Վարեց՝ ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Արցախի շրջափակումը շարունակւում է շուրջ վեց ամիս. Ադրբեջանն անտեսելով միջազգային իրաւունքի նորմերն (սկզբունքները) ու պահանջները շարունակում է ցեղասպան քաղաքականութիւնը: Ինչպէ՞ս է այս պահին Արցախի ժողովրդի բարոյահոգեբանական, ինչպէս նաեւ տնտեսական եւ անվտանգային վիճակը:

ՍԵՐԳԷՅ ՂԱԶԱՐԵԱՆ.- Բաւականին ծանր իրավիճակ է: Արդէն գրեթէ վեց ամիս է, ինչ Արցախի ժողովուրդը գտնւում է շրջափակման մէջ: Բոլոր բնագաւառները լուրջ վնասներ են կրել ադրբեջանական այս սադրանքի հետեւանքով: Տեղեակ էք, որ Յունուարի 9ից նաեւ Հայաստանից էլեկտրամատակարարումն է խափանուել ադրբեջանցիների կողմից, եւ այս ընթացքում շուրջ 15 անգամ խափանուել է նաեւ գազամատակարարումը, իսկ Մարտի կէսերից զրկուել ենք գազամատակարարումից: Ունենք բազմաթիւ բաժանուած ընտանիքներ` մի մասը գտնւում է Հայաստանում, միւս մասը` Արցախում: Լրջագոյն վնասներ է հասցուած տնտեսութեանը. այս ընթացքում մօտ հազար կազմակերպութիւն Արցախում դադարեցրել է գործունէութիւնը, եւ շուրջ վեց հազար մարդ կորցրել է աշխատանքը, եկամուտի աղբիւրը: Վերամշակող ձեռնարկութիւնները հնարաւորութիւն չունեն մշակելու եւ արտահանելու իրենց արտադրանքը, եւ միեւնոյն ժամանակ, ներկրման հետ էլ կապուած լուրջ խնդիրներ կան: Նոյն կարգի խնդիրներ ունենք նաեւ առողջապահութեան համակարգում` մեր այն քաղաքացիներին, ովքեր ունեն առողջական խնդիրներ, եւ հնարաւոր չի Արցախում տրամադրել համապատասխան բուժծառայութիւն, պէտք է տեղափոխել Հայաստան, որտեղ կարող են բուժօգնութիւն ստանալ: Սակայն ադրբեջանական կողմն այս հարցում էլ է խոչընդոտներ ստեղծում, եւ այս պահի դրութեամբ միայն Կարմիր Խաչի եւ ռուսական խաղաղապահների միջնորդութեամբ է, որ ունենք մարդկանց տեղափոխելու հնարաւորութիւն: Միաժամանակ, Արցախ մարդասիրական օգնութիւնը տեղ հասցնելու կարողութիւններն են բաւական սահմանափակ, քանի որ ադրբեջանական կողմը Կարմիր Խաչի եւ ռուս խաղաղապահների համար էլ է խոչընդոտներ ստեղծում: Այս պահին, օրինակ, Արցախի համար նախատեսուած 500 տոննա մարդասիրական բեռ կայ Գորիս քաղաքում, որ արդէն երկար ժամանակ է չենք կարողանում տեղափոխել Արցախ:
Չնայած այս բոլոր դժուարութիւններին, ի պատիւ մեր հայրենակիցների, առանց հայրենասիրական ճառեր ասելու նշեմ, որ արցախի ժողովուրդն իր առօրեայ կեանքով, յամառութեամբ է պատասխանում Ադրբեջանին, եւ դիմադրութեամբ յաղթահարում ստեղծուած իրավիճակը:
Դուք ճիշդ նշեցիք, բարոյահոգեբանական վիճակի մասին: Թշնամական կողմի կարեւոր նպատակներից է բարոյահոգեբանական ճնշում գործադրել, եւ ինչպէս տեսնում ենք, նրանք չէին սպասում, որ դիմադրողականութիւնն այս կարգի կը լինի, որ նման պայմաններում մարդիկ շարունակում են իրենց առօրեան, նաեւ հարսանիքներ են տեղի ունենում: Սա Արցախի ժողովրդի պատասխանն է:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ձեր խօսքերը շատ քաջալերող են: Արցախի մեր հայրենակիցները բազմաթիւ զրկանքների գնով շարունակում են պայքարել համայն հայութեան հայրենիքի մի հատուածի համար, պաշտպանել սեփական հողում ապրելու իրենց իրաւունքը: Իւրաքանչիւր հայ, իր հնարաւորութիւնների սահմաններում այսօր պէտք է լինի արցախցու կողքին: Միացեալ Նահանգների հայ համայնքի օրակարգն Արցախի հարցով այսօր ի՞նչ առաջնայնութիւններ պէտք է ունենայ: Ինչպէ՞ս կարող է եւ պէտք է Սփիւռքն աջակցի, ո՞րն է այս պահին ամենաարդիւնաւէտ միջոցը:
ՍԵՐԳԷՅ ՂԱԶԱՐԵԱՆ.- Մեր կարծիքով առաջին հերթին պէտք է աշխատանքներ տարուեն, որպէսզի Արցախում ստեղծուած իրավիճակը մնայ ուշադրութեան կենտրոնում: Նայելով միջազգային յարաբերութիւնների այսօրուայ ճգնաժամին, նման տպաւորութիւն է ստեղծւում, որ աշխարհում կայ միայն մէկ խնդիր` Ուկրաինան: Եւ նման իրավիճակ է ստեղծւում, երբ Լաչինի միջանցքի արգելափակման հետ կապուած խնդիրը, մարդասիրական ճգնաժամը, Արցախի բնակիչների անհատական եւ հաւաքական իրաւունքների խախտումները անտեսւում են, կամ մղւում են երկրորդ պլան (մակարդակի): Կարեւոր ուղղութիւններից մէկը հէնց կայանում է նրանում, որ այս հարցը պահուի օրակարգում, եւ համապատասխան շրջանակները, եւ առաջին հերթին պետական պաշտօնեաները, այն գործիչները, ովքեր հնարաւորութիւն ունեն իրենց իրաւասութիւնների, լիազօրութիւնների շրջանակներում գործելու` ձեռնարկեն բոլոր հնարաւոր քայլերը, որպէսզի վերականգնուեն մարդկանց խախտուած իրաւունքները: Եւ կարեւոր մի հարց կայ, որի մասին նշում ենք միշտ, այն է, որ Ադրբեջանը շարունակում է ցեղասպան քաղաքականութիւնը եւ ցանկանում է աւարտին հասցնել իր ծրագրերը կապուած Արցախում էթնիկ (ցեղային) զտումների հետ: Պէտք է ընդգծուի, որ Արցախում մարդկանց իրաւունքները պաշտպանելը ոչ թէ միջազգային հանրութեան, եւ առաջին հերթին հէնց Մինսկի խմբի համանախագահ երկրների` Միացեալ Նահանգների, Ֆրանսիայի, Ռուսաստանի դաշնութեան իրաւասութիւնն է, իրաւունքն է, այլ` դա իրենց պարտականութիւնն է: Նրանք լինելով Ցեղասպանութեան կանխարգելման կոնվենցիայի (պայմանագիրի) անդամ պետութիւններ, պարտաւոր են ձեռնարկել կանխարգելիչ քայլեր` թոյլ չտալու համար նման ոճրագործութիւններ, եւ մենք բազմիցս նշել ենք, որ ամբողջ գործիքակազմը, որին տիրապետում են այդ երկրները եւ միջազգային համապատասխան կառոյցները, հիմա պէտք է օգտագործուի: Եւ պէտք չէ սպասել, որ ինչ-որ յանցագործութիւն տեղի ունենայ եւ յետոյ դատապարտող կոչերով, յայտարարութիւններով հանդէս գալ: Պէտք է քայլեր ձեռնարկել, որպէսզի զսպեն եւ կանխարգելեն նման սցենարները (բեմագրութիւնները):
Կարեւոր է, որ մեր հայրենակիցները իրենց գտնուելու երկրներում, փորձեն օգտագործել բոլոր հնարաւորութիւնները, որպէսզի իշխանութիւնների ուշադրութիւնը հրաւիրուի ստեղծուած իրավիճակի վրայ: Այս է ամէնից կարեւոր ուղղութիւնը:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ընդգծեցիք յատկապէս Մինսկի խմբի անդամ երկրների կողմից, որոնց թւում է նաեւ Միացեալ Նահանգները, Ադրբեջանի ցեղասպան գործողութիւնները կանխելու կարեւորութիւնը: Ի՞նչ հետեւանքներով է յղի ԱՄՆ պետքարտուղարութեան պաշտօնական ներկայացուցչի վերջերս կատարած յայտարարութիւնը, որտեղ նա ողջունել է Արցախի բնակիչների, այսպէս կոչուած, համաներման հարցը դիտարկելու պատրաստակամութեան մասին Ադրբեջանի նախագահի յայտարարութիւնը:
ՍԵՐԳԷՅ ՂԱԶԱՐԵԱՆ.- Մեր կարծիքով, անթոյլատրելի էր, որ Ադրբեջանի նախագահի ռազմատենչ նման յայտարարութիւնները, սպառնալիքները անտեսուէր, եւ համաներում դիտարկելու վերաբերեալ նրա պատրաստակամութիւնը ողջունուէր Միացեալ Նահանգների կողմից: Մենք լրջագոյն մտահոգութիւններ ունենք այս հարցում, եւ մեր պաշտօնական դիրքորոշումը յայտնել ենք` հաշուի առնելով, որ հէնց նման յայտարարութիւնները ԱՄՆի կողմից կամ որեւէ մէկ այլ միջազգային դերակատարի կողմից` լեգիտիմացնում (կ՛օրինականացնեն) են Ադրբեջանի այդ ապակառուցողական, նախայարձակ, ցեղասպան քաղաքականութիւնը: Եւ խնդիրը սրանում է, եւ մենք կոչ ենք արել, որ ամերիկեան կողմը, տեսնելով թէ իրականում որքան ծանր իրավիճակ է ստեղծուած, ոչ թէ ողջունի, Ադրբեջանի կողմից այս ապօրինի ցեղասպան քաղաքականութիւնը, այլ ճիշդ հակառակը` գործադրի բոլոր քայլերը, որ զսպի Ադրբեջանին էթնիկ զտումներ իրականացնելու քաղաքականութիւնը կիրառելուց` հաշուի առնելով, որ ԱՄՆն իր հերթին պատասխանատուութիւն է կրում այս ամէնում:
Ասեմ աւելին, ըստ Ադրբեջանական տեսակէտի կամ դիրքորոշման, Արցախի բոլոր բնակիչները մեղադրեալի կարգավիճակում են` մեղադրւում են անջատողականութեան համար, Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան դէմ ուղղուած յանցագործութիւններում եւ այլն: Եւ սա ի՞նչ է նշանակում, որ 120 հազար մեր բնակիչները, այդ թւում, որոնցից 30 հազարը երեխայ են յանցագո՞րծ են: Ինչպէ՞ս են պատկերացնում այս իրավիճակը Միացեալ Նահանգներում: Եւ ի՞նչ համաներման մասին կարող է խօսք գնալ` մարդկանց, ում իրաւունքները ոտնահարուած են եւ խախտուած են աւելի քան վեց ամիս: Սրա մասին պէտք է խօսուի Միացեալ Նահանգների կողմից: Այլապէս, հնչած նմանատիպ ձեւակերպումները, յայտարարութիւնները լրջագոյն վնաս են հասցւում, եւ ամէնից կարեւորը` նրանց որպէս միջնորդի ընկալման վերաբերեալ էլ այլ կարծիք ձեւաւորւում, ինչը շատ վտանգաւոր է:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Յունիսի մէկին Քիշնեւում տեղի ունեցաւ Հայաստանի վարչապետի հանդիպումը Ադրբեջանի նախագահի, ինչպէս նաեւ Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի (վարչապետի) եւ Եւրոպական խորհրդի նախագահի մասնակցութեամբ, որտեղ քննարկուեց նաեւ Արցախի հարցը: Ինչպէ՞ս էք գնահատում արցախեան հիմնախնդրի քաղաքական կարգաւորմանն ուղղուած միջազգային ջանքերը: Ի՞նչ ակնկալիքներ ունէք նման հանդիպումներից:
ՍԵՐԳԷՅ ՂԱԶԱՐԵԱՆ.- Մենք կարեւորում ենք իւրաքանչիւր միջնորդական ջանք, եւ այն, որ բանակցային ճանապարհով փորձեր կատարուեն հանգուցալուծման, փոխընդունելի լուծումներ գտնելու ուղղութեամբ: Միաժամանակ, կան որոշ վերապահումներ մեր կողմից, որ ճիշդ կը լինի որ չանտեսուեն միջազգային այդ դերակատարների կողմից: Առաջինը, պէտք է հաշուի առնուի Մինսկի խմբի համանախագահութեան ձեւաչափով ընթացող բանակցային գործընթացի փորձը: Երբ, ինչպէս նշեցի, երեք խոշոր պետութիւնների մասնակցութեամբ երկար տարիներ այդ բանակցային գործընթացը Մինսկի խմբի հովանու ներքոյ ընթանում էր, եւ համանախագահ երկրները, տարբեր մակարդակներով, թէ՛ արտգործնախարարների, թէ՛ նախագահների բազմիցս յայտարարել են, որ ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութիւնը չունի ռազմական լուծում: Սակայն, 2020 թուականի աշնանը տեսանք ադրբեջանական նախայարձակումը, որից յետոյ, Ալիեւը համանախագահների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ չնայած նրանք ասում էին, որ հակամարտութիւնը չունի ռազմական լուծում, ինքը ռազմական ճանապարհով լուծել է հարցը, եւ այլեւս նրանց կարիքը չունի: Այսինքն, շատ մեղմ ասած, անյարգալից վերաբերմունքը, որ ցուցաբերուել է նման երկրների նկատմամբ, սա մեր համար թերահաւատութիւն է առաջացնում միւս բոլոր ձեւաչափերի ուղղութեամբ: Միեւնոյն ժամանակ, մենք գտնում ենք, որ միակ ձեւը` դա բանակցային խաղաղ ճանապարհով փորձել գտնել հակամարտութեան լուծումը: Այս առումով, կարեւորում ենք բոլոր տեսակի միջնորդական առաջարկները:
Մենք նաեւ տեսնում ենք, որ մի քանի օր առաջ Ադրբեջանի նախագահն իր յայտարարութեան մէջ հնչեցրեց հերթական սպառնալիքները, իր մտադրութիւնները, որ սահմանագծումն ու սահմանազատումն իրականացուելու է իրենց ուզածով, ինչը շատ խօսուն վկայում է նրանց իրական մտադրութիւնների մասին կապուած բանակցային գործընթացի հետ: Մեր համոզմամբ, միջազգային հանրութիւնը, առաջին հերթին պէտք է այս ուղղութեամբ քայլեր ձեռնարկի, որ ադրբեջանական կողմին կարգի հրաւիրի, որպէսզի Ադրբեջանը գոնէ յարգանքով վերաբերուի այդ միջազգային միջնորդական աշխատանքներին, եւ ամէնից կարեւորը, պէտք է ֆիքսուի (ճշդուի), թէ ի՛նչ մեխանիզմներ (գործիքակազմեր) եւ երաշխիքներ կան, որ կողմերը կատարելու են ստանձնած պարտաւորութիւնները: Սա շատ կարեւոր հանգամանք է, քանզի այդ գործընթացներն արդիւնաւէտութիւն չեն ունենայ առանց յստակ մեխանիզմների՝ գործիքակազմի, որ կը զսպի կողմերին խախտելու ձեռք բերուած պայմանաւորուածութիւնները:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ի՞նչ մեխանիզմների մասին է խօսքը:
ՍԵՐԳԷՅ ՂԱԶԱՐԵԱՆ.- Սա բաւականին բարդ հարց է լինելու` հաշուի առնելով, որ մենք տեսնում ենք, որ միջազգային արդարադատութեան, դատարանի որոշումն անգամ չի կատարւում: Եւ հէնց միջազգային այդ դերակատարները պէտք է փորձեն գոյութիւն ունեցող այս կառոյցների, միջազգային իրաւական ակտերի (օրէնքներու) շրջանակներում վեր հանել այդ գործիքակազմը: Դա կարող է լինել պատժամիջոցներ կամ այլ քայլեր, բայց առանց նման գործիքակազմի` բաւականին բարդ է լինելու:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Մայիսի 14ին Բրիւսելում Եւրախորհրդի նախագահ Շառլ Միշէլը Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպումից յետոյ յայտարարեց, որ նրանք «հաստատել են իրենց միանշանակ հաւատարմութիւնը Հայաստանի (29․800 քառակուսի կիլոմետր) եւ Ադրբեջանի (86․600 հազար քառակուսի կիլոմետր) համապատասխան տարածքային ամբողջականութեանը»: Մայիսի 22ին էլ, Երեւանում, Հայաստանի վարչապետը յստակօրէն հաստատեց, որ իր կողմից Ադրբեջանի ճանաչուած տարածքը ներառում է նաեւ Արցախը: Դրան հետեւեցին Արցախի նախագահի, ԱԺ եւ արտգործնախարարութեան կողմից յայտարարութիւններ, որտեղ ընդգծուեց, որ Արցախի ժողովուրդը պարզապէս չի կարող Ադրբեջանի կազմում ապրել` այնտեղ տիրող հայատեաց քաղաքականութիւնից բխող գոյաբանական վտանգների պատճառով: Միաժամանակ, նախագահ Արայիկ Յարութիւնեանը պատրաստակամութիւն յայտնեց սկսելու միջազգային ձեւաչափով երկխօսութիւն Բաքուի հետ: Արցախը, փաստօրէն ստանձնեց պատասխանատուութիւնն իր ճակատագրի համար: Պատրա՞ստ է Արցախն այսօր հակամարտութեան կարգաւորման շուրջ ուղիղ բանակցութիւնների եւ ո՞ր հարցերն են առանցքային:
ՍԵՐԳԷՅ ՂԱԶԱՐԵԱՆ.- Առաջինը նշեմ, որ Արցախը միշտ է կրել պատասխանատուութիւն, եւ երբեք չի հրաժարուել պատասխանատուութիւնից` իր ճակատագրի համար, եւ ոչ միայն իր, նաեւ, երբ խօսքը գնում է մեր ազգային, հայկական պետութեան շահերի մասին: Արցախը դա ոչ թէ խօսքով է ցոյց տուել, այլ` կոնկրետ քայլերով, գործով, եւ շրջափակման ընթացքում իրավիճակն էլ վկայում է այդ մասին: Մենք գիտենք, որ ադրբեջանական կողմը չի պատրաստւում կանգ առնել, եւ լուծելով Արցախի խնդիրն իրենց օգտին` նրանք անցնելու են Հայաստանի Հանրապետութեան դէմ պայքարին, մեղադրանքներ են առաջ քաշելու, եւ այլն: Սա տեսանելի է: Մենք տեսնում ենք, թէ ինչպէս է ադրբեջանական կողմը արեւմտեան Ադրբեջանի գաղափարն առաջ քաշում, նրանք խօսում են, որ այդ սահմանագծման ու սահմանազատման աշխատանքները իրենց պայմաններով պէտք է ընթանան, կարող են տեւել բաւական երկար տարիներ, եւ հետեւաբար, նրանք չեն էլ պատրաստւում դուրս բերել Հայաստանի սուվերեն (գերիշխան) տարածքներ ներխուժած ադրբեջանական զինուած ուժերին: Այստեղ պէտք է կրկին նշեմ Մինսի խմբի ձեւաչափի օրինակը` հաշուի առնելով, որ այդ շրջանակներում հսկայական փորձ է կուտակուած, բաւականին լուրջ մասնագիտական աշխատանք է կատարուած, ոը նոյնպէս կարող էր օգուտ բերել, բայց այս ամէնն անտեսուեց Ադրբեջանի կողմից:
Մեր դիրքորոշումն հետեւեալն է` Արցախեան կողմը բոլորից լաւ իմանալով խաղաղ ապրելու գինը, հաշուի առնելով նաեւ, որ մեր ժողովուրդը, պատերազմի հետեւանքով կրել է բազմաթիւ զրկանքներ, ունեցել է բազմաթիւ կորուստներ եւ այլն, եւ բոլորից լաւ է գիտակցում այդ խաղաղութեան գինը` առաջին շահագրգիռ կողմն է, որ բանակցային ճանապարհով փորձենք գտնել փոխընդունելի լուծումներ` փոխզիջումային տարբերակով, բայց կարեւոր խնդիրը կայանում է նրանում, որ միայն մեր ցանկութիւնը այստեղ բաւարար չէ, միւս կողմը չի ցանկանում գնալ այս ճանապարհով: Եւ միջնորդների աշխատանքի հիմնական ուղղութիւնը պէտք է լինի այն, որ Ադրբեջանին բանակցային սեղանի շուրջ նստեցնեն, եւ կողմերը երկար ժամանակ աշխատեն վստահութիւն ձեռք բերելու ուղղութեամբ, որից յետոյ կարող են անցնել այն լուրջ, բարդ, ծանր հարցերի քննարկմանը: Ցաւօք, մենք տեսնում ենք ճիշդ հակառակը, երբ Ադրբեջանը որեւէ մի քայլ չի կատարել այս ընթացքում վստահութիւն ձեռք բերելու ուղղութեամբ, եւ ճիշդ հակառակն է արել` խափանելով գազամատակարարումը, էլեկտրամատակարարումը, արգելափակելով ճանապարհը, խնդիրներ ստեղծելով քաղաքացիների համար, խախտելով մարդկանց իրաւունքները: Այսպէս անհնար է վստահութիւն ձեռք բերել եւ ճիշդ հակառակը` սրանով այն բոլոր յոյսերը եւ հեռանկարները արդէն չեղարկւում են: Նշեցի, որ կարեւոր տարրերից մէկը, որը մենք ակնկալում ենք բանակցային գործընթացից, որ պէտք է լինեն մեխանիզմներ, որ կողմերը իրենց ստանձնած պարտաւորութիւնները կատարելու են եւ չկատարելու դէպքում ինչ գործիքակազմ է կիրառուելու: Մենք հիմա ունենք Նոյեմբերի 9ի եռակողմ յայտարարութիւն, որի դրոյթները խախտւում են: Հիմա որտեղից երաշխիքներ կան, որ միւս փաստաթղթերը, որոնք ստորագրուելու են` չեն անտեսուելու: Առաջին հերթին պէտք է քայլեր ձեռնարկել, որ ադրբեջանական կողմը կատարի ստանձնած պարտաւորութիւնները, եւ կոնկրետ` Նոյեմբերի 9ի փաստաթղթով պարտաւորութիւնը, այն է` երաշխաւորել ճանապարհի, միջանցքի անվտանգ գործունէութիւնը:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Եթէ այնուամենայնիւ, Ալիեւն իրականացնում է հարցի ոչ-խաղաղ ճանապարհով կարգաւորման իր սպառնալիքները, Արցախը պատրա՞ստ է նման լուծման:
ՍԵՐԳԷՅ ՂԱԶԱՐԵԱՆ.- Արցախը, ինչպէս նշեցի, առանց բարձրագոչ խօսքերի, իր ամէնօրեայ կեանքով է պատասխանում այդ հարցին:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ի՞նչ ուղերձ ունէք ամերիկահայ համայնքին:
ՍԵՐԳԷՅ ՂԱԶԱՐԵԱՆ.- Իրականում լրջագոյն խնդիրներ են մեր առջեւ ծառացած, եւ լուրջ մարտահրաւէրների առաջ ենք կանգնած ամբողջ հայ ազգը, հայ ժողովուրդը, հայոց պետականութիւնը: Նման մարտահրաւէրներն ու խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է համազգային համախմբում` անկախ մեր քաղաքական տարբերուող տեսակէտներից, հայեացքներից: Պէտք է գիտակցենք, որ այսօր ազգային արժանապատուութիւն պահելու եւ կորցնելու հարց է: Այսօր ազգային պետականութիւն պահելու եւ կորցնելու առջեւ ենք կանգնած: Եւ միայն երբ գիտակցենք այդ համախմբման անհրաժեշտութիւնը, եւ խօսքից անցնենք գործի եւ ամէն անձ գիտակցի, որ ցանկութեան դէպքում, միայնակ էլ կարող է իր կողմից քայլեր ձեռնարկել, որպէսզի թոյլ չտայ այդ սցենարն իրականացուի: Շատ կարեւոր է, որ բոլորս գիտակցենք պահի լրջութիւնը: Յետոյ կարող է շատ ուշ լինել, եւ պէտք է գործադրուեն բոլոր քայլերը կանխարգելելու համար նման վտանգները: Սա է, կարեւորը, որ կը ցանկանայի փոխանցել, եւ օգտուելով հնարաւորութիւնից, Արցախի իշխանութիւնների, ժողովրդի անունից մեր շնորհակալութիւնն եմ ցանկանում յայտնել ԱՄՆում բնակուող մեր քոյրերին, եղբայրներին` Արցախի կողքին մշտապէս լինելու համար, Արցախին աջակցելու համար, եւ վստահեցնում ենք, որ չնայած բոլոր դժուարութիւններին, արցախցին շատ ամուր է կանգնած իր հողում:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Պարոն Ղազարեան, շնորհակալութիւն հարցազրոյցի համար: Արցախցիների դիմակայելու վճռականութեան մասին ձեր հաւաստիացումները գօտեպնդող էին: Ամերիկահայ համայնքն էլ ձեր կողքին է: Մաղթում ենք ձեզ ուժ եւ միանում ենք համախմբուելու ձեր կոչին, քանզի միայն միասնաբար է հնարաւոր յաղթահարել հայ ժողովրդի գոյապայքարի հերթական փուլը: