
ԳՈՀԱՐ ՆԱԼԲԱՆԴԵԱՆ
Այս յօդուածում անդրադառնում ենք մինչ «Նեմեսիս» շրջանին, երբ Թուրքիայում ռազմական արտակարգ ատեանի դատարանը երիտթուրք ղեկավարներին մեղաւոր ճանաչեց քրիստոնեայ բնակչութեան տեղահանութեան ու կոտորածների որոշման ընդունման հարցում ու հեռակայ կարգով ենթարկեց մահապատժի եւ «Նեմեսիս»ի մեկնարկին:
Առաջին Համաշխարհային պատերազմում պարտութիւնից յետոյ Թուրքիայում լարուած ու անորոշ մթնոլորտ էր, երկիրը մասնատման ու անգամ վերացման առաջ էր կանգնած:
1918ի Հոկտեմբերի 7ին Թալէաթ փաշայի կառավարութիւնը հրաժարական էր տուել, իսկ Նոյեմբերի 1ի գիշերը, Մուդրոսի զինադադարից յետոյ, երիտթուրք 7 պարագլուխները ծովով փախել էին Գերմանիա:
1918ի Նոյեմբերից ու 1919ի գրեթէ ողջ ընթացքում օսմանալեզու մամուլն անդրադառնում էր այն թեմային, թէ որքան ծանր իրավիճակի է հասցուել երկիրը երիտթուրքերի օրօք, հնչում էին նաեւ մեղադրանքներ քրիստոնեայ բնակչութեանը կոտորելու ու զանգուածային տեղահանութեան ենթարկելու պատճառով:
Այս պայմաններում, արտաքին պարտադրանքներով պայմանաւորուած, քննարկումներ սկսուեցին օսմանեան խորհրդարանում. թեման՝ քրիստոնեայ բնակչութեանը կոտորածի ենթարկելն էր:
Թուրք հասարակութեան մէջ, մամուլում եւ խորհրդարանում տեղի ունեցած քննարկումների արդիւնքում օսմանեան պետութեան խորհրդարանում ստեղծուեց պատգամաւորներից կազմուած 5րդ յանձնախումբը, որը հարցաքննութեան ենթարկեց պատերազմի ընթացքում երկիրը կառավարած վարչակազմերի անդամներին:

Լուսանկարը՝ Մելինէ Անումեանի արխիւից
Յանձնախումբը չհասցրեց գործն աւարտել ու եզրակացութիւն տալ: Քանի որ պատգամաւորների մեծ մասը դեռ երիտթուրք էր, որոշուեց լուծարել խորհրդարանն ու ձեւաւորել նորը: Ամէն դէպքում յանձնախմբի կատարած գործը կարեւոր նշանակութիւն ունեցաւ երիտթուրքերի յետագայ դատավարութեան ժամանակ, քանի որ վկայութիւններն ու խոստովանութիւնները յետագայում տրամադրուեցին Ռազմական արտակարգ ատեանին:
Այդ ընթացքում գործում էին նաեւ այլ հետաքննիչ յանձնաժողովներ: Դրանցից էր Մազհարի յանձնախումբը, որը պատկանում էր ներքին գործերի նախարարութեանը ու կազմուած էր նաեւ իրաւաբաններից: Վերջիններս հետաքննում էին Հայոց Ցեղասպանութեան պատասխանատուներին:
ԹՈՒՐՔԻԱՆ ՍԿՍՈՒՄ Է ԴԱՏԵԼ ՍԵՓԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻՆ
1919ի սկզբին, Փարիզում խաղաղութեան վեհաժողովի շրջանակներում տեղի ունեցաւ նախնական համաժողով, որի արդիւնքում ստեղծուեց Պատասխանատուութեան եւ պատժամիջոցների յանձնաժողովը: «Տասնհինգի յանձնաժողով» անունով յայտնի մարմինը պէտք է գտնէր ու պատժէր պատերազմական յանցագործներին:
Յանձնաժողովի վերջնական զեկոյցը եզրակացրեց, որ «թշնամի երկրների այն բոլոր քաղաքացիները, ովքեր խախտել են մարդկային օրէնքները կամ պատերազմական աւանդոյթները, ենթակայ են դատական հետապնդման»:
Թուրքերը որոշեցին դատավարութիւն սկսել դաշնակից երկրների ճնշումների հետեւանքով. զուտ խղճից ելնելով նրանք նման քայլի չէին դիմի:
Փարիզի վեհաժողովով եւ ապագայում նախատեսուող խաղաղութեան պայմանագրի կնքումով պայմանաւորուած՝ նրանք կարծում էին, որ պէտք է դաշնակից երկրներին ցոյց տալ, թէ իրենք էլ են քննադատում երիտթուրքերին:
Երիտթուրքերի ընդդիմադիր, իշխող «Հիւրրիյէթ վէ Իթիլեաֆ» (Ազատութիւն ու համաձայնութիւն) կուսակցութիւնը նպատակ ունէր քրիստոնեայ բնակչութեան զանգուածային տեղահանութեան եւ կոտորածների համար մեղադրել հիմնականում «Իթթիհաթ վէ Թերաքքի» (Միութիւն եւ առաջադիմութիւն) կուսակցութեանը եւ պատասխանատուութեան ենթարկել առանց պատճառի երկիրը պատերազմի մէջ ներքաշած եւ բազմաթիւ տնտեսական չարաշահումներ կատարած երիտթուրքերին«, նշում է թուրքագէտ, պատմական գիտութիւնների թեկնածու Մելինէ Անումեանը:
Այնուամենայնիւ, երիտթուրքերին յաջողուեց այնպէս անել, որ կուսակցութեան անունը չվարկաբեկուի ու մեղքը բարդուի մի քանի անձանց վրայ միայն:
Անումեանի համոզմամբ, թուրքերը ցանկացան անձամբ իրականացնել դատավարութիւնը, որպէսզի որոշ գաղտնիքներ այդպէս էլ ի յայտ չգան, քանի որ միջազգային ատեանում դատուելու դէպքում բացայայտուելու էին Ցեղասպանութեան այնպիսի փաստեր, որոնք երկրին ձեռնտու չէին լինի:
ԱՌԱՋԻՆ ՄԱՀԱՊԱՏԻԺԸ ՅԱՆՑԱԳՈՐԾՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ ՄԱԼԹԱ
Սուլթան Մեհմեթ 6րդ Վահիդեդդինի յատուկ հրամանագրով Պոլսում ստեղծւում է Ռազմական արտակարգ ատեան, որը 1919ի Ապրիլի 28ից սկսում է քննել Հայոց Ցեղասպանութեան կազմակերպման եւ իրականացման մէջ մեղադրուող երիտթուրքական կուսակցութեան եւ կառավարութեան անդամների գործը:

Երիտթուրքերի պարագլուխների փախուստի մասին յօդուածը
Լուսանկարը՝ Մելինէ Անումեանի արխիւիցԴատավարութիւնը հարթ չի ընթացել, որովհետեւ երիտթուրքերի դրդմամբ, ովքեր դեռ մեծ թուով ներկայացուցիչներ ունէին յատկապէս ուժային կառոյցներում, անկարգութիւններ էին կազմակերպւում, դատաւորների, դատական ատեանի անդամների նկատմամբ բռնութեան կոչեր ու ահաբեկումներ էին արւում:
1919-1921ին Ռազմական դատարանում հայերի տեղահանութեան եւ կոտորածների մեղադրանքով յարուցուած դատական գործերի շարքում առաջինը Եոզղատի դատավարութիւնն էր: Երկրում մեծ ցոյցեր սկսուեցին Ապրիլ-Մայիս ամիսներին, երբ մահապատժի ենթարկուեց Բողազլըեանի գաւառապետ Քեմալը:
Մահապատիժն ի կատար ածուեց Կ. Պոլսի գլխաւոր հրապարակներից մէկում՝ Սուլթան Բայազետում:
«Ըստ օրէնքի՝ մահապատիժը կատարւում էր նախքան արեւածագը, իսկ դատապարտեալի թաղումը՝ անշուք: Մինչդեռ Քեմալի մահապատիժն ի կատար է ածուել երեկոյեան, մասնակցել են բարձրաստիճան պաշտօնեաներ ու հոծ բազմութիւն: Դիակը դրուել է մզկիթի լուացարանում: Մեծ շուքով կազմակերպուել է Քեմալի թաղման արարողութիւնը, որին ներկայ են եղել աւելի քան 10 հազար ցուցարարներ: Ոճրագործը հռչակուել է »ազգային նահատակ«, նրա այրին ու զաւակները՝ վերցուել ազգային խնամակալութեան տակ», պատմում է թուրքագէտը:
Այդ ժամանակ արդէն սկսուել էր յոյն-թուրքական պատերազմը, Յունաստանը Զմիւռնիայում յաջողութիւններ էր գրանցում, ինչը եւս բուռն արձագանք էր առաջացրել: Որպէսզի իրավիճակը մի քիչ հանդարտուի, վարչապետ Դամադ Ֆերիդ փաշան հրահանգեց 41 մեղադրեալների բաց թողնել, ժամանակաւորապէս դադարեցնել կուսակցութեան անդամների դատաքննութիւնը:
Դրանից յետոյ մեծ բրիտանիացի ծովակալ Վեբը որոշում է մի շարք մեղադրեալների տեղափոխել աւելի ապահով վայր, որպէսզի յետագայում Անգլիան ինքը կազմակերպի Հայոց Ցեղասպանութեան պատասխանատուների դատավարութիւնը:
«1919ի Մայիսի 28ին անգլիացիները 67 հոգու, ովքեր ամենավտանգաւորն էին համարւում, բանտից նաւով տեղափոխում են Մալթա կղզի: Վերջին պահին նաւ են նստեցնում եւս 11 յանցագործի: Նրանց յետագայում բաց թողեցին, քանի որ Անգլիան վերջիններիս փոխանակեց իր ռազմագերիների հետ: Այդ մարդիկ վերադարձան Թուրքիա, մասնակցեցին քեմալական շարժմանը եւ դարձան Թուրքիայի Հանրապետութեան հիմնադիրներից», շեշտում է Անումեանը:

ԵՐԻՏԹՈՒՐՔԵՐԻ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ
«Միութիւն եւ առաջադիմութիւն» կուսակցութեան անդամների դատավարութիւնն սկսուել է 1919 Ապրիլի 28ին, հեռակայ կարգով մեղադրուել են 11, իսկ ներկայ՝ 20 կուսակցական գործիչներ ու բարձրաստիճան պաշտօնեաներ:
Դատաքննութեան յանձնաժողովի նախագահ, Մուստաֆա Նազըմը տալիս է հաւանութիւն բացականերին հեռակայ կարգով դատելու համար: Նշւում է, որ «թուարկուած յանցագործութիւնները կատարուել են ոչ թէ կառավարութեան անունից, այլ կուսակցութեան կենտրոնական կոմիտէի որոշումներից ելնելով»:
Կովկասեան ճակատի 3րդ բանակի նախկին հրամանատար, Վեհիբ փաշան դատաքննութեանը ներկայացրած վկայութեան մէջ ասում է, որ «հայերի բնաջնջման եւ ունեցուածքի կողոպտման հարցը վճռուել է «Միութիւն եւ առաջադիմութիւն» կուսակցութեան կենտրոնական կոմիտէի կողմից, իսկ 3րդ բանակի շրջակայքում հրոսակախմբերի կազմակերպողն ու ղեկավարողը եղել է Բեհաէդդին Շաքիր բէյը:
Ներքին գործերի նախարարութեան յատուկ գրասենեակի պետ Իհսան բէյը նոյնպէս հաստատում է, որ Հալէպ գործուղուած Աբդուլլահատ Նուրի բէյը յայտարարել է, որ հայերի տեղահանման հիմնական նպատակը նրանց ոչնչացումն է ու հրամանն ստացել է Թալէաթից:
Հալիտէ Էտիպը վկայել է Թալէաթի խոստովանութիւնը, որ »այնքան ժամանակ, երբ մի ազգ իր սեփական շահերի համար անում է ամէն ինչ եւ յաջողում է, աշխարհն ընդունում է այդ: Ես պատրաստ եմ մեռնելու այդ բանի համար, ինչ կատարեցի եւ ես գիտեմ, որ կը մեռնեմ դրա համար«, յայտարարել է Թալէաթը:
«Ամբաստանագրում շեշտւում էր, թէ ոճիրները կրել են ոչ թէ տեղական բնոյթ, այլ կանխամտածուել եւ իրականացուել են մեղադրեալներից կազմուած »Յատուկ կենտրոն«ի բանաւոր հրահանգներով ու գաղտնի հրամաններով, լիովին ապացուցուել է, թէ հայերի կոտորածները կատարուել են Թալէաթի, Էնվերի եւ Ջեմալի հրամաններով«, շարունակում է Անումեանը:
Կալանաւորների բանտային հսկողութիւնը շատ թոյլ է եղել, նրանք գտնուել են մի խցում, շփուել են իրար հետ, քննարկել, թէ ինչ ցուցմունքներ են տալու, փաթեթներ են ստացել դրսից: Նրանց հանդիպումները որակւում էին որպէս «նախարարների ժողով»:

ՀԱՍՏԱՏՒՈՒՄ Է «ԹԵՇՔԻԼԱԹԸ ՄԱՀՍՈՒՍԷ»Ի ԿԱՊԸ ԵՐԻՏԹՈՒՐՔԵՐԻ ՀԵՏ
Դատավարութեան առանցքում կարեւոր տեղ է զբաղեցրել կոտորածներն իրականացրած «Թեշքիլաթը մահսուսէ»ի (Յատուկ կազմակերպութիւն) անդամների հարցաքննութիւնը: Այս կառոյցը կեանքի էր կոչուել »Միութիւն եւ առաջադիմութիւն« կուսակցութեան կենտրոնական կոմիտէի անդամների որոշմամբ:
«Թեշքիլաթը մահսուսէ»ի անուան տակ գործել են երկու գաղտնի կազմակերպութիւն: Մէկը եղել է զինուորական կազմակերպութիւն եւ նպատակ է ունեցել կովկասեան մուսուլման ժողովուրդների մէջ Ռուսաստանի դէմ խռովութիւն սերմանելու նպատակով հաւաքագրել Կովկասի տարածքին ծանօթ, տեղի ժողովուրդների լեզուների տիրապետող մարդկանց եւ խմբերով ուղարկել սահմանից այն կողմ:
Երկրորդը գտնուել է ներքին գործերի նախարարութեան տրամադրութեան տակ եւ Բեհաէդդին Շաքիրի ղեկավարութեամբ իրականացրել է հայերի տեղահանութիւնը եւ կոտորածը: Սա հաստատել է կոմիտէի անդամ Ռըզա բէյը. «Իմ կարծիքով ռազմական նախարարութեան հրամանով կազմակերպուած «Թեշքիլաթը մահսուսէ»ն գործել է ռազմաճակատում եւ ընդհանրապէս հակառակորդի գտնուած շրջաններում: Միւս՝ երկրորդ «Թեշքիլաթը մահսուսէ»ն ստեղծուել է, որպէսզի մի շարք վիլայէթներում, սանճակներում, կազաներում իրականացնի տեղահանութիւնը»:
Շաքիր բէյի ստորագրութեամբ Խարբերդի վալի Սապիթ բէյին եւ Նազըմ բէյին ուղարկուած հեռագիրը կը նշէ. «Եղբայր իմ, մեզ պարզորոշ տեղեկացրէք, այդտեղից ուղարկուող հայերին զտո՞ւմ էք, թէ ոչ: Վտանգաւոր մարդկանց, որոնց վտարման ու աքսորի մասին յայտնել ենք, ոչնչացնո՞ւմ էք, թէ՞ ճամբու էք դնում»:
Հետաքննութիւններից պարզուել է, որ կուսակցութեան եւ «Թեշքիլաթը մահսուսէ»ին վերաբերող կարեւոր նիւթերը մեծ մասամբ ոչնչացուել են: Դա հիմնականում արուել է դոկտոր Նազըմի կողմից, որը յանցագործութիւնները թաքցնելու նպատակով փախցրել է կուսակցութեան արխիւը:
Միտհատ Շիւքրի բէյը այս առիթով դատարանում խոստովանել է. «Հրաժարական տալու ժամանակ ասաց. «Այս փաստաթղթերը կարեւոր են եւ վերաբերում են ինձ: Ես չեմ ցանկանում 20-23 տարի Փարիզում գտնուելու ընթացքում իմ աշխատանքին վերաբերող փաստաթղթերն այստեղ մնան: Ես իմ յարաբերութիւնները խզում եմ: Նոյնիսկ այսուհետեւ համագումարներին էլ չեմ մասնակցելու»:
Ռազմական արտակարգ ատեանի ձեռքին յայտնուել են մի շարք գրաւոր փաստաթղթեր, որոնք հաստատել են այս երկու կառոյցի միջեւ եղած համագործակցութիւնն ու կապը:
«Մեղադրական եզրակացութիւնը կայացնելիս յենուել են յատկապէս ծածկագիր ու ոչ ծածկագիր հեռագրերի վրայ: Ընդհանրապէս, փաստաթղթերի ոչնչացումը շատ կարեւոր թէմա է: Թալէաթը հեռագրատան աշխատող է եղել ու լաւ իմացել է բոլոր գաղտնիքները, նա իր տնից է կազմակերպել այդ գործընթացն ու հրամայել հեռագիրը ստանալուն պէս ոչնչացնելէ», ասում է Անումեանը:

20 ՄԱՀԱՊԱՏԻԺ, ՈՐՈՆՑԻՑ ՄԻԱՅՆ 3Ն Է ԻՐԱԿԱՆԱՑՈՒԵԼ
Ռազմական արտակարգ ատեանը գլխաւոր դատավարութիւնը վերսկսում է 1919ի Յունիսի 3ին:
Յուլիսի 5ին կայացուած դատավճռով քրէական օրէնսգրքի 45րդ յօդուածի 1ին մասով Թալէաթի, Էնվերի, Ջեմալի եւ Նազըմի նկատմամբ դատարանը մահուան հեռակայ դատավճիռ է կայացնում: Նոյն յօդուածի վերջին կէտի համաձայն Ջաւիդը, Մուստաֆա Շերեֆը եւ շէյխ-ուլ-իսլամ Մուսա Քեազիմը դատապարտւում են 15 տարուայ տաժանակիր աքսորի: Աւելի ուշ կրկին հեռակայ կարգով մահապատժի ենթարկուեց Բեհաէդդին Շաքիրը:
Բաւարար յանցանշաններ չունենալու պատճառով, Ռիֆաթ բէյը եւ Հաշիմ բէյն ազատ են արձակւում: Վերջին երկուսի որոշման հետ դատարանի ոչ բոլոր անդամներն են համաձայն եղել: Դատավճռում ոչինչ չկայ Մալթա կղզի աքսորուած յանցագործների մասին:
Հայերի տեղահանութեան եւ կոտորածների մեղադրանքով յարուցուած աւելի քան 60 դատական գործի արդիւնքում ընդունուել է 20 մահապատժի որոշում, սակայն միայն երեքն են կեանքի կոչուել, միւսները ընդունուել են հեռակայ կարգով:
ԱՅԼ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐ
Կուսակցութեան շրջանային պատասխանատու քարտուղարների եւ պաշտօնատար անձանց դատաքննութիւնը տեղի է ունենում 1919ի Յունիսին, դատավճիռը կայացւում է 1920ի Յունուարի 8ին, մեղադրւում է 36 հոգի:
«Նրանք տեղերում կազմակերպել եւ վերահսկել են տարբեր շրջանների հայութեան տեղահանումն ու կոտորածները, մասնակցել են Թալէաթի եւ նրա գործընկերների կատարած յանցագործութիւններին: Իւրացրել են հայերի գոյքը, կազմակերպել աքսոր, զինուած հրոսակախմբերի հետ շրջել ամէնուր, մեծ հարստութիւն դիզել», շարունակում է Անումեանը:
Մեղադրեալները հիմնականում ասում են, որ ոչինչ չեն իմացել, իրաւունք չունէին միջամտել պետական գործերին, պարզապէս կատարել են հրաման:
«Տեղահանութիւնը տեղի էր ունենում օրէնքի հիման վրայ: Մենք կարո՞ղ էինք արդեօք հակառակուել պետութեան հաստատած օրէնքին… Ինչ-որ տեղահանութեան օրէնք են ասում, դրա հիման վրայ էին կատարում: Այն գործադրւում էր տուեալ վիլայէթի վալիի կողմից, նոյնիսկ ոստիկանութեան եւ ժանտարմի միջոցով: Մենք ինչպէ՞ս կարող էինք միջամտել: Չէ՞ որ օրէնք կար, ժանտարմ կար…», յայտնել է կուսակցութեան Էդիրնէի (Ադրիանապոլիս) պատասխանատու քարտուղար Աբդուլ Ղանի բէյ:
Նրանցից մի քանիսը 10 եւ աւել տարուայ, միւսները մի քանի տարուայ բանտարկութեան են դատապարտւում: Այստեղ եւս մոռացութեան են մատնուած Մալթա աքսորուածները:
Տրապիզոնի դատական գործի ժամանակ Ջեմալ Ազմին եւ Նայիլը հեռակայ կարգով դատապարտուել են մահուան, միւսները տարբեր տարիների աքսորի:
Առանձին-առանձին են տեղի ունեցել նաեւ Երզնկայի, Բաբերդի, Չանքըրըի, Ադաբազարի, Էդիրնէի, Ամասիայի, Դէր Զօրի, Բահչեջիքի, Իզմիթի եւ այլ շրջանների կառավարիչների դատաքննութիւնները:
ՔԵՄԱԼԸ ԼՈՒԾԱՐՈՒՄ Է ՌԱԶՄԱԿԱՆ ԱՏԵԱՆՆԵՐԸ
Քեմալականների իշխանութեան գալով՝ դատավարութիւնը կամաց-կամաց մարում է, ոճրագործներն ազատ են արձակւում կամ արդարացւում: Ի վերջոյ՝ Մուստաֆա Քեմալը լուծարում է ռազմական ատեանները:
Ըստ որոշ աղբիւրների՝ Քեմալը ծածուկ այցելել է բանտ ու հանդիպել երիտթուրք յանցագործներին, հրաժարուել է ընդունել նրանց ոճրագործութիւնը. «Ես» Միութիւն եւ առաջադիմութիւն« կուսակցութեան ներկայացուցիչը չեմ… Սակայն ձեր թոյլտուութեամբ պէտք է ասեմ, որ «Միութիւն եւ առաջադիմութիւն«ը հայրենասէր կազմակերպութիւն էր», ասել է նա անգլիացի գործակալ Ֆրիւին:
Քեմալականների ճնշումների պատճառով Դամադ Ֆերիդը 1920ին հրաժարական է տուել: Նրան փոխարինել է Թեւֆիկ փաշան, որի իշխելու ժամանակ ձերբակալուել են Բաբերդի դատավճիռն արձակած դատաւորները: Դատաւոր Նեմրութ Մուստաֆա փաշան դատապարտուել է 7, իսկ դատարանի անդամները՝ 5 ամսուայ ազատազրկման:
Մահապատժի ենթարկուած 3 անձից երկուսը՝ Մեհմեդ Քեմալը եւ Բեհրամզադէ Նուսրեթը, հերոսացուել են:
ՀԱՅԵՐԻ ՈՒ ՀՀ-Ի ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ԹՈՒՐՔԱԿԱՆ »ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹԵԱՆ«Ը
Դատավարութիւնը սկզբում դռն-բաց էր, սակայն անկարգութիւններով պայմանաւորուած՝ դռն-փակ դարձաւ:
Հայկական մամուլը հետեւում էր իրադարձութիւններին: Հայութիւնը տուժած կողմ էր համարւում, դատավարութեան ժամանակ հայութեան ներկայացուցիչներից էր նաեւ Զաւէն պատրիարքը: 1922ին, երբ քեմալականները վերջնականապէս զաւթեցին իշխանութիւնը, պատրիարքը ամբողջ արխիւն իր հետ վերցնելով՝ տեղափոխւում է Երուսաղէմ: Դատավարութեան ամբողջական փաստաթղթերը, ամենայն հաւանականութեամբ, եւս այնտեղ են գտնւում:
«Մամուլում այսպիսի վերնագրեր էին հանդիպում՝«Արդարութիւն Ալաթուրքա» (թուրքավարի): Այսինքն մամուլը թերահաւատ էր: Հայերն արդարութեան չէին սպասում, որովհետեւ պատահում էին դէպքեր, երբ կարեւոր ոճրագործներ բաց էին թողնւում: Բացի այդ մայրաքաղաքից աւելի հեռու վայրերում դեռ հայեր էին կոտորւում, տեղի էին ունենում ինքնապաշտպանական մարտեր:
Հայաստանի Հանրապետութեան իշխանութիւնը պաշտօնապէս այս դատավարութիւնների մասին յայտարարութեամբ հանդէս չի եկել: Խորհրդարանում քննարկումների ժամանակ հնչած ելոյթներում եւս որեւէ արձագանգ չի եղել», նշում է Անումեանը:
«Եթէ վերջապէս գայ այն օրը, երբ Հայաստանը Թուրքիայի դէմ դատական գործ յարուցի, իրաւական առումով Ռազմական ատեանի ընդունած որոշումները անգնահատելի կը լինեն: Այն ժամանակ «ցեղասպանութիւն» եզրը դեռ չկար, բայց որակումն ամբողջութեամբ տրուել է, ապացուցուել, որ հայերին ոչնչացնելը նախապէս ծրագրաւորուել է երիտթուրքերի կուսակցութեան եւ կառավարութեան կողմից, զանգուածային կոտորածները ու բռնի տեղահանութիւնը եղել են եւ այս ամէնը շեշտուած է մեղադրական եզրակացութեան մէջ», ասում է Անումեանը:
Այսպիսին էր իրավիճակը 1919-21ին Թուրքիայում: Իսկ հայերը ձեւաւորում էին իրենց «Յատուկ գործ»ը կամ «Նեմեսիս»ը, որն էլ հէնց իրականացնելու էր ոճրագործների իրական մահապատիժը:
«ՅԱՏՈՒԿ ԳՈՐԾ»Ի ՄԵԿՆԱՐԿԸ
Թուրքիայի Ռազմական արտակարգ ատեանի դատարանը երիտթուրք յանցագործներին քրէական օրէնսգրքով հեռակայ կարգով դատապարտել էր մահապատժի, սակայն միայն երեք հոգի բարձրացուեց կախաղան, իսկ գլխաւոր կազմակերպիչները վաղուց փախել էին այլ երկրներ: Դատարանի որոշումը փաստացի այդպէս էլ մնաց անկատար:
1920ականների սկզբին Քեմալը, որին աջակցում էին թուրքական բանակն ու հասարակութեան լայն խմբերը, իշխանութիւնն իր ձեռքն էր վերցնում: Այդ նոյն ժամանակ Կիլիկիայում ընթանում էին հայերի ինքնապաշտպանական մարտերը, որոնք, սակայն, վերջնականապէս մարում են 1921ին: Սկսւում է նաեւ յոյն-թուրքական պատերազմը:
Նորաստեղծ Հայաստանի Հանրապետութիւնում շատ ծանր իրավիճակ էր՝ սով, համաճարակ, հազարաւոր գաղթականներ, առանց խոչընդոտի առաջ շարժուող թուրքական բանակ:
«Ռուսաստանում նոր ուժ էր ի յայտ եկել, ընթանում էին քեմալա-բոլշեւիկեան բանակցութիւնները, որոնց արդիւնքը եղաւ Մոսկուայի պայմանագիրը, իսկ դրան նախորդել էր Թալէաթի սպանութիւնը: Առաջին աշխարհամարտից յետոյ Աշխարհաքաղաքական լուրջ փոփոխութիւններ էին ի յայտ եկել. այս ողջ պատկերն ունենալով միայն պէտք է դիտարկել «Յատուկ գործ»ի կամ «Նեմեսիս»ի ձեւաւորումն ու հետագայ գործունէութիւնը», նշում է Հայոց Ցեղասպանութեան թանգարան-հիմնարկից Գոհար Խանումեանը:

ՀՅԴ 9ՐԴ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԸ ՏԱԼԻՍ Է «ՅԱՏՈՒԿ ԳՈՐԾ»Ի ՄԵԿՆԱՐԿԸ
1919ի Սեպտեմբերի 27ին Երեւանում մեկնարկում ու մինչեւ Նոյեմբերի 2ը ընթանում է Հայ Յեղափոխական Դաշնակցութեան 9րդ Ընդհանուր ժողովը:
«Իշխող քաղաքական ուժը՝ ՀՅԴն, պետութեան համար կարեւոր որոշումներ կայացնողն ու պատասխանատուն էր: Համաժողովում շատ հարցեր են քննարկուել՝ տնտեսական, ընկերային, ռազմական: Սակայն առանձնանում է մի կարեւոր որոշում, որն ընդունուել է գերգաղտնի պայմաններում. հայերի կոտորածների կազմակերպիչներին եւ իրագործողներին յայտնաբերել եւ ոչնչացնել: Ամերիկայում Հայաստանի դեսպան Արմէն Գարոյի ղեկավարութեամբ, հիմք է դրւում »Յատուկ գործին», շարունակում է Խանումեանը:
9րդ ժողովը եղաւ երիտթուրքերի դատավարութիւնների աւարտից մի քանի ամիս յետոյ, երբ ակնյայտ էր, որ թուրքերը դատավճիռը չեն իրականացնելու:
Գործողութեան մէջ ներգրաւուած մարդիկ յատուկ պատրաստուածութիւն անցած անձինք են եղել: «Յատուկ գործ»ը, որն աւելի շատ յայտնի է «Նեմեսիս» անունով, վստահուեց ՀՅԴի Յատուկ կամ Պատասխանատու մարմնին:
1920ի Յուլիսին Բոստոնում տեղի է ունենում ՀՅԴ Ամերիկայի 27րդ Շրջանային ժողովը, որը որոշում է ստեղծել նիւթական միջոցներն ապահովող «Յատուկ ֆոնդ»ը:
ԳԱՐՕ-ՆԱԹԱԼԻ-ՍԱՉԱԿԼԵԱՆ
«Յատուկ գործ»ի փաստացի ղեկավարները երեքն էին՝ Արմէն Գարo, Շահան Նաթալի եւ Ահարոն Սաչակլեան:
Գործը ղեկավարում էր Գարոն, նրա համաձայնութեամբ էին մասնակիցներն ընդգրկւում կառոյցի մէջ: Արմէն Գարոն (Գարեգին Փաստրմաճեան) վերահսկում էր ամէն ինչ եւ շատ ժամանակ հեռագրերը ստանալուց յետոյ կարգադրում վառել դրանք՝ իր յուշերում սա յայտնում է նաեւ Սողոմոն Թեհլիրեանը: Երբեմն հրահանգները տրուել են բանաւոր կամ ծածկագրուած:
Գաղափարական կազմակերպիչը Շահան Նաթալին (Յակոբ Տէր Յակոբեան) էր, որը հետախուզական ցանցի ղեկավարն էր եւ աշխուժ գործունէութիւն էր իրականացնում Եւրոպայում՝ Ժընեւում, Փարիզում, Բեռլինում եւ Հռոմում: Նրա հիմնական գործառոյթներն էին յայտնաբերել երիտթուրքերի գտնուելու վայրերը եւ ճշդել անձի ինքնութիւնը:
«Թուրքերի բացայայտումն իրականում դժուար աշխատանք էր, որովհետեւ նրանք փոխում էին իրենց բնակուելու տեղերը, չէին շփւում անծանօթների հետ, փոխել էին անունները: Սխալուելու իրաւունք չկար», պատմում է Խանումեանը:
Ահարոն Սաչակլեանի ով լինելու մասին իմացուել է մահից երկար տարիներ անց, երբ անձնական արխիւներում նրա թոռնուհին՝ Մարիան Մեսրոպեան Մաքքարդին, գտել է անչափ կարեւոր պատմական արժէք ունեցող փաստաթղթեր: Սաչակլեանը զբաղուել է «Յատուկ ֆոնդ»ով՝ գումարների հայթայթմամբ ու հոգացել գործողութեան ծախսերը:
Ըստ Մաքքարդիի՝ «Յատուկ ֆոնդ»ի գումարները հաւաքուել են հայկական տարբեր կազմակերպութիւնների ու անհատների շնորհիւ եւ ծախսուել են խիստ նպատակային:
ԳՈՐԾՈՂՈՒԹԵԱՆ ԱՆՈՒՆԸ՝ «ՆԵՄԵՍԻՍ»
Խանումեանը «Նեմեսիս» անունը հաստատող որեւէ փաստաթուղթ չի տեսել ու գտնում է, որ այն, հաւանաբար, շրջանառութեան մէջ դրուած գործողութեան ծածկանունն է:
«Նեմեսիսը Շահան Նաթալիի կեղծանունն էր, որով 1918ին գիրք է հրատարակել: Ըստ ամենայնի՝ նա էլ հէնց առաջ է քաշել այս անունը: Ահարոն Սաչակլեանի թոռնուհի Մարիան Մեսրոպեան Մաքքարդին իր գրքում յիշատակում է «Յատուկ գործ«»անուանումը, հէնց այդպէս է գրուած նրա պապի արխիւներում գտնուած փաստաթղթերի վրայ», գտնում է նա:
Նաթալիի յուշերում տեսնում ենք, որ նա նաեւ մարտիկներին էր համեմատում Նեմեսիսի՝ վրէժի աստծոյ հետ. «Ո՞վ էր Արամ Երկանեան: Դիտեցէք իր պատկերը: Եւ անոր ճակատը, աչքերը, դէմքը պիտի պատասխանեն ձեզ. հայ Նեմեսիս մը…»:
Յօդուածում մէջբերումներ են արուել Աւետիս Փափազեանի «Հայերի Ցեղասպանութիւնը Ըստ Երիտթուրքերի Դատավարութեան Փաստաթղթերի», Մելինէ Անումեանի «Երիտթուրքերի 1919-1921թթ. Դատավարութիւնների Վաւերագրերը Ըստ Օսմանեան Մամուլի», Ջոն Կիրակոսեանի «Երիտթուրքերը Պատմութեան Դատաստանի Առաջ» գրքերից:
«ՄԵԴԻԱՄԱՔՍ»