
ԵՐԵՒԱՆ, «Նիուզ»․- «Երեւանէն հնչած որոշակի յայտարարութիւնները լեգիտիմացնում են (կ՛օրինականացնեն) Ադրբեջանի տարածքային յաւակնութիւնները», 4 Փետրուարին տուած մամլոյ ասուլիսին ընթացքին յայտարարեց Հայաստանի մարդու իրաւունքներու պաշտպան Արման Թաթոյեան։
Ան բազմաթիւ անգամներ փաստած էր շփման գիծէն զօրքերու հայելային կերպով ետ քաշուելու գծով` հայկական կողմին առաջադրած մօտեցման սխալ ըլլալը: Ան յիշեցուցած էր հայկական սահմանամերձ գիւղերու բնակիչներու իրաւունքներու բազմաթիւ խախտումներու մասին` ատրպէյճանցի զինուորականներու ներկայութեան պատճառով: Պաշտպանը դարձեալ փաստեց, որ ատրպէյճանական զօրքերու ետ քաշուելուն, ապառազմականացած գօտիի ստեղծման անհրաժեշտութիւնը` մինչեւ սահմաններու որոշման գործընթացի աւարտը բնակիչներու իրաւունքները ապահովելու համար: «Ադրբեջանցի զինուորականները ոչ միայն տեղակայուել են գիւղացիներին օրէնքով պատկանող տարածքներում, այլեւ անհնար են դարձրել նրանց բնական կեանքը», ըսաւ Թաթոյեան:
Ան յատկապէս նշեց, որ խօսքը միայն մայիսեան ներխուժման հետեւանքներուն մասին չէ: «Կադաստրային փաստաթղթերը տրամադրուել են խորհրդային կադաստրային մարմինների կողմից», ըսաւ Թաթոյեան՝ աւելցնելով, որ եւրոպական կառոյցները նոյնպէս` յանձին ԵԽԽՎի, համաձայն են ապառազմականացած գօտիի ստեղծման մօտեցման: Միջազգային գործընկերներուն հետ հանդիպումները կը վկայեն, որ այդպիսի մօտեցում մը աջակցութիւն կը գտնէ:
«Ցաւօք, կարծիք կայ, որ դա իրատեսական չէ: Այդպէս չէ: Մենք ամէն ինչ անում ենք, որպէսզի լեգիտիմացնենք ադրբեջանցի զինուորականների ներկայութիւնը, իսկ յետոյ ասում ենք` իրատեսական չէ: Երբ փակուեց Գորիս-Կապան եւ Կապան-Ճակատեն ճանապարհը, մենք, անյապաղ ՄԻԵԴի, էլ չեմ ասում այլ մարմինների, դիմելու փոխարէն, պաշտօնական մակարդակով սկսեցինք յայտարարել, որ դա ադրբեջանական տարածք է, որ անվտանգութիւնը պահպանուել է եւ ամէն բան կարգին է: Սկսեցին գովաբանել այլընտրանքային ճանապարհները, միջազգային կառոյցներից թաքցնել խնդիրները, հերքել օմբուդսմենին (մարդու իրաւունքներու պաշտպանը): Եթէ մենք յետոյ դիմէինք ՄԻԵԴ, Ադրբեջանի իշխանութիւնները կը ներկայացնէին հայկական կողմի յայտարարութիւնները», ըսաւ Թաթոյեան;
Ան յիշեցուց, որ անհրաժեշտ է առաջնորդուիլ մարդոց ապահովութեան նպատակով: «Հայելային յետքաշման դէպքում ո՞ւր են յետ քաշուելու մեր զինուորականները: Ի՞նչ կը լինի մարդկանց հետ, որոնց բակերով ու տներով է անցնում շփման գիծը: Ինչպէ՞ս են նրանք գիւղատնտեսական գործունէութիւն իրականացնելու։ ԱԳՆի հանդէպ ամբողջ յարգանքով հանդերձ` հայելային յետքաշումը խախտում է մարդու իրաւունքները: Մանաւանդ կան բոլոր հիմքերը, այդ թւում փաստաթղթեր ԽՍՀՄ ժամանակներից, որպէսզի ադրբեջանցի զինուորականները հեռանան հայկական գիւղերին անմիջապէս կից տարածքներից: Գործընթացը չի կարող իրականացուել մեր քաղաքացիների իրաւունքների հաշուին», ընդգծեց Թաթոյեան։
Ան յիշեցուց, որ քարտէսներու մասին շատ կը խօսուի, բայց կան տարբեր քարտէսներ, եւ միայն մէկ քարտէսով չէ որ պէտք է առաջնորդուիլ:
«Մեր քաղաքականութիւնը գնում է ոչ ճիշտ ճանապարհով: Կատարւում են ընդհանուր յայտարարութիւններ, չնշելով մարդու իրաւունքների խախտման փաստերը», ըսաւ Թաթոյեան՝ փաստելով, որ որոշ յայտարարութիւններ, որոնք հնչած են Հայաստանէն, լուրջ հարցեր պիտի ստեղծեն եւ անոնք պիտի օրինականացնեն Ատրպէյճանի իշխանութիւններու անօրինական գործողութիւնները:
«Միջազգային ատեաններում մեզ կ՛ասեն, ինձ հետ էլ է նման բան պատահել` դուք ինքներդ էք ընդունում, որ տարածքն ադրբեջանական է։ Վերցրէք Շուռնուխ գիւղի իրավիճակը, որով անցնում է շփման գիծը: Կարո՞ղ են արդեօք երեխաների իրաւունքներն ապահովուած լինել նման ռազմականացուած գօտում: Այնտեղ, որտեղ երեք երկրների զինուած ուժերն են», եզրափակեց Արման Թաթոյեան: