
Սասունի Ազատութիւնը (Բ․)
Մովսէս Բոստանջեանի սիրելի յիշատակին
Աստուածածնի տօնը Մեծ Սալայի ուխտի օրն է: Այդ օրը հազարաւոր բազմութիւն թափւում է Մեծ Սալայի ժամի դուռը՝ շրջակայ գիւղերից եւ Նոր Նախիջեւան քաղաքից: Բնական էր, որ ես էլ այստեղ պիտի լինէի: Եւ բնական էր նոյնպէս, որ Մովսէսի հետ միասին ժամանակ պիտի անցընէի:
Տօնից մի քանի օր առաջ ես արդէն գիւղում էի: Եւ առաջին այցելութիւնս, ինչպէս միշտ, եղաւ Սահակ աղային:
– Մովսէսին տեսա՞ր, հարցրեց նա խորհրդաւոր նայուածքով:
– Չէ՛, դեռ չեմ տեսել:
– Ան քու ճամբադ կը նայի: Սապախտան (առտու կանուխ) հարցուց՝ Սիմաւոնը եկա՞ծ է: Չէ՛, ասի, տեսած չիմ: Շուտ քովը գնա՛:
Շտապեցի Մովսեսենց տունը: Հայրը չկար: Մայրը, ինչպէս միշտ, քաղցրութեամբ դիմաւորեց.
– Մովսէսը առանն է (ախոռը), հոն գնա՛:
Իսկապէս որ անհամբերութեամբ էր սպասում: Իսկոյն թամբեց երկու ձի, հեծանք եւ եալլա՛ գիւղից դուրս, դէպի հեռաւոր բլուրները: Այնտեղ, ցածլիկ բլուրի գագաթին, տարածուեցինք խոտերի վրայ: Մի քանի վայրկեան սովորական խօսքերից յետոյ, Մովսէսը ցատկեց տեղից, ձիու թամբի յետեւից քաշեց այնտեղ զետեղուած մի կապոց, նստեց մօտս ու խորհրդաւոր ժպիտով սկսեց բանալ: Միջից ելաւ երկու «փշտով»:
– Ա՛ռ, աս՝ քեզի, աս՝ ինծի:
Հիանալի զէնք էր: Այդպիսի ատրճանակ ես չէի տեսել: Բերանս բաց մնաց:
– Մաւիզէր է, ասաց. մէկ սրայէն (շարքէն) տասը փաթռոն (հարուած) կը պարպէ:
Ես շուարումի մէջ էի:
– Ես ի՞նչ պիտ անիմ ադ «փշտով»ը:
– Ինչե՜ր կ՛ասիս: Առանց «փշտով»ի Սասուն կ՛երթացուի՞: Աս քեզի, աս՝ ինծի: Հայտա՛ նայինք՝ նշան զարնինք…
Ու սկսեցինք փա՛հ-փա՛հ նշան զարնել: Ինչքան թռչուն կար շուրջը, փախան-կորան: Արդիւնքը եղաւ այն, որ ձիերն էլ վախից փախան, յետոյ մեծ դժուարութեամբ բռնեցինք:
Մովսէսը հրճուանքի մէջ էր: Այլեւս գլխաւոր պատրաստութիւնը տեսնուած էր. Սահակ աղան օգնել էր ատրճանակները գնելու: Մնացեալը դիւրին էր: Հիմա կարող էինք Սասուն երթալ: Բայց ես ինչպէ՞ս ասէի, թէ Էջմիածին պիտի երթամ: Ինչպէ՞ս կոտրէի Մովսէսի սիրտը:
– Գիտե՞ս ինչ, ասացի, պրն. Քիրլեանը ստիպում է ինձ, որ Էջմիածնի Ճեմարանը երթամ: Այդ շատ լաւ է: Արդէն Էջմիածինը Սասունի ճամբուն վրայ է: Ես կ’երթամ, դու էլ վերջը կը գաս եւ այնտեղից միասին կ՛անցնինք Սասուն:
Սպասում էի, թէ Մովսէսը պիտի տխրէր, բարկանար վրաս: Ճիշդ հակառակը դուրս եկաւ: Փաթաթուեցաւ վզովս.
– Ի՜նչ աղէկ էղաւ, ի՜նչ աղէկ էղաւ… պապաս ալ ռահաթ (հանգիստ) կ՛ըլլայ, կասկած չ՛ունենար… Ամէն անգամ աչքս կը խոթէ՝ «իտա Սիմաւոնն է քեզի խելքէ հանողը, ես անոր ոտքը պիտ կոտրիմ…»: Շինտխ եփ (հիմա որ) դուն Էջմիածին էրթաս, ան միտքէն կը հանէ վախը: Ես ալ թոփ կլամ (կը հաւաքուիմ, կը պատրաստուիմ) հայտա՛ կու գամ քովդ…
Ինչպէ՜ս հանգիստ կարգադրուեցաւ այնքան կնճռոտ թուացող խնդիրը:
Բայց ժամանակից ի վեր, Ստեփան Զօհրապեանն էլ, մեր ընկերներից մէկը, բաներ մը կը փսփսար ականջիս: Նա էլ ուզում էր Սասուն երթալ եւ Մովսէսի ետեւից էր: Ես շատ չէի վստահում Ստեփանին. իր հաշիւը գիտցող տղայ էր եւ սիրում էր հարուստ տղաների հետ բարեկամանալ՝ նրանցից օգտուելու նպատակով: Միւս կողմից, սակայն, Սասուն երթալու մեծ յարմարութիւն ունէր. բարձրահասակ, զինուորականի քայլուածքով, ամուր բազուկներով, մեծխօսիկ, իսկական հերոս – ինչքա՜ն թուրքի ու քիւրտի գլուխ պիտի ուտէր…
Ասացի Մովսէսին.
-Գիտի՞ս, Ստեփանն ալ կ՛ուզէ Սասուն երթալ: Առնե՞նք մեր հետ: Ի՞նչ կ’ասիս:
Մովսէսի ուրախութեան սահման չկար:
– Ի հարկէ, առնինք: Այդ շատ աղէկ կ՛ըլլայ: Ժէքս (երեքս) մէկտեղ կ՛երթանք: Անոր համար ալ «փշտով» կը գնիմ…
Ուրեմն, հարցը լուծուած էր: Այլեւս կասկած չէր մնում, որ Սասուն պիտի երթայինք: Մովսէսը երազում էր.-
Ես Էջմիածին եմ: Ինքը եւ Ստեփանը պիտի գան մօտս. «Սիմաւոն, շտէ (ահա) էկանք, հայտա՛. ձգէ՛ այդ գիրքերը. Էրթանք Սասուն»: Պիտի համբուրենք Խրիմեան Հայրիկի սուրբ աջը: Էջմիածնի տաճարին մէջ մոմ պիտի վառենք, ծունկի եկած պիտի աղօթենք, որ Լուսաւորիչ պապան մեզի ուժ տայ: Պիտի անցնինք Սասուն: Հոն ինչքան թուրք ու քիւրտ կայ, պայը (բոլորը) պիտի սատկեցնենք, Հայաստանը պիտի ազատենք: Վերջը յաղթական պիտի վերադառնանք: Ամբողջ գիւղը մեզ դիմաւորելու պիտի ելնէ: Ժողովուրդը պիտի խռնուի փողոցներում: Աղջիկները ծաղիկ պիտի ցանեն մեր երիվարների ոտների տակ. «Կեցցե՜ն, կեցցե՜ն մեր հերոսները» աղաղակներ պիտի լսուին: Յետոյ, մեզ ժամ պիտի տանին: Ժամը ճառագայթած պիտի լինի մոմերի լոյսով: Շոռլուին տէր Օվակիմը քարոզ պիտի խօսի. «Ապրի՛ք, տղաքս, դուք մեր երեսը ճերմակցուցիք, մեր ազգի փառքն ու պարծանքն էք, մեր հերոսները»: Մովսէսի հայրն էլ խնդումերես պիտի գայ, ճակատը համբուրէ. «Մեծ բալաս, օշթիս (որդիս), պապադ հպարտ է քեզմով»… Ու մէկ շաբաթ գիւղի ամբողջ գիշեր ու ցերեկ քէֆ պիտի անէ, տաւուլ-զուռնայով ռախի (օղի) պիտի խմէ հերոսներու կենացը…
Այսպէս զառանցելով վերադարձանք գիւղ: Աստուածածնի ուխտի օրը միասին, Ստեփանն էլ մեզ հետ եւ շարունակեցինք օդային ամրոցներ կառուցանել…
* * *
Ես արդէն Ճեմարանի աշակերտ էի: Մովսէսից կարճ նամակներ էի ստանում: Նա գրելու վարժութիւն չունէր: Ստեփանը օրը օրին, երկար նամակներով, տեղեակ էր պահում, թէ ի՛նչ վիճակում էր Սասունի գործը: Մէկ գրում էր, թէ Մովսէսը հեռադիտակ է գնել, մէկ հարցնում էր, թէ Սասունում ի՞նչ տեսակ դաշոյն է գործածւում, ի՞նչ հագուստ պէտք է առնել, ի՞նչ ձեւի կօշիկ կամ գլխարկ: Ի՞նչ բաներ պէտք է տանէինք մեզ հետ:
Այդ բոլոր բաներին ես էի ծանօթ, քանի որ Ճեմարանում էի, եւ Սասունն էլ՝ Էջմիածնի մօտ: Ես երկար-բարակ պատասխանում էի բոլոր հարցումներին:
Ամբողջ ձմեռ անընդհատ մեր նամակները շարունակուեցին: Պայմանաւորուեցանք, որ Զատկին Մովսէսն ու Ստեփանը պիտի հասնէին Էջմիածին եւ տօներից օգտուելով՝ աննկատելի կերպով պիտի հեռանայինք Էջմիածնից: Ուղեգիծը որոշ էր. իմ ձեռքով գծած քարտէսն էլ ուղարկել էի նրանց. Գիշերով պիտի անցնէինք Արաքսի կամուրջը, Իգտիրի վրայով պիտի բարձրանայինք Բարթողեան լեռնաշղթան. Այնտեղից երկու քայլ էր մինչեւ Սասուն:
Մի օր էլ հաստ նամակ եկաւ Ստեփանից: Դասերից յետոյ, վազեցի Ներսիսեան անտառը, խորը, թուփերի մէջ, քաշուեցի աննկատելի տեղ եւ բացի: Ահաւոր լուր էր Ստեփանի հաղորդածը: Սարսափելի աղէտ էր պատահել: Մովսէսի հայրը, յայտնի չէ թէ ինչպէս, իմանում է տղու ծրագիրների մասին: Մի քանի բաներ էլ գտնում է մօտը՝ հեռադիտակ, դաշոյն: Կանչում է Մովսէսին մօտը եւ կատաղած հարցնում.
– Աս ի՞նչ է:
Մովսէսը գլուխը կախ՝ չի պատասխանում:
– Աս քո՞ւկդ է, շարունակում է բորբոքած հայրը:
Մովսէս լռում է:
– Քեզի կը հարցունիմ, շունի զաւակ. Քեզի վո՞վ իրաւունք տուից աս բ աները առնելու: Ռազպոյնի՞ք (աւազակ) պիտի լաս (ըլլաս)… Բոստանճիին (բանջարանոցի տիրոջ. Մովսէսին մականունը Բոստանջեան էր…) տղան ռազպոյնի՜ք պիտի ըլլայ, հէ՞… Ես քեզի կը ցուցունիմ…
Ու մէկ ապտակով Մովսէսին ձգում է գետին: Յետոյ՝ սկսում է կօշիկներով անխնայ հարուածել, հայհոյել ու հարուածել…
Մովսէսը մի ոստիւնով դուրս է նետւում: Ու մի քանի վայրկեան վերջը, ախոռից լսւում է ատրճանակի պայթիւն…
Վրայ են հասնում: Մովսէսը արիւնլուայ ընկած էր ախոռում: Գնդակը փշրել էր գանկը եւ ուղեղը ցրիւ տուել: Մօտը ընկած էր ատրճանակը. Այն ատրճանակը, որով պիտի ազատէր Սասունը…
Ստեփանը գնացել էր Մովսէսի յուղարկաւորութեան: Ամբողջ գիւղը ներկայ է եղել, բացի Մովսէսի հօրից…
Կարդացի եւ մտամոլոր դուրս եկայ անտառից: Առջեւս կեցած էր Արարատը՝ վերջալոյսի շողերով ողողուն: Մօտը, երկա՜ր՝ Բարթողեան լեռնաշղթան: Նրա յետեւը, մի քանի քայլի վրայ՝ մեր երազների աշխարհը՝ Սասուն: Էլ պիտի չերթայինք Սասուն: Սասունը պիտի չազատուէր. Մովսէսը չկար…
Ուզում էի լալ, բայց արցունք չէր գալիս աչքերիցս: Լացից աւելի զօրաւոր մի վիշտ էր համակել հոգիս…
Ստեփանը շարունակեց նամակներ գրել, համոզել, որ միասին երթանք Սասուն, բայց որոշ էր՝ ինքն էլ չէր հաւատում գրածին: Ես այլեւս Սասուն գնացողը չէի:
Մի օր էլ նամակ առի Ստեփանից. «Մովսէսի պապան մեռել էր սրտի ցաւից…»