ԱՅՇԷ ՀՈՒՐ

1933ին լուրջ քաղաքական ճգնաժամ առաջացաւ Ֆրանսիայի եւ Ամերիկայի միջեւ: Ճգնաժամի պատճառը Պրահայում ծնուած հրեայ մտաւորական Ֆրանց Վերֆելի (1890-1945) վէպի նկարահանման հնարաւորութիւնն էր, որի սկզբնական անունը Die Vierzig Tage des Musa Dagh («Մուսա Լեռան 40 օրը») էր:
Վէպում ներկայացւում է Միութիւն եւ առաջադիմութիւն կուսակցութեան վարչակազմի կողմից «պետութեան դէմ դաւաճանութեան» մեղադրանքով հայ հպատակների՝ Դեր Զօրի սիրիական անապատներ աքսորուելու ընթացքում Անթաքիայի (Աւ-տիոք) մօտ գտնուող Մուսա լեռում ապաստանած եօթ հայկական գիւղերի հինգ հազար բնակիչների՝ օսմանեան ուժերի դէմ ցուցաբերած քառասունօրեայ դիմադրութիւնը:
Ի՞ՆՉ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ ՄՈՒՍԱ ԼԵՌՈՒՄ 1915ԻՆ
Վէպի հերոսներից Մուսա լեռը Հաթայի Սամանդաղ շրջանի սահմաններում գտնուող Ամանոս (Նուր) լեռների հատուածում, Ասի գետի ծովը թափուելու վայրի հիւսիսում, սուր ժայռերով ու խիտ թփուտներով 1555 մ. բարձրութեամբ լեռ է:
Յայտնի է, որ երբ Քեսապում եւ Մուսա լեռան ստորոտի Բիթեաս, Հաբիբլի, Եօղունոլուք, Խըդըր բէյ եւ Քաբբուսիէ գիւղերում բնակուող հայերը լսեցին տեղահանութեան մասին հրամանը, անկողինները, վերմակները, հաւերը, հացահատիկը եւ ուրիշ, ինչ որ կար, վերցնելով՝ 1915ի Յուլիսի 21ին պատսպարուեցին Մուսայ լեռան վրայ: Սակայն երբ Օսմանեան կայսրութեան բանակի 41րդ բաժանմունքից երկու գունդ եւ լեռնային հրետանային խումբ ուղարկուեց տարածաշրջան, գործերը հակառակ գնացին. Մուսա լեռան ապստամբները, որոնց պաշարները սպառուել էին, ստիպուած եղան լքել տարածքը: Տարիներ անց ի յայտ եկած փաստաթղթերի համաձայն, 1915ի Սեպտեմբերի 12ին ֆրանսիական նաւերով 4083 մուսալեռցիներ հեռացուել են տարածաշրջանից:
Սկզբում փախստականներին փորձեցին բերել Կիպրոսի Լիմասոլ նաւահանգիստ, սակայն երբ կիպրոսցի թուրքերն ու յոյները կտրականապէս դէմ արտայայտուեցին այնտեղ հայերի վերաբնակեցմանը, նրանց տարան Եգիպտոսի Պորտ Սայիդ: Բայց այստեղ էլ նրանք չկարողացան նաւը լքելու թոյլտուութիւն ստանալ, քանի որ Եգիպտոսում բրիտանացի քաղաքական պատասխանատուն ասաց. «Ինչո՞ւ բրիտանական գաղութներ, այլ ոչ թէ ֆրանսիական: Թող հայերին այլ տեղ վերաբնակեցնեն»: Երկար բանակցութիւններից յետոյ, նաւի վրայ գտնուող մարդկանց «ժամանակաւոր» պայմանով իջեցրեցին նաւահանգստի մօտ գտնուող ռազմակայան, սակայն բրիտանացիները, չցանկանալով վճարել ճամբարի մօտ 360 հազար ֆրանկ կազմող ծախսերը, խստօրէն յայտնեցին ֆրանսիացիներին, որ հայերը պէտք է ժամ առաջ լքեն երկիրը:
ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵԳԷՈՆԸ
Թունիսի նահանգապետը եւ Մարոկոյի ֆրանսիացի ազդեցիկ մարշալ Լուի Լէօտայը դէմ են արտայայտւում փախստականներին Թունիս, Մարոկօ կամ Ալժիր տեղափոխելուն՝ պատրուակ բերելով մահմեդական ժողովրդի արձագանգը, եւ առաջարկում հայերին ուղարկել Կորսիկա եւ Հարաւային Ֆրանսիա: Միւս կողմից, Ալժիրի նահանգապետը յարմար է համարում նրանց աշխատանքի տեղաւորել Եգէյեան ծովի Մուդրոս նաւահանգստում՝ բեռնման եւ բեռնաթափման աշխատանքներում: Ի վերջոյ առաջարկւում է «հայերից զէնք բռնողներին ճամբարում հաւաքել եւ ռազմական պատրաստութիւն անցկացնել նրանց հետ»: Թէեւ Մուսա լեռան հայերի համայնքի ղեկավարներն առարկում են՝ ասելով, թէ «այնտեղ մնացած հայերի գլխին փորձանք կը բերենք», իրենց ընդունող երկիր գտնելու յոյսը կորցրած փախստականները ճարահատեալ համաձայնւում են այս առաջարկին:
1916ի վերջին ամիսներին մօտ հինգ հարիւր երիտասարդներ միացան Կիպրոսի Մագուսայից հիւսիս (այսօր՝ Գազի Մագոսա) Մոնարգայում (այսօր՝ Բողազթեփէ) հիմնադրուած Հայկական լեգէոնին: Այլ մասնակիցներով մեծացած լեգէոնը ֆրանսիացիների հետ մեկնեց Կիլիկիա (Ադանայի շրջակայք) եւ մասնակցեցին որոշ վրէժխնդիր յարձակումների: Սակայն լեգէոնը, որը 1919ի Ապրիլի 28ին Մերսինում ֆրանսիացիների կողմից ստիպուած եղաւ յանձնել զէնքերը, 1921ի Հոկտեմբերի 20ին Ֆրանսիայի եւ Թուրքիայի միջեւ ստորագրուած Անկարայի պայմանագրով ամբողջովին լուծարուեց:
«Ի՜ՆՉ ՏԱՐՕՐԻՆԱԿ ԵՐԵԽԱՆԵՐ ԵՆ ՍՐԱՆՔ…»
Պատմական պատումից վերադառնալով վէպի պատմութեանը՝ 1911ին առաջին գիրքը լոյս ընծայած Ֆրանց Վերֆելի ստեղծագործութիւնների ընդհանրութիւնն այն էր, որ դրանք գրուած էին բարոյախօսական տեսանկիւնից: Վերֆելին այս գիրքը դրդեց գրել մի իրադարձութիւն, երբ վիեննացի յայտնի յօրինող Գուստաւ Մալերի այրու՝ Ալմայի հետ 1929ին մեկնեց Սիրիա: Ալմա Մալերը, ով շուտով դառնալու էր նրա կինը, իր «Եւ Կամուրջը ՍԷր Է» յուշագրութեան մէջ նկարագրում է Վերֆելի զգացմունքները Դամասկոսում գորգի արհեստանոց այցելելիս. «Տեսանք Էլ Գրեկոյի ստեղծագործութիւնների նման դէմքերով, կաշի-ոսկոր դարձած երեխաներ: Իրենց մեծ աչքերով գետնին էին նայում, վերցնում էին կծիկներն ու թելերը, եւ մէկ-մէկ աւելում յատակը: «Այս ի՞նչ տարօրինակ երեխաներ են», հարցրեց Ֆրանց Վերֆելը աշխատանոցի տիրոջը: «Այս խեղճե՞րը: Նրանց փողոցներից հաւաքեցի եւ օրական 10 ղրուշ եմ տալիս, այսպիսով սովից չեն մեռնում: Նրանք թուրքերի կողմից սպաննուած հայերի երեխաներն են: Եթէ չվերցնեմ, սովից կը մեռնեն, ոչ մէկի հոգը չեն: Իրականում ի վիճակի չեն աշխատելու, շատ թոյլ են»: Զարմացած քայլեցինք: Այլեւս ոչինչ կարեւոր կամ գեղեցիկ չէր թւում»:
Վերադարձին Վերֆելը իր ընկեր կոմս Կլաուզելի միջոցով դիմեց Ֆրանսիայի ռազմական նախարարութիւն, որտեղ, ինչպէս տեղեակ էր, հայրերի մասին գրառումներից մի քանիսը հաւաքուել էին, եւ խնդրեց բոլոր համապատասխան փաստաթղթերը: Օսմանեան փաստաթղթերը բացառելով, առաջնային եւ երկրորդական աղբիւրները երկար ուսումնասիրելուց եւ Մուսա լեռան դիմադրութեանը մասնակցած հայր Թոմասին լսելուց յետոյ մի օր նա Ալմային ասաց. «Այս գիշեր ինչ-որ բան մտքովս անցաւ: Իրականում հետապնդելով կառչեց ինձնից: Ես չուզեցի, բայց նա ուզեց«: Ապա սկսեց նկարագրել »իրեն հետապնդող գաղափարը»: Մի վէպ էր պատրաստւում գրել: Բացայայտելու էր թուրքական ազգայնականութիւնը եւ գրելու էր հայկական վայրագութիւնների պատմութիւնը: Փորձելու էր թեթեւացնել Դամասկոսում տեսած հայ որբ երեխաների տառապանքները: Վերֆելը իր խօսքը կատարեց եւ 1933ին վէպն աւարտեց: Այժմ գիտենք, որ Վերֆելին վէպը գրել դրդողը միայն Դամասկոսի հայ որբերի հանդէպ կարեկցանքն ու պարտքը չէին: »«Մուսա Լեռան Քառասուն Օր»ը, ինչ-որ առումով յուսահատ ճիչ էր՝ կանխելու Ողջակիզումը, որի քայլ առ քայլ մօտենալը զգում էր Վերֆելը: Հետեւաբար՝ Ալմա Մալերը իր յուշերում նշում է. «Նա ցանկութիւն ունէր անմիջապէս գրել այդ մասին (ինչի միջով էին անցնում հայերը), բայց կայծը դեռ չէր վառուել: Այս գաղափարի մարմնաւորումը պայմանաւորուած էր Գերմանիայում քաոսի սրմամբ, Հիտլերի քաղաքական յաղթանակի սպառնացող վտանգով եւ հրեաներին սպառնացող հալածանքներով: (…) 1932ի Յուլիսից մինչեւ 1933ի Մարտը նա գրեց «Մուսա Լեռան Քառասուն Օրը»»:
Իրականում շատ կերպարներ յօրինուած էին, այդ թւում՝ վէպի գլխաւոր հերոս Գաբրիէլ Բագրատեանը: Ըստ օսմանեան աղբիւրների, լեռան վրայ դիմադրութիւնը տեւել է յիսուն երեք (կամ երկու) օր, ոչ թէ քառասուն օր, ինչպէս Վերֆելն է ասում: Դիմադրութեան առաջնորդ Տիգրան քահանայ Անդրէասեանի հաշուառման տուեալներով՝ դիմադրութեանը մասնակցել է 4200 մարդ, ոչ թէ 5 հազար: Չնայած թուային այս տարբերութիւններին, վէպում պատմուածները հիմնականում համատեղելի են բանաւոր եւ գրաւոր պատմական պատումների հետ:
ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆՆ ԸՆԴԴԷՄ »ՄԵՏՐՕ-ԳՈԼԴՈՒԻՆ-ՄԱՅԵՐ«Ի
Սկզբնապէս Die vierzig Tage des Musa Dagh վերնագրուելով, Հիտլերի վարչապետ դառնալուց տասը ամիս անց՝ 1933ի Նոյեմբերին, երբ այն հրատարակուեց Վիեննայում՝ ուրիշ երկրներում եւս մեծ արձագանգ գտաւ: 1933ի Դեկտեմբերի 25ին, թուրքական կառավարութեան պաշտօնական մամլոյ օրգանը համարուող »Հաքիմիյէթի Միլլիյէ« պարբերականում հրապարակուեց Ֆալիհ Ռըֆքըի հեղինակած յօդուածը, որ զգուշացում էր՝ ուղղուած գերմանացի պաշտօնեաներին: Դեկտեմբերի 27-28ին, միեւնոյն թերթում Բուրհան Ասաֆ Բելգեն կծում է Վերֆելին՝ գրելով, թէ «գրքից պարզ է դառնում, որ հեղինակը բազմաթիւ հայերի սուրճն է խմել»:
Հար եւ նման յօդուածները կարճ ժամանակում իրենց ազդեցութիւնը թողեցին, եւ Գերմանիայի նացիստական կառավարութեան քարոզչութեան նախարար Գեբելսը յայտարարեց, «ի նշան Թուրքիայի հետ իրենց բարեկամութեան», գրքի արգելքի մասին: Սակայն ուշ էր, քանի որ գիրքն արդէն դարձել էր գերմանացի հրեաների սեղանի գիրքը: Վէպը կարդացած մօտ երկու հարիւր հրեաներ այցելեցին Մուսա լեռ:
«ՄԵՏՐՕ-ԳՈԼԴՈՒԻՆ-ՄԱՅԵՐ»Ը ՁԵՌՔ Է ԲԵՐՈՒՄ ՖԻԼՄԻ ՆԿԱՐԱՀԱՆՄԱՆ ԻՐԱՒՈՒՆՔԸ
Սակայն աշխարհի միւս կողմում դեռ գեբելսներ չկային: 1934ի Դեկտեմբերին գրքի անգլերէն հրատարակութեան 35,000 օրինակը վաճառուեց: Այս թիւն այն ժամանակների համար մրցանիշ էր: Ամերիկայում գիրքը հրատարակող The Viking Press հրատարակչութիւնը յայտարարել էր, թէ գիրքը «մեծ գրականութեան եւ հերոսական պատմութեան հիանալի համադրութիւն» է, New York Times-ի գրքի խմբագիրը մարգարէացել էր, որ «եթէ Հոլիվուդը չձախողի, դա հիանալի ֆիլմ կը լինջ»: Այսպիսով Հոլիվուդի հսկաները մտել էին վէպի հեղինակային իրաւունքը ձեռք բերելու մրցավազքի մէջ: Արդիւնքում, վիեննական հրատարակիչը Վերֆելին համոզեց 20,000 դոլարի դիմաց գրքի նկարահանման իրաւունքը վաճառել այն ժամանակուայ հսկաներից մէկին՝ «Մետրօ-Գոլդուին-Մայեր»ին (Metro-Goldwyn-Mayer):
Ամերիկայում Թուրքիայի դեսպան Մեհմեթ Միւնիրը (Էրթեգիւն) այցելում է արտաքին գործոց նախարարութեան Մերձաւոր Արեւելքի գործերի վարչութիւն եւ իմանում, որ Paramount ընկերութիւնը ցանկանում է նկարահանել գիրքը, եւ յայտնում, թէ, գիտակցում է, որ Ամերիկայի կառավարութիւնը հնարաւորութիւն չունի միջամտելու հարցին, բայց յիշեցնում է, որ եթէ նման բան լինի, դա կը յանգեցնի Ամերիկայում հակաթուրքական զգացմունքների զարգացմանը: Ամերիկացի պաշտօնեաներն արեցին անսպասելին՝ նամակ գրելով Ամերիկեան ֆիլմի արդիւնաբերութեան գրաքննութեան գործակալութեան՝ MPPDA-ի նախագահ Ուիլ Հէյսին՝ հարցնելով Paramount Corporation-ից, թէ արդեօք նրանք նման ծրագիր ունեն: Պատասխանում ասւում էր, որ ոչ թէ Paramount-ը, այլ «Մետրօ-Գոլդուին-Մայեր»ն է բեմագրութիւն պատրաստել Վերֆելի գրքի հիման վրայ, սակայն անիկա կենտրոնացած չէ հայկական իրադարձութիւնների վրայ կամ նոյնիսկ որեւէ անդրադարձ չի արուել, այլ պտտւում է վէպի գլխաւոր հերոս Գաբրիէլ Բագրատեանի անձնական կեանքի շուրջ: Ամերիկեան իշխանութիւնները ընկերութեան այս պատասխանը փոխանցեցին Մեհմեդ Միւնիրին:
MGM-ի հետ կապուած մի ընկերութեան տնօրէն Ռոբերտ Ռուբինը զգուշացրել է MGM-ի տնօրէն Մայերին «հարցի զգայունութեան» մասին եւ առաջարկել նրան «զգոյշ վերաբերուել դրան, գոնէ այնպէս, որ չանհանգստացնի թուրքերին» Նկատի ունենալով նախազգուշացումը, Մայերի փեսան եւ MGM-ի արտադրողներից Դէյվիդ Օ. Սելզնիկը կարծում էր, որ նա կարող է կանխել արձագանգները այնպիսի բեմագրութիւնով, որում միայն մէկ թուրք կը ներկայացուի որպէս մարդասպան, այլ ոչ թէ ամբողջ ազգը կը ներկայացուի այդ թերութեամբ: Չբաւարարուելով դրանով, նա խնդրել է Վաշինգտոնում Թուրքիայի դեսպան Մեհմեթ Միւնիրի համաձայնութիւնը: Այս լաւ միտումնաւոր քայլը սկիզբ եղաւ MGM-ի դէմ Թուրքիայի մեծ պատերազմին: Յիշեցնենք, որ այդ տարիներին Հայկական Սփիւռքը կամ Սփիւռքի Ցեղասպանութեան պահանջները դեռեւս գոյութիւն չունէին:
ԳՐՔԻ ՄՈՒՏՔԸ ԹՈՒՐՔԻԱ ԱՐԳԵԼՈՒԱԾ Է

1935ի Յունուարի 13ին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի ստորագրած հրամանագրով արգելւում է գրքի ներմուծումը Թուրքիա:
Երբ մօտենում էր Հայոց Ցեղասպանութեան սկսելու խորհրդանշական 20ամեակը՝ 1935ի Ապրիլի 24ը, հասկացւում էր, որ MGM-ը դեռ չի հրաժարուել նախագծից, եւ սպառնալիքներ հնչեցին, որ եթէ ֆիլմը նկարահանուի, MGM-ի ֆիլմերի մուտքը Թուրքիա կարող է արգելուել: Երբ MGM-ի Թուրքիայի ներկայացուցիչ Ֆահիր Իփեքչին ասաց, որ այդ դէպքում ընկերութիւնը մեծ վնաս կը կրի, MGM-ն խոստացաւ որոշակի փոփոխութիւններ կատարել բեմագրութիւնում, սակայն դա չբաւարարեց թուրքական կողմին:
ՀՐԵԱՆԵ՜Ր, ԶԳՈ՛ՅՇ
Ռըֆաթ Ն. Բալիից տեղեկացանք, որ ֆիլմի մասին առաջին լուրը թուրքական մամուլում յայտնուել է 1935ի Մայիսի 29ին՝ Haber Aksam Postasi թերթում: «Հիւսիսային Կարոլինա նահանգում բնակուող թուրք ուսանող Նիհաթ Ֆերիդի» գրած նորութեան մէջ նշւում էր, որ MGM-ի կողմից նկարահանուելու է Վերֆելի վէպը, իսկ գլխաւոր դերը կը կատարի Քլարկ Գէյբլը: Այնուհետեւ թէժ գրագրութիւն է սկսւում Թուրքիայի արտգործնախարարութեան եւ Ամերիկայի արտգործնախարարութեան միջեւ: 1935ի Յունիսի 9ին Ամերիկայի արտգործնախարար Քորդել Հուլի ստորագրած նամակում ասւում էր, որ ֆիլմը չի նկարահանուի առանց Ամերիկայում Թուրքիայի դեսպանի հաւանութեան: Cumhuriyet թերթը 1935ի Սեպտեմբերի 4ին հեռագիր է ուղարկել MGM ընկերութիւն՝ հարցնելով »Մուսա Լեռ« ֆիլմի նկարահանուել-չնկարահանուելու մասին: 1935ի Սեպտեմբերի 5ին, երբ ստացւում է »մինչեւ հիմա այդ հարցի վերաբերեալ որեւէ որոշում չի կայացուելէ պատասխան«, Aksam Postasi-ում գրւում է »հրէակա՜ն կազմակերպութիւններ, զգուշացէ՛ք: Մի ֆիլմի շահոյթի պատճառով մի՛ զայրացրէք թուրքերին, որոնք մինչ այժմ ձեր ցեղի նկատմամբ թշնամանք չեն ցուցաբերել«: »Ազգային գործին« աջակցող Ulus, Hurriyet եւ Cumhuriyet թերթերն առաջին էջից արդէն սկսել էին իրենց բողոքի արշաւը: Պաշտպանական ելոյթը ծանօթ էր՝ »Հայկական Հարցը կարգաւորուել եւ մոռացուել է: Այլապէս ինչպէ՞ս բացատրել, որ խորհրդարանում ներկայում հայ անդամներ կան: Ի՞նչ նպատակ է հետապնդում MGM-ն փակուած խնդիր առաջ քաշելիս«: Նկատի ունէին 1935ի Փետրուարի ընտրութիւններում որպէս Աֆիոնի պատգամաւոր խորհրդարան մտած Պերճ Քերեստեճեան Թիւրքերին:
Յօդուածներում ընդգծւում էր, որ ե՛ւ Վերֆելն է հրեայ, ե՛ւ MGM-ն է »հրէական ընկերութիւն«, եւ ակնարկւում էր, որ միջադէպը «հայ-հրէական դաւադրութիւն» է: Օրինակ, Ulus-ից Բուրհան Ասաֆ Բելգեն ասում էր. »Սա հայկական հեքիաթ է: Բայց գրուել է հրեայի կողմից«:
ՈՉ ՄՈՒՍՈՒԼՄԱՆՆԵՐԸ՝ ԿՐԱԿԻ ՏԱԿ
Նոյն օրերին Ստամբուլում փաստացի շրջափակման մէջ գտնուող »Հայոց մարմնի խորհուրդը« հարկադրուած էր հաւաքուել եւ յայտարարել միջադէպի դատապարտման մասին: Հայ համայնքի առաջատար դէմքերից դոկտ. Արշակ Սուրէնեանը յայտարարեց, թէ ինչպէս է «հայերին շահագործելու հրեայի փորձը՝ բացառապէս ֆինանսական (նիւ-թականթ) խնդիրներից ելնելով գործելով, եւ հրէական մէկ այլ հաստատութեան՝ MGM ընկերութեան մասնակցութիւնը« ազդել բոլոր հայերի վրայ: Դեկտեմբերի 13ին, թրքական շարժապատկերի գլխաւոր սրահների տնօրէնները յայտարարեցին, որ եթէ ֆիլմը թարգմանուի, իրենք չեն ցուցադրի MGM-ի ֆիլմերից որեւէ մէկը իրենց սրահներում: Cumhuriyetից Աբիդին Դաւերն ասել է. «Հակաթուրք հրեաների վրայ առաջին յարձակումը դո՛ւք պէտք է կատարէք, մեր հրեայ քաղաքացիներ: Սա ձեր պարտքն ու պարտականութիւնն է այն երկրի ու ազգի հանդէպ, որտեղ ապրում էք»: Եունուս Նադին վիրաւորել է Վերֆելին՝ «Յուդայի դերը կատարող հրեայ գրագիր», «թափառական հրեայ» ասելով:
Ուղերձ ստանալով՝ «Հայոց մարմնի խորհուրդը» 1935ի Դեկտեմբերի 15ին յայտարարութիւն է տարածել՝ բողոքելով ֆիլմի դէմ: Այնուհետեւ, մի խումբ հայեր այրեցին կամ ստիպուած եղան այրել Ֆրանց Վերֆելի լուսանկարն ու գրքերը Փանգալթըի հայկական եկեղեցու այգում, ճիշդ այնպէս, ինչպէս 1933ի Մայիսի 10ին «նացիստ երիտասարդութեան մաքրագործումը ոչ գերմանական գրքերն այրելով»: Կրակը վառողը «Ազդարար» եւ «Նոր Լուր» թերթերի թղթակից Աշոտ Քեչեանն էր: Մինչ գրքերն այրւում էին, Փանգալթըի եկեղեցու «երգչախմբի ընկերակցութեամբէ ուսանողները՝ աղջիկներ եւ տղաներ, միաձայն երգում էին Թուրքիայի օրհներգը: Աւելի ուշ համայնքի Բէյօղլուի հոգաբարձուների խորհրդի անդամ Արամ Ասլանը հանդէս եկաւ հետեւեալ ելոյթով. «Հայրենակիցնե՛ր: Թրքահայերը թերթերից իմանալով, որ ազնուական եւ ազնիւ թուրք ազգի մասին զրպարտութիւններով լի գիրք է գրուել, խստօրէն բողոքում են այդ անազգ ամբարտաւան յանդգնութեան դէմ, որը շահագործում է հայերի անունը միայն անձնական շահեր հետապնդելու համար: Դարերից ի վեր առաջին անգամ մեր մեծ նախագահ Աթաթուրքի հաստատած դրախտում եղբայրական կեանքով ապրել սկսած թրքահայերը այս սուրբ հայրենիքի հանդէպ իրենց ի սրտէ կապուածութիւնն ապացուցելու համար հրապարակաւ այրելով մեր սուրբ հայրենիքը դաւած Ֆրանց Վերֆելի անէծքը եւ նրա մոլորութիւնը, որը կոչւում էր «Մուսա Լեռան 40 Օրը», ցանկանում ենք ողջ աշխարհին յայտարարել, որ մեր մէջ տարաձայնութիւններ առաջացնել ցանկացողների ճակատագիրը հէնց այդպիսի մահն է: Վա՜յ նրան, ով լեզու եւ ձեռք կ’երկարացնի թրքութեան դէմ»: Արարողութիւնն աւարտուեց մասնակիցների «վա՜յ նրանց» աղաղակներով»:
ՅՈՒՆԱՍՏԱՆԻ ԵՒ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԱՋԱԿՑՈՒԹԻՒՆԸ
Այդ ընթացքում Բուլղարիան, Ռումինիան, Հարաւսլաւիան (Եուկոսլաւիա) եւ Յունաստանը նոյնպէս միացան երգչախմբին եւ զգուշացրին MGM-ին, որ նկարահանուելու դէպքում ֆիլմն այս երկրներում չի ցուցադրուի: Յունաստանի վերաբերմունքն այսօրուայ տեսանկիւնից կարող է զարմանալի թուալ, սակայն Յունաստանն ու Թուրքիան 1930ից ի վեր իրենց երկրորդ գարունն էին ապրում: 1933ին Վենիզելոսը Աթաթուրքին առաջադրել էր Նոբելեան Խաղաղութեան մրցանակի թեկնածութեան: 1934ին երկու երկրները ստորագրեցին Բալկանեան դաշնագիրը: 1936ին Ֆրանսիան, որը փորձում էր Բրիտանիայի հետ Թուրքիային իր կողմը քաշել Հիտլեր-Մուսօլինի գծի դէմ, սպառնաց արգելել բոլոր MGM ֆիլմերը, եթէ ֆիլմը ստեղծուի: Ի լրումն դրա, MGM նախագահ Ջ. Ռոբերթ Ռուբինը յայտարարեց, թէ չնայած «Մուսա Լեռան 40 Օրը» ֆիլմարտադրութեան տեսանկիւնից հրաշալի հնարաւորութիւններ է ընձեռում, կը համաձայնի, որ այն նկարահանուի այլ ընկերութեան կողմից: Այնուհետեւ հնչեցին ընկերութեան միւս ղեկավարների յայտարարութիւնները:
Թէեւ 1937-38ին, Աթաթուրքի մահից յետոյ, այդ հարցը կրկին օրակարգ եկաւ, թէ՛ MGM-ի ղեկավարները, թէ՛ ամերիկացի պաշտօնեաները Թուրքիային երաշխաւորեցին, որ նման բան չի լինի: Այսպիսով, ե՛ւ հսկայ MGM-ը, ե՛ւ Ամերիկայի յայտնի ազատութեան սկզբունքը տապալուեց թուրքական պետութեան կողմից:
Վերֆելի վէպը թուրքերեն թարգմանուեց միայն 1997ին, Belge հրատարակչութեան կողմից: 1933-1938ին մեծ իրարանցումի պատճառ դարձած վէպն այս անգամ ուշադրութիւն չգրաւեց:
Դրանից յետոյ Մուսա լեռան հայերը վերադարձան այն ժամանակ ֆրանսիական հովանիին ներքոյ գտնուող Իսքենդերունի մարզ եւ հաստատուեցին այսօրուայ Վագըֆլը գիւղում: 1939ին մարզի (Հաթայ անուամբ) Թուրքիայի սահմաններում ընդգրկուելուց յետոյ, մի քանի ընտանիքից բացի, բոլորը գնացին Լիբանան՝ Բէյրութի մօտ գտնուող Այնճար:
Ձախական հակումներ ունեցողները 1946ին մեծ յոյսերով ներգաղթեցին Հայաստան: Մի մասն էլ, Տիգրանակերտէն գրող Մկրտիչ Մարկոսեանի խօսքերով, «համրիչի քարերի պէսէ ցրուեցին աշխարհով մէկ»: Հայաստանում մնացածների մի մասը զոհուել է 1988ի Երեւանի երկրաշարժից (յօդուածի հեղինակը Սպիտակի երկրաշարժը սխալմամբ Երեւանի երկրաշարժ է անուանում): Այստեղ մնացին 35 տնով Վագըֆլը գիւղը եւ Մուսայ լեռան առասպելները…
Թուրքերէնից թարգմանեց՝
ՏԻԳՐԱՆ ՉԱՆԴՈՅԵԱՆ
«ԱԿՈՒՆՔ»