ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
«Ինչպիսի՞ն կարող է լինել աշխարհը», այս հարցին իւրովի է պատասխանել արուեստագէտ Արա Օշականն իր նոր ցուցադրութեամբ: Արուեստի տարբեր ոճերում աշխատանքներով արուեստագէտը փորձ է արել ներկայացնելու Սփիւռքի տարբեր շերտերը, հայրենիք Սփիւռք կապը, միաժամանակ` ուսումնասիրել ունեզրկման ու բռնութեան ժառանգութիւնները, երեւակայական ապագան:

Օշականն հետազօտում է սեփական ինքնութեան երկիմաստութիւնները, ֆիզիկական, մշակութային ու լեզուական սահմանների հատումը:
«Ինչպիսի՞ն կարող է լինել աշխարհը» հաւաքական ցուցադրութիւնը` լուսանկարչութեան, ֆիլմի, կոլաժի, ինստալացիայի միջոցով ներկայացնում է բազմաշերտ եւ բազմաբնոյթ տեսլական` արտայայտելով տեքստը` պատկերի, փաստը` ենթադրութիւնների, անձնականը` հաւաքական պատմութեան հետ: Արա Օշականն իր աշխատանքներում խառնում է անցեալը, ներկան, ապագան եւ պատկերացնում է այն, ինչ եղել է, ինչ կարող է լինել կամ չլինել:
«Թուֆէնքեան» արուեստի կենտրոնը հնարաւորութիւն է ընձեռել Օշականին լաւագոյնս ներկայացնելու իր ստեղծագործութիւնները: Պատկերասրահի մուտքից արդէն զգալի է արուեստի գործերի էութիւնից բխող լիցքերը: «Ցուցահանդէսն Արցախի ու Բէյրութի մասին է: «Շուշիի դիմանկարներ» կոչուող շարքն արձագանգն է Արցախի վերագաղութացմանը», նշում է հեղինակը: 2020 թուականի Նոյեմբերին, Ադրբեջանի կողմից Արցախի բնիկ հայկական շրջան ներխուժումից յետոյ, պատմականօրէն հայկական եւ տարածաշրջանի մշակութային կենտրոն հանդիսացող Շուշին մնաց առանց բնիկների եւ օտար պետութեան կողմից բռնազաւթուած: Շուշեցիների լուսանկաները Օշականը ներկայացնում է հայկական հնագոյն ձեռագրերի ֆոնին` ստեղծելով երեւակայական ապագայ, որը դեռ գոյութիւն չունի: «Որպէս արուեստագէտ չափազանց կարեւոր է այսօր, որ ներկայացնենք Շուշին որպէս հայկական պատմական հայրենիք, եւ երբեւէ չմոռանանք այդ մասին` մտածելով, որ կորցրել ենք: Այսօր, ով առաւել բարձր է խօսում` այնքան լսելի կը լինի աշխարհում: Ես քաղաքական գործիչ չեմ, բայց որպէս արուեստագէտ իմ համար կարեւոր է, որ խօսուի Շուշիում հազարաւոր տարիներ հայկական ներկայութեան մասին», նշում է Օշականը
Արուեստագէտի յաջորդ` «Արցախեան մագաղաթներ» կոչուող շարքը թուային կոլաժ է, որ կազմուած է Օշականի Արցախում արուած «Հայրենիք» լուսանկարչական շարքից:
Ստեղծագործութիւնը պատմական կամար է ստեղծում 1915 թուականի Ցեղասպանութիւնից մինչ այսօր, ընդգծելով, որ հայկական աշխարհի դէմ բռնութիւնները շարունակւում են: «Այժմ, երբ Արցախի մեծ մասը բռնազաւթուած է, որոշ մարդիկ հեռացել են եւ կապուած չեն իրենց հողին, երեք երկար մագաղաթի վրայ ամրացրել եմ արցախցիների իմ կողմից արուած լուսանկարներ, նրանց կենսակերպը պատկերող պատկերներ` մէկտեղելով նրանց մէկ վայրում` մագաղաթների վրայ, որը իմ մեծ պապի` Ցեղասպանութիւնը վերապրած գրող Յակոբ Օշականի նոթատետրի էջերն են: Իր ձեռագրերը պատմում են այն մասին, ինչ պատահել էր հարիւր տարի առաջ, եւ այս պահին էլ նոյնն է տեղի ունենում Արցախում` բռնազաւթում, պատերազմ, մահ, գաղութացում, այսինքն` ոչինչ չի փոխուել», մեկնաբանում է Արա Օշականը: Գաղութացումը գործընթաց է` հողը բռնազաւթելու արդիւնքում տեղի է ունենում մշակոյթի, լեզուի, կենցաղի աստիճանական բնաջնջում: Կարո՞ղ ենք պատկերացնել ապագաղութացման գործընթաց, մտորում է արուեստագէտը` ուղեկցելով մէկ այլ ցուցասրահ, որտեղ ներկայացուած է «Տեղահանուած» խորագրով գրական լուսանկարչական նախագիծը: Մեծադիր մաղագաթներից կազմուած ինստալիացիան Օշականի ձօնն է արեւմտահայերէնին ու դրա պահպանման ամենամեծ ջատագովներից, սփիւռքահայ գրող Գրիգոր Պըլտեանին: Մագաղաթների վրայ գրողի պատմութիւններն են «Տեղահանուած» անուանումով գրքից, որ Օշականի եւ գրողի համատեղ նախաձեռնութիւնն է: «Պըլտեանը գրում է գրեթէ բացառապէս արեւմտահայերէնով, որը ներկայում ՄԱԿի անհետացող լեզուների շարքում է: Ցուցադրութեան այս շարքը արեւմտահայերէնին նուիրուած իւրատեսակ յուշարձան է, որ նաեւ նպատակ ունի ինչ-որ ձեւով կասեցնել լեզուի անհետացումն ու տարածք տրամադրել նրան: Պըլտեանը շրջել էր Բուրջ Համուդում եւ ներկայացրել իր անձնական յուշերն ու խոհերը, որը նաեւ Լիբանանի հայ համայնքի մի քանի սերունդների հաւաքական պատմութիւնն է: Ես էլ, լինելով Լիբանանից, լուսանկարների միջոցով եմ ներկայացրել նոյն վայրերում իմ ապրածն ու զգացածը` շաղկապելով դրանք Պըլտեանի տեքստերի հետ: Արդիւնքում ստեղծուեց նաեւ «Տեղահանուած» անուանումով գիրքը, որի շնորհանդէսն է այսօր», ներկայացրեց Արա Օշականը:
Օշականն ու Պըլտեանը մեծացել են Բէյրութի հայ համայնքում, որ ձեւաւորուել է Ցեղասպանութիւնը վերապրածների կողմից: Երկու մտաւորականներին էլ թողել են Բէյրութը տասնամեակներ առաջ եւ վերադարձել` խորասուզուելու նրա մասնատուած քաղաքային կեանքի մէջ` Օշականը մութ ու քնարական լուսանկարներով, Պըլտեանը` բանաստեղծական տողերով:
Լիբանանեան շարքը շարունակւում է Օշականի «Պէյրութի յիշողութեան նախագիծ» լուսանկարներու, որոնք սեւ ու սպիտակ են ու ներկայացնում են անցեալն ու ներկան: Այս շարքն արտացոլում է լուսանկարչի յարաբերութիւնները լիբանանեան քաղաքացիական պատերազմի հետ, պատմական միջամտութիւնը, որ ստեղծել է անձնական եւ հաւաքական խզում: Բուրջ Համուդն էլ անցեալի ու ներկայի առօրեայով մշտապէս Օշականի դիտակէտում է, եւ ներկայացւում է նաեւ նրա պատրաստած վաւերագրական ֆիլմում:
Յունուարի 15ին բացուած «Ինչպիսի՞ն կարող է լինել աշխարհը» ցուցահանդէսը տարաբնոյթ մոտորումների տեղիք տուեց իր բազմաշերտ տեղեկատուութեամբ, անցեալի ու ներկայի հատումներով եւ հնարաւոր ապագայի մասին պատկերացումներով:
«Թուֆէնքեան» արուեստի կենտրոնում ցուցահանդէսը կը գործի մինչեւ Փետրուարի 5ը:
Son of Vahe Oshagan, follower of his Grand father and father,
both Intellectual Authors, as painter, having inside his father’s
UNBREAKABLE PATRIOTISM, reflecting in his work, trying to
figure out future, inclusive BRIGHT ARMENIA : PROVIDED COUNTRY
SELLERS GROUP *IS OUT OF CIRCULATION*, OPENING CLOSED
DOORS, TO BIG NUMBER DIASPORA PATRIOTS IN EVERY FIELD !!.
FORBIDDEN TO SETTLE THERE SINCE 70+31 years, BY BOLSHEVIK
LENIN, STALIN, BERIA, & ACTUAL CONTINUATION “BY KGB ORDER”.
Wishing all the best to MY BEST FRIEND’S SON, AND WISHING
TO HEAR ABOUT ITS EXPOSITION IN FREE ARMENIA!!.