
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Հայոց Ցեղասպանութեան Ոգեկոչման միացեալ մարմինն ամէնամեայ յիշատակի ձեռնարկով նշեց Մեծ Եղեռնի 108րդ տարելիցը:
Ապրիլի 22ին, Մոնթեբելլոյի Ցեղասպանութեան զոհերի յուշարձանի շուրջ անցկացուած միջոցառմանը մասնակցում էին երկրի, նահանգի ու քաղաքի օրէնսդիր եւ գործադիր մարմինների ներկայացուցիչներ, հասարակական-քաղաքական գործիչներ, արուեստագէտներ, մտաւորականներ:
Միջոցառումը մեկնարկեց գեղարուեստական յայտագրով` «Հորովել»ով, «Դլէ Եաման»ով, ՀՄԸՄի եւ Հայ Բարեգործական Ընդհանուր Միութեան սկաուտները կատարեցին գոյների ներկայացում, որին հետեւեց Դաւիթ Սամուէլեանի` ազգային հիմների կատարումը:
Հայոց Ցեղասպանութեան Ոգեկոչման միացեալ մարմնի անդամ, դոկտոր Յասմիկ Պարանը ողջունելով ներկաներին՝ նշեց, որ հաւաքը յարգանքի տուրք է մեր սրբադասուած նահատակներին, նաեւ` ազգային ինքնութեան գիտակցման, միաւորման եւ վերապրումի մղումն է խորհրդանշում: Նա անդրադարձաւ հայութեան այսօրուայ հրամայականներին մասնաւորապէս նշելով, որ պէտք է շարունակել Հայոց Ցեղասպանութեան ճանաչման աշխատանքները` թիրախ ունենալով այն երկրներին, որ դեռ չեն ճանաչում 20րդ դարի առաջին ոճրագործութիւնը: «Այդ ջանքերի մէջ մեծ դեր ունի հայ ընտանիքը, որի իւրաքանչիւր չափահաս անդամի պարտաւորութիւնն է հայ ինքնութեան գիտակցութիւնը ներմուծել հայ երեխաների մէջ, որպէսզի նրանք կարողանան որպէս նոր սերունդ դրական եւ արդիւնաւէտ ազդեցութիւն ունենալ մեր ընդhանուր շահերի իրականացման գործում: Մեր գաղափաների եւ մօտեցումների տարբերութիւնները չպէտք է մեզ օտարեն մէկս միւսից, այլ հակառակը` պէտք է լաւագոյնս օգտագործել այդ բոլորը՝ ի շահ մեր իմացական հզօրացման եւ նպատակների իրագործման», իր խօսքում ասաց Պարանը: Նա նաեւ անդրադարձաւ վերջերս Բեւերլի Հիլզում եւ Գլենդելում հակահայկական դրսեւորումներին` մէջբերելով Այնշտայնին, թէ «աշխարհը շատ վտանգաւոր է ապրելու համար ոչ թէ մարդկանց պատճառով, որ չարիք են գործում, այլ մարդկանց` ովքեր թոյլ են տալիս, որ դա իրականացուի», եւ կարեւորեց կառավարութիւնների կողմից խօսքի ու գործողութիւնների համապատասխանելու անհրաժեշտութիւնը նաեւ Արցախի շրջափակման եւ հայերի դէմ թուրք-ադրբեջանական դրսեւորումներում:
Միջոցառման հանդիսավարն էր հեռուստալրագրող, «Ֆոքս Էլ.Էյ.» հեռուստաընկերութեան հաղորդավարուհի Արաքսեա Կարապետեանը, ով նշեց, որ Հայոց Ցեղասպանութեան յիշատակի արարողութիւնը միայն անցեալի մասին չէ, ինչի վկայութիւնն է 44օրեայ պատերազմը, Արցախի ներկայի շրջափակումը: «Ես առիթը բաց չեմ թողնում ներկայացնելու մեր պատմութիւնը, եւ կարեւոր է, որ իւրաքանչիւրն իր տեղում, շրջապատում ներկայացնի թէ՛ անցեալը եւ թէ՛ այն, ինչ տեղի է ունենում այսօր», նշեց Կարապետեանը:
Հայոց Ցեղասպանութեան սրբադասուած նահատակների հոգեհանգստեան կարգ կատարեցին եւ աղօթք հնչեցրեցին առ Աստուած համայնքի հոգեւոր դասի ներկայացուցիչները` ԱՄՆ Արեւմտեան թեմի առաջնորդ Հովնան արք. Տէրտէրեանը, Արեւմտեան Ամերիկայի Հայոց թեմից Միւռոն Ծ. վրդ. Ազնիկեանը, Հայ կաթողիկէ եկեղեցու ԱՄՆ թեմի առաջնորդ Միքայէլ եպս. Մուրատեանը, Հայ աւետարանական եկեղեցու ներկայացուցիչ վերապատուելի Հենրիկ Շահնազարեանը:
