
ԱՐԱՄ ԽԱՉԱՏՈՒՐԵԱՆԻ ԾՆՆԴԵԱՆ 120ԱՄԵԱԿ
(Համառօտ Կենսագրական Ակնարկ)
ՀԵՆՐԻԿ ԱՆԱՍԵԱՆ
Երկար ժամանակ է մտածում եմ, թէ ինչո՞ւ Հայաստանը չի անդրադառնում մեր հանճար Արամ Խաչատուրեսանի ծննդեան 120ամեակին: Հասկանում եմ, Հայաստանի եւ ընդհանրապէս հայ ազգի համար դժուարին, ճակատագրական օրեր են, մարդկանց անդորրը խախտուել է, ապագան մռայլ է ու անորոշ: Սակայն երբեք պիտի չմոռանալ, որ անարդարութեան դէմ պայքարի ձեւերից մէկն էլ ժամամակ առ ժամանակ համաշխարհային չափանիշով, ի ցոյց աշխարհի, մեր Մեծերի մասին յիշեցնելն ու նորովի գնահատելն է:
Եւ ի ուրախութիւն ինձ, Մայիս 30ին, հայաստանեան լուրերից յայտնի դարձաւ, որ Յունիսի 6-8ը, երեք օր շարունակ Երեւանի օպերային թատրոնում նշուելու է Արամ Խաչատուրեանի փառապանծ յոբելեանը:
Պատրաստւում եմ անցնել համակարգչի առջեւ յօդուած գրելու Խաչատուրեանի մասին եւ հնչում է հեռախօսազանգը.
– Մաեստրօ, տանն է՞ք:
– Այո, Յակոբ ջան, ի՞նչ կայ, ի՞նչ է եղել:
– Խորհուրդի պէտք ունեմ, կարո՞ղ եմ գալ ձեզ մօտ:
– Անշուշտ Յակոբ ջան, արի, սպասում եմ:
Վաղուց գիտեմ Յակոբ Յովհաննիսեանին, Լոս Անջելէսի Հայաստանի Հանրապետութեան հիւպատոսութեան հիմնադրման առաջին իսկ օրերից: Շատերը գիտեն նրան: Շատ մարդիկ են օգտուել նրա բարի ծառայութիւնից: Ինչպէս միշտ, այս անգամ էլ ձեռքերը դատարկ չմտաւ մեր տնից ներս:
– Արի, արի՜եղբսյրս, պատմիր, ի՞նչպէս են գործերդ: Կարողացա՞ր Մաշտոց քոլէճը ոտքի հանել:
– Կարծես թէ ստացւում է: Ժամանակ է պէտք մաեստրօ: Ուզում եմ մի խոշոր ձեռնարկ իրականացնել քոլէճի անունով: Նպատակս է Արամ Խաչատուրեանի ծննդեան 120ամեակի առթիւ սիմֆոնիկ համերգ կազմակերպել: Դուք դրա մասնագէտն էք, երկու թէ երեք անգամ նշել էք հանճարեղ հայորդու յոբելեանը: Ի՞նչ է ձեր կարծիքը:
– Յակոբ ջան, լաւ գաղափար է, բայց շատ վատ ժամանակ ես ընտրել: Ինքս յօդուած եմ ուզում գրել այդ յոբելեանի առթիւ, բայց տատանւում եմ: Ողջ հայ ժողովուրդն այս օրերին հոգեպէս ծանր ապրումների մէջ է, ի՞նչ յոբելեանի ժամանակ է: Համբերիր մինչեւ աշուն:
– Արդէն աշունն եմ նկատի առել մաեստրօ: Միայն թէ կ՚՛ուզէի իմանալ, դուք պատրա՞ստ էք օգնել ինձ իրականացնելու համար այդ յոյժ կարեւոր ձեռնարկը:
– Անկասկած, ամէնակարեւորը՝ նիւթականը ապահովելն է, հովանաւորներ գտնելը, մշակութային միութիւններին ներգրաւելն ու զօրաշարժի ենթարկելը մամուլն ու հեռուստատեսութիւնը: Սկզբից ասեմ, բաւական ծախսալից ձեռնարկ է լինելու: Նկատի առ, որ Խաչատուրեան կատարելու համար նուազագոյնը 60 երաժիշտ-կատարող է անհրաժեշտ նուազախմբի համար:
– Շնորհակալ եմ մաեստրօ լուսաբանութեան համար: Ամէն ջանք պիտի գործադրեմ նպատակիս հասնելու համար: Ամէն ինչի մասին պարբերաբար ձեզ տեղեակ կը պահեմ;
– Յաջողութիւն բարեկամս: Քո ոգեւորութիւնը ինձ փոխանցուեց: Ես էլ անցնեմ Արամ Խաչատուրեանի մասին յօդուած գրելուն:
… Ամէն մի ազգ մեծ է իր մեծերով, եւ եթէ այդ մեծերից ոմանց յաջողւում է մտնել աշխարհի Մեծերի շարքը, ասել է թէ այդ քչերը, եզակիները, դառնում են իրենց ծնող ժողովրդի մշակոյթի ջահակիրներ եւ անմահութեան են առաջնորդում նրան:
Այդ քչերից մէկն էլ Արամ Խաչատուրեանն է՝ իր շքեղ, շէնշող երաժշտութեամբ աշխարհը նուաճած ՀԱՅԸ, որը որքանով որ մեծացաւ տարիների ընթացքում, նոյն եւ աւելի չափով մեծացրեց իր ազգին ու է՜լ աւելի ճանաչելի դարձրեց աշխարհին:
Մահուանից (1978) տասը տարի առաջ գրած նամակներից մէկում ահա թէ ինչ է գրում Խաչատուրեանը․ «Հայաստանը իմ հայրենիքն է: Ժողովուրդը՝ այո: Ես երբեք այսքան շատ չեմ մտածել այդ մասին, որ հայ եմ, երբեք չեմ մտածել ինչպէս հիմա»:
Որքան էլ աշխարհաքաղաքացի, Խաչատուրեանը գտնում էր, որ արուեստն ու մշակոյթը համամարդկային լինելով հանդերձ, պիտի որ ունենան ազգային պատկանելութիւն, եւ ամէնից առաջ պիտի արտացոլեն տուեալ ազգի հոգին ու բանականութիւնը, պայքարն ու հայրենասիրութիւնը, գծեր, որոնք պիտի տարբերեն մէկ ազգը միւսից:
– Ես շարունակում եմ հաւաստել, – գրում է կոմպոզիտորը (յօրինողը),- որ անգամ կոմունիզմի (համայնավարութեան) ժամանակ (համենայն դէպս շատ երկար) արուեստն ազգային կը լինի, այսինքն արուեստի ազգային ոճական առանձնայատկութիւններն ու բնոյթը կը մնան:
Արամ Խաչատուրեանի հոգում այնքան էլ վաղ չեն դրսեւորուել երաժշտական ունակութիւնները եւ միայն 19 տարեկան հասակում է, ինքնակրթութեամբ զբաղուել երաժշտութեամբ: Հիմնականում Թիֆլիսի բազմազգ ժողովրդական երաժշտական արուեստը եղաւ նրա առաջին հաղորդակցութիւնը երաժշտական աշխարհի հետ: Հայկական աշուղական արուեստը, սազանդարներն ու զուռնաչիները եղան նրա առաջին ուսուցիչները:
Նկատենք սակայն, որ լսելով ժողովրդական ստեղծագործութեան հրաշալի նմուշներ, Խաչատուրեանը երբեք չի ընդօրինակել եւ կրկնօրինակել դրանք: Ժողովրդական երաժշտութիւնից վերցրել է միայն ու միայն ազգային-պարային տարատեսակ ռիթմերը (կշռոյթ):
– Յիշում եմ,- գրում է Խաչատուրեանը,- թէ ինչպէս պղնձէ լագանը (տաշտ) ձեռքիս բարձրանում էի ձեղնայարկ եւ եռանդագին նրա վրայ թխթխկացնում էի իմ լսած եւ ինձ զարմացրած ժողովրդական ռիթմերը՝ փորձելով նորութիւն մտցնել դրանց տարբերակման ու զուգորդման մէջ:
Ստողծագործական ակնառու տուեալների շնորիւ, ինքնուս Արամին յաջողւում է ընդունուել Մոսկուայի երաժշտական ուսումնարանի՝ սկզբում թաւջութակի, իսկ յետոյ ստեղծագործական դասարանը: 1922-29ին նրա ուսուցիչներն են լինում նշանաւոր մանկավարժ-կոմպոզիտորներ Գնեսինը, Գլիէրը, Բիչկովը եւ ուրիշներ: 1934-36ին Խաչատուրեանը իր ստեղծագործական տաղանդը ամբողջացնում է խորհրդային նշանաւոր կոմպոզիտոր Մեասկովսկիի դասարանում:
Դեռեւս ուսանողական տարիներին, Խաչատուրեանը յօրինում է մի շարք սենեկային-գործիքային ստեղծագործութիւններ, որոնք այսօր էլ տեղ են գտնում երաժիշտ-կատարողների երկացանկում:
Ճիշդ է, որ Խաչատուրեանի ստեղծագործական գործունէութիւնը հիմնականում ծաւալուեց Մոսկուայում, սակայն նա մշտապէս կապ է պահպանել հայ մշակոյթի հետ: Եւ այդ կապերի ամրապնդմանը նպաստել է Մոսկուայի Հայաստանի մշակութային տանը նրա ծաւալած աշխոյժ գործունէութիւնը: Այդ տանը նա ստեղծագործական եւ կատարողական սերտ կապերի մէջ է եղել Ալ. Սպենդիարեանի, Մարտիրոս Սարեանի, Շարա Տալեանի հետ: Իսկ նշանաւոր բեմադրիչ Ռուբէն Սիմոնովի ղեկավարած «Դրամատիկական ստուդիա»ի բեմադրած Յակոբ Պարոնեանի «Արեւելեան Ատամնաբոյժ», «Պաղտասար Աղբար» եւ Սունդուկեանի «Խաթաբալա» ներկայացումները կենդանի հաղորդականութիւն վայելեցին խանդավառ հանդիսատեսի շրջանում՝ շնորհիւ Խաչատուրեանի գունագեղ երաժշտութեան:
Թատերական ներկայացումների համար Արամ Խաչատուրեանի գրած երաժշտութեան շնորհիւ, անցեալ դարի 30ականներին մի նոր դարաշրջան է բացւում Հայաստանի եւ ողջ Խորհրդային Միութեան դասական, սիմֆոնիկ երաժշտութեան յետագայ զարգացման համար:
Համաշխարհային երաժշտական արուեստի, ռուսական երաժշտական դպրոցի եւ, յատկապէս հայ երաժշտական մշակոյթի ձուլարանում է ձեւաւորւում Արամ Խաչատուրեանի երաժշտական մտածողութիւնն ու գրելաոճը: Նրա երաժշտութիւնը սերտօրէն կապուած է Կոմիտասի, Ռոմանոս Մելիքեանի, Ալ. Սպենդիարեանի, յատկապէս՝ ժողովրդական երաժշտութեան հետ:
Արամ Խաչատուրեանը երբեք չէր մոռանում իր մեծանուն ուսուցիչների անունները թուելուց առաջ նշել հայ ժողովրդի երաժշտութեան Մեսրոպ Մաշտոց՝ Կոմիտասի անունը եւ հպարտութեամբ բարձրաձայնում էր. «Կոմիտասը՝ հայ երաժշտական դպրոցի հիմնադիրը, եղել է եւ կը մնայ իմ մեծ ուսուցիչը: Երբ մտածում եմ Կոմիտասի մասին, լիաթոք շնչում եմ իմ Հայաստանի օդը»:
Իր գործերը յօրինելիս, Արամ Խաչատուրեանը հիմնականում օգտուել է հայ ժողովրդական գործիքային երաժշտութեան հարուստ շտեմարանից:
Իր ստեղծագործութիւններում Խաչատուրեանը չի ձգտել բնօրինակի տեսքով պահել ժողովրդական երաժշտութիւնը, այլ համարձակօրէն, դրանց մէջ գտնելով բազմաթիւ չերեւացող, ստուերում ընթացող ենթաձայներ, դրանք վեր է հանել ու
նոր, շքեղ հանդերձանքով է ներկայացրել ունկնդրին:
Ինչպէս գրում է մամուլը․ «Լայնօրէն օգտագործելով ժողովրդական ինտոնացիաները (եղանակում), ռիթմերը, Խաչատուրեանը երեւան է հանում դրանց մէջ թաքնուած ներքին ուժը, որ երաժշտական