Կեանքի Եւ Մահուան Միջեւ
Ա.- Պույուրուն (Հրամեցէ՛ք)
Թէեւ պաշտօնական ամառը դեռ չէր վերջացել, բայց օդից արդէն աշնան հոտ էր գալիս։
(…)

Կարնոյ Դաշտը, գորշ-դեղնաւուն, հանդարտ նիրհում էր փոշու ու թոնիրներից բարձրացող ծխի նօսր մշուշի մէջ: Օգոստոսը մօտենում էր իր վախճանին եւ բնութիւնը այնպէ՜ս հրապուրիչ էր ու խաղաղ:
Երեկոյեան դէմ, Փիլոսի հետ դուրս եկանք թապիաները – Կարինը շրջապատող զինուորական ամրութիւնները – խրամատներ ու պատնէշներ, որոնց ստորոտը տարածուած էին կարնեցիների համբաւաւոր պոստանները (պարտէզները): Դուք կերե՞լ էք երբեւիցէ Կարնոյ շողգամը, շաքարի պէս քաղցր ու համով ստեպղինը, հռչակաւոր կաղամբը, որ քեսրիկցիների նախանձը կարող է շարժել: Հապա՜ նուրբ կեղեւով վարունգը, որ կարնեցի կոնծաբանների մեզէն էր քէֆերի ժամանակ: Այս պոստանները զբօսանքի եւ ուրախութեան վայրեր էին, այն երջանիկ օրերին, երբ դեռ Կարինը շէն էր, եւ մարդը գազանացած չէր այսքան:
Փիլոսի հետ բարձրացանք թապիաները: Մէկ էլ մեր առջեւ ցցուեց ասկիարի (զինուորի) սուինը:
– Եասա՛կ: (Արգիլուա՛ծ)
Այնքա՜ն անգամներ եղել էինք այստեղ, ազատ ու համարձակ պտըտել, նստել դիտելու վերջալոյսի գեղեցկութիւնները եւ ոչ մի զինուոր չէինք տեսել ու ո՛չ մի արգելք: Հիմա.
– Եասա՛կ:
Ուրիշ կողմ՝ նոյնպէս զինուորներ: Թապիաները դարձել էին արգիլուած գօտի: Ուրեմն, ճիշդ է, որ Եւրոպայում մղուող պատերազմի արձագանգները այստեղ էին հասել:
Եւ բնական է, որ պիտի հասնէին: Ընդհանուր զօրակոչը – Սէֆէր-պէյլիկ—արդէն յայտարարուած էր: Թուրքերը տենդագին պատերազմական պատրաստութիւններ էին տեսնում: Երիտասարդութիւնը զինուորագրւում էր: Փիլոսն էլ բանակի մէջ էր արդէն՝ զինուորական հագուստով: Ցերեկները գնում էր ծառայութեան զինուորական հիւանդանոց եւ գիշերները գալիս էր տուն: Մեր բոլոր երիտասարդ ընկերներն էլ բանակում էին: Դրանց մէջ էր եւ Միհրան Թէրլէմէզեանը, Վանի պատգամաւորը ՀՅԴ ութերորդ Ընդհանուր ժողովի: Նա կարող էր վերադառնալ Վան. Արամից հեռագիր էլ էր ստացուել այդ իմաստով: Բայց չգնաց: Պարտականութեան գիտակցութիւնը նրան պահեց Կարնում: Չէր ուզում որեւէ կասկածի առիթ տալ իշխանութեանց, թէ «դասալիք» է լինում, թէեւ դասալքութեան խնդիր էլ չկար. կարող էր Վանում էլ շարունակել զինուորական ծառայութիւնը: Կարին մնալու գլխաւոր պատճառը այն էր, որ իր կարծիքով այստեղ ինքը կուսակցութեան համար կարող էր աւելի օգտակար լինել. Վանում գործիչ շատ ուժեր կային, մինչդեռ Կարինում ղեկավար մարդոց սուր պահանջ էր զգացւում:
Ընդհանուր մտայնութիւնը դեռ այն էր, որ պատերազմի արհաւիրքը կարող էր մեր գլխից անցնել, եթէ զգոյշ եւ աչալուրջ քաղաքականութեան հետեւէինք: Ընդհանուր տեղահանութեան կամ կոտորածի կասկած չկար: Շատ-շատ, մտածում էին ամէնքը, ղեկավարներից ոմանք կարող են զոհուել, բայց ժողովուրդը կը փրկուի: Եւ Միհրանի պէս, շատերը փութացին արձանագրուել զինուոր, որպէսզի օրինապահ դիրքով հաստատեն, թէ հայերը գիտակցում են իրենց հայրենասիրական պարտականութեանը եւ պատրաստ են ամէն զոհողութեան հայրենիքի պաշտպանութեան համար:
Նոյն նկատումով զինուոր էր արձանագրուել ե՛ւ Փիլոսը, թէեւ իբրեւ շրջանի ականաւոր դաշնակցական գործիչ եւ կրթական պաշտօնեայ, կարող էր ազատ մնալ զօրակոչից: Բայց Փիլոսը Միհրանի լաւատեսութիւնը չունէր. բնազդօրէն զգում էր գալիք արհաւիրքները եւ սարսափում էր:
Յիշում եմ մեր վերջին զրոյցը: Նստած էինք կողք-կողքի պոստաններում եւ դիտում վերջալոյսը:
Դուք տեսե՞լ էք Կարնոյ վերջալոյսը: Ո՛չ, չէք տեսել: Աշխարհիս երեսին ուրիշ այդպիսի վերջալոյս ես չեմ տեսել, բացառութեամբ Վանի: Մէկ էլ՝ Ռիօ տէ Ժանէյրոյի, բնութեան գոհարը կազմող այս զմայլելի քաղաքի:
Արեւը դանդաղ սահում էր դէպի արեւմուտք: Կարնոյ երկինքը, շրջակայ լեռները, լայնատարած Խաչափայտը խաղում էին հազար ու մէկ լոյսերով, որոնց գոյնը ամէն վայրկեան փոխւում էր անակնկալ խաղերով – կարմիր, կապոյտ, նարնջագոյն, կանաչ, դեղին, գորշ-լազուր: Մերթ կայծկլտում, մերթ հրդեհի պէս բոցավառւում: Մերթ երկինքն ու երկիրը խառնւում էին իրար աննկարագրելի գեղեցկութեամբ: Դժուար էր զանազանել՝ ո՞րն էր երկինքը, ո՞րը՝ երկիրը:
Լոյսերի եւ գոյների փոխակերպումը տեւում էր երկար, մինչեւ որ արեւի կարմիր գունդը ծածկւում էր լեռների յետեւը: Եւ արեւամուտից յետոյ էլ դեռ լոյսերի խաղը շարունակւում էր. դաշտը արդէն խաւարի մէջ էր, բայց լեռների կատարները պէծին (կայծ, ցոլք) էին տալիս բիւրաւոր ճառագայթներով՝ հետզհետէ աղօտանալով ու մթնելով: Վերջին շողը անհետանում էր Էրէյլիի կատարից, եւ դաշտը թաղւում էր մութ խաւարի մէջ:
Փիլոսը, իր մարալի խոշոր աչքերը լայնօրէն բացած, հիացումով դիտում էր բնութեան հրաշալի պատկերները:
– Եւ այս բոլոր գեղեցկութիւնները պիտի վայելեն այդ շները, ասաց նա սրտնեղած՝ ձեռքը պարզելով դէպի հեռւում պահակ կանգնած զինուորը:
– Ինչո՞ւ միայն շները, մենք էլ կը վայելենք, առարկեցի ես:
-Մենք է՜լ… Ո՞վ ենք մենք: Եթէ այսօր ինձ հետ լինէիր զօրանոցում, կը տեսնէիր, թէ ով ենք մենք եւ ինչպէս ենք վայելում…
Նա միշտ դժգոհ էր զինուորութիւնից եւ անվերջ գանգատուում էր թուրքերի կոպիտ վերաբերմունքից:
– Չէ՛ սիրելիս, շուտով այս գազանները ցոյց կու տան իրենց իսկական բնութիւնը, եւ այն ժամանակ՝ մնաս բարով ե՛ւ վերջալոյս, ե՛ւ գրականութիւն ու արուեստ եւ ամէն ինչ:
Փիլոսը գրականութեան սիրահար էր: Երբեմն արձակ բանաստեղծութիւններ էլ էր գրում: Կարդում էր անվերջ եւ գրքերի մէջ սփոփանք որոնում: Դաշնակցութիւնը, հանրային գործունէութիւնը տարերքն էին նրա համար, ա՛յն օդը, առանց որի չէր կարող ապրել, բայց իր քնքուշ բանաստեղծական հոգու համար նոյնպիսի պահանջ էին ե՛ւ արուեստն ու գրականութիւնը:
Մէկ էլ իր երիտասարդ կինը՝ Վարսենիկը, որին սիրում էր անհուն սիրով եւ սարսափում էր, թէ ի՞նչ պիտի լինէր նրա վիճակը, եթէ իրեն մի բան պատահի: Վարսենիկի սէրն էլ փոխադարձ էր:
(…)
Փիլոսի յոռետես տրամադրութիւնը փոխանցուեց եւ ինձ: Իմ միտքն էլ համակուեց անորոշ կասկածներով ու մռայլ նախազգացումներով: Ի՞նչ պիտի պատահի: Ի՞նչ պիտի անենք մենք…
Ընդհանուր ժողովից յետոյ, որոշուել էր, որ Ռոստոմը անմիջապէս մեկնի Եւրոպա. Ես պիտի փոխարինէի նրան Կարինում, մինչեւ Արմէն Գարոյի Պոլսից հասնելը:
(…)
Իմ երիտասարդ ուսերին ու անփորձ ուսերի վրայ ահաւոր պարտականութիւն էր դրւում –ինչպէ՞ս պիտի դուրս գայի:
Խորասուզուած էի այս մտքերի մէջ: Փիլոսն էլ իր խոհերը ունէր: Անխօս վերադարձանք տուն: