ՎԻԱՆՈՒԵՒԱՆ ՆԵՐՈՂՈՒԹԻՒՆ Է ԽՆԴՐԵԼ ԱՄԵՐԻԿԱՀԱՅԵՐԻՑ

ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ․- Դեկտեմբերի 1ին Լոս Անջելեսում Հայաստանի գլխաւոր հիւպատոս, դեսպան Արմէն Բայբուրդեանը հանդիպեց Լոս Անջելես մարզի ոստիկանապետ Ալեքս Վիանուեւայի հետ:
Բայբուրդեանը Վիլանուեւային ներկայացրեց արցախեան 44օրեայ պատերազմի եղելութիւնը, Թուրքիայի օժանդակութեամբ Ադրբեջանի սանձազերծած յարձակումի հետեւանքով ստեղծուած մարդասիրական ճգնաժամը, Ադրբեջանի կողմիգործած ռազմական յանցագործութիւնները եւ միջազգային մարդասիրական իրաւունքի խախտումները, որոնց թւում՝ խաղաղ բնակչութեան թիրախաւորումը, ոչ-աւանդական զէնքերի կիրառումը, ռազմագերիների եւ պատանդ պահուած անձանց նկատմամբ դաժան եւ անմարդակային վերաբերմունքը, կտտանքները:
Անդրադառնալով պատերազմի ժամանակ եւ դրանից յետոյ Ադրբեջանի, Թուրքիայի եւ Պակիստանի գլխաւոր հիւպատոսութիւնների, ինչպէս նաեւ նրանց միացած
Պակիստանի համայնքային կառոյցների գործելաոճին, Բայբուրդեանը Վիանուեւայի ուշադրութիւնը հրաւիրել է այն հանգամանքի վրայ, որ այդ երկրների ներկայացուցիչները, մասնաւորապէս Ադրբեջանի, որեւէ միջոցի առջեւ կանգ չեն առնում իրականութեանը չհամապատասխանող տեղեկութիւններ տարածելով, սադրիչ գործողութիւններ իրականացնելով: Հէնց նման գործելաոճ նրանք դրսեւորեցին երբ վերջերս Վիանուեւայի գրասենեակի բարձրաստիճան աշխատակցի եւ երկու քաղաքների ոստիկանապետերի ներկայութեամբ իրականացուող միջոցառումը վերածեցին հակահայկական քարոզչութեան տարածման հարթակ:

Բայբուրդեանը նշեց, որ անընդունելի է համարում իրաւապահ համակարգի ներկայացուցիչների ակամայ կամ ոչ ակամայ ներգրաւումը քաղաքական բնոյթ ունեցող միջոցառումներին: Նման սադրիչ գործողութիւնները լարուածութիւն են առաջացնում Լոս Անջելեսի բազմացեղ միջավայրում եւ վիրաւորում են ամերիկահայերին: Ադրբեջանի գլխաւոր հիւպատոսութեան կողմից իրականացուող հակահայ քարոզը սերմանում է ատելութիւն եւ որոշ դէպքերում նիւթականանում` Կալիֆորնիայում հայ համայնքի եւ նրանց գոյքի հանդէպ յարձակումների տեսք ստանալով:
Վիանուեւան նշեց, որ ինքը մի քանի օր առաջ ընկերային ցանցերով այդ միջադէպի համար ներողութիւն է խնդրել ամերիկահայերից: Նա նշեց, որ լիովին համաձայն է Բայբուրդեանի հետ եւ խոստացաւ, որ այսուհետ ուշադիր կը լինի, որպէսզի իր գրասենեակի աշխատակիցները քաղաքականացուած միջոցառումների չմասնակցեն:
Հանդիպմանը մասնակցում էին գլխաւոր հիւպատոսութեան խորհրդականներ Վարազդատ Պահլաւունին եւ Էդգար Գրիգորեանը: