Կ՛ամփոփէ Եւ Կը Ներկայացնէ ԱՆԻ ԱՍՏՈՒՐԵԱՆ

«Քննութիւն» թերթօնի չորրորդ բաժնի վերջաւորութեան կարդացեր էինք, թէ ինչպէս Արգամ Մանասեանը հրաժեշտ տալով մօրը, ցատկեր էր բեռնակառքի մը մէջ եւ վերադարձեր Երեւան:
«Դուռը Յասմիկը բացեց ու հարցրեց չարացած շշնջալով.
– Որտե՞ղ էիր, այ մարդ, այսքան մարդ է հաւաքուել, կոտորուեցին սպասելով, գոնէ այսօր չուշանայիր…
– Ինչո՞ւ, այսօր ի՞նչ է,- անկեղծ զարմացած հարցրեց Արգամը:
– Դու չգիտես, հա՞…
Արգամը բարձրացրեց ուսերը, մտածեց, փորձեց յիշել Յասմիկի, երեխաների ծննդեան օրերը, բայց այդպէս էլ չյիշեց ու հարցրեց արդէն բարկանալով.
– Իսկ ի՞նչ է որ…
– Քո ծննդեան օրն է…
Այ քեզ պատմութիւն»:
***
Արգամ Մանասեանի տարեդարձը տօնելու եկեր են գործարանի տեղակալ Վռամ Մաշուրեանը եւ կինը՝ Մարիամը, Մհեր Սամսոնեանը, դրացի Մուքայէլը, քարտուղարուհի Սուսաննան, Նորայրն ու կինը՝ Սիրանը եւ գործարանի վարորդ Աշոտը: Վռամ Մաշուրեան յանձն առած է թամատայի (կերուխումի սեղանի պետի) պաշտօնը եւ Արգամ Մանասեանի յիսուներկրորդ տարեդարձը շնորհաւորելու ժամանակ կը պատմէ, թէ ինչպէս նախորդ տնօրէնի գործէն արձակուելէ ետք, ինք որ միշտ տեղակալ եղած էր ծխախոտի գործարանէն ներս՝ յուսացեր էր որ զինք կը նշանակեն տնօրէն:
«Եւ ահա լսում եմ, թէ նոր մարդ են բերում: Ո՞վ է, հարցրեցի: Թէ՝ գիւղինստիտուտի ամպիոնի վարիչ Արգամ Մանասեանը: Ասում են ու նայում իմ աչքերին՝ սպասելով, թէ ինչ կը պատասխանեմ: Իսկ ես հանգիստ նայեցի նրանց աչքերին ու ասացի. Ուրիշ ում էլ բերէին, մեծ ղալմաղալ (իրարանցում) կը գցէի, կը բողոքէի, ուր հարկն է, չէի ենթարկուի: Բայց Արգամ Մանասեանը… այդ հրաշալի դասախօսն ու հանրահռչակ գիտնականը եթէ համաձայնուել է գալ մեզ մօտ, ընդունում եմ ամբողջ սրտով…»:
***
Մինչ Վռամ Մաշուրեանը կենաց կ՛առաջարկէ եւ կը գովերգէ իր տնօրէնը, Արգամ Մանասեան կը յիշէ այն օրը երբ նախկին տնօրէնը փողոցը հանդիպելով իրեն, զգուշացուցած էր նոյն ինքն Մաշուրեանի մասին:
Ահա այդ խրատը.
***
«Արգամ, (…) իմ որդու տարիքի տղայ ես, սիրտս ցաւում է քեզ համար, դրա համար էլ ուզում եմ մի խորհուրդ տալ: Կը լսես՝ կը լսես, չես լսի՝ դու գիտես: Բայց դա ես իմ պարտքն եմ համարում: Մեծ գործարան է, հարիւրաւոր աշխատողներ կան, մեծ մասը իր գործին նուիրուած, գործարանին հետ աճած, մեծացած մարդիկ են, ընդհանուր առմամբ՝ առողջ, հիանալի կոլեկտիւ (հաւաքական) է: Եթէ տեսնեն, որ աշխատող ես, հոգի կը տան քեզ համար ու կ՛անեն նոյնիսկ անհնարինը: Այդ ամբողջ գործարանում միայն մի մարդուց վախեցիր, քո տեղակալից՝ Վռամ Մաշուրեանից: Նենգ մարդ է, օձի պէս սողալ գիտի, շան լեզու ունի եւ աղուէսի խորամանկութիւն:
– Մաշուրեա՞նը,- անկեղծօրէն զարմացաւ Արգամը,- չէ՞ք չափազանցում:
– Վախեցիր այդ մարդուց, տղաս,- ասաց նախկին տնօրէնը:- Ինձ նախազգուշացնող չի եղել, եւ ես խրուեցի: Հաւատացի նրա շողոքորթութեանը, քծնանքին, ընդունեցի նրա իբր որդիական ծառայութիւնները: Գիտե՞ս ինչեր էր անում ինձ համար… Իմ ընտանիքի ողջ հոգսը իր ձեռքը վերցրեց. սննդամթերք էր պէտք՝ ճարում էր անմիջապէս, հագուստ էր պէտք, հանում էր թէկուզ գետնի տակից, թոռներիս իր երեխաների հետ առողջարան էր տանում, պահում: Ինքն ու կինը, որ նոյն օձն է, միայն թէ շահմար տեսակի, յատուկ-յատուկ ճաշեր էին անում մեզ համար… Մինչեւ որ ես նրան իմ տեղակալը դարձրի: Տասնեակ շատ աւելի տաղանդաւոր, շատ աւելի արժանի ինժեներներ (ճարտարագէտ) կային, բայց ես նրա՛ն նշանակեցի իմ տեղակալ, որովհետեւ ես էլ սիրում էի նրան որդուս պէս, գնահատում էի նրա անձնուէր վերաբերմունքը եւ… որ ամէնակարեւորն է՝ ինձ պարտաւոր էի համարում:
– Եւ ի՞նչ…
– Եւ այն, տղաս, որ տնօրէնի տեղակալ դառնալուց յետոյ նրա վերաբերմունքն իմ նկատմամբ շատ աւելի լաւացաւ, մինչեւ այն օրը երբ նրան յայտնի դարձաւ, որ ես դուրս եմ գալիս աշխատանքից, եւ իմ փոխարէն ոչ թէ իրեն են նշանակում, այլ քեզ են բերում: պատկերացնո՞ւմ ես, կեանքում առաջին անգամ նա յանկարծ ինձ «դու»ով խօսեց:
– Դու որ ուզէիր,-ասաց. – չէի՞ր կարող քո տեղն ինձ նշանակել: Խելքդ չկտրե՞ց:
Սիրտս վատացաւ, ձեռքով նշան արեցի, որ հեռանայ: Նա ինձ չհարցրեց անգամ, թէ ի՞նչ է պատահել, ինչո՞ւ եմ յանկարծ որոշել դուրս գալ աշխատանքից: Չէ: Ես նրան չէի հետաքրքրում: Ես նրան այլեւս պէտք չէի: Վերջ: Բայց ախր ես սիրում էի նրան ու դրա համար էլ որոշեցի հաշուի չառնել նրա բռնկումը, զանգել ու մանրամասն բացատրուել նրա հետ: Վերցրեցի ուղիղ կապի հեռախօսի լսափողը, բայց նա չպատասխանեց: Զանգահարեցի միւս հեռախօսով՝ տեղում էր:
– Վռամ,- ասացի,- խնդրում եմ ինձ մօտ գաս:
– Գամ ի՞նչ անեմ, է՜,- գոռաց նա ու ցած դրեց լսափողը:
– Չի կարող պատահել,- ապշեց Արգամ Մանասեանը:
– Պատահեց,- քմծիծաղ տուեց նախկին տնօրէնը: – Իսկ երէկ տեսաւ ու չբարեւեց: Գոնէ չձեւացրեց, թէ չի տեսնում, գիտե՞ս, ուղիղ աչքերիս մէջ նայելով անցաւ իմ կողքով ու չբարեւեց: Դու… դու որեւէ բան հասկանո՞ւմ ես:
– Աներեւակայելի է,- անկեղծօրէն ասաց Արգամը:
– Դէ ուրեմն՝ վերջին անգամ եմ ասում,- յանկարծ կնճռոտուեց, կռացաւ, ձեռքը սրտին տարաւ ու սեղմեց նախկին տնօրէնը: – Մեղք ես, վախեցիր նրանից:
Իսկ մի շաբաթ յետոյ մահացաւ: Քնել էր ու չէր արթնացել»:
***
Արտաշէս Քալանթարեանի տողերը կարդալու ընթացքին ընթերցողը վստահաբար բաղդատականներ կ՛ընէ սովետական Հայաստանի եւ այսօրուան Հայաստանի բարքերուն միջեւ: Արդեօք տակաւին տիրո՞ղ են քծնանքն ու կեղծաւորութիւնը գործի մը տիրանալու համար. այսօրուան բարեկամը կրնա՞յ մէկ օրէն միւսը կռնակ դարձնել նախկին ընկերոջ եւ դաւեր նիւթել դէմը: Եւ արդեօ՞ք ատիկա միայն խորհրդային օրերու հայուն յատուկ է, թէ՞ ընդհանրապէս՝ հայու, եւ աւելի ընդհանուր ձեւով՝ մարդու:
Ահաւասիկ՝ մինչեւ գալ շաբաթ մտածելու նիւթ:
Նկար
0506Krataran