ՀԱՐՑԱԶՐՈՅՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ «ԱՌԱՋԱՏԱՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՁԵՌՆԱՐԿՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՄԻՈՒԹԵԱՆ» ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԷՆ ՀԱՅԿ ՉՈԲԱՆԵԱՆԻ ԵՒ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՏՆՕՐԷՆ ՇԱՄԱՄ ԳԷՈՐԳԵԱՆԻ ՀԵՏ
Վարեց՝ ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
«Արմաթ» ազգային կրթական ծրագիրն աւելին է, քան տեխնոլոգիական կրթութիւնը, որովհետեւ նպատակն է հաւատ ներշնչել մեր ազգի ներուժի նկատմամբ«, նշում են ծրագրի պատասխանատուները: «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցներում ներգրաւուած աշակերտների թիւն այսօր շուրջ 18 հազար է՝ Հայաստանում, եւ երկրի սահմաններից դուրս: Մարտի 18ին, այդ երկրների թիւը համալրուեց եւս մէկով՝ աշխատանոց բացուեց նաեւ ԱՄՆում՝ Գլենդելում: Հայաստանում ստեղծուած եւ աշխարհին նոր խօսք ասող ծրագրի մասին «Ասպարէզ»ին պատմեցին Հայաստանի «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկութիւնների միութեան» գործադիր տնօրէն Հայկ Չոբանեանը եւ կրթական ծրագրերի տնօրէն Շամամ Գէորգեանը:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ինչպէ՞ս ստեղծուեց «Արմաթ»ի գաղափարը եւ ինչո՞վ է առանձնայատուկ այս ծրագիրը:
ՀԱՅԿ ՉՈԲԱՆԵԱՆ.- Բարձր Տեխնոլոգիաների (ԲՏ) ( բարձր արհեստագիտութիւններու) ոլորտը Հայաստանում առանձնայատուկ դեր ունի ոչ միայն այն պատճառով, որ աշխարհի ամենազարգացող եւ հեռանկարային ուղղութիւնն է, այլ որովհետեւ Հայաստանի զարգացման համար այլընտրանք չկայ: Խորհրդային տարիներին էլ Հայաստանն առանձնացել է միութեան ներքոյ այլ երկրներից գիտայեն ուղղութիւններով եւ եղել է առաջնորդ. Հայաստանի տնտեսութիւնն առանձին վերցրած նշուած ուղղութիւններով համադրելի է եղել աշխարհի զարգացած երկրների տնտեսութիւնների հետ: Այսօր էլ աւանդոյթները շարունակւում են, եւ ուրախ ենք, որ 2000ական թուականներին յատկապէս, աշխարհի հայութեան աջակցութեամբ նաեւ, եւ մեծապէս տեխնոլոգիական ոլորտում ներգրաւուած ամերիկահայերի, տեղի ունեցաւ հայկական ԲՏ ոլորտի, առաւելապէս՝ Տեղեկատուական Տեխնոլոգիաների ոլորտի վերածնունդ: Այսօր, այս ոլորտում գործում է 35 հազար աշխատող, եւ շուրջ երեք հազար կազմակերպութիւն, որոնցից շուրջ 2000ը սթարթափ ընկերութիւններ են:
2010 թուականից յետոյ, Հայաստանում ոլորտի մասնագէտների սուր կարիք զգացուեց, եւ այդ արդիւնաբերութեան ղեկավարները որոշեցին, որ պէտք է ջանքերը կենտրոնացնել կրթութեան ուղղութեամբ: Սկզբնապէս աշխատում էինք հիմնականում համալսարանների հետ, յետոյ, հասկանալով, որ այս ուղղութեամբ կրթութիւնը պէտք է սկսել վաղ տարիքից, որոշուեց, որ աշխատանքը պէտք է սկսել տասը տարեկան երեխայից, որ այդ տարիքում մտածել, կրթուել եւ արարել է սիրում: Եւ մուտք գործեցինք դպրոցներ, ստեղծեցինք ճարտարագիտական կրթական ծրագիր: Մեթոդաբանութիւնը վերցրեցինք MIT Fab Lab-ից եւ դրա հիման վրայ ստեղծեցինք մեր ֆաբ լաբը, որն անուանեցինք «Արմաթ»:
ՇԱՄԱՄ ԳԷՈՐԳԵԱՆ.- Ինչպէս նշեց պարոն Չոբանեանը, Հայաստանը խնդիր ունէր տնօրինելու խորհրդային տեխնոլոգիական մտքի ժառանգութեանը, եւ այդ հիմքի վրայ նոր արժէք ստեղծելու ու տարածելու աշխարհում: «Արմաթ»ի իմաստն հէնց այդտեղ է՝ իրացնել հայի գիտական, տեխնոլոգիական մտքի ներուժը: Մենք իրականում մարդակերտման գործընթացում ենք, եւ «Արմաթ»ի առանձնայատկութիւնն այն է, որ ստեղծուած է Հայաստանում, հայերի կողմից, հայկական ջանքի ու սրտի կողմից, եւ դա ամենակարեւոր բաղադրիչն է այս ամբողջ գործընթացում: Դա սկզբունքային հարց է, երբ երեխան տեսնում է որեւէ առաջատար սարքի վրայ գրուած է «Ստեղծուած է Հայաստանում», եւ դա ոչ թէ իրենից շատ հեռու ստեղծուած մի խորհրդաւոր սարք է, այլ մի բան է, որ ինքն էլ, իր գիտելիքների սահմաններում կարող է ինչ-որ բան աւելացնել այդ սարքի վրայ:
«Արմաթ»ն աւելին է, քան տեխնոլոգիական կրթութիւնը եւ ՍԹԵՄ կրթութիւնը, որովհետեւ նպատակն է՝ հաւատ ներշնչել մեր իսկ սեփական ազգի նկատմամբ, որովհետեւ դարեր շարունակ չունենալով պետութիւն, եւ լինելով տարբեր տիրապետութիւնների ներքոյ, մեր ուժի եւ ներուժի նկատմամբ հաւատի անկման խնդիր ունենք: Մեր նպատակն է հաւատ փոխանցել մեր ուժերի նկատմամբ եւ դա անել հիմնականում շրջաններում, քանի որ ներուժն ամէնուր է, եւ մենք խնդիր ունենք բացայայտելու մեր բոլոր տաղանդներին: Այս առումով, «Արմաթ»ը որպէս ծրագիր, եւ ոչ միայն որպէս աշխատանոց (լաբորատորիա՝ տարրալուծարան), իրականացնում է տարբեր միջոցառումներ, այդ թւում՝ մրցոյթներ, ճամբարներ, ցուցահանդէսներ, քննարկումներ աշակերտական համայնքների հետ, որպէսզի կապ ստեղծուի տարբեր շրջանների, օրինակ Լոռու եւ Սիւնիքի մարզերի երեխաների միջեւ, հնարաւորութիւն տայ իրենց ստեղծածը համեմատելու, կատարելագործելու՝ հայ ճարտարագէտի կերտման վերջնանպատակով: «Արմաթ»ի գաղափարը նրանում է, որ պարտադիր կրթութիւն չի իրականացնում, որտեղ գնահատականն է կարեւոր, այլ՝ արդիւնքի կատարելագործումը: Դա անհնար է իրականացնել առանց սեփական բնաւորութեան կատարելագործման, եւ այդ մտայնութեամբ է, որ «Արմաթ»ում նախագծային կրթութիւն է, եւ չկայ գնահատականների համակարգ, այցելութիւնները չեն հաշւում ժամաքանակով:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- «Արմաթ» աշխատանոցներն ինչպէ՞ս են գործում եւ արդիւնքների մասին խօսելիս ի՞նչ կ՛ընդգծէք:
ՀԱՅԿ ՉՈԲԱՆԵԱՆ.- Այսօր «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցներ ունենք Հայաստանի, Արցախի, Ջաւախքի 622 դպրոցներում, եւ Սփիւռքի մի շարք կենտրոններում՝ շուրջ 18 հազար երեխաներով: 2021-2022 տարիներին ունեցել ենք 2600 շրջանաւարտ, ովքեր դպրոցում անցել են »Արմաթ«ի կրթական ծրագրով, եւ պատրաստ են մտնել տուեալ ոլորտ եւ աշխատել, շարունակել այս ուղղութեամբ ուսումը համալսարաններում: Յատկանշական են մի քանի փաստեր. մեր երեխաների քառասունից աւել տոկոսն աղջիկներ են, ինչը նշանակում է, որ ճարտարագիտութիւնը ոչ միայն տղաների մասնագիտութիւնն է, որ ընդունուած է եղել աւանդապէս, նաեւ՝ հայ աղջիկների համար դարձել է գրաւիչ: Երկրորդ կարեւոր հանգամանքն այն է, որ այս երեխաների շուրջ 90 տոկոսն ընդունւում է համալսարան, ինչը շատ մեծ տոկոս է՝ համեմատած միջին վիճակագրութեան հետ, թէ դպրոցն աւարտած երեխաների քանի տոկոսն է ընդունւում համալսարան: Երրորդ, »Արմաթ« ծրագրով ուսանած երեխաների շուրջ 25 տոկոսը, սովորելուն զուգահեռ անմիջապէս սկսում է աշխատել՝ ապահովելով իրենց եկամուտը, որ կարող են ծախսել նաեւ ուսման վարձը վճարելու համար: Չորրորդ, մասնագիտական, եւ յատկապէս ճարտարագիտական մասնագիտական կրթութիւնը շատ աւելի արդիւնաւէտ կարող է լինել, եթէ երեխան զուգահեռ ունի նաեւ աշխատանքային փորձ: Եւ վերջապէս, մեր երեխաների շուրջ հինգ տոկոսը ստեղծում է սեփական սթարթափերը, այսինքն, արդէն 18 տարեկանում իրենք ունեն նախագծեր, որոնք պատրաստ են յաջողուած սթարթափ բիզնես դառնալու:
ՇԱՄԱՄ ԳԷՈՐԳԵԱՆ.- Ծրագիրն իրականացւում է »Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկութիւնների միութեան« կողմից, որը Հայաստանում ամենամեծ գործարար ասոցիացիան (միութիւնն) է, որ ստեղծուել է 2000 թուականին եւ ընդգրկում է Հայաստանի ՏՏ ոլորտի ամենախոշոր 130 անդամ ընկերութիւնները: Սա յուշում է, որ »Արմաթ«ի խնամակալները նաեւ այդ համայնքն է՝ աջակցութեան ցուցաբերմամբ բոլոր առումներով, ինչպէս նաեւ պետութիւնը: Հայաստանի տարածքում »Արմաթ«ի խմբավարների վարձատրութիւնն իրականացնում է ՀՀ կառավարութիւնը, եւ սա Հայաստանում յաջողուած միակ կրթական ծրագիրն է, որտեղ ներգրաւուած է թէ՛ պետութիւնը, թէ՛ համայնքը, թէ՛ առհասարակ հասարակութիւնը՝ ծնողների, աշակերտների եւ դպրոցական անձնակազմի մասնակցութեամբ:
«Արմաթ»ի ծրագիրը պարբերաբար փոփոխւում է՝ տեխնոլոգիական աշխարհի փոփոխութիւններին համահունչ: Միաժամանակ, կազմակերպւում են նաեւ դրամահաւաքներ, որովհետեւ «Արմաթ» աշխատանոցներն ի սկզբանէ, եւ հիմա էլ ներդրւում են դրամահաւաքների միջոցով, եւ դրանում մեծ մասնակցութիւն ունեն ինչպէս ՏՏ ոլորտի ընկերութիւնները, այնպէս էլ՝ տարբեր բարեգործական կազմակերպութիւններ, անհատներ, ովքեր ներդրում են կատարում, որ եւս մէկ գիւղ, մէկ դպրոց միանայ այդ երջանիկների ցանցին:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Երջանիկներ: Ձեր բնորոշումն ինքնին յուշում է, թէ ինչպիսի ազդեցութիւն ունի ծրագիրը երեխաների կեանքում։
ՇԱՄԱՄ ԳԷՈՐԳԵԱՆ.- Այո, ասում եմ, երջանիկներ, որովհետեւ երեխաները երբ մտնում են »Արմաթ«ի գործընթացի մէջ, սկսում են սիրել, եւ նրանց կեանքը միանգամից փոխւում է մի շարք առումներով: Նախ առաջինը, նրանք սկսում են սիրել մտածել, ստեղծագործել, արարել, որը 21րդ դարում իրենց ամենամեծ մրցակցային առաւելութիւնն է: Երկրորդ, իրենց համար դա բաւականին հետաքրքիր զբաղմունք է, որովհետեւ ներգրաւուում են գործընթացում ոչ միայն ուղղակի այդ պահին ինչ-որ տեխնոլոգիական լուծումներ գտնելու, այլեւ՝ իրենց շրջապատում առկայ աւելի մեծ խնդիրների լուծումներ գտնելու: Օրինակ, նախագծերից մէկը կարող է լինել գիւղի ջերմոցի ինքնակառավարման համակարգը, եւ կատարելով խնդիրը՝ մեր երեխաներն այդպիսով կարող են լուծել իրենց տան, կամ գիւղի հարցը: Այսինքն, մեր երեխաները տասը տարեկանից սկսում են լուծել իրենց առօրեայի տարբեր խնդիրներ, մտնում են նաեւ աշխարհի խնդիրները լուծելու տրամադրութեան, գաղափարախօսութեան մէջ, եւ սա հիմնային է: Ընդ որում, խնդիրները կարող են վերաբերուել ոչ միայն ճարտարագիտութեանը: Երբ դառնում ես քո շրջապատի խնդիրները տեսնող, մտահոգ եւ այդ խնդիրների լուծմանը միտուած, սկսում ես լուծել այնպիսի խնդիրներ, որոնք ընդհանրապէս ճարտարագիտութեան հետ կապ չունեն:
Երկրորդը, դա թիմային (խմբային) աշխատանք է՝ երեխաները սովորում են խմբային աշխատանքի: Երրորդ առաւելութիւնը դա նախագծային կրթութիւնն է, այսինքն, երեխաները տեսութեանը ծանօթանում են իրենց նախագիծը իրականացնելու ժամանակ: Այստեղ է, որ նաեւ »Արմաթ«ը օգնում է որոշ առարկաների՝ ֆիզիկա (բնագիտութիւն), մաթեմատիկա (ուսողութիւն), քիմիա (քիմիագիտութիւն) դասաւանդմանը: Օրինակ, երբ երեխան ինչ-որ խաղ պիտի գրի, որը կապուած է մետաղագլանի շարժման հետ՝ պարտաւոր է ֆիզիկայի համապատասխան տեսութիւնը սովորի, եւ սա լաւ շարժառիթ է (մոտիւացիա է): Մենք առաջադրում ենք նաեւ այլ շարժառիթներ, ստեղծելով մրցոյթներ, երբ երեխաներն իրենց նախագծերով պէտք է մասնակցեն օրինակ ծրագրաւորման կամ ռոբոտաշինութեան (մարդմեքենայի կառուցման) մրցոյթի՝ յաղթելու մտայնութեամբ: Չորրորդը, որ իմ համար շատ կարեւոր է, տարիների փորձի հիման վրայ, թէ ինչպէս են մեր երեխաները բացայայտում իրենց տաղանդը: Երեխաների ճակատագրի շրջադարձային այնպիսի փոփոխութիւնների պատմութիւններ ունենք, որ եթէ չլինէր այս միջավայրը՝ հազարաւոր երեխաներ չէին կարողանայ բացայայտել իրենց շնորհները: Ուսման նկատմամբ առանձնապէս անտարբեր, դպրոցում հետաքրքրութիւններ չունեցող երեխան ամիսների ընթացքում դառնում է իր դպրոցի, շրջանի հերոսը, որովհետեւ ֆանտաստիկ (սքանչելի) կարողութիւններ ունի ինչ-որ նորարարութիւններ անելու: Այս շարքը կարելի է շարունակել:
Մեզ համար սա հայկական յաջողութեան պատմութիւն է, եւ մեծ յաղթանակի կերտման հնարաւորութիւն, եւ սա է պատճառը, որ պէտք է համահայկական գիտակցութիւն ունենանք այս ամէնի նկատմամբ, ճանաչենք մեր գերազանցութեան ծրագրերը, եւ մասնակցութիւնն ունենանք այդ ծրագրերի իրականացման հարցում: Մենք կարող ենք տասը տարուայ ընթացքում մեր այսօրուայ հնարաւորութիւնների շրջանակներում այնպէս անել, որ ամէն գիւղում, Սփիւռքի ամէն համայնքում ունենանք նմանօրինակ կենտրոն, որ երեխաները միասին աշխատեն տարբեր նախագծերի վրայ, եւ յետագայում էլ միասին գործարար նախաձեռնութիւններ իրականացնեն, ընկերանան: Հայաստանում գործող 1400 դպրոցից, այսօր »Արմաթ« աշխատանոց կայ 622ում, եւ սա հնարաւոր է դարձել տասը տարուայ ընթացքում, դրամահաւաքների միջոցով, որին մասնակցում են նաեւ Սփիւռքում գործող կազմակերպութիւններ, անհատներ: Այս գործընթացը զանգուածային բնոյթ չի կրել, սակայն իրազեկութեան բարձրացման արդիւնքում մենք կ՛ունենանք բաղձալի արդիւնքը:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- «Արմաթ»ն ընդլայնում է աշխարհագրութիւնը, եւ աշխատանոց բացուեց նաեւ Միացեալ Նահանգներում: Կրթական ծրագրին զուգահեռ ի՞նչ նպատակներ ունէք Գլենդելի կենտրոնի հետ կապուած:
ՀԱՅԿ ՉՈԲԱՆԵԱՆ.- Հայկական ԲՏ ոլորտի զարթօնքի գործում հսկայական դեր է ունեցել ամերիկահայ համայնքը, եւ յատկապէս տեխնոլոգիական համայնքը Կալիֆորնիայից: Նրանց շրջանում շատ կան մարդիկ, ովքեր Խորհրդային Միութեան փլուզումից յետոյ, եկել են Հայաստան եւ ստեղծել են կամ աշխատում են ոլորտի տարբեր ընկերութիւններում: Տարիներ անց, Հայաստանը վերադառնում է Կալիֆորնիա՝ արդէն սեփական կրթական արտադրանքով, որ շատ արագ գրաւում է երեխաներին դէպի աշխարհի ամենաառաջադէմ մասնագիտութիւնը, նրանց դարձնում է ստեղծարար եւ պատրաստ՝ դիմագրաւելու համաշխարհային մարտահրաւէրներին, եւ գրաւելու բարձր գագաթներ: Մենք ցանկանում ենք, որ այս ծրագիրը լինի համազգային, եւ այդպէս էլ կոչւում է՝ «Արմաթ» ազգային կրթական ծրագիր, որովհետեւ հայկական ներուժը, որ գտնւում է Հայաստանի տարածքից դուրս բազմապատիկ աւելին է, քան Հայաստանում, եւ ռազմավարական նշանակութիւն ունեցող այս ծրագիրը պէտք է գործի ոչ միայն ՀՀ կարողութիւնների շրջանակում:
Կարծում ենք, որ եթէ կարողանանք ստեղծել համահայկական կրթական համագործակցութիւն, ինքնաբերաբար կը լուծենք տասը տարի յետոյ օրինակ բիզնես համագործակցութեան հարցը, որովհետեւ եթէ մեր երեխաները կը սկսեն իրար հետ սովորել՝ վաղը սկսելու են իրար հետ նաեւ աշխատել: Այսինքն կը լուծենք բիզնես մտածողութեան, մշակոյթի խնդիրը դպրոցական տարիքից, որ յետագայում վերածուի հարիւրաւոր համատեղ նախագծերի, որ պէտք է փոխի հայկական աշխարհը:
ՇԱՄԱՄ ԳԷՈՐԳԵԱՆ.- Գլենդելում ներդրուեց «Արմաթ» աշխատանոցը «Ակադեմիա Եու.Էս.Էյ»ի (Academy USA) ու Հայ Ճարտարագէտների եւ Գիտնականների միութեան
(ՀՃԳՄ) հետ համագործակցութեամբ: Մենք ընդլայնւում ենք ֆրանչայզինգի միջոցով (Համալիր ձեռնարկատիրական գործունէութեան թոյլտուութիւն) եւ օգտագործող կողմը ԱՄՆում հանդիսանում է «Ակադեմիա Եու.Էս.Էյ»ը, ՀՃԳՄի ՍԹԵՄ ակադեմիան էլ պատասխանատու է մեթոդաբանութեան տեղայնացման եւ գործառութային խնդիրների լուծման համար: Կենտրոնը նախատեսուած է 10-18 տարեկանների համար եւ գործում է »Ակադեմիա Եու.Էս.Էյ«ի տարածքում՝ 1219 Los Angeles St, Glendale, CA 91204 հասցէում:
«Արմաթ»ը միայն ճարտարագիտական աշխատանոց չէ, նաեւ՝ ծրագիր է, որ ներառում է մրցոյթների, ամառային ճամբարների, ցուցահանդէսների կազմակերպում ոչ միայն Հայաստանի աշխատանոցների աշակերտների համար, այլ այն բոլորի, ովքեր ուսանում են »Արմաթ«ում: 2023 թուականի Յունիս-Յուլիս ամիսներին Հայաստանում անցկացնելու ենք ամառային տեխնօ-ճամբար, որին կը մասնակցեն տարբեր երկրների մեր սաները: Հիմնական ծրագրին զուգահեռ, այցելուները կը սովորեն նաեւ ազգային պար, երգ, այսինքն նաեւ հայաճանաչողութիւն ենք իրականացնում: Նժդեհն է ժամանակին ասել, որ գոյութիւն ունի երկու տեսակ հայրենասիրութիւն՝ առաջինը, որ դու ուղղակի ծնուել ես հայ եւ պարտաւոր ես սիրել հայրենիքդ, երկրորդը՝ գիտակցուած հայրենասիրութիւնն է, երբ ճանաչում ես:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ամերիկահայ համայնքն ի՞նչ այլ ձեւերով կարող է նպաստել ծրագրի զարգացմանը:
ՀԱՅԿ ՉՈԲԱՆԵԱՆ.- «Արմաթ»ը շատ ուժեղ գործիք է լուծելու համահայկական խնդիրները եւ պետութեան կայացման խնդիրը, որը պահանջում է հայրենասիրական մակարդակից անցում հաշուարկների: Այն է՝ հաշուի առնել այն բոլոր ռեսուրսները (միջոցները) , որը մենք ունենք, օրինակ տարբեր մշակութային պատկանելիութիւն ունեցող Սփիւռքի մեր հայրենակիցներին, որոնց ողջ ներուժը չի կիրառւում պետութեան համար: Մենք դա անում ենք, կրթութեան միջոցով, եւ «Արմաթ»ը ծառայում է որպէս գործիք:
Սփիւռքի աշխատանոցի աշակերտը պէտք է մտածի, որ անելիք ունի Հայաստանի համար, եւ դա առաջին հերթին Հայաստանի մասին ճանաչողութեան բարձրացումն է, երկրորդը՝ լաւ մասնագէտ դառնալը, որպէսզի ծառայի հայրենիքին անկախ թէ աշխարհի որ երկրում է բնակւում: Օրինակ, «Արմաթ» աշխատանոցներ ունենք Ֆրանսիայի, Քուէյթի հայկական վարժարաններում, եւ պատկերացրէք, որ Գլենդելի աշակերտն այս երկրների հայ աշակերտների հետ ծրագիր է ստեղծում, որը լուծում է Հայաստանի խնդիրները՝ ֆինանսական, հանքարդիւնաբերութեան, եւ իրենց մէջ այդ միտքը սերմանելը մեր առաքելութիւնն է:
ԱՄՆում հիմնել ենք նաեւ «Արմաթ»ի հիմնադրամ՝ դրամահաւաքների նպատակով, որպէսզի կարողանանք ապահովել աշխատանոցներ Հայաստանի ամէն անկիւնում, մեր գիւղերի երեխաներին ընձեռելով նմանատիպ հնարաւորութիւններ, ինչն ունեն աշխարհի զարգացած երկրների երեխաները: Իւրաքանչիւր աշխատանոցի արժէքը շուրջ 18 հազար դոլար է, եւ յորդորում ենք մեր հայրենակիցներին մասնակից լինելու այս համազգային բնոյթի աշխատանքին: