Նոյեմբերի 6ին Վիեննայի կենտրոնում գտնուող «Antonio-Vivaldi» համերգասրահում Աւստրիայում ՀՀ դեսպանութեան եւ Աւստրիայի հայ-առաքելական եկեղեցական վարչութեան աջակցութեամբ տեղի ունեցաւ յոբելեանական համերգ՝ նուիրուած հայ մեծանուն կոմպոզիտորներ (յօրինողներ) Ալեքսանդր Սպենդիարեանի ծննդեան 150ամեակին եւ Առնօ Բաբաջանեանի ծննդեան 100ամեակին։
Համերգը կազմակերպել էին Լոնդոնի Քլինգենի կամերային (սենեկային) նուագախմբի գեղարուեստական ղեկավար եւ դիրիժոր՝ Սիփնա Օլահը եւ Աւստրիայում բնակուող ալտահար եւ երաժշտագէտ Գայիանէ Միրզոյեանը: Լոնդոնեան համերգից յետոյ այս միջոցառումների նպատակն էր Աւստրիայում նոյնպէս ներկայացնել հայ մեծանուն կոմպոզիտորների ստեղծագործական ժառանգութիւնը։

Համերգին մասնակցեցին դիրիժոր (խմբավար), տենոր դաշնակահար Սիփան Օլահը -Բրիտանիա, սոպրանօ Հայարփի Եղիկեանը – Բրիտանիա, Աւստրիայում բնակուող սոպրանօ Թեհմինէ Շաուֆերը, մեցօ-սոպրանօ Թերեզա Բեգլարեանը, բաս Նիկոլաս Լեգեողը, դաշնակահարուհի Գրետա Էրհարտեր-Սարգսեանը, լարային քառեակը՝ մասնակցութեամբ Ֆելիկս Յարութիւնեանի եւ Աստղիկ Սիրադեղեանի – ջութակ, Գայիանէ Միրզոյեանի – ալտ եւ Կոնստանտին Զելենին – թաւջութակ, մեներգիչների վոկալ (ձայնային) անսամբլը:
Համերգի բացմանը հանդիսատեսին ողջոյնի խօսքով դիմեց Աւստրիայում ՀՀ դեսպան Արմեն պապիկեանը: ՀՀ դեսպանը շնորհակալութիւն յայտնեց կազմակերպիչներին նման նախաձեռնութեան համար, կարեւորեց հայկական երաժշտական հարուստ մշակոյթի ներկայացումը նաեւ Հայաստանի սահմաններից դուրս, իր ելոյթում նաեւ հակիրճ անդրադարձաւ հայ մեծանուն կոմպոզիտորների կեանքին, նրանց ստեղծագործական հարուստ ժառանգութեանը, ընդգծեց, որ այս երկու տաղանդների ստեղծագործութիւնները մինչեւ օրս ապրում եւ փոխանցւում են սերնդեսերունդ: Ողջոյնի խօսք էր յղել ՀՀ վաստակաւոր գործիչ, Սպենդիարեանի Տուն-թանգարանի տնօրէնուհի Մարինէ Օթարեանը:
Համերգին նեկայ էին բազմաթիւ հիւրեր, հոգեւորականներ Հայ առաքելական եւ Մխիթարեան միաբանութեան եկեղեցիներից, Աւստրացի երաշժտասէր հանդիսատեսը:
Համերգի նախորդ օրը՝ Նոյեմբերի 5ին Աւստրիայի Հայ առաքելական եկեղեցական վարչութեան սրահում՝ Վիեննայում տեղի ունեցաւ դասախօսութիւն՝ նուիրուած կոմպոզիտորներ Ալեքսանդր Սպենդիարեանի ծննդեան 150 եւ Առնօ Բաբաջանեանի 100ամեակներին։ Դասախօսեցին մայեստրօ Սիփնա Օլահը-Մեծ Բրիտանիա եւ երաժշտագէտ Գայիանէ Միրզոյեանը:
Դասախօսութիւնն ուղեկցւում էր Սպենդիարեանի եւ Բաբաջանեանի կենդանի երաժշտական կատարումներով՝ տենոր Սիփնա Օլահի, սոպրանօ Թեհմինէ Շաուֆերի, դաշնակահարուհի Գրետա Էրհարտեր-Սարգսեաի կողմից: Նաեւ հնչեցին Սպենդիարեանի նուագախմբային ստեղծագորութիւնների տեսաձայանգրութիւնները Լոնդոնում Քլինգեն կամերային նուագախմբի կատարմաբ՝ մայեստրօ Ս. Օլահի գլխաւորութեամբ:
(Թղթակցութիւնը՝ Լոնդոնի Քլինգենի Կամերային Նուագախմբին կողմէ)