Արարողութեանը հետեւեց Մոնթեբելոյի քաղաքապետ Դէյվիդ Թորեսի խօսքը, ով ողջունելով ներկաներին՝ ասաց, որ Ցեղասպանութեան յուշարձանը ոգեշնչել է իրեն ու քաղաքի բնակիչներին՝ որպէս նաեւ արդարութեան համար պայքարի խորհրդանիշ: «Կարեւոր չէ, թէ որքան ժամանակ է անցել Հայոց Ցեղասպանութիւնից, մենք ոչ միայն շարունակելու ենք յիշել նահատակներին, նաեւ այնպէս անել, որ բոլորը ճիշդ անունով նշեն Օսմանեան Թուրքիայի սարսափելի գործողութիւնները, որ ոճիր են համայն մարդկութեան դէմ», մասնաւորապէս նշեց Թորեսը` տեղեկացնելով, որ Մոնթեբելլօ քաղաքի նախկին եւ ներկայ քաղաքապետներն ու քաղխորհրդի անդամներն ընդունել են Արցախի անկախութիւնը ճանաչող բանաձեւ, դատապարտել շրջափակումը եւ աջակցել քոյր քաղաք հռչակուած Ստեփանակերտին:
Կոնգրեսում հայկական հարցերի ջատագով կոնգրեսական Ջուդի Չուն էլ ընդգծեց, որ դեռ կան երկրներ ու անհատներ, ովքեր ցանկանում են ջնջել պատմութիւնն ու հերքում են իրականութիւնը, բայց պէտք է պայքարը շարունակել յանուն ճշմարտութեան վերջնական յաղթանակի: Նա պատմեց, որ Հայաստան ու Արցախ իր այցից առաջ ադրբեջանցի պաշտօնեաները յորդորել են իրեն հրաժարուել այդ մտքից` զգուշացնելով հնարաւոր բացասական հետեւանքների մասին, սակայն դա որեւէ ձեւով չի ազդել իր որոշման վրայ, եւ հակառակը` ամրապնդել է Կոնգրեսում Հայաստանի ու Արցախի հարցերով գործելու իր ցանկութիւնը: «Այսօր կրկին պէտք է կանգնենք Հայաստանի եւ Արցախի կողքին, որ պատմութիւնը չկրկնուի», նշեց Չուն:
Կոնգրեսական Ադամ Շիֆն էլ ահազանգ հնչեցրեց տարածաշրջանում մէկ այլ հնարաւոր ցեղասպանութեան իրականացման մասին: «Այսօր պէտք է յիշատակենք Հայոց Ցեղասպանութեան մէկուկէս միլիոն նահատակներին, բայց պէտք է նաեւ ուշադրութիւն հրաւիրենք տարածաշրջանում այսօր մէկ այլ հնարաւոր ցեղասպանութեան իրագործման իրողութեան վրայ, քանի որ Ադրբեջանը շարունակում է բռնութիւնները հայերի նկատմամբ, սպանութիւններ է իրականացնում շփման գծում, խախտում է մարդու իրաւունքները, եւ պատրաստւում է լայնածաւալ պատերազմի: Ես մշտապէս յորդորում եմ Բայդենի վարչակազմին առաւել գործողութիւններ ձեռնարկել, եւ պատրաստւում եմ բանաձեւ ներկայացնել` աջակցելու Արցախի անկախութեանը, քանզի կարծում եմ, որ տարածաշրջանի բնակիչները մեծ սպառնալիքի առաջ են, եւ մենք պէտք է ամէն ինչ անենք` պաշտպանելու նրանց: Մենք չենք կարող թոյլ տալ, որ մարդկութեան դէմ յարձակումները մնան անպատիժ` լինի դա 108 տարի առաջ, թէ այս տարի»: Ադամ Շիֆը նաեւ յայտարարեց, որ ԱՄՆն պէտք է պատժամիջոցներ կիրառի եւ դադարեցնի աջակցութիւնը Ադրբեջանին, ճնշումներ գործադրի, որ այդ երկիրը բացի Լաչինի միջանցքը, արձակի հայ գերիներին, եւ հաշուետուութիւն ներկայացնի հայկական հոգեւոր եւ մշակութային ժառանգութիւնը ոչնչացնելու համար:
Հայոց Ցեղասպանութեան ոգեկոչման ձեռնարկի գլխաւոր բանախօսն էր փաստաբան Գառնիկ Քերքոնեանը: «Այն, ինչ կ՛ասեմ այսօր, դժուար է լսել, մարսել, եւ որոշներին նոյնիսկ հաւատալ, բայց հաւատացնում եմ, որ այն, ինչ ասում եմ` ցաւալի ճշմարտութիւնն է` գոյաբանական պահ, անարդարութիւն, որ միաժամանակ մեզ դրդում է դէպի անորոշութիւն»: Քերքոնեանը ներկայացրեց արցախեան վերջին պատերազմում ադրբեջանական սառնասիրտ վայրագութիւնների մասին տարեցների, կանանց ու երիտասարդ զինուորների նկատմամբ, յիշեցրեց հայ սպային կացնահարած Սաֆարովի մասին, ում Ադրբեջանը մեծարեց: «Գործ ունենք մենատէր բռնապետի հետ, ով չի թաքցնում, որ ցանկանում է բնաջնջել հայ ժողովրդին, եւ Ալիեւն իր խօսքը հիմնաւորում է նաեւ գործողութիւններով` յարձակուելով ու գրաւելով նաեւ Հայաստանի տարածքը: Նրա ուղերձը յստակ է, եւ այս դէպքում, ինչպէ՞ս ենք նոյնիսկ խօսում Ադրբեջանի կազմում արցախցիների որպէս փոքրամասնութիւն ապրելու եւ անվտանգ գոյատեւելու մասին, ինչպե՞ս է Եւրոպան Հայաստանին յորդորում իջեցնել նշաձողը Արցախի վերաբերեալ, եւ փոքրամասնութեան իրաւունքներ քննարկել, Արցախի ինքնորոշուելու իրաւունքի փոխարէն», հարցադրումներով հանդէս եկաւ փաստաբանը: Նա նշեց, որ հայերն անուժ չեն համաշխարհային գործընթացներում, եւ պէտք է մեր պատմութիւնն ու պահանջը յստակ ու միջազգային հարթակում ընկալելի լեզուով ներկայացնենք: «Ցեղասպանութիւնը միայն անցեալում չէ, նաեւ` այսօր է: Արցախը մեր պատմութիւնն է, Մուսա լերան, Վանի պատմութիւնն է, հայկական ազգային արժանապատուութեան պատմութիւնը` բռնութիւնների եւ տիրողների դէմ», ամփոփեց Քերքոնեանը:
Նրա խօսքին հետեւեց կոնգրեսական Լինդա Սանչեսի ելոյթը, ով իր աջակցութիւնը վերահաստատեց Հայ Դատին: «Ասում են, որ նրանք ովքեր չեն սովորում պատմութիւնից, հակուած են կրկնելու այն, եւ այն ինչ ներկայում իրականացւում է Արցախում` հաստատում է այդ խօսքերը: Չորս ամիս է Ադրբեջանը շրջափակել է Արցախը եւ ստեղծել է մարդասիրական ճգնաժամ: Դիմել եմ եւ շարունակելու եմ դիմել նախագահ Բայդենի վարչակազմին` Ադրբեջանին հաշուետու դարձնելու յորդորով», նշեց Սանչեսը:
Կալիֆորնիայի Ծերակոյտի անդամ, հայկական հարցերի ջատագով, Էնթընի Փորթանթինոն կիսուեց Հայոց Ցեղասպանութեան ժամանակ պատահած մի սարսափելի դրուագով, որ իրեն ցնցել էր` նշելով, որ նման պատմութիւնները բազմազան են եւ շատ նման են այսօր Արցախում տեղի ունեցածին: «108 տարի անց, Թուրքիան եւ Ադրբեջանը շարունակում են իրենց բռնութիւններն հայերի նկատմամբ: Արցախեան վերջին պատերազմից յետոյ եղել եմ Հայաստանում եւ Արցախում, խօսել եմ զինուորների եւ ընտանիքների հետ, եւ շատ զգացմունքային պահեր եմ ունեցել, որ ինձ համակ տխրութիւն է պատճառել եւ զայրացրել, այդ շարքում` այսօրուայ Արցախի շրջափակումը, կրօնական եւ մշակութային բռնութիւնները, Հայաստանում եւ Արցախում ցեղային զտումները: Եւ այս ամէնին զուգահեռ, Սակրամենտոյում Թուրքիայի հիւպատոսը նամակ է յղում օրէնսդիրներին, որտեղ հերքում է Հայոց Ցեղասպանութեան փաստը` նշելով, որ Ցեղասպանութիւն երբեք չի պատահել, որ Թուրքիան ու Հայաստանը լաւ հարեւաններ են: Ինչ ամօթ, ինչպէ՞ս կարող է լաւ հարեւանը յարձակուել եւ սպաննել խաղաղ մարդկանց, նրանց մատնել սովի»:
Փորթանթինոն յայտարարեց, որ շարունակելու է գործընկերների հետ միասին պայքարել Ադրբեջանին տրուող ԱՄՆ ռազմական աջակցութիւնը դադարեցնելու, եւ Լաչինի միջանցքը բացելու ուղղութեամբ:
Լոս Անջելեսի քաղաքապետական խորհրդի նախագահ Փօլ Գրիգորեանը դիմեց ԱՄՆ կառավարութեանը` խօսքից գործի անցնելու կոչով: «55 տարի է, որ հաւաքւում ենք այս սուրբ կէտում` յիշատակելու Հայոց Ցեղասպանութեան անմեղ զոհերին: Հնչել են բազմաթիւ ելոյթներ, եւ դրանց մեծամասնութիւնը նշել են պատճառներ, թէ ինչու է կարեւոր յիշել անցեալը, որ ստիպուած չլինենք այն կրկնել: Այսօր Ադրբեջանը շարունակում է գողանալ քաղաքացիական անձանց եւ գերիներ պահել միջազգային օրէնքների դէմ, ֆաշիստ բռնապետը շարունակում է շրջափակուած պահել 120 հազար հայերի Արցախում՝ փորձելով նրանց սովի մատնել: Որքա՞ն պէտք է ժողովուրդը շարունակի տառապել մինչեւ մեր կառավարութիւնը գործողութիւնների դիմի: Այստեղ տարիներ պահանջել ենք արդարութիւն, եւ ստացել ենք միայն յայտարարութիւններ ու բանաձեւեր, որ ամբողջովին անիմաստ են եւ դատարկ են, եթէ չեն ուղեկցւում գործողութիւններով` դադարեցնելու հայերի դէմ 21րդ դարում իրականացուող ցեղասպանութիւնը: Ապրիլի 24ը պէտք է նաեւ լինի օր, որ բոլորս պաշտպանենք Հայաստանի եւ Արցախի ժողովրդին ցեղապաշտական շարունակուող նախայարձակումներից», յայտնեց Գրիգորեանը:
Կալիֆորնիայի Ներկայացուցիչների տան անդամ, Միգել Սանտիագոն երկրորդեց Գրիգորեանի խօսքերը` ընդգծելով խօսքից գործի անցնելու կարեւորութիւնը: Ծերակոյտի անդամ Բոբ Արչուլետան էլ յայտարարեց, որ կ՛աշխատի Մոնթեբելլոյի Հայոց Ցեղասպանութեան յուշարձանը նահանգի պատմական կառոյցների շարքում ընդգրկելու ուղղութեամբ: Ելոյթ ունեցաւ նաեւ SEIU local 721 արհեստակցական միութեան նախագահ Դէյվիդ Գրինը: Նա նաեւ անդրադարձաւ Լոս Անջելեսի մարզում վերջերս իրականացուած հայատեացութեան դէպքերին` յայտարարելով, որ չեն հանդուրժի էթնիկ կամ կրօնական հետապնդում ո՛չ Լոս Անջելեսում եւ ո՛չ էլ աշխարհի այլ մասերում:
Միջոցառման գեղարուեստական ընդգրկուն յայտագիրը ներառում էր ցուցահանդէս, Աւետիք Մելիք-Սարգսեանի` Հայոց Ցեղասպանութիւնը ներկայացնող լուսանկարների, արխիւային նիւթերի ներկայացում, եւ երաժշտական կատարումներ:
Ելոյթներով հանդէս եկան երգերով` Արսէն Գէորգեանը, Դաւիթ Փիրիճանեանը, Անդրէ Կարապետեանը, Իզապելլա Վերոնիքա Աւոյեանը, Մերի Յակոբեանը, Յակոբ Յակոբեանն ու Արմէն Յովհաննիսեանը, Արսէն Յարութիւնեանը, դուդուկահարներ Աշոտ Հեպոյեանն ու Դաւիթ Սահակեանը, ջութակով` Աննա Եղիազարեանն ու Արտաշէս Մնացականեանը, Օլգա Մաթեւոսեանը, դաշնակահարներ` Շանթ Եդգարեանը, Սոնա Վարդանեանը, թաւջութակահար Յովհաննէս Ալնաքեանը, ասմունքեց Արսինէ Նաւասարդեանը:
Միջոցառումն աւարտուեց Ցեղասպանութեան յուշարձանին այցով եւ Եղեռնի զոհերի յիշատակին ծաղիկների խոնարհումով: