Կ՛ամփոփէ Եւ Կը Ներկայացնէ ԱՆԻ ԱՍՏՈՒՐԵԱՆ
Ա. Քալանթարեանի «Քննութիւն» թերթօնի ԼԱ. բաժնին մէջ հետեւեցանք Արգամ Մանասեանի եւ Մհեր Սամսոնեանի խօսակցութեան: Երբ Արգամ Մանասեան տուն կը վերադառնայ, կինը՝ Յասմիկը, տեղեկութիւններ կու տայ Նորիկին կատարած աշխատանքներուն մասին ու կ՛ըսէ, թէ ան ոչ միայն նոր խողովակներ դրած է, այլ որոշած է զանոնք ներկելէ ետք, ամբողջ տունը վերանորոգել:
« -Ապշելու մարդ է մեր Նորիկը, չէ՞»:
Արգամ Մանասեան կը նստի բազմոցին ու հեռատեսիլի լուրերուն կը հետեւի:
***
« – Մոռացայ քեզ ասեմ, – խոհանոցից յայտնուեց Յասմիկը: – Աշոտը զանգահարեց:
– Ո՞վ:
– Աշոտը:
Արգամ Մանասեանը մի պահ ոչինչ չէր հասկանում: Ի՞նչ Աշոտ, ինչո՞ւ էր զանգահարում: Յետոյ ձեռքի ափով տրորեց ճակատը, հառաչեց ու մօտ բերեց հեռախօսը:
– Աշո՞տ:
– Ես եմ, Արգամ Պետրովիչ: Ո՞նց էք:
Ո՞նց է: Լաւ է, ո՞նց է: Շատ լաւ է:
– Ասա, Աշոտ ջան:
– Արգամ Պետրովիչ, առաւօտեան հո զբաղուած չէ՞ք: Ասելու բան ունեմ: Առանձնապէս մի բան չի… բայց դէ, ո՞վ գիտէ, – ընկճուած, խուլ ձայնով ասաց վարորդը:
– Հիմա չե՞ս կարող ասել:
– Հեռախօսով չեմ ուզում:
Տեսա՞ր դու: Աշոտ, Աշոտ… երեւի քաղաքում քայլելիս չորս կողմն է նայում եւ իբր կօշիկի քանդուած թելը կապելու համար, կռանում է ու թեւի տակով խուզարկում ճանապարհը:
– Առաւօտեան կը սպասեմ:
– Երեւի ասում էիք, թէ ո՞ւր կորաւ այդ տղան, չէ՞, Արգամ Պետրովիչ:
– Չէ, Աշոտ: Վստահ էի, որ կ՛երեւաս:
– Ճիշդ է, Արգամ Պետրովիչ, բարի գիշեր…
– Բարի գիշեր»:
***
Արգամ Մանասեան խոհանոց կը մտնէ ու կը տեսնէ թէ Յասմիկը դժուարութեամբ միս կ՛աղայ յատուկ մեքենայով: Ձեռքէն կ՛առնէ մսաղացի բռնակը ու կը սկսի դարձնել:
***
« Իրօք դժուար էր: Խե՜ղճ կին, մտածեց նա, ո՞նց է այդքանն աղացել:
– Ի՞նչ ես եփում, – հարցրեց նա, թէեւ պատասխանը նրան բոլորովին չէր հետաքրքրում:
– Ուզում եմ տոլմա փաթաթել բանուորների համար: Քեզ համար ի՞նչ պատրաստեմ:
– Ես էլ տոլմա կ՛ուտեմ, – ասաց Արգամը: – Կարօտել եմ քո սարքած տոլմային:
Յասմիկը նստեց փոքրիկ աթոռին եւ ներքեւից վեր երախտագիտութեամբ նայելով ամուսնուն՝ ժպտաց.
– Ես քեզ շատ եմ սիրում, Արգամ:
– Երեխաները քնա՞ծ են:
– Նայիրին դեռ չկայ: Արգամ ջան, մի անգամ կարգին խօսիր հետը, հա՞: Չկարծես, թէ ես չեմ նախատում, բայց քո խօսելն ուրիշ է: Նա քեզ շատ է յարգում:
– Ի՞նչ է, էլի ո՞ւշ է տուն գալիս:
– Ուշը ոչինչ: Չգիտեմ, թէ որտեղից է գալիս, Արգամ: Դա է ինձ անհանգստացնում:
Արգամ Մանասեանը ակամայ աւելի ուժգին սեղմեց մսաղացի բռնակը: Բռնակը դուրս թռաւ առանցքից ու շրխկալով յատակին գլորուեց: Յասմիկն անմիջապէս բարձրացրեց, դրեց տեղը:
– Տուր ինձ, հա՞…յոգնեցիր:
– Չէ, – ասաց Արգամը: – Մի քիչ համբերիր, Յասմիկ: Մի քիչ: Մինչեւ որ ճշդեմ իմ վիճակը: Կամ այս կողմ, կամ այն կողմ: Միեւնոյն է: Իսկ յետոյ ես կը զբաղուեմ նրանով… Իսկ Նայիրուհի՞ն ինչ է անում:
– Իր սենեակում է, – ձայնն ակամայ իջեցրեց Յասմիկը:
– Նրա հետ որեւէ բա՞ն է պատահել:
– Չէ, չէ, – շտապով ասաց կինը, քանդելով մեքենան: Բռնակը նորից պոկուեց ու ընկաւ յատակին: Յասմիկը փնթփնթաց սրտնեղելով. – փչացել է անտէրը: Վաղը կը գնամ նորը կ՛առնեմ: Ասում են՝ խանութում լաւ մեքենաներ կան… Ի՞նչ անեմ՝ մի ամիս էլ չեն դիմանում:
– Նրա հետ որեւէ բա՞ն է պատահել, – ձայնը բարձրացրեց Արգամը:
Եւ յանկարծ Յասմիկը լաց եղաւ: Ընկաւ փոքրիկ աթոռին ու հեկեկաց երեխայի նման:
– Լաւ, ես ի՞նչ անեմ, – ասում էր նա լացի միջից, – ի՞նչ անեմ, ասա՜: Չեմ ուզում քեզ անհանգստացնել, չեմ ուզում, որ քո հոգին պղտորուի: Բա ես ի՞նչ անեմ, որ դու ամէն ինչ զգում ես:
– Ասա Յասմիկ, թէ չէ ինքս նրա մօտ կը գնամ:
– Չէ, չէ, – վախեցաւ կինը՝ ձեռքով արագ-արագ արտասուքները սրբելով: – Աւելի լաւ է, որ նա մենակ մնայ: Նրա համար հիմա շատ ծանր է…
– Ասա Յասմիկ:
– Մի խօսքով… մի տղայ վիրաւորել է նրան: Մինչեւ հոգու խորքը:
– Ի՞նչ տղայ:
– Նրանք ընկերութիւն էին անում: Հարեւան կուրսի (դասարան) է: Դու նրան տեսել ես: Չե՞ս յիշում: Երբ կուրսով հաւաքուել էին մեր տանը, ինքը դուրս եկաւ պատշգամը, որ ծխի: Յետոյ դուք իրար հետ երկար խօսում էիք քո սենեակում:
Արգամը յիշեց:
– Հա, խելացի, տրամաբանող տղայ էր: Անունն էլ Վահրամ էր կարծեմ: Եւ ի՞նչ…
– Ժամադրուած են լինում: Նայիրուհին սպասում-սպասում է, բայց Վահրամը այդպէս էլ չի գալիս: Դէ, աղջիկ է, զարմանում, անհանգստանում է, մտածում է, թէ երեւի ինչ-որ բան է պատահել ու գնում, հասնում է հանրակացարան:
Գնում է, տեսնում, որ Վահրամը հանրակացարանում էլ չէ: Պարզ է, որ աւելի է անհանգստանում: Գտնում է նրա ընկերոջը, հարցնում է, թէ ինչ կարող է պատահած լինել: Եւ այդ ընկերը բաւական կուչուձիգ անելուց, այս ու այն կողմ ընկնելուց յետոյ յանկարծ ասում է.
– Ձեռք քաշիր Վահրամից, Նայիրուհի: Նա արժանի չէ քեզ»:
***
Սիրելի՛ ընթերցող,
Մինչեւ գալ շաբաթ ժամանակ ունիք երեւակայելու, թէ արդեօք Նայիրուհիին այս բարեկամը ինչո՞ւ Վահրամը անարժան կը համարէ դասընկերուհիին…