Խ. Աբովեանի անուան Հայկական Պետական մանկավարժական համալսարանի բանասիրական բաժանմունքի, Վաչէ Պարտիզունու անուան հայ նոր եւ նորագոյն գրականութեան ամբիոնի եւ «Սփիւռք» գիտաուսումնական կենտրոնի կազմակերպութեամբ, Մայիսի 27ին կայացաւ «Կեանքը եւ վէպի ընդգրկումները. ազդեցութիւններ եւ զարգացման ուղենիշներ» խորագրով միջազգային գիտաժողով: Գիտաժողովի կազմակերպիչ պրոֆ. Սուրէն Դանիէլեանը նշեց, որ այն բացառիկ է թէ՛ նիւթի բազմաբովանդակութեան առումով, թէ՛ իր աշխարհագրական ընդգրկումներով՝ Հայաստան, Արցախ, Ամերիկա, Թուրքիա, Լիբանան, Ուկրաինա, Պորտուգալիա: Նա հպարտութեամբ ընդգծեց, որ Մանկավարժական համալսարանին եւ նրա ղեկավարութեանը՝ յանձին տնօրէն, պրոֆ. Ռուբէն Միրզախանեանի, յաջողուել է այս դժուարին ժամանակաշրջանում մէկտեղել առաջատար գրականագէտներին եւ գրականութեան տեսաբաններին, որոնց զեկուցումները կը տպագրուեն առանձին ժողովածուով:
Մասնակիցները, նախ, մէկ րոպէ լռութեամբ յարգանքի տուրք մատուցեցին Արցախեան երկրորդ պատերազմում զոհուած երիտասարդ տղաներին:
Ապա Սուրբ Էջմիածնից Նաթան արք. Յովհաննիսեանը փոխանցեց Գարեգին Բ. կաթողիկոսի ողջոյնները: Սրբազանը կարճ ակնարկ կատարեց վէպի զարգացումներին, ապա նշեց, որ վէպը մեր կեանքի արտացոլանքը պէտք է լինի:
Գիտաժողովին բացման խօսքով հանդէս եկաւ ՀՊՄՀ ուսումնագիտական գծով տնօրէնի տեղակալ, պրոֆ. Սրբուհի Գէորգեանը: Նա նկատեց, որ այսօր ապրում ենք շատ իւրայատուկ եւ բարդ ժամանակահատուածում. տարբեր մշակոյթների, հասկացութիւնների խաչմերուկում յայտնուելով՝ փորձում ենք գտնել «մեր ժամանակի հերոսին»: Իւրաքանչիւրիս համար այսօր հերոսներ են Արցախեան պատերազմին մասնակցած տղաները՝ վկայ համալսարանի բակում մէկ օր առաջ տեղադրուած յիշատակի եւ խոնարհումի յուշարձանը:
Ներկաներին ողջունեց Հայաստանի ԳԱԱ հայագիտութեան բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար Եուրի Սուվարեանը, որը առանձնացրեց վէպին վերաբերող կարեւոր յատկանիշները: Նա նկատեց, որ վէպը արտացոլում է ժողովուրդների գեղարուեստական մտածողութեան մակարդակը, եւ այս առումով պատահական չէ հայ իրականութեան մէջ պատմավէպերի նկատմամբ առանձնայատուկ վերաբերմունքը:
«Կարդալ ինչ որ երբեք չէ գրուած (Վալթեր Բենիամին եւ Յակոբ Օշական)» զեկոյցով լիագումար նիստում խօսեց յայտնի փիլիսոփայ, գրականագէտ, թարգմանիչ Մարկ Նշանեանը (Լիսաբոն), որը իր կեանքի քառասուն տարիները նուիրաբերել է գրող Յակոբ Օշականի ստեղծագործական բարդ համակարգը վերծանելուն: Նա ուշագրաւ զուգահեռներ անցկացրեց գերմանացի հրեայ փիլիսոփայ Բենիամինի եւ Օշականի ստեղծագործական վաւերական գործօնների միջեւ:
«Վէպի ժանրի թարմացման ուղիով» զեկուցմամբ ԵՊՀի գրականութեան տեսութեան լաւագոյն գիտակներից պրոֆ․ Ժենիա Քալանթարեանը ծանրացաւ ժամանակակից հայ վիպասանութեան նորագոյն դէմքերի յատկանշական կողմերի վրայ:
Իր թարգմանչական գործունէութեան, հայ գրականութեան ընկալումների մասին արտայայտուեց հայ ժողովրդի բարեկամ, Հայաստանում Ուկրաինայի երկարամեայ դեսպան Օլեքսանդր Բոժկոն («Հայ արձակը ձեւերի եւ գաղափարների խաչմերուկում. թարգմանչի տեսանկիւն»):
Երկու հանճարեղ գրողների՝ Ֆ. Դոստոեւսկու եւ Յ. Օշականի ստեղծագործական ընդհանրութիւնների, գրական ազդեցութիւնների շուրջ» նիւթով նիստը եզրափակեց Սուրէն Դանիէլեանը («Դոստոեւսկի եւ Օշական. աղերսներ»):
Ապա, լսարանային եւ առցանց, գիտաժողովը շարունակեց իր աշխատանքը երկու մասնախմբերով՝ «Հայ վիպագրութեան սահմաններում» եւ «Գրապատմական եւ տեսաբանական զուգահեռներում», որոնցում քննուեցին վէպի ծագման ու զարգացման, կեանքի եւ վէպի յարաբերակցութեան շուրջ հարցեր:
Զեկուցումներ կարդացին Հայաստանի ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆ. Ալիտա Դոլուխանեանը («Վէրք Հայաստանի»ն իբրեւ առաջին վէպ հայ իրականութեան մէջ»), պրոֆեսորներ Ալբերտ Մակարեանը («Արտադիպաշարային տարրերը Յ. Պարոնեանի «Մեծապատիւ Մուրացկանները» վիպակում»), Ռուզան Թադէոսեանը («Դէպի հայ ընթերցող․ Լեւ Տոլստոյի «Աննա Կարենինա» վէպի ճանապարհը»), Մարտին Գիլաւեանը («Պատմութեան հայեցակարգը քրոնոտոպի ընկալման կարեւոր միջոց»), Ազատ Եղիազարեանը («Հայ նորագոյն գրականութեան երկու մեծ վէպերը. Ե. Չարենցի «Երկիր Նաիրի»ն եւ Գ. Մահարու «Այրուող Այգեստաններ»ը»), դոցենտներ Աշխէն Ջրբաշեանը («Կեանքի արտացոլման ձեւերի եղափոխութիւնը վիպական կառոյցներում»), Աշոտ Գալստեանը («Հայրապատումի մոդէլը խորհրդահայ ինքնակենսագրական վէպում»), Նայիրա Խաչատրեանը («Դիանա Համբարձումեանի «Կանաչ Մարգագետնի Հմայքը» վէպի պարունակներում»), Արմէնուհի Մուրադեանը («Ստ. Ալաջաջեանի վէպերն իբրեւ փաստագրական վկայութիւն»), Դաւիթ Մոսինեանը («Վէպի աւարտ. պատումի եւ կեանքի սահմանին»), Քնարիկ Աբրահամեանը («Նամակն իբրեւ հայ վէպի ժանրակազմիչ տարր (ազդեցութիւններ)»), Սեւան Տէյիրմենճեանը («Զոհն ու վկան` Զաւէն Պիպէռեանի «Լկրտածը» վէպում), Նոնա Դաւթեանը («Վերյուշը սփիւռքահայ վէպում»), Վարդան Մատթէոսեանը («Կոստան Զարեան, Լորընս Դարրէլ եւ տարագրութեան դրախտավայրը»), Աննա Սարգսեանը («Զապէլ Եսայեան. վիպական մտածողութեան հարցեր»), Նելլի Թադէոսեանը («Ինքնակենսագրական ժանրի դրսեւորումը Վ. Շուշանեանի արձակում»):
Գիտաժողովի աշխատանքներն ամփոփելիս, Ս․ Դանիէլեանն ընդգծեց յատկապէս նիւթերի բովանդակային կողմը: Վէպը հայ գրականութեան ամէնից դժուար տեղամասն է: Եւ տարբեր պատուհանների առկայութիւնը խիստ կարեւոր է: Միաժամանակ գնահատուեց ժանրի թռիչքը 20րդ դարում: Նա շնորհակալութիւն յայտնեց մասնակիցներին, կազմակերպիչներին եւ ունկնդիր ուսանողութեանը, բոլոր նրանց, «ովքեր ամբողջացրին մեր պատկերացումները վէպի մասին, ընկալումների նոր պատուհաններ բացեցին, իսկ սա ամէնից մեծ նուաճումն է: Պահենք մեր մտածողութեան ինքնութիւնը. հայ վէպի զարգացման ուղենիշը թերեւս հենց սա է»:
(Քաղուած «Սփիւռք» կեդրոնի թղթակցութենէն)