչակեց Արցախի Հանրապետութեան նկատմամբ Ադրբեջանի նախայարձակմանը զոհ գնացած հազարաւոր հայերի յիշատակի օր: Միաժամանակ, Լոս Անջելես քաղաքը ժամանակաւորապէս կասեցրեց Շուշի քաղաքի հետ «բարեկամ քաղաք» յարաբերութիւնն այնքան ժամանակ, քանի դեռ այն ապօրինաբար գտնւում է Ադրբեջանի հսկողութեան տակ: «Այդ կարգավիճակը կը վերահաստատուի, երբ Շուշին ազատ կը լինի ադրբեջանցիների բռնազաւթումից եւ կը վերականգնուի ժողովրդավարական Արցախի Հանրապետութեան կազմում», նշուած է բանաձեւում:
Հայ Դատի յանձնախմբի Արեւմտեան Ամերիկայի շրջանի գործադիր տնօրէն Արմէն Սահակեանը սա համարում է կարեւոր ուղերձ Արցախի ժողովրդի ինքնորոշման եւ անկախութեան իրաւունքի ճանաչման շրջանակներում:
ԱՐՄԷՆ ՍԱՀԱԿԵԱՆ.- Հայ Դատի յանձնախմբի Արեւմտեան Ամերիկայի շրջանն ողջունում է Լոս Անջելեսի քաղխորհրդի եւ աւելի վաղ Բըրբենքի քաղխորհրդի կողմից ընդունուած բանաձեւերը: Բրբենքի քաղխորհրդի անդամներն էլ միաձայն քուէարկեցին`Արցախը ճանաչելով որպէս անկախ հանրապետութիւն եւ չեղեալ համարեցին Բըրբենք-Հադրութ բարեկամական քաղաքի կարգավիճակը` ընդգծելով «քանի դեռ քաղաքը շարունակում է մնալ ադրբեջանական ապօրինի բռնազաւթման ներքոյ»: Այդպիսով, կարեւոր ուղերձ է ուղարկւում, որ Լոս Անջելեսն ու Բրբենքը ճանաչում են Արցախի ժողովրդի ինքնորոշման եւ անկախութեան իրաւունքը եւ Արցախի Հանրապետութեան ինքնիշխան եւ անկախ լինելու փաստը, եւ դադարեցնում են բարեկամ քաղաքների յարաբերութիւններն այնքան ժամանակ, քանի դեռ դրանք բռնազաւթուած են, այսինքն, քանի դեռ հայկական երկրորդ հանրապետութեան գերիշխանութիւնը չի տարածւում այս համայնքների եւ քաղաքների վրայ` նման բարեկամական խմբեր չպէտք է գոյութիւն ունենան: Լոս Անջելես քաղաքը ճանաչում է Արցախի իրողութիւնը եւ Շուշի քաղաքի պատկանելիութիւնն Արցախի Հանրապետութեանը, այսինքն` հայկական լինելուն, եւ բռնազաւթումից ազատագրումն ենթադրում է արդրբեջական ուժերի եւ քաղաքական ազդեցութեան ամբողջական վերացում:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Նշուած երկու քաղաքների կողմից ընդունուած բանաձեւերը կարո՞ղ են նախադէպ դառնալ ամերիկեան այլ քաղաքների եւ նահանգների կողմից նմանատիպ բանաձեւերի ընդունման համար:
ԱՐՄԷՆ ՍԱՀԱԿԵԱՆ.- Ամերիկայի պատմութեան մէջ բազմաթիւ են դէպքերը, երբ տարբեր տեսակի նախաձեռնութիւններ սկիզբ են առել համալսարանական շրջանակներում կամ քաղաքային մակարդակում, եւ աւելի մեծ թափ հաւաքելով իրենց արտացոլումն են ունեցել դաշնային մակարդակում: Այդ փաստերից է, օրինակ Հայոց Ցեղասպանութեան պատմական փաստերի ճանաչումը, որը սկսուեց քաղաքային եւ նահանգային մակարդակում, եւ յետագայում պաշտօնապէս ճանաչուեց Կոնգրեսի կողմից: Այսինքն, միանշանակ, նման նախաձեռնութիւնները նախադէպ են դառնում աւելի մեծ թափ հաղորդելու այլ գործընթացների, եւ Հայ Դատի յանձնախմբի կողմից նման գործընթացները մշտական բնոյթ են կրելու: Մեր համար, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքն ու Արցախի հանրապետութեան անկախութիւնը բացարձակ արժէքներ են, եւ սակարկման ենթակայ չեն որեւէ պարագայում:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Հայ Դատի յանձնախումբն Թուիթերեան իր էջում օրեր առաջ գրառում կատարեց, որ «ադրբեջանն ու Թուրքիան որպէս իրենց յաջորդ յարձակման թիրախ նշանառութեան տակ են վերցրել Սիւնիքը» եւ գրառումն ուղղորդեց ԱՄՆ նախագահ Ջօ Բայդենի եւ պետքարտուղար Բլինքենի էջերին: Արձագանքներ կա՞ն:
ԱՐՄԷՆ ՍԱՀԱԿԵԱՆ.- Ադրբեջանի նախագահը վերջին շրջանում սկսել է արծարծել Զանգեզուրի միջանցք արտայայտութիւնը եւ դրան զուգահեռ մենք ականատես ենք լինում թուրք-ադրբեջանական զօրավարժութիւնների եւ այլ ռազափորձերի, որոնք մեզ մտահոգուելու առիթ են տալիս: Ադրբեջանից եւ Թուրքիայից սպասում ենք վատթարագոյն բեմագրութիւնների եւ դրանով է պայմանաւորուած Հայ Դատի յանձնախմբի վաշինգտոնեան գրանսենակի վերջին Թուիթերեան գրառումը, որով փորձում ենք ամերիկեան վարչակազմին, կոնգրեսականներին եւ այլ պատկան մարմինների ուշադրութիւնը գրաւել այդ հարցի շուրջ, որովհետեւ մեծ մտահոգութիւն կայ, որ ՀՀ գերիշխանութիւնն է այս պահին հարցականի տակ, եւ պէտք է ամէն գնով պահպանենք հայկական պետականութիւնը:
Մինչ օրս ԱՄՆ վարչակազմի կողմից արձագանգ չկայ, սակայն ԱՄՆ Կոնգրեսի հետ մեր աշխատանքը շարունակւում է տարբեր ուղղութիւններով, այդ թւում, օրինակ` կոնգրեսականների միջոցով նամակներ ենք յղում նախագահ Բայդենին, ԱՄՆ պետքարտուղարութեանը, այսինքն օգտագործում ենք մեր բոլոր լծակները նրանց ուշադրութիւնը Հայաստանի ու Արցախի ուղղութեամբ գրաւելու համար:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Հայ Դատի յանձնախմբի վերջին շրջանի գործունէութիւնից ի՞նչ կ՛առանձնացնէք:
ԱՐՄԷՆ ՍԱՀԱԿԵԱՆ.- Հայ Դատի յանձնախմբի աշխատանքներում շարունակական բնոյթ է կրում քարոզչական գործունէութիւնը, որ մեծ թափով ընթացաւ պատերազմի ընթացքում եւ յետ-պատերազմեան շրջանում: Մեր գրասենեակն աշխուժօրէն աշխատում է նաեւ ամերիկեան տարբեր լրատուամիջոցներում` տպագրելով տարաբնոյթ յօդուածներ: Միաժամական, վերջերս հանդէս եկանք նոր օրէնսդարական նախաձեռնութիւններով. Կալիֆորնիայում, մեր բարեկամ օրէնսդիրների միջոցով աշխատում ենք նահանգի հանրային ֆինանսական միջոցները ետ քաշել Թուրքիայի պետական պարտատոմսերից եւ այլ ֆինանսական արժոյթներից, այսինքն` դրանով Կալիֆորնիան ուղերձ է յղում Թուրքիային առ այն, որ քանի դեռ շարունակում են ցեղասպան քաղաքականութիւնը, որ վերջերս նաեւ արտացոլուեց պատերազմում Ադրբեջանին անմիջական օժանդակութիւն ցուցաբերելով եւ վարձկանների տեղափոխմամբ, քանի դեռ Ցեղասպանութեան արդարութիւնը եւ դրան զուգահեռ հայատեաց քաղաքականութիւնը շարունակւում է, Կալիֆորնիայի կողմից ճնշման քաղաքականութեանը շարունակական բնոյթ է կրելու:
Հայ Դատի յանձնախումբը վերջերս հիմնեց, այսպէս կոչուած «շրջանային դեսպաններ» ծրագիրը, որի նպատակն է ԱՄՆ Արեւմտեան շրջանի 19 նահանգների կոնգրեսական շրջաններում մեր կողմից դեսպաններ նշանակել` անձիք, ովքեր բնակւում են տուեալ կոնգրեսական շրջանում, եւ կը լինեն կապող օղակ Հայ Դատի գրասենեակի, եւ տուեալ կոնգրեսականի միջեւ: Իհարկէ Կալիֆորնիայում եւ միւս նահանգներում մեր ուժը մեծ է, բայց նոր ծրագրով միտք ունենք, որ բոլոր 152 կոնգրեսական շրջաններում ունենանք աշխուժ ներկայացուցչութիւն` զօրացնելու մեր ներգործութիւնն ամերիկեան Կոնգրեսում` տեղի համայնքների եւ հայերի բարեկամ օրէնսդիրների միջոցով, որպէսզի հնարաւորինս հայանպաստ օրէնքներ, նախագծեր, բանաձեւեր անցկացնենք Կոնգրեսում: