«Որպէս Պատգամ Բոլոիս․ Պահպանել Ձեռք Բերուածը, Դողալ Անոր Վրայ»
Հրայր Դոքմէջեան
ՍԵԴԱ ԱՆԱՆԵԱՆ
Կեանքում որեւէ պատահականութիւն երբեմն կարող է թերեւս դառնալ բարեբախտութիւն, անգամ՝ նպատակ։
Նման բարեբախտ պատահականութիւն կարող ենք համարել վերականգնող-ճարտարապետեր Արա Զարեանի եւ Քրիստին Լամարէի հանդիպումը Հայաստանում 2011ին։

Նախ երկու խօսք Արա Զարեանի մասին․ մեծանուն գրող Կոստան Զարեանի թոռը, անուանի ճարտարապետ Արմէն Զարեանի որդին։ Ծնուել է 1956ին, Հռոմում։ 1963ին Զարեան ընտանիքը Իտալիայից որոշեց վերադառնալ Հայաստան, որտեղ Իտալիայում արդէն ճանաչուած Արմէն Զարեանը սեւեռուն մտքով մինչեւ իր կեանքի վերջը զբաղուեց հայ ճարտարապետութիւնը միջազգային ճանաչման արժանացնելու անձնուէր գործով։ Աւագ որդին՝ Արան աւարտեց Երեւանի Կրուպսկայայի անուան հայկական դպրոցը, ապա՝ Պոլիտեխնիկ ինստիտուտի ճարտարապետութեան ֆակուլտետը։ Հայաստանում նա շուրջ 10 տարի զբաղուեց Հանրապետութեան շրջանների միջնադարեան եկեղեցիների վերականգնման նախագծերով։
1992ին վերստին դառնալով ծննդավայր Իտալիա, Արան ոչ միայն չհեռացաւ հայրենիքից, այլ կարծես հակառակը՝ գնաց իւրովի օգտակար լինելու Նրան։ 1996ին Վենետիկի համալսարանից արժանանում է ճարտարապետութեան դոկտորի աստիճանին, միաժամանակ գործակցելով Վենետիկի «Հայ ճարտարապետութեան վաւերագրեր» հրատարակչութեան կենտրոնին, ապա՝ ստանձնում կենտրոնի խմբագրապետի պատասխանատուութիւնը։
Արա Զարեանի համար հայրենիքին առաւել առնչուելու միջոց է դառնում նաեւ Իտալիայից զբօսաշրջիկների խմբեր ուղեկցելը Հայաստան, նրանց մասնագիտօրէն ծանօթացնելու երկրի պատմական յուշարձաններին ու մշակոյթին։
Հերթական մի այդ ուղեւորութեան մասին Արան պատմում է․ «2011ին մենք այցելեցինք Որոտավանքի համալիրը, որի հետազօտական աշխատանքներին ինքս մասնակցել էի դեռեւս, երբ աշխատում էի Յուշարձանների պահպանութեան ընկերութիւնում՝ XIրդ դարի այդ վանքի ողջ համակարգի վերականգմանը։ Ներկայ այցելութեամբ իտալացիներին ներկայացրի ոչ միայն կատարուած աշխատանքները, այլեւ համալիրի Սբ. Կարապետ եկեղեցու ոչ մեծաչափ որմնանկարը։ Իտալիա վերադարձիս հեռախօսազանգ եմ ունենում խմբի մասնակից, որմնանկարչութեան փորձառու մասնագէտ Քրիստին Լամարէից՝ ասելով․ «Որոտավանքի որմնանկարը ինձ հանգիստ չի տալիս, եւ հնարաւորինը պէտք է անել այն վերականգնելու»։

Քրիստին Լամարէն ազգութեամբ բելգիացի, Բրիւսելի «La Chambre» Ճարտարապետութեան ինստիտուտի (1974), ապա՝ Հռոմի «Յուշարձանների պահպանման եւ վերականգնման միջազգային կենտրոնի» վկայագիր (1976), վերականգնող-ճարտարապետ է։ 1994-2010 թթ․ Քրիստինի ջանքերով Իտալիայում վերականգնուել են XIII-XVIII դարերի շուրջ տասնեակ եկեղեցիների որմնանկարներ։
Հայաստանում Արայի եւ Քրիստինի, 2011ի վերոնշեալ հանդիպման նոյն թուականին նրանք որոշում են նորից Հայաստան վերադառնալ, որտեղ եւ ստանում են մշակոյթի նախարարութեան համաձայնութիւնը՝ վերականգնելու անհետացման եզրին գտնուող մի շարք եկեղեցիների որմնանկարները։
«Մեր առջեւ նպատակ էր դրուած», – գրում է Արան, «մաքրել, ամրակայել եւ ունեցած փաստագրական նիւթերի, լուսանկարների հիման վրայ կատարել վերանորոգումներ եւ պահպանման աշխատանքներ։ Աշխատանք, որը հարկաւոր է իրականացնել առանց շտապողականութեան, գործի իմացութեամբ, որպէսզի ապագայում մեր ժառագները հարկ եղած դէպքում կարողանան վերստին մաքրել որմնանկարները՝ հասցնելով սկզբնական վիճակին»։
Դժուարին եւ պատասխանատու այս գործի համար, կարող ենք ասել, որ Արան եւ Քրիստինը ունէին ոչ միայն անհրաժեշտ գիտելիքներ եւ պատրաստուածութիւն, այլեւ նուիրում եւ սէր։ 2011ից ի վեր նրանք ընդհուպ մինչեւ 2018ը անընդմէջ Հայաստան ժամանելով (մեծամասամբ իրենց միջոցներով) ամրան արձակուրդներին զբաղուեցին սրբազան այդ գործով։
Փորձառու հմտութեամբ նրանք խնամքով սկսեցին նախ քննութեան առնել իւրաքանչիւր վերականգնուող յուշարձանի պատմութիւնը, դարաշրջանը եւ գիտական ուսումնասիրութիւնները նրա մասին։ Տարբեր որմնանկար ունենալով իր թեմատիկ (նիւթին վերաբերող-Խմբ.) առանձնայատկութիւնը, յաճախ ոչ ամբողջական պահպանուած կոմպոզիցիոն (համագրութիւնը, շարահիւսութիւնը-Խմբ.) պատկերը, նրանցից պահանջւում էր առաւել քան բծախնդրութիւն՝ հարազատ մնալու բնագրին։
Ամէն դէպքում, հաւատարիմ իրենց ուխտին, Արա Զարեանը եւ Քրիստին Լամարէն 2011-2018ի ընթացքում կարողացան Հայաստանում վերականգնել (երբեմն հատուածաբար) միջնադարեան շուրջ տասնեակ հետեւեալ եկեղեցիների որմնանկարները՝
1․ Սբ. Ստեփանոս Նախավկայ (VII դար), Արթիկի շրջան
2․ Սբ. Գրիգոր Լուսաւորիչ (VII դար), Արթիկի շրջան
3․ Սբ. Մարիամ Աստուածածին (VI դար), Արթիկի շրջան
4․ Նոր Կեանք, Սբ. Գրիգոր Լուսաւորիչ (VII դար), Արթիկի շրջան
5․ Սբ. Յովհաննէս Մկրտիչ (VII դար), Մաստարա
6․ Սբ. Աստուածածին (VII դար), Կարմրաւոր
7․ Սբ. Ստեփանոս (VII դար), Կոշ
8․ Սբ. Թադէոս Զօրաւոր (VII դար), Եղուարդ
9․ Դադիվանքի Սբ. Աստուածածին կաթողիկէ (XII-XIII դդ), Շուշի
10․ Սբ. Նշան (V-XIII դդ), Հաղբատ
Արա Զարեանի եւ Քրիստին Լամարէի շնորհակալ այս գործը առաւել քան գնահատելի է մեր օրերում, երբ ցաւով լսում ենք, որ Արեւմտեան Հայաստանում, Արցախում եւ Նախիջեւանում կորցրել ու կորցնում ենք մեր պատմական յուշարձանները, իսկ Հայատանի շրջանների բազում եկեղեցիներ կարիք ունեն նորոգման անյապաղ աշխատանքների։
Ի դէպ, վերջերս նոյնպէս տեղեկացանք, որ Վրաստանի հայաբնակ Խոժոռնի գիւղի (պատմական Գուգարքի Ծոբոփոր գաւառ) արժէքաւոր գմբեթաւոր խաչաձեւ եկեղեցին նոյնպէս գտնւում է փլուզման եզրին, մինչդեռ մեծահարուստ մեր հայրենակիցները կառուցում են մասնաւոր նոր եկեղեցիներ․․․
Յիշենք նաեւ, որ 2019ին Երեւանում «Տիգրան Մեծ» հրատարակչութեամբ լոյս տեսաւ Արա Զարեանի եւ Քրիստին Լամարէի հեղինակութեամբ, ֆրանսահայ պատմաբան Պատրիկ Տօնապետեանի ընդարձակ նախաբանով «Որմնանկարների Վերականգնումը Վաղքրիստոնէական Հայկական Մի Շարք Եկեղեցիներում» պատկերազարդ, 340 էջանոց, շքեղ հատորը՝ շուրջ տասմանեայ աշխատանքի մեկնաբանմամբ։
Անցեալ Նոյեմբերի 10ին, երբ Շուշին այլեւս յանձնուած էր թշնամուն, Արա Զարեանը մեր հերթական հեռախօսազրոյցի ժամանակ յուզմունքով ասաց․ «Այս գիշեր երազիս մէջ տեսել էի Դադիվանքը․․․»
2021 Մայիս, Լոնդոն
ՍԵԴԱ ԱՆԱՆԵԱՆ՝ արուեստաբան, գրականագէտ, Հայկական Հանրագիտարանի արուեստի բաժնի խմբագիր