Արագ ու ուժեղ արեւայրուք ունենալու ցանկութիւնը յաճախ յանգեցնում է այրուածքների: Արեւային այրուածքից մաշկը կարմրում է, առաջանում է բշտեր, ցաւը կաշկանդող է, երբեմն էլ շատ սուր: Ամռան այս ամիսներին, երբ արեւայրուք ստանալու հաւանականութիւնը բաւականին մեծ է, ձեզ ներկայացնում մեր խորհուրդները, որպէսզի վայելքը չվերածուի անհանգստութեան:
– Խուսափէք արեւային լոգանքներից յատկապէս 11-16 ընկած ժամանակահատուածում եւ փորձէք արեւի տակ լինել առաւօտեան մինչեւ ժամը 10-11 եւ երեկոյեան 17ից յետոյ:
– Շոգին կրէք լայնեզր գլխարկ եւ չմոռանաք արեւապաշտպան ակնոցների մասին: Մի մոռացէք օգտագործել SPF եւ PPD նշումներով արեւապաշտպան քսուքները` պաշտպանութեան գործօնի 30 կամ 50 միաւորով:
– Ըստ հետազօտութիւնների շոգ oրերին նախապատուութիւնը պէտք է տալ մուգ կապոյտ հագուստին` քանի որ այն պաշտպանում է ճառագայթների վնասակար ազդեցութիւնից:
– Չի կարելի այրուածքի մակերեսին սառոյց դնել, այլ այրուածքին բուսաիւղ եւ թթուասեր քսել:
– Այրուածքային բշտիկների դէպքում, ոչ մի դէպքում չի կարելի վնասել դրանք, այլ անհրաժեշտ է անմիջապէս դիմել բժշկի:
– Շատ հեղուկ օգտագործէք:
Յիշենք, որ աղի ջուրը նպաստում է այրուածքների առաջացմանը, ուստի հարկաւոր է չզլանալ եւ ջրից դուրս գալիս մաքրել աղը մաշկի վրայից:
Արեւայրուքների ախտանշանները կ՛օգնեն թեթեւացնել բուժիչ խոտաբոյսերի եփուկներից պատրաստուած թրջոցները: Այրուածքները տնային պայմաններում բուժելու ամենապարզ եւ հասանելի տարբերակներից մէկը սեւ թէյով թրջոցներն են: Այս ըմպելիքի բաղադրութեան մէջ կայ տանինաթթու, որն օգնում է մեղմացնել ցաւը:
Հալուէի (aloe vera) հիւթն ունի բուժիչ եւ հանգստացնող յատկութիւններ: Թրջոցների համար հալուէի հիւթն անհրաժեշտ է խառնել ջրին` 1:1 յարաբերակցութեամբ:
Կաղամբը ե՛ւ թարմ, ե՛ւ թթուեցրած վիճակում շատ լաւ միջոց է այրուածքների դէմ պայքարելու համար: Թարմ քերուած կարտոֆիլը (գետնախնձոր) այրուածքները տան պայմաններում բուժելու ամենապարզ ու արդիւնաւէտ միջոցներից է: Անհրաժեշտ է պարզապէս օսլայով հարուստ խիւսը դնել այրուած մաշկին:
Շատ կարեւոր է յիշել, որ ժողովրդական միջոցներով բուժում կարելի է իրականացնել միայն թեթեւ այրուածքների դէպքում: Սակայն աւելի լուրջ այրուածքների դէպքում անհրաժեշտ է անյապաղ դիմել բժշկի: