Գերմանիայի Բադեն-Վիւրթեմբերգի հայ համայնքը մեկնարկել է «Հայրենի տուն. Սուրբ Խաչ եկեղեցի – աղօթքի, շփման ու մշակոյթի վայր» նախաձեռնութիւնը, Գերմանահայոց թեմի առաջին եկեղեցու վերանորոգումն ու պահպանումը ապահովելու համար։
Գէօփինգեն քաղաքում գտնուող Սուրբ Խաչ եկեղեցին դարեր շարունակ ձեւաւորել է Բարտենբախի պատկերը: Իր էկումենիկ (տիեզերական) պատմութեամբ այն դարձել է բողոքական, կաթոլիկ, ռումինացի եւ հայ քրիստոնեաների համար հայրենի տուն: Սակայն եկեղեցին շտապ վերանորոգման կարիք ունի։ Վերանորոգման համար ներկայումս անհրաժեշտ է աւելի քան 320․000 եւրօ։ Պետական աջակցութեան եւ սեփական խնայողութիւնների միջոցով հնարաւոր է դարձել ապահովել անհրաժեշտ գումարի միայն մէկ երրորդ մասը։ Պակասող գումարը ապահովելու համար Բադեն-Վիւրթեմբերգի Հայ համայնքի վարչութիւնն ու հոգեւոր հովիւը դիմում են համայնքի անդամներին ու բարեկամներին օժանդակութեան խնդրանքով:
Քաղաքի արխիւներում պահուած է դեռեւս 1404 թ. մի յիշատակութիւն, որում նշւում է այսօրուայ Գէօփինգեն քաղաքի Բարտենբախ թաղամասում գոյութիւն ունեցող Սուրբ Օտմարի եւ Մարիայի անունը կրող կաթոլիկ մատուռը։ Մատուռը աւիրուել է Երեսնամեայ Պատերազմի ընթացքին։ 1651 եւ 1765–1767 թուականներին նոյն տեղում կառուցուել է նոր բողոքական եկեղեցի, որը մինչեւ 1973 թուականը եղել է Բարտենբախի բողոքական քրիստոնեաների եկեղեցի։
1961 թ. Հոկտեմբերի 30ին Անկարայում կնքուած աշխատուժի փոխանակման գերմանա-թուրքական պայմանագրի հիման վրայ թուրք հիւր-աշխատողների հետ միասին Գերմանիա են տեղափոխւում նաեւ մեր հայրենակիցները։ Թուրքիայի տարբեր շրջաններից Գերմանիայի տարբեր քաղաքներում ու գիւղերում ցիրուցան եղած մեր հայրենակիցները ձեռնամուխ են լինում եկեղեցական համայնքների ու մշակութային օջախների ստեղծման, նպատակ ունենալով ապահովել իրենց եւ իրենց երեխաների հոգեւոր եւ մշակութային կարիքները, աւանդութիւնների ու ինքնութեան պահպանումը։
Այդ ժամանակահատուածում մի քանի տասնեակ հայ ընտանիք էր բնակւում Գէօփինգենում։ Այստեղ նրանք աշխատում էին Salamandr, Marklin, ինչպէս նաեւ մի շարք այլ մեծ ընկերութիւնների գործարաններում։ 1983 թուականին, քաղաքում հիմնադրուած Քրիստոնեայ Հայ Միութեանը, CAV-ին, որն ապագայում վերանուանուեց Հայ առաքելական Սուրբ Խաչ եկեղեցու ծխական համայնքի, յաջողուեց վարձակալել Բարտենբախի լքուած հին եկեղեցին։ Մեր հայրենակիցները, որոնք ցերեկն աշխատում էին գործարաններում իսկ երեկոյեան համատեղ ջանքերով վերանորոգում եկեղեցու ներքին հատուածը, որպէսզի յարմարեցնեն հայ առաքելական ծիսական կեանքին, վերանորոգելով Գերմանիայի Դաշնութիւնում փաստօրէն առաջին հայ եկեղեցին, վերօծում են այն Գիւտ Խաչի տօնին եկեղեցին վերանուանելով Սուրբ Խաչ Հայ առաքելական եկեղեցի։ Այդ ժամանակուանից առ այժմ այն ծառայում է որպէս հայ քրիստոնեաների աղօթատեղի, հանդիպման ու շփման վայր, մշակութային երկխօսութեան վայր։
1991 թ․ Հայրապետական Կոնդակով հիմնադրւում է Գերմանահայոց թեմը, որի առաջին առաջնորդն է ընտրւում պոլսահայ Գարեգին արք․ Պէքճէանը, որը մեծագոյն ջանք է ներդնում թեմի կազմակերպման ու կայացման համար։ Կազմակերպման առաջին տարիների եռանդուն աշխատանքի ու համայնքների գործնէութիւնը լաւագոյնս ապահովելու, ուժերը համատեղելու եւ ընդհանրական շահին ծառայեցնելու մտադրութեամբ 1996 թ. Ապրիլ 20ին Շտուտգարտի եւ Շրջակայքի հայ համայնքը եւ Գէօփինգենի Սուրբ Խաչ Հայ առաքելական եկեղեցու ծուխը որոշում են կայացնում միանալ, վերանուանուելով Բադեն-Վիւրթեմբերգի Հայ համայնք, նստավայր ունենալով Գէօփինգենի Սուրբ Խաչ եկեղեցին։
2018 թ․ Բադեն-Վիւրթեմբերգի Հայ հայամնքին յաջողւում է գնել եկեղեցին Բարտենբախի բողոքական համայնքից։ Եկեղեցին դառնում է համայնքի սեփականութիւնը պայմանով, որ համայնքը պիտի ստանձնի եկեղեցու հիմնավերանորոգումը։ 2018ին համայնքի վարչութիւնը հայց է ստանում ռումինացի ուղղափառ քրիստոնեաներից, որոնք իրենց արարողութիւնների ու ծէսերի համար յարմար եկեղեցի են փնտռում։ Իր իսկ սեփական փորձն ու պատմութիւնը վերանայելով համայնքը որոշում է ու առաջնորդ հօր օրհնութեամբ հիւրընկալում է ռումինացիներին, որոնք ամիսը երկու անգամ այցելում են Սուրբ Խաչ եկեղեցին, սուրբ պատարագ մատուցում ու խնամում իրենց հաւատացեալներին:
Պատմամշակութային եւ միջեկեղեցական հարուստ անցեալ ու ներկայ ունեցող այս եկեղեցու վերանորոգման նախապատրաստական աշխատանքները օրերս մօտեցան աւարտին։ Նոյեմբերից մեկնարկել են բուն վերանորոգման աշխատանքները։ Հիմնավերանորոգման համար անհրաժեշտ է շուրջ 320 000 եւրօ։ Գումարի մի մասը համայնքի վարչութիւնը ապահովել է պետական աջակցութեան եւ մեր խնայողութիւնների միջոցով։ Միւս մասը պէտք է լրացուի նուիրատուութիւններով։
Վարչութեան որոշմամբ եւ Գերմանահայոց թեմի առաջնորդ Սերովբէ եպս․ Իսախանեանի օրհնութեամբ, ստեղծուել է յանձնախումբ, որը պիտի զբաղուի դրամահաւաքի ակցիայով (գործունէութեամբ)։ Ակցիան կրում է «Հայրենի տուն. Բարտենբախի Սբ․ Խաչ եկեղեցի – աղօթքի, շփման եւ մշակոյթի վայր» անուանումը։
Քաջ գիտակցելով հայ առաքելական եկեղեցու ծանրակշիռ դերը հայապահպանութեան հարցում, մեր ժողովուրդը եւ ազգային կառոյցները դարեր շարունակ ջանք չեն խնայել եկեղեցու առաքելութիւնն աջակցելու համար։ Այսօր եւս մենք կարիք ունենք աջակցութեան, որպէսզի կարողանանք եկեղեցու ապագան ապահովելով, ապահովենք նաեւ ժողովրդին հաւատքի շուրջ միաւորելու, գալիք սերնդի հայեցի կրթութիւնն եւ դաստիարակութիւնն ապահովելու, օտար միջավայրում ազգային նկարագիրն ու ինքնութիւնը պահպանելու ու նրան ձուլումից փրկելու առաքելութիւնը։
Եթէ ցանկանում էք ձեր աջակցութիւնը բերել նուիրական այս գործում, սիրով կարող էք դիմել համայնքի վարչութեանը կամ հոգեւորհովուին։ Մանրամասն տեղեկութիւններ տեղադրուած են նաեւ համայնքի հետեւեալ կայքում՝ https://agbw.org/heimat-schaffen/:
Տիրատուր քհնյ․ Սարդարեան
Բադեն-Վիւրթեմբերգի Հայ Համայնք
Lerchenbergerstraße 52, 73035 Göppingen
Tel.: +49 7161 8084717
Mob.: + 49 1766 2278971
Fax: +49 7161 8084709
www.agbw.org