
ՋԷՅՄՍ ՌՈԲԻՆՍ
Նոր Զելանդիայում բնակուող լրագրող ու պատմաբան Ջեյմս Ռոբինսը լոյս է սփռում Հայոց Ցեղասպանութեան ոչ շատ յայտնի կողմի՝ Աւստրալիայի ու Նոր Զելանդիայի զինուորների՝ Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ վկայութիւնների վրայ եւ ուշադրութիւն հրաւիրում այս երկու երկրների ու Թուրքիայի միջեւ եղած «առանձնայատուկ» յարաբերութիւնների անխախտ մնալուն ուղղուած դիւանագիտական քայլերի վրայ:
Վերջին տարիներին Հայոց Ցեղասպանութեան ընթացքում ու Թուրքիայի Հանրապետութեան հիմնադրման ժամանակ կիրառուած բռնութիւնների մասին մեր ունեցած տեղեկութիւնների մէջ ուշադրութեան արժանի խորութիւն ու լայն ընդգրկուածութիւն նկատուեց: Թաներ Աքչամի շնորհիւ արդէն մեր առջեւում յառնում է մի ամբողջական պատկեր առ այն, թէ ինչպէս է Միութիւն եւ առաջադիմութիւն կուսակցութիւնն օգտագործել իր ձեռքում եղած իշխանութիւնը: Մի շարք անուններ, որոնց մէջ են նաեւ Ռեան Ջինջերեսն ու Ուղուր Ունգեօրը, մանրամասնօրէն վերլուծութեան են ենթարկել որոշ շրջաններում կատարուած կոտորածը: Աւետիս Հաճեանը «ծպտեալ հայեր»ի, այսինքն՝ իսլամացած կամ էլ բռնի կրօնափոխ եղած քրիստոնեաների երեխաների ու թոռների մասին ազդեցիկ յօդուածներ ու մէկ գիրք է գրել: Հետազօտողները սկսել են ուսումնասիրել աւանդական պատմագրութեան մէջ սովորաբար մեզ չհանդիպող զանազան երկրներն ու այդ երկրների պատմութիւնները, որոնք կապ ունեն Ցեղասպանութեան հետ: Աւստրալիան ու Նոր Զելանդիան հետզհետէ աւելացող ուսումնասիրութիւնների շարքում ուշադրութիւն գրաւող երկրներից են. այս տեսանկիւնից որպէս ազդանշան կարող ենք որակել Վիգէն Բաբգէնեանի 2016ին հրատարակած «Հայաստանն, Աւստրալիան Ու Մեծ պատերազմը» վերնագրով գիրքը:
ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՃԱՄԲԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՎԿԱՅԱԾ ԶԻՆՈՒՈՐՆԵՐԸ
Օրինակ՝ այսօր արդէն գիտենք, որ Դարդանելում 1915ի Ապրիլի 25ին (»Անզաք«ի օրը) արուած տեղահանութեան գործողութիւնը Միութիւն ու առաջադիմութիւն կուսակցութեան կողմից բնաջնջման որոշման կայացման եզրափակիչ ձգանն էր: Յետագայում Օսմանեան կայսրութեան կողմից ռազմագերի վերցուած «Անզաք»ի (Աւստրալիայի ու Նոր Զելանդիայի զինուորական ուժեր) տասնեակ զինուորներ վկայ են եղել բնաջնջման այդ գործողութեանը, տեսել են կոտորածի դաշտերը, մահուան շքերթները, համակենտրոնացման ճամբարները: Նրանցից ոմանք իրենց տեսածները գրառել են օրագրերում, իսկ ոմանք էլ իրենց երկիր վերադառնալուց յետոյ պատմել են այդ մասին գրքերում ու թերթերում հրատարակուած յօդուածներում: Օրինակ՝ աւստրալացի Լեսլի Լուսկոմբին խօսում է Էսքիշեհիրում իրեն հանդիպած «տխուր ու իր ներսը մթութեամբ պատող տեսարան»ի մասին: Նա գրում է նաեւ. «Հեռու, համակենտրոնացման ճամբար ուղարկուող գնացքի վագոնների լցուելուն սպասող, «մէկը միւսին սեղմուած, կիսանստած բազմաթիւ հայ կանայք ու երեխաներ»: Նորզելանդացի Էդվարդ Օպոտիկի Մասլին էլ Թորոսլարում տեսել է. «Մէջքին փոքրիկ պարկեր գցած կամ էլ սպասքով բեռնուած, խմբով դէպի գերեզման գնացող հայ ու յոյն գիւղացի ծեր տղամարդկանցից, ճերմակած մազերով ծեր կանանցից ու երեխաներից կազմուած մի մեծ քարաւան»:
«Այդ ձեւով այստեղից այնտեղ տարուած այդ մարդկանց թիւը մշտապէս փոքրանում էր՝ մինչեւ բոլորի ոչնչացումը», յաւելում է նա: Որոշ աւստրալացիներ ու նորզելանդացիներ պնդում են, որ իրենք դեր են կատարել նրանց փրկելու գործում: Դարդանելի գործողութեան մասնակիցներից Սթենլի Սաւիջն ու Ռոբերտ Նիկոլը եղել են 1918ի Ուրմիայում մահից փախչող ամենաքիչը 60 հազար հայի ու ասորու պաշտպանութեանը աջակցած փոքրիկ կամաւոր խմբի անդամները: Ռոբերտ Նիկոլը իր կեանքը զոհել է յանուն այդ նպատակի:
2013ին Ահմեդ Դաւութօղլուն (այդ օրերի Թուրքիայի արտաքին գործերի նախարարը) բացայայտ սպառնաց, որ թոյլ չեն տայ Աւստրալիային մասնակցել Դարդանելում տեղի ունենալիք միջոցառումներին: Պատճառն այն էր, որ Աւստրալիայի Նոր Հարաւային Կալեսի նահանգի խորհրդարանի անդամների կողմից ընդունուել էր Ցեղասպանութեան ճանաչման նախագիծը: Աւստրալացի առաջնորդները փոխանակ այդ սպառնալիքին ընդդիմանային, ընդհակառակը, հապճեպ կերպով նահանգի խորհրդարանին մեղադրեցին «Անզաք»ի օրը փճացնելու ու «առանձնայատուկ» յարաբերութիւնը վտանգելու մէջ ու քննադատութիւններ հնչեցրին:
ՕԳՆՈՒԹԻՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՐՈՒԱԾ ԳՈՐԾՈՂՈՒԹԻՒՆՆԵՐ
1914-18ին, նորզելանդական ու աւստրալական թերթերում Ցեղասպանութեան մանրամասներ պարունակող տասնեակ հազարաւոր յօդուածներ ու տեսակէտներ են հրապարակուել: Բացի այդ՝ այս երկու երկրները շատ կարեւոր օղակ են եղել Ցեղասպանութիւնից մազապուրծ եղածներին միջազգային մարդասիրական օգնութիւն ցուցաբերելու ջանքերի շրջանակում, Մերձաւոր Արեւելքի օգնութեան պատուիրակութեան կողմից կազմուած «ոսկէ ողորմածութեան շղթայում»: 1920ականներին լայնածաւալ օգնութեան գործողութիւններ էին կազմակերպւում, ու հազարաւոր հասարակ մարդիկ կանխիկ գումար էին տալիս ու նուիրատուութիւններ անում: Նոյնիսկ մարդիկ են եղել, որոնք օգնութիւն ցուցաբերելու նպատակով գնացել են այն շրջաններ, որտեղ իրականացուել է Ցեղասպանութիւնը, օրինակ՝ Քրիստչրչ քաղաքի բնակիչներ Ջոն ու Լիդիայ Քնուդսենները: Նրանք ղեկավարում էին Լիբանանի Անթիլիաս քաղաքում գտնուող «Աւստրալիա-ասիական» որբանոցը (Այս որբանոցի շէնքն աւելի ուշ վաճառւում է՝ դառնալով Մեծի Տանն Կիլիկիոյ Հայոց կաթողիկոսութեան կենտրոնը):
Արտաքնապէս այս մանրամասները Ցեղասպանութեան պատմութեան մէջ շատ փոքր մաս են կազմում, իւրայատուկ մի բան էլ չեն: Տեղահանութիւններին վկայ եղած բրիտանացի զինուորների թիւն աւելի մեծ է եղել: Աւելի շատ են ռուս զինուորների այն պնդումները, ըստ որոնց՝ իրենք «փրկչի» դեր են կատարել: Սակայն «Անզաք»ի օրուայ՝ Ապրիլի 25ի ու մեր օրերում Աւստրալիայի ու Նոր Զելանդիայի կառավարութիւնների ու Թուրքիայի միջեւ եղած յարաբերութիւնների (որոնք ես առանձնայատուկ յարաբերութիւն եմ անուանում) լոյսի ներքոյ այս պատմութիւնը մէկ այլ տեսք է ստանում:
«ԱՌԱՆՁՆԱՅԱՏՈՒԿ» ՅԱՐԱԲԵՐՈՒԹԻՒՆԸ
Այսպէս, թէ այնպէս «Անզաք»ի օրը երկու երկրների համար ամենակարեւոր ազգային տօնն է: «Անզաք»ի երկրները 1980ականներին. Թուրքիայի հետ դիւանագիտական համագործակցութիւն են սկսել: Պաշտօնական այցերով, Կանբերայում, Վելինգթոնում կամ էլ Դարդանելում համատեղ յիշատակի միջոցառումներով, ելոյթներով շարունակուող սերտ յարաբերութիւններ են հաստատուել: Հազուադէպ հանդիպող, աշխարհի համար օրինակ ծառայող յարաբերութիւն է սա. հին թշնամիները հաշտւում ու ընդհանուր յայտարարի են գալիս, յարգանքով միասին սուգ են պահում: Սակայն Աւստրալիայի ու Նոր Զելանդիայի քաղաքական առաջնորդները 30 տարի շարունակ այս առասպելն ու յարաբերութիւնը ուշագրաւ վճռականութեամբ պաշտպանել են, նոյնիսկ Թուրքիային վիրաւորած լինելու վախից ժխտել են Հայոց Ցեղասպանութիւնը:
Առկայ է նաեւ ճեպազրոյցի թղթապանակ, որին այդ խնդրի վերաբերեալ իրենց մամլոյ հաղորդագրութիւնները պատրաստելիս դիմել են Նոր Զելանդիայի արտաքին գործերի ու առեւտրի նախարարութիւնները, նախարարներն ու պատգամաւորները… Այդ թղթապանակում նշւում է, որ 2013ի Դաւութօղլուի արած սպառնալիքի վրայ հիմնուելով՝ »Անզաք«ի յիշատակին նուիրուած արարողութիւնների՝ «առանց խնդիր անցկացումը» երաշխաւորելու համար, Նոր Զելանդիան չի ճանաչում Ցեղասպանութիւնը:
Մենք բոլորս կասկած չունենք այն հարցում, որ Թուրքիայի կառավարութիւնը Ցեղասպանութիւնը ճանաչող իւրաքանչիւր երկրի, մարդու իրաւունքների կառոյցի, կրօնական խմբի կամ գիտնականի դէմ ցանկացած դիւանագիտական զէնք օգտագործում է, սակայն Աւստրալիա-Նոր Զելանդիայի դէպքը տարբեր է: Ի տարբերութիւն Ամերիկայի կամ Անգլիայի հետ յարաբերութիւնների՝ այստեղ չկան կարեւոր առաջնահերթութիւններ, անվտանգութեան, առեւտրային կամ էլ աշխարհառազմավարական խնդիրներ: Այն զուտ քաղաքականութեան, պատմութեան ու յիշողութեան հետ կապուած հարց է: Երեք երկիրն էլ՝ Աւստրալիան, Նոր Զելանդիան, Թուրքիան, այս առանձնայատուկ յարաբերութիւնների հաստատման ուղղութեամբ նրբօրէն աշխատելով՝ որոշեցին, որ առասպելներն ու ազգայնականութիւնը ճշմարտութիւնից ու արդարութիւնից աւելի կարեւոր են:
Այդ խնդրի համար լուծում կարող էր լինել Աւստրալիայի Նոր Հարաւային Կալես նահանգի խորհրդարանի կողմից արուած, մինչեւ այդ էլ Աւստրալիայում Կանաչների կուսակցութեան պատգամաւորների նախաձեռնած՝ Ցեղասպանութեան պաշտօնապէս ճանաչումը: Սակայն Հրանտ Դինքի հետեւեալ դիպուկ դիտարկումը ականջին օղ անելու մէջ օգուտ կայ. «Չըմբռնուած ժխտողականութիւնը կամ խոստովանութիւնը որեւէ մէկին օգուտ չի տայ»:
Աւստրալիայի կամ Նոր Զելանդիայի կառոյցները պէտք է յստակ կերպով տեսնեն, որ ճանաչումը նախընտրելով՝ մարտահրաւէր են նետում Թուրքիայի ժխտողականութեանը, որ իրենց հայ քաղաքացիներին են պատիւ բերում, որ ընդունում են այս մեծ մեղքի վերաբերեալ իրենց պապերի վկայութիւններն ու նրանց ճշմարտացիութիւնը: Հակառակ դէպքում »ճանաչումը« անբովանդակ մի ժեստ լինելուց այն կողմ չի անցնի:
Թարգմանեց՝ ԱՆԻ ՄԵԼՔՈՆԵԱՆ
«ԱԿՈՒՆՔ»