
Բնութեան մէջ գեղեցկութիւններ շատ կան: Նիակարայի ջրվէժը օրինակ, ի՞նչպէս չկանգնել երկիւղած հիացումով արարչագործութեան այդ սքանչելիքի առջեւ: Եոսեմիթի ծառաստանը եզակի՝ Սիեռա Նեւատայի լեռներում՝ իր դարաւոր հսկաներով: Ռիօ Տէ Ժանեռոյի զմայլելի ծովածոցն իր հեքիաթային տեսարանով, արեւածագը Պոմպէյի եզերքին կամ արեւամուտը Նեւայի ափին: Վերջալոյսը Վանայ լճի վրայ կամ Կարնոյ դաշտում…
Բնութեան մէջ գեղեցկութիւններ շատ կան, բայց եթէ դուք չէք տեսել Արարատեան դաշտը Արագածի լանջից՝ Մասիսի նախագահութեամբ, եթէ չէք թափառել Համբերդի վիթխարի ձորում, իբրեւ որսորդ, հրացանը ձեռքին կամ որպէս պարզ լեռնագնաց, եթէ չէք խմել Արագածի պաղ աղբիւրների ջուրը անմահական, չէք մագլցել Արագածի կատարը եւ չէք նետել քար, չէք վրդովել չորս գագաթների գրկում նիրհող լճակի հայելին, նշանակում է բնութեան գեղեցկութիւն չէք ճանաչում լիովին:
Իմ ճեմարանական կեանքի առաջին ամառը ես անցրի Բիւրական գիւղում, Արագածի լանջին: Բիւրական կաթողիկոսանիստ ամառանոց էր: Գիւղի ծայրին, պարտիզում, կառուցուած էր քարէ մի մեծ եւ անճաշակ շէնք, կարծես դիտմամբ ծրագրուած վերին աստիճանի անյարմար սենեակներով: Շէնքի մի մասը յատկացուած էր վեհափառին, որ սակայն, յաճախ չէր ապրում ամառանոցում: Միւս մասը բռնել էինք մենք, մօտ երեսուն ճեմարանականներ, զանազան դասարաններից, առաջնորդութեամբ լսարանական եղբայր Մկրտիչ Մելքոնեանի, վանեցի, հետագային կարգաթող վարդապետ, ուսուցիչ եւ դաշնակցական գործիչ, Գարմէն անունով, նահատակուած Տարօնում՝ Մեծ Եղեռնին:
Շէնքի չորս կողմը ծիրանի, կեռասի, սալորի, խնձորի, դեղձի, խաղողի եւ պէսպէս ուրիշ պտուղների ընդարձակ պարտէզ: Եւ պատշգամբից՝ աննկարագրելի տեսարան դէպի նօսր մշուշի ալիքներով ծփացող Արարատեան դաշտը, որի եզերքին, ամպերի միջից, երկնքին էր նայում սպիտակափառ գագաթը Մասիսի:
(…)
Մենք՝ դասարանական բաժնի աշակերտներս, առաւօտից մինչեւ երեկոյ խաղում էինք պարտիզում: Կա՛մ Ռաֆֆու, Սենկեւիչի մէկ հատորը առած՝ քաշւում էինք մի անկիւն, կա՛մ, մեծ մասամբ, թափառում էինք այգիներում կամ Համբերդի ձորում եւ կամ այս ու այն կողմ՝ Արագածի փէշերին:
Համբերդի պատմական յուշարձանները դեռ շատ բան չէին խօսում մեր սրտին: Նշանաւոր բերդի քարերը մեզ աւելի հետաքրքրում էին իբրեւ զբօսավայր՝ մագլցելու հսկայ քարակոյտերի վրայ, ընկնելու մողէզների յետեւից, խաղալու պաղ, բայց բարի լորտուների (անթոյն օձ) հետ, թաւալուելու կանաչ խոտերի վրայ, խոխոջուն ջրերի կողքին…
Համբերդի ձորը գրաւիչ էր իր հարուստ որսով, մանաւանդ գէր ու համեղ կաքաւով: Այստեղ յաճախ տեսնում էինք մեր ուսուցիչ բանաստեղծ Յովհաննէս Յովհաննիսեանին, երկփող հրացանը ուսին, շունը առջեւ ձգած: Նա հազիւ նշմարում էր մեզ, թռուցիկ ժպիտով բարեւում եւ առիւծի բաշը թափ տալով՝ շտապում էր շան յետեւից:
Այստեղ երբեմն մենք հանդիպում էինք հրացանաւոր երիտասարդների, որոնք գալիս էին Երեւանից կամ շրջակայ գիւղերից, Համբերդի վերերը, հրացանաձգութեան փորձեր անելու: Դաշնակցական տղերքն էին, որոնք պատրաստւում էին երկիր մեկնելու՝ «Արցունքի Հովիտը», ազգի համար զոհուելու:
Համբերդի զուլալ ջրերում հիանալի կարմրախայտ կարելի էր որսալ թոռերով (ուռկանով), որ համեղ էր, մանաւանդ՝ երբ խաշում էին հենց ձորում, ջրի եզերքին: Մի բուռը աղ ջրի մէջ, խարոյկի վրայ, մի երկու գլուխ սոխ եւ ձգիր կաթսայի մէջ գետից նոր հանած, թպրտացող ձկները: Ջուրը կամաց-կամաց տաքանում է, ձկները խաշւում են խաղալով, առանց մահը զգալու: Գիտէ՞ք ինչքան համով է Համբերդի ձորում խաշուած կարմրախայտը…
Երբեմն, ամբողջ օրուայ համար լաւաշ հաց ու պանիր առնելով, բարձրանում էինք սարն ի վեր, ճոխ արօտավայրերի միջից, մինչեւ «օպաներ»ը (վրանները), դաշտի գիւղացիների ամառանոցները իրենց հօտերով: Այստեղ գիւղացի կանայք ու աղջիկները գոյնզգոյն հագուստներով եւ աղմկոտ, մեզ հիւրասիրում էին բուրումնաւէտ կաթով եւ մածունով: Եւ իբր թէ իրենց, բայց իրօք մեզ համար երգում էին զուարթ լէլէներ…
Մի քիչ բարձր, մօտենում էինք դանդաղ հալող ձիւնադաշտերին, որոնց տակից կլկլալով հոսում էին սառնորակ առուակներ: Այս կողմերում կարելի էր հաւաքել հոտաւէտ անմոռուկներ, գինարբուկներ (primula), ձնծաղիկներ, փնջեր կազմել ու յետոյ…մի կողմ նետել: Ո՞ւմ է հարկաւոր այստեղ մեր ծաղկեփունջը, երբ ամբողջ լեռը զարվառ (վառ դեղին) ծաղիկների փունջ է:
Արագածի կատարին ցուրտ է. քամի է փչում: Նոյնիսկ լճակի հմայիչ գրաւչութիւնը երկար չի պահում քեզ: Պռ՜ռ… Դողում ես, ատամ ատամի խփելով: Շո՛ւտ դէպի յետ, արեւից վար, տաքանալու համար: Բայց չես կարող արագ շարժուել: Իջնում ու կենում ես, իջնում ու կենում՝ միշտ առջեւդ Մասիսի կախարդական պատկերը: Օդը այնքան յստակ է ու ջինջ, Մասիսը կարծես դիմացդ լինի, մի քայլի վրայ: Պարզիր ձեռքդ եւ կարող ես հասնել: Կանգնած է հպարտ, գլուխը երկնքում, իբրեւ մի հզօր Աստուած, անդորր ու խաղաղ, խորհրդաւոր խոհեր ճակատին ու մեն-մենակ, ինչպէս հայ ժողովուրդը ինքն է մենակ՝ դարաւոր մտորումների մէջ… Մասիս եւ Արագած – ի՞նչ պիտի լինէր հայութիւնը առանց նրանց: Մէկը արթուն պահակ ոսոխների դէմ, միւսը՝ սննդատու մայր գորովագութ…
…Եւ ահա մի ուրիշ Մասիս մեր առջեւ:
Կէսօրուայ տօթը մեղմացել էր: Մենք ցրուած էինք պարտիզում «ցոքոլ»ների (plinths, պատուանդաններու ետեւ կը պահուըտէին) յետեւից՝ աշխատելով խուսափել պարտիզպանի սուր աչքերից:
Մէկ էլ՝ ցնցող լուր: «Հայրիկն է գալիս»…