ՍԵԴԱ ԱՆԱՆԵԱՆԻ «ԱՆՄՈՌԱՑ ԱՆՈՒՆՆԵՐ» ՆՈՐ ԳԻՐՔԸ
ՀԵՆՐԻԿ ԱՆԱՍԵԱՆ

… Գրասեղանիս վրայ է Սեդա Անանեանի «Անմոռաց Անուններ» գիրքը, որը հրատարակել է Հայաստանի Գիտութիւնների ակադեմիայի Արուեստի հիմնարկը: Սա արդէն գրքի գնահատման չափանիշ է: Նոյնքան գնահատելի ուղենիշ է պրոֆ. Արծրուն Աւագեանի` գրքի հմտօրէն լուսաբանուած հիանալի գրութեան բովանդակութիւնը:
Սեդա Անանեանը սովորել եւ աւարտել է Երեւանի պետական համալսարանի Ռոմանո-Գերմանական բաժանմունքի Ֆրանսերէն լեզուի բաժինը: Աշխատել է գրականագէտ-թատերագէտ Ռուբէն Զարեանի ղեկավարած Արուեստի հիմնարկում: Խոշոր գիտնականի խորհրդին հետեւելով, Սեդան սկսել է զբաղուել լրագրութեամբ: Այնուհետեւ, 17 տարի շարունակ աշխատել է «Հայկական Սովետական Հանրագիտարան»ի արուեստի բաժինի խմբագրութիւնում:
Անշուշտ ես մէկ առ մէկ չեմ անդրադառնալու «Անմոռաց Անուններ» գրքի ամէն մի յօդուածի, դրանք շատ են, եւ յետոյ, լրագրի սահմանները թոյլատու չեն գրականագիտական ծաւալուն յօդուած հրատարակել: Ուստի ես հիմնականում կ՛անդրադառնամ մի քանի ծաւալուն նիւթերին:
Երանաւէտ բախտ է մեծանալ, հասակ առնել մի այնպիսի ընտանիքում, մի այնպիսի միջավայրում, ուր գիշեր ու զոր թագաւորում է հայ գիրն ու գրականութիւնը: Ի վերուստ Սեդա Անանեանը արժանացաւ այդ բախտին: Նրա մօրաքրոջ տղան էր ճանաչուած եւ սիրուած թատերագէտ, գրականագէտ եւ հրապարակախօս Լեւոն Հախվերդեանը, որի յարկի տակ է հիմնականում հասակ առել Սեդան: Առօրեայ կեանքում ասող-խօսող,կատակի վարպետ Լեւոնի բնակարանը իսկական Թիֆլիսի Վերնատունն էր յիշեցնում, ուր հաւաքւում էր հայ գրականութեան գործիչների ընտրանին, որոնց թւում` Պարոյր Սեւակն ու Վահագն Դաւթեանը, Գրիգոր Քէշիշեանն ու Շահէն Թաթիկեանը:
– Մտաւորականների հաւաքատեղի էր մօրաքրոջս բնակարանը,- գրում է Սեդա Անանեանը, – ուր անպակաս էին գրական կատաղի վէճերն ու անզիջում տարակարծութիւնները։ Եւ յետոյ, գիշերուայ ուշ ժամին մէջտեղ էր գալիս Քարահունջի օղին ու մթնոլորտը խաղաղւում էր: Եւ այդպէս` գրեթէ ամէն օր:
Լեւոն Հախվերդեանին նուիրուած այս հատուածում չեմ կարող մէջբերում չանել մահից շատ կարճ ժամանակ առաջ, 2003ին թղթակցի կողմից իրեն ուղղուած`«Իսկ ո՞րն է ձեր կեանքի ամենամեծ հիասթափութիւնը» հարցի պատասխանից, որ գրի է առել Սեդա Անանեանը.
– Երբեք մտքովս չէր անցնի, որ ազատ, անկախ Հայաստանը այսքան շատ անարժան զաւակներ է ծնել` անկախութեան հռչակումի հենց սկզբից մինչեւ հիմա: …Անբարոյ, ազգավնաս, ագահ ու աչքածակ, ոճրագործ լինելը չեմ ներում, ու չեմ ների…, Էս ի~նչ օրի գցեցին Հայաստանը: Ափսո՜ս քեզ հայ ժողովուրդ:
Եւ այս մարգարէական խօսքերն ասուած են գրեթէ 20 տարի առաջ: Մի բան փոխուե՞լ է այսօր։ Այո՜,- աւելի է վատացել…
Ինչպէս վերեւում նշեցի, Սեդա Անանեանը 17 տարի աշխատել է «Հայկական Հանրագիտարան»ի խմբագրութիւնում, ու, ըստ այնմ էլ լիուլի հնարաւորութիւն է ունեցել օգտուել Գրականութեան եւ Արուեստի թանգարանի նիւթերից ու մշակոյթի գործիչների մասին յայտնաբերել մինչ այդ փակ ու գաղտնի համարուող բազմաթիւ նիւթեր:
Բծախնդիր փնտռտուքի արդիւնքում, Սեդան ընթերցողին է ներկայացնում համապարփակ տեղեկութիւններ Մեծ Եղեռնից հրաշքով փրկուած, Ալեքսանդրապոլի ամերիկեան որբանոցում յայտնուած գրող, թարգմանիչ Խաչիկ Դաշտենցին:
Վերջինս, հազիւ հրապարակ ելած, ականատես է լինում Գրողների միութեան անդամների միջեւ ծագած հակամարտութիւններին, որի արդիւնքում ազգայնամոլ գրողներ համարուող Եղիշէ Չարենցը, Վահան Թոթովենցը, Ակսել Բակունցը, Զապէլ Եսայեանը, Գուրգէն Մահարին, Վահրամ Ալազանը, Վաղարշակ Նորենցը եւ բազմաթիւ մտաւորականներ ժամանակի ընթացքում կոտտանքների են ենթարկւում KGB-ի կողմից`ընդհուպ մինչեւ աքսոր ու գնդակահարութիւն:
– Այդ օրերին,- գրում է Սեդա Անանեանը,- Դաշտենցն արդէն գրաւել էր հակադիր բանակի ուշադրութիւնը, ուստի վտանգաւոր ու ամենատես աչքից հեռու մնալու համար որոշում է Մոսկուա մեկնել, որտեղ ընդունւում է Գորկու անուան համաշխարհային գրականութեան հիմնարկի անգլերէնի բաժինը: Այստեղ էլ հասունանում է Դաշտենց բանաստեղծի թարգմանական տաղանդը եւ Մոսկուայում իսկ թարգմանում է Շէքսպիրի «Յուլիոս Կեսար»ը: Դրանից յետոյ, ինչպէս Սեդան է գրում` «Շէքսպիրը դառնում է Դաշտենցի տարերքը»:
«Կեսար»ին են յաջորդում Շէքսպիրի եւս 18 գործեր, ինչպէս նաեւ օտարագիր հեղինակների բազմաթիւ թատրերգութիւններ, այդ թւում` Ուիլեամ Սարոյեանի «Իմ Սիրտը Լեռներում Է» յայտնի գործը, որը տարիներ շարունակ խաղացուեց Երեւանի Սունդուկեանի անուան թատրոնում:
– Եւ սակայն,- գրում է Անանեանը,- Դաշտենցի սրտի մէջ մի անբուժելի ու ցաւոտ վէրք էր մորմոքում…, դա կորուսեալ հայրենիքն էր, Սասուն երկրի անսահման կարօտը:
Եւ նման անմեկնելի կարօտի եւ քաղցր ու դառն յիշողութիւնների արդիւնքում, երկար տարիների քրտնաջան աշխատանքով Դաշտենցը երեւան է հանում, ինչպէս Սեդան է ասում` ԻՐ ԿԵԱՆՔԻ ԳԻՐՔԸ՝ «Ռանչպարների Կանչը» փառահեղ եռամասանի վաւերական վէպը:
Գրքի հերոսները հիմնականում ժողովրդի ծոցից ելած հողագործ ռանչպարներ են, որոնք հայրենիքի համար մղուած պայքարի բովում դառնում են անձնազոհ մարտիկներ`ֆիդայիներ ու զօրավարներ: Ահա նրանց անունները. Արաբօ, Աղբիւր Սերոբ, Գէորգ Չաւուշ, Անդրանիկ եւ շա~տ-շատ ուրիշ ֆեդայիներ:
Խաչիկ Դաշտենցի եւ նրա «Ռանչպարների Կանչը» գրքի մասին Սեդա Անանեանի պատմուածքանման գրառումը «Անմոռաց Անուններ» գրքի լաւագոյն մասերից է:
Գերագոյն հաճոյքիս խառնուած թախծի ու հիասթափութեան զգացումը մի ամբողջ օր մտքիցս չհեռացաւ` կարդալով Սեդա Անանեանի սքանչելի յօդուածը` բաւական ուշ «յայտնաբերուած» գրող Վահան Թոթովենցի մասին: Ծաւալուն զոյգ յօդուածներն ընթերցելիս դժուար չէր հասկանալ թէ ինչպիսի հոգեկան ծանր ապրումներ է ունեցել գրող Սեդան գրառումն անելիս:
1920ական թ.թ. Հայաստանում Խորհրդային կարգեր հաստատուելուց յետոյ, Հայրենիքը վերականգնելու մտահոգութիւնից դրդուած, մեծաթիւ մտաւորականներ, արուեստագէտներ արտասահմանից վերադարձան Հայաստան: Նրանց թւում էր աշխարհը շրջած, Ամերիկայից վերադարձած Վահան Թոթովենցը, որին յաջորդեցին Կոստան Զարեանը, Զապէլ Եսայեանը եւ շատ ուրիշներ:
– Հակառակ իր կարճատեւ կեանքին,- Գրում է Սեդա Անանեանը,- նա թողել է գրական մեծ ժառանգութիւն, որ բեղուն է եղել յատկապէս 1929-36 թ.թ.: Այդ ժամանակ է գրել «Նոր Բիւզանդիոն» դրաման, «Ամերիկա» պատմուածքների ժողովածուն, «Իմ Հօրաքոյրը» վիպակը, «Բաց Կապոյտ Ծաղիկներ» պատմուածքը, որի հիման վրայ, 1980 թուականին Հենրիկ Մալեանը նկարահանել է«Կտոր Մը Երկինք» ժապաւէնը:
Երկար չապրեց Թոթովենցը Հայաստանում: Նրա բուռն ստեղծագործական կեանքը ընդհատուեց ամէնքին ծանօթ 1936ի բռնարարքների եւ ձերբակալութիւնների պատճառով: Ի թիւս այլոց ձերբակալւում է նաեւ Վահան Թոթովենցը:
Այս մի քանի տողը Սեդա Անանեանի` Թոթովենցի կեանքի վերջին ժամերի մասին.
– Անհնար լինելով այլեւս դիմանալ դժոխային լլկանքներին` 1938ին Թոթովենցը ստիպողաբար ստորագրում է զարhուրելի մեղադրականը…, դահիճները «մեծահոգաբար» թոյլ են տալիս հրաժեշտ տալ միայն նրա կնոջն ու որդուն:
Վահան Թոթովենցը միայն յետմահու ճանաչուեց ու գնահատուեց Հայաստանում` դառնալով որպէս կապող օղակ արեւելահայ եւ արեւմտահայ գրական գործերը շաղկապող օղակ, ինչպէս Սեդան է գրում` «պատմական հայրենիքի եւ կարօտի գրականութեան ակնառու դէմքը, ինչպէս Շահնուրը, Որբունին, Համաստեղը, գիւղագիր Մնձուրին եւ միւսները` տարագիր Սփիւռքում»:
Սեդա Անանեանը երկու յօդուածներով սքանչելի տողեր է նուիրել 20րդ դարի նշանաւոր քաղաքական գործիչ Ռուբէն Տէր Մինասեան գրի առած «Հայ Յեղափոխականի Մը Յիշատակներ» ժողովածուի մասին: «Յիշատակներ»ը վաւերագրական մենագրութիւն է, որի գործող անձինք կենդանի մարդիկ են, որոնք ազգային-ազատագրական պայքարի բովում դառնում են Ֆիդայիներ, հրամանատարներ:
– Ռուբէնի «Յիշատակներ»ը,- գրում է Սեդա Անանեանը,- իր բարերար, խթանիչ ազդեցութիւնն է ունեցել հայ գրականութեան որոշ ստեղծագործութիւնների վրայ: Հենց Խաչիկ Դաշտենցը, որն իր «Ռանչպարների Կանչը» վիպասքը գրելիս ոչ միայն օգտագործել է Եղեռնից փրկուած անձանց վկայութիւններ, պատմական ուսումնասիրութիւններ կատարել, այլեւ, իր իսկ աղջկայ`գրագանագէտ Անահիտ Դաշտենցի վկայութեամբ օգտուել է նաւ Ռուբէնի «Յիշատակներ»ից:
Մեծանուն գրող Կոստան Զարեանը նոյնպէս օգտուել է Ռուբէնի «Յիշատակներ»ից որի արդիւնքում ընթերցողի սեղանին է դրուել հոգեմաշ, ցնցող մի պատմութիւն ֆիդայիների կեանքից` վերնագրուած «Տատրագոմի Հարսը» անուամբ:
Սեդա Անանեանի միանգամայն ճշգրիտ բնորոշումով, Կոստան Զարեանը Հայաստանում սկսուեց լայնօրէն ճանաչուել անկախութեան առաջին իսկ օրուանից: Աշխարհը «ոտի տակ տուած» այդ հսկայ գրողը իր կեանքի վերջին 7 տարին ապրեց Երեւանում (1962-69)` իշխանութիւնների կողմից ոչ այնքան ջերմ ընդունելութեան կարգավիճակով: Սեդա Անանեանը երկու տարի եղել է նրա անձնական քարտուղարը եւ օգնել նրան կարգի բերել գրողի արխիւը (պահոց): Գրողի մահից յետոյ Սեդա Անանեանը մամուլում հանդէս է եկել Զարեանի գործունէութեանը վերաբերող երկու ծաւալուն նիւթերով:
Այժմ թուարկման կարգով կը նշեմ այն անմոռաց անուններից ոմանց, որոնք տեղ են գտել Սեդա Անանեանի վերջերս հրատարակուած նոյնանուն գրքում․ Պերճ Թիւրապեան, Շահէն Խաչատրեան, Սէյրանուհի Գեղամեանը, Փիէր Տէր-Սարգիսեան, Երուանդ Գասպարեան, Ֆրէդերիկ Ֆէյտի, Ալէքսանդր Թամանեան, Հենրիկ Բախչինեան եւ Էմանուէլ Շամշեան։
Հոն է նաեւ Կոմիտասի աճիւնը 1936ին Փարիզից Երեւան տեղափոխելու վերաբերեալ հիանալի իրական պատմութիւնը՝ «Կոմիտաս Վարդապետի Կեանքի Վերջալոյսը»:
Սեդա Անանեանի «Անմոռաց Անուններ» գիրքը նորովի մի հանրագիտարան է, հանրագիտակ` գրուած պարզ, իւրաքանչիւր ընթերցողի համար ըմբռնելի, առանց բարդ բառերի խճողմամբ: Ուսանելի, յայտնագործումներով լի բազմաթիւ էջեր ու նիւթեր կը հարստացնեն ամէն մի ընթերցողի գիտելիքների պաշարը: Վստահութեամբ կարող եմ վկայել, որ այն շատերի համար կը դառնայ սեղանի գիրք:
(Յապաւուած)