Համադրեց՝ ՆՈՒՊԱՐ ՏԷՄԻՐՃԵԱՆ
Ով սուրբ մայրեր, ձեր վիշտն առնեմ տանեմ լուռ…
Գուսան Աշոտ

Ստորեւ կու տանք Իլյիչ Բեգլարեանի «Հայդուկներ» հատորէն հատուածներ՝ ազգային ազատագրական պայքարին մէջ հայ կնոջ կերպարին մասին․
Հայ կինը որպէս հայ ընտանիքի, սրբութիւն հայոց պատմութեան մէջ միշտ էլ իր ուրոյն տեղն է ունեցել որպէս առաքինի ու ազնիւ անձնաւորութիւն, որպէս սրբութեան եւ պաշտամունքի անզուգական ու ազնիւ էակ, զուլալ, անաղարտ աղբիւր, որից ջուր խմելու իրաւունքը տրուած է նրան, ում հայ կինը նուիրել է սէրը, իր ազնիւ զգացումները: Ամէն ազգ էլ ունեցել է դառը պատմութիւններ, բոլոր ազգերն էլ ճաշակել են ինչպէս յաղթանակների հաճոյքը, այնպէս էլ պարտութիւնների դառնութիւնը: Աւելորդ չի լինի, նշել, որ հաճոյքները աւելի շատ ճաշակել են տղամարդիկ, քան կանայք, սակայն դառնութիւնների առիւծի բաժինը միշտ էլ հասել է կանանց, յատկապէս մայրերին:
Մայրը Քրիստոս է ծնել, կեսարներ ու Նապոլիոններ է տուել պատմութեան, իսկ հայ մայրերը՝ Տիգրան Մեծ, Վարդան Մամիկոնեան, Մեսրոպ Մաշտոց, Նարեկացի, Սայաթ Նովա, Վիկտոր Համարձումեանն եւ էլի շատ ու շատ աշխարհահռչակ զօրավարներ ու գիտնականներ, գրողներ ու արուեստի գործիչներ են ծնել, որոնցով աշխարհը ճանաչել է հային: Այդ պատմութեան վառ էջերից է նաեւ ազգային-ազատագրական շարժման պատմութիւնը: Պատմութիւն, որը ծնեց Արաբօ, Սերոբ Աղբիւր, Հրայր Դժոխք, Անդրանիկ, Գէորգ Չաւուշ, Նժդեհ, Սեբաստացի Մուրատ, Սեւքարեցի Սագօ, Սմբատ եւ էլի անթիւ հերոսներ, որոնց ոգու կրակը հասաւ մեր օրը եւ բոցավառելով լուսաւոր մեր նորօրեայ, Արցախեան հերոսների ճանապարհը՝ տանելով նրանց դէպի յաղթանակ: Այսօրուայ եւ անցեալի կենաց ու մահու պայքարում անմասն չմնաց նաեւ հայ կինը, այդ չքնաղ էակը արծուի նման էր։ Հզօր, բայց քնքուշ թեւերը՝ արհաւիրքի ժամին քնքուշ էակից դարձել է քաջ զինուոր եւ իր կեանքի գնով պաշտպանել իր բոյնն ու իր ձագուկներին: Պատմութեանը յայտնի ողբերգական շատ դէպքեր կան, երբ հայ կինը իր պատիւն ու արժանապատուութիւնը պահելու համար իր կեանքը տալու այլ ճանապարհ է ընտրել՝ նետուելով անդունդը կամ յորդառատ գետը, սակայն կան նաեւ բազմաթիւ դէպքեր երբ նա զէնքը ձեռքին, ֆիդայու հագուստով ելել է պայքարի: Նրանցից ամէնից շատ յայտնի է քաջ ֆիդայապետ Աղբիւր Սերոբի կինը՝ Սօսէն, իսկ շատ շատեր դեռ անյայտ են, որոնցից մի քանիսին ես ցանկանում եմ ներկայացնել ընթերցողին: Գէորգ Չաւուշի հաւատարիմ զինակից Եղսօ (Հեղինէ), կին ֆիդայի Հայօ-Հայաստան, օրիորդ Սաթենիկ Մատինեան (Ծաղիկ, ՀՅԴ Թաւրիզի կոմիտէի անդամ), Մարօ Մակարեան, Սաթօ Օհանջանեան, Կիւլիզար, Սասունցի Շաքէ, Ուրֆայի հերոսամարտից՝ օրիորդ Խանըմ Քեթենճեան, տիկին Ե. Եօթնեղբայրեան, օրիորդ Մարիամ Չիլնգարեան… Այս սուրբ ցուցակը կարելի է անվերջ շարունակել, սակայն այն թողնում ենք պատմագէտներին: Ընթերցողի ուշադրութեանն ենք ցանկանում ներկայացնել նաեւ մշեցի ֆիդայի Իսմոյին, որի մասին հակիրճ, սակայն բովանդակալից ակնարկ է գրել Ռուզան Ասատրեան «Մագառումների Ճանապարհներով» վերնագրով:

Ազատագրական շարժումները կրել են համաժողովրդական բնոյթ, եւ այդ պահից հետ չէն մնացել նաեւ առիւծասիրտ կանայք: Ահա մի աստղաբոյլ՝ Սօսէ (Սասուն), Աննա (Զէյթուն), Աղաւնի Վարպետեան (Վան), Գայլ Շահէ, Մաւի ու Իսմօ (Մուշ) եւ ուրիշ շատեր, որոնց անունները պիտի ոսկի տառերով գրուեն պատմութեան էջերում:
Վերը յիշատակուածների մասին գրուել են գիրքեր, ակնարկներ: Այսօր ձեզ ներկայացնում ենք Իսմոյին որին ընթերցողը ծանօթ չէ, փաստերը ներկայացրել որդին՝ Առաքել Հախվերդեանը:
Մուշ քաղաքից 8 կմ. հեռաւորութեան վրայ էր գտնւում Գոմեր գիւղը: Ընդամէնը 80 տնտեսութիւն ունէր: Հարուստ եւ բարեբեր հողը լաւ էր վարձատրում իր մշակին, մարդիկ ոչխարներ էի պահում, գոմէշներ եւ ձիեր, գիւղացիների մի մասն էլ զբաղուած էր բրուտագործութեամբ: Գեղեցիկ աղջիկներին ու կանանց նրանք դաշտ չէին ուղարկում, քանզի հայուհիներին առեւանգելու նպատակով հայկական գիւղերի մօտերքում վխտում էին թուրք եւ քուրդ բաշիբոզուկները
Գոմերցի էր Իսմոն: Նրանց ընտանիքը բաղկացած էր 42 շնչից: Գերդաստանի հպարտութիւնը, ահուսարսափը գեղեցիկ Վարդիկն էր, որին առեւանգեց քուրդ աշիրապետ մարդասպան Ալոն: Իսմոն տիրապետում էր ձիավարութեան եւ ամուսնու հետ, տղամարդու շորեր հագած, երկար ժամանակ, Ալոյից վրէժխնդիր լինելու համար հետամտում էր նրան լեռներում ու ճանապարհների վրայ: Մի օր էլ Իսմոյի ամուսինը՝ Մկրտիչը, ներս է մտնում, թէ. «Վե՛րջ, շանը սատկացրել եմ, Իսմօ՛, տանը մնալ չեմ կարող, Գէորգ Չաւուշի խմբին պիտի միանամ, ինձ կը փոխարինես: Զգոյշ մնացէք»։
Սա եղաւ Իսմոյի ամուսնու վերջին հրաժեշտը:
Պարզ է, Ալոյի վրէժը հանէին գերդաստանից: Յաջորդ օրը յարձակւում են Գոմեր գիւղի վրայ եւ գիւղն աւերելուց յետոյ Իսմոյենց գերդաստանը կոտորում են ու տունը հրկիզում:
Ամուսնու քոյրը՝ Սանամը, որն աւարտել էր Մշոյ Օրիորդաց դպրոցը, լաւ տիրապետում էր թուրքերէնին: Նա Իսմոյին եւ երեխաներին հագցնում է թուրքի շորեր, եւ որպէս թրքուհիներ փախուստի են դիմում:

Սկսուել էին Մեծ Եղեռնի անիծանել օրերը: Վախվորած թռչունների նման, իրենց օճախներից ցիրուցան, հայ գաղթականները կամ բախտի բերմամբ փրկւում էին, կամ զարկւում իրենց հողի վրայ…:
Գոմեր գիւղը կորչում է ծխի ու կրակի մէջ: 42 հոգանոց գերդաստանից ընդամէնը 5 բեկոր է փրկուել՝ Սանամը, Իսմոն, դուստրը՝ Ռեհան (5 տարեկան), կրտսեր որդին՝ Համբարձումը (3 ամեայ) եւ 40 օրական Առաքելը: Ճարակից փրկուած գոմեցիները շտապում էին փրկարար Անդոկ լեռ բարձրանալ: Զինուած ասկեարները ամէն կերպ աշխատում էին խանգարել անպաշտպան ժողովրդի լեռ բարձրանալու ձգտումը, նրանք գնդացիրի կրակի տակ փակել էին ճանապարհը: Ահա այդ պահին էր, որ գոմեցի քաջ ֆիդայի Մանուկը, Գալշօ Մանուկը՝ Մուշեղ Գալշոյեանի հօրեղբայրը միջամտելով, ժողովուրդը մազապուրծ հասցնում է Անդոկ լեռան փրկիչ ձորափերը: Սոված, անյոյս, եաթաղանի սարսափն աչքերի մէջ՝ Իսմոն ու իր ամուսնու քոյրը մի կերպ երեխաներին հասցնում են Անդոկի մութ անտառները: Ծանր ասելը քիչ է: Գիշերները սնւում էին հատապտուղներով, իսկ ցերեկները թաքնւում էին Անդոկի ձորերով հոսող գետակների սառցարաններում: Ինչքա՞ն կարող էին դիմանալ: Երեխաները հաց էին աղերսում, ցուրտն ու սովը մեկիկ-մեկիկ հնձում էին նրանց: Թէկուզ վտանգների գնով, դաշտ պէտք էր իջնել հաց ճարելու համար: Նրանք թաքստոցներից դուրս էին գալիս ու ասկեարներից մէկը յարձակում է Իսմոյի վրա։ Վերջինս փորձել էր պաշտպանել երեխաներին, սակայն ասկեարը գնդակահարել էր փոքրիկ Համբարձումին մօր գրկում։ Ուշագնաց Իսմոն արթնացել էր Առաքելի լացի ձայնից։ Ուշքի գալով՝ նա Ռեհանի, Սանամի եւ Առաքելի հետ վերադարձել էր Անդոկ, որտեղ դիրք գրաւած ֆիդայիները իրենց պաշտպանութեան տակ էին վերցրել անզէն բնակչութեանը։ Իսմոն այդ օրից զէնք վերցնելով՝ միացել էր ֆիդայիներին։