ԾՈՎԱՏԵՂ, Մարտունի․- Արցախի Մարտունու շրջանի Ծովատեղ գիւղի բնակիչները Փետրուարի 8ին տօնեցին իրենց նոր համայնքային կենտրոնի բացումը: Շէնքը, որտեղ գտնւում է գիւղապետարանն ու բուժկէտը, վերանորոգուել է Հայկական բժշկական հիմնադրամի (Միացեալ Նահանգներ), Շուէյցարիայի Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան (ՀԲԸՄ) եւ «Թուֆենքեան» բարեգործական հիմնադրամի համագործակցութեան շնորհիւ:
Կենտրոնի բացմանը ներկայ էին Ծովատեղի գիւղապետ Սամուէլ Աբրահամեանը, Մարտունու շրջանային հիւանդանոցի գլխաւոր բժիշկ Ռոբերտ Բաղդասարեանը, Հայ-ամերիկեան Բժշկական Միութեան ներկայացուցիչ դոկտոր Անուշ Սահակեանը, գիւղապետեր եւ յարակից գիւղերի ներկայացուցիչներ, ինչպէս նաեւ ներկայացուցիչներ «Թուֆենքեան» հիմնադրամի Ստեփանակերտի եւ Երեւանի գրասենեակներից:
«Ինիսունական թուականներից սկսած` համայնքային կենտրոնում գործում են նաեւ ակումբն ու բուժկէտը. շէնքը գտնւում էր վատթար վիճակում,եւ, իրօք, վերանորոգման կարիք կար: Աշխատանքները սկսուել են անցած տարուայ Հոկտեմբերի վերջին», նշել է համայնքապետ Աբրահամեանը` շնորհակալութիւն յայտնելով հիմնադրամին: Բուժկէտները Արցախի գիւղերում բժշկական ծառայութիւններ տրամադրող միակ կառոյցներն են: «Շնորհակալ ենք մեր սփիւռքահայ հայրենակիցների աջակցութեան համար` նրանց առատաձեռնութեան եւ այստեղի բնակչութեանը օգնելու պատրաստակամութեան համար», յաւելեց նա: Համագործակցութեան շնորհիւ վերանորոգուած բուժկէտը համալրուել է նաեւ նոր սարքաւորումներով եւ այլ անհրաժեշտ պարագաներով:
Ծովատեղի եւ նրա շրջակայ գիւղերի բնակիչները 44օրեայ պատերազմի ընթացքում ենթարկուեցին ուժեղ ռմբակոծութիւնների: 2021ի սկզբին թէժ մարտերի ժամանակ տարածաշրջանից լքած հազարաւոր ընտանիքներ վերադարձան իրենց տները, որոնց մէկ մասը լուրջ վնասներ է կրել: Պատերազմից յետոյ այս գիւղերից շատերն այժմ գտնւում են Ադրբեջանի սահմանից ընդամէնը մի քանի կիլոմետր հեռաւորութեան վրայ:
Անցեալ տարի, Արցախի իշխանութիւնների հետ համապարփակ խորհրդակցութիւններից յետոյ, «Թուֆենքեան» հիմնադրամը կազմեց համապարփակ ծրագիր բաղկացած լրացուցիչ նախաձեռնութիւններից, որոնք նպաստում են Մարտունու շրջանի մի քանի գիւղերի, այդ թւում` Ծովատեղի եւ յարակից գիւղերի (Հերհեր, Խերխան) կրթական, առողջապահական, տնտեսական եւ այլ կարիքների բաւարարմանը: Ծրագրի տարբեր մասերը ներառում են նաեւ մօտակայ Սօս եւ Մաճկալաշեն գիւղերը: Հիմնադրամը անցեալ տարի համագործակցեց Լոս Անջելեսում գործող «Ջոն եւ Յասմիկ Մկրտիչեան» հիմնադրամի հետ` նմանատիպ կենտրոն կառուցելու մօտակայ Հերհեր գիւղում:

«Մօտ մի տարի առաջ մենք այցելեցինք Ծովատեղ` այս պատմական գիւղը, որպէսզի փոխանցենք սննդի օգնութեան խիստ անհրաժեշտ փաթեթներ: Այսօր մենք ուրախ ենք տեսնել, որ գիւղը եւ նրա բնակիչները ոտքի են կանգնում. ապրում ու արարում եմ իրենց հողի վրայ», ասաց հիմնադրամի տնօրէն Կրէկ Պետեանը: 2021ի սկզբին հիմնադրամը Մարտունու տարբեր գիւղերի աւելի քան 400 ընտանիքների բաժանեց սննդի փաթեթներ:
«Մենք կը շարունակենք ներդրումներ կատարել այս յաճախ անտեսուած գիւղերում եւ Արցախի այլ հատուածներում` վերակառուցելով եւ վերանորոգելով տներ, բուժկէտներ եւ դպրոցները. իրականացնելով կրթական ծրագրեր ու առողջապահական եւ տնտեսական զարգացման նպատակային ծրագրեր: Միայն այսպէս կարելի է ապահովել աշխոյժ ապագայ Արցախի հայութեան ապագայ սերունդների համար», մեկնաբանեց Պետեանը:
«Թուֆենքեան հիմնադրամը 2022ի զարգացման ծրագրի շրջանակներում Բոստօնում գործող Հայ-ամերիկեան Բժշկական Միութեան (AAMA) հետ համատեղ կ՛աշխատի Արցախում առաջնային առողջութեան պահպանմանն ուղղուած ծրագրի վրայ:
Դիմելով հիւրերին, բացման հանդիսութեանը ընթացքում ` դոկտոր Սահակեանը բացատրեց, որ ծրագիրն իր աշխատանքները կը սկսեն Մարտունու գիւղերից: «Մեր ծրագիրը Սփիւռքից բարձր փորձ ունեցող բժիշկներ կը բերի տեղի բուժանձնակազմին գործնական ուսուցում եւ շարունակական բժշկական կրթութիւն տրամադրելու, միաժամանակ շրջանի հիւանդներին շարունակական օգնութիւն ցուցաբերելու համար», ասաց Սահակեանը:
(Հաղորդագրութիւնը՝ հիմնադրամէն)