
ՄԱՀԻՐ ՕԶՔԱՆ
Վերջին տասնամեակներին Թուրքիայում ձուլման դէմ որոշակի պայքար են սկսել նաեւ Համշէնի հայերը, յատկապէս նրանց՝ձախակողմեան հայեացքներ ունեցող, առաջադէմ ներկայացուցիչներն ու մտաւորականները: Ինչպէս յայտնի է, հայոց լեզուի Համշէնի բարբառը ներկայ Թուրքիայում, UNESCO-ի տուեալների համաձայն, գտնւում է անհետացման վտանգի տակ եղող լեզուների շարքում: Համշէնական լեզուի եւ մշակոյթի պահպանման նպատակով դեռեւս 2011ին Ստամբուլում հիմնուեց ՀԱՏԻԿ միութիւնը, իսկ 2014ին, դարձեալ Թուրքիայում, սկսեց հրատարակուել համշէնական «Գոր» հանդէսը: Այս աշխատանքներում անգնահատելի մեծ ներդրում ունի Թուրքիայի համշէնահայ մտաւորականներից Մահիր Օզքանը, որի՝ մայրենի լեզուն ու մշակոյթը պահպանելուն միտուած ջանքերը տեսանելի են նաեւ Մայր Հայաստանից: Նրա բազմաթիւ յօդուածներ յաճախ են թարգմանուել ու հրապարակուել Արեւմտահայաստանի եւ արեւմտահայութեան հարցերի ուսումնասիրութեան պաշտօնական կայքէջում: Ստորեւ, թուրքերէնից թարգմանաբար եւ առանց կրճատումների ներկայացնում է Մահիր Օզքանի հերթական ուշագրաւ յօդուածը, որի շնորհիւ ակնյայտ է դառնում, որ Թուրքիայում ապրող համշէնահայ մտաւորականութեան որոշ ներկայացուցիչներ շարունակում են ինքնութեան պահպանմանն ուղղուած պայքարը, նաեւ՝ նորանոր ուղիներ եւ միջոցներ որոնում՝ ձուլման թուրքական քաղաքականութեանն ընդդիմանալու համար:
Սինան Օզբեքը ձուլման թեմային նուիրուած իր յօդուածում նշում է, թէ որեւէ ժողովրդի ձուլուած լինելը կարելի է ընդունել միայն այն ժամանակ, երբ տուեալ ժողովուրդը կորցրել է իրեն որպէս ինքնուրոյն ժողովուրդ սահմանող հետեւեալ 3 առանձնայատկութիւնները՝ լեզուն, աւանդոյթները եւ իրեն յատուկ իրաւական համակարգը: Այսօր համշէնցիների մի մասը մեծաւ մասամբ ուծացուած է: Այդ հանգամանքը լեզուն (նկատի ունի հայոց լեզուի Համշէնի բարբառը) իմացողների դէպքում տարբեր մակարդակներով եւ ձեւերով է ի յայտ գալիս, չիմացողների դէպքում էլ՝ այլ: Չնայած որ լեզուի պահպանումը հանդէս է գալիս որպէս ապացոյց՝ առ այն, թէ ձուլումը դեռեւս վերջնականապէս չի իրագործուել, այնուամենայնիւ, ակնյայտ է, որ նոր սերնդի շրջանում ականատես ենք լեզուի արագ կորստի: Միւս կողմից հարկ է ընդգծել, որ լեզուն կորցրած համշէնցիների խմբերում սկսել է կազմաւորուել աւանդոյթների եւ ինքնութեան հետ կապուած եւ կորուսեալ լեզուից մնացած պատառիկները ժողովել, մինչեւ իսկ՝ աւելին սովորել ձգտող մի սերունդ:
Նոյն յօդուածում Սինան Օզբեքը ներկայացնում է Օտտօ Բաուերի կողմից սահմանուած «ձուլումի օրէնքներ»ը: Եթէ համշէնցիները դրութիւնը գնահատենք ըստ այդ օրէնքների, կը կարողանանք բացայայտել համշէնցիներին սպառնացող ուծացման վտանգի չափերը, եւ թէ ինչ կարելի է ձեռնարկել դրա դէմ:
1. «Որքան սակաւաթիւ է փոքրամասնութիւնը, այնքան դիւրին է ձուլումը»:
Երբ նկատի ունենանք, թէ որքան փոքր թիւ են կազմում համշէնցիները (Թուրքիայի) ընդհանուր բնակչութեան համեմատ, ապա պարզ կը դառնայ, թէ որքան մեծ է ձուլումի վտանգը:
2. «Ձուլումը աւելի դիւրին է դառնում, երբ փոքրամասնութիւնը մասնատւում է եւ հաստատւում մեծամասնութեան բնակութեան վայրերում: Ձուլումը բարդանում է, երբ փոքրամասնութեան անդամները կապւում են միմեանց հետ եւ հեռանում մեծամասնութեան բնակավայրերից: Ձուլումը անհնարին է դառնում, երբ փոքրամասնութեան բնակատեղին մեծամասնութեան բնակավայրից լիովին առանձին է լինում եւ լեզուի կղզեակ կազմաւորում»:
Թէեւ նախքան 1980ականներն էլ որոշակի բնակավայրերից համշէնցիների տեղափոխում է եղել, այնուամենայնիւ, համշէնցիների մեծ մասը միասնաբար ապրել է իր գիւղերում: Այդ փաստը ձուլումը դժուարացնող հանգամանք էր: Սակայն 1980ականներից յետոյ նկատուող դէպի քաղաք արագ հոսքը տեղիք տուեց նաեւ, որ Համշէնի բնակչութեան մեծ մասը նոյնպէս ցրուի խոշոր քաղաքներում, իսկ մեծ քաղաքներ չտեղափոխուած համշէնցիներն սկսեցին հաստատուել իրենց բնակավայրերի քաղաքային կենտրոններում: Այս վայրերում համշէնցիներն սկսեցին ապրել լազերի հետ, եւ այս երկու ժողովուրդները մշակութային փոխազդեցութեան մէջ ընկան: Լազերն ու համշէնցիները թուրքացնում են միմեանց, քանի որ տուեալ բնակավայրի համատեղ լեզուն եւ մշակոյթը թուրքականն է: Լա՛ւ, իսկ արդեօք հնարաւո՞ր է, որ համշէներէնը «լեզուի կղզեակ» կազմաւորի իր համար: Այսօր դա շատ դժուարին է թւում: Սակայն այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Խոփան ու Քեմալփաշան, կարող է հնարաւոր լինել լազերէնի հետ մէկտեղ բազմալեզու մի տարածք կազմաւորելը: Բացի դրանից, թերեւս այլընտրանքային վայր կարող է դառնալ համացանցի ընկերային ցանցերը, որն ի վիճակի կը լինի փոխարինել լեզուի՝ գիւղերում կորցրած տարածքին: Իսկ այդ տարածքներում ձուլումը ինքնաբերաբար կանգնեցնելն անհնարին է թւում:
3. «Փոքրամասնութեան եւ մեծամասնութեան՝ ցեղային, մշակութային, կրօնական եւ լեզուական առումներով նմանութիւնը հեշտացնում է ձուլումը»:
Այն, որ համշէնցիները մեծամասնութեան կրօնն ու հաւատք են դաւանում, ձուլումը դիւրացնող ամենաէական տարրերից մէկն է: Նրանց քրիստոնեայ անցեալը յիշեցնող որոշ յուշեր, լեզուական եւ մշակութային վերապրուկներ չեն փոխում իրերի դրութիւնը: Ներկայ դրութեամբ սուննի իսլամ կրօնը դաւանելը մեծամասնութեան մէջ ընդունուելու եւ իրեն մեծամասնութեան մի մասնիկը համարելու ամենակարեւոր սահմանումներից է: Համշէնցիները եւ միւս սուննի փոքրամասնութիւնները հիմնականում թուրքացւում են կրօնի միջոցով:
4. «Այն դէպքում, երբ տնտեսական, ընկերային, քաղաքական եւ կրօնական պայքարները դիւրացնում են ձուլումը, ազգային պայքարը բարդացնում է այն»:
Ազգային պահանջների համար մղուող պայքարի շրջանակից դուրս գտնուող պայքարների դէպքում մեծամասնութիւն կազմող ժողովրդի հետ անխուսափելի կերպով զարգացող յարաբերութիւնները բնականաբար պատճառ են դառնում, որ մարդկանց համար առաջնահերթ դառնան հենց այդ պայքարների պահանջները: Իսկ դա տեղիք է տալիս, որ փոքրամասնութիւն կազմող ժողովուրդների ներկայացուցիչները ժամանակի ընթացքում անհետանան եւ ձուլուին մեծամասնութեան մէջ: Սակայն նկատում ենք, որ համշէնցիների ինքնութեան պահպանման համար պայքարող մարդկանց էական հատուածը ձախակողմեան քաղաքական աւանդոյթներ կրող անձինք են: Որքան էլ դա հակասական թուայ, իրականում այդ հանգամանքը տրամաբանական մեկնաբանութիւն ունի: Սխալ չի լինի, եթէ շեշտենք, թէ այն փաստը, որ քրդական շարժումը ազգային հարցը բերել է երկրի եւ ձախակողմեան հոսանքների օրակարգ, ապահովել է, որ այլ ժողովուրդներից սերող ձախերն ու ընկերվարները եւս մտածեն եւ դիրքորոշում յայտնեն իրենց ժողովուրդների խնդիրների վերաբերեալ: Հետեւաբար ճիշդ է, որ տնտեսական, ընկերային, քաղաքական եւ կրօնական պայքարի ոլորտներն արագացնում են ձուլումը: Սակայն միաժամանակ դա բացում է դրա դէմ պայքարի ոլորտներ: Երբ ձուլումի վտանգի տակ գտնուող ժողովուրդներն այդ պայքարը մղում են իրենց լեզուների եւ մշակոյթի ուղղութեամբ, դա կարող է լիովին հակառակ ազդեցութիւնն ունենալ: Որպէս օրինակ կարելի է բերել հետեւեալ փաստը. Սեւծովեան շրջանում ու Դերսիմում կենսոլորտի համար մղուող պայքարը միեւնոյն ժամանակ լեզուների եւ մշակոյթների կենսատարածքի պահպանման պայքարն է: Ժողովուրդների լեզուից եւ մշակոյթից կտրուած, ամբողջովին մեծամասնութեան լեզուի եւ մշակոյթի հիման վրայ տարուող ընկերային պայքարներն արագացնում են ձուլումը: Սակայն եթէ ընկերային պայքարները մղուեն այն ձեւով, որ փոքրամասնութիւն կազմող ժողովուրդները կարողանան դրանց մասնակցել իրենց ինքնութեամբ, կարողանան ինքնաարտայայտուել, ապա նման պայքարները չեն ծառայի ձուլումի:

5. «Մի ազգ որքան որ ուժեղ լինի իր ազդեցութեամբ, հարստութեամբ, ուժով ու մշակոյթով, այնքան իր կողմ կը քաշի իր իսկ տարածքներում բնակուող փոքրամասնութիւններին: Բացի այդ, նման ազգը զօրեղ կը լինի արտասահմանեան երկրներում որպէս փոքրամասնութիւն ապրող իր ժողովրդի ներկայացուցիչների ձուլմանը դիմադրելու հարցում»:
Այդ տեսանկիւնից համշէնցիների առաջ կանգնած ամենամեծ խոչընդոտն այն փաստն է, որ իրենք կրօնական հակասութեան մէջ են ընկել լեզուական ու մշակութային զարգացման համար աղբիւր հանդիսանալու հնարաւորութիւն ընձեռող իրենց պատմական արմատների հետ (նկատի ունի հայկականութիւնը) եւ դաւանում են այն մեծամասնութեան կրօնը, որի հետ սկսել են ձուլուել: Արմատների հետ ստեղծուելիք լեզուական եւ մշակութային կապը մեծ հնարաւորութիւններ կը ստեղծի ձուլումը կանգնեցնելու առումով:
***
Յօդուածում ձուլումի օրէնքների մի քանի այլ յօդուածներ էլ են յիշատակւում, սակայն դրանց այստեղ չեմ անդրադառնայ, քանի որ իմ յօդուածի ընդունուած չափը կ՛անցնի: Կարծում եմ, որ հետաքրքրուողները կ՛ուսումնասիրեն դրանք եւս:
Ձուլման գործընթացի մէջ գտնուող որեւէ ժողովրդի շրջանում ի յայտ եկած դասակարգային տարբերութիւններին ենթարկուելով՝ երիտասարդ միջին դասակարգի ստեղծման դէպքում, տուեալ ժողովրդի ձուլուած հատուածները վերստին վերադառնում են իրենց նախկին ազգային պատկանելիութեանը եւ տէր կանգնում իրենց արմատներին:
Բաուերն այդ գործընթացը բացատրում է «վերաձուլում» հասկացութեան միջոցով: Սինան Օզբեքն իր յօդուածում, Ռոհաթ Ալաքոմից ստացուած տեղեկութիւնների վրայ հիմնուելով, որպէս օրինակ է մատնանշում Շուէդիայում բնակուող միջինանատոլիական քրդերին: Վերջիններս այն դէպքում, երբ Շուէդիա նոր տեղափոխուած ժամանակ մոռացած են եղել իրենց լեզուն եւ հիմնականում ձուլուած եղել (թուրքերին), ապա յետագայ տարիներին ձեռնարկել են իրենց մայրենին սովորելու գործը եւ իրենց երեխաներին քրդական անուններ տուել: Որոշ առումով, Եւրոպայում քրդերը վերստին քուրդ են դարձել:
Բաուերի կարծիքով՝ վերաձուլման գործընթացը ազգային գրականութիւնը, ազգային մամուլը եւ ազգային քաղաքական շարժումները կազմաւորող ազգային ընդունակութիւն է ենթադրում:
Ինչպէս որ ցոյց է տալիս նաեւ Թուրքիայում տեղի ունեցող գործընթացը, թէեւ քաղաքական ու տնտեսական պայմաններն արագացնում են ձուլումը, բայց եւ այնպէս, դրանք ի յայտ են բերում նաեւ դրան դէմ ընթացող շարժում, եւ տեղ-տեղ հնարաւոր է լինում այդ գործընթացը հակառակ ուղղութեամբ շրջել:
Լաւ, իսկ հնարաւո՞ր է համշէնցիների ձուլումը կանգնեցնել եւ վերաձուլել նրանց ձուլուած հատուածները:
Այս հարցին բարդ է պատասխանելը: Ինչպէս երեւում է, որ դրա պատասխանը կախուած է նրանից, թէ մեծամասամբ իրենց ուժը կենսոլորտի, ընկերային, դասակարգային պայքարների վրայ ծախսող համշէնցիներն այդ պայքարում իրենց որպէս մեծամասնութեան անհա՞տ կը համարեն, թէ՞ համշէնցի:
«ԱԿՈՒՆՔ»