Սինուսիտը բժշկական եզր է, որը բնութագրում է քթի յարակից խոռոչների լորձաթաղանթի բորբոքումը: Հիւանդութիւնը կարող է ներառել մէկ կամ մի քանի ծոցերը, ինչպէս մէկ, այնպէս էլ երկու կողմերում: Սինուսները (քթի յարակից խոռոչ) մաքրւում են քթից արտադրուած լորձով: Այդ արտադրութիւնների գոյնը եւ մածուցիկութիւնը կարող է առողջական տարբեր խնդիրներ մատնանշել:
Քթի լորձը պաշտպանում է շնչառական համակարգը արտաքին գործօններից, ինչպիսիք են՝ վիրուսները (ժահր), ծաղկափոշին, ծուխը եւ այլն: Սինուսիստի ժամանակ մարդը քթից արտադրութիւն է նկատում, այտերում, քթում կամ ճակատում ցաւ, լարուածութիւն եւ այտուցուածութիւն: Միաժամանակ հիւանդը կարող է հոտառութեան եւ համի զգացողութեան թուլացում, տհաճ շնչառութիւն եւ յոգնածութիւն զգալ: Այս նշանները յաճախ կարող են կապուած լինել ընդհանուր մրսածութեան հետ:
Ե՞րբ դիմել բժշկին՝
– Մի քանի անգամ ունեցել էք սինուսիտ եւ հիւանդութիւնը չի պատասխանում բուժմանը
– Ունէք սինուսիտի ախտանիշներ, որոնք շարունակւում են աւելի քան 10 օր
– Ախտանիշները չեն մեղմանում բժշկին այցելելուց յետոյ:
Դիմէք անյետաձգելի բուժօգնութեան, եթէ ունէք լուրջ վարակի մասին վկայող այս ախտանիշները`
– Բարձր ջերմութիւն
– Աչքերի շուրջը այտուց կամ կարմրութիւն
– Սուր գլխացաւ
– Ճակատի այտուցուածութիւն
– Շփոթուածութիւն
– Երկտեսութիւն կամ տեսողութեան այլ խանգարումներ:
Սինուսիտների բուժմամբ սովորաբար զբաղւում են քիթ-կոկորդ-ականջաբանները (ENT or Otolaryngology):
Բժիշկը ձեզ կարող է նշանակել սովորական ցաւամոքիչ դեղեր, քթի աղային սփրէյներ (փչելիք) կամ դեկոնգեստանտներ («քթի կանգը» մեղմացնող կաթիլներ), որոշ դէպքերում` նաեւ «ստերոիդ» կամ որեւէ «հակաբիոտիկ» դեղի ինհալեացիա (ներշնչում)` ապահովելու քթի յարակից խոռոչների դրենաժը (դատարկում):
Բակտերիալ (ցպկային) սինուսիտի ժամանակ ձեզ կարող են նշանակել նաեւ հակաբիոտիկներ: Սուր սինուսիտը չբուժուելու դէպքում կարող է վերածուել քրոնիկի (մնայուն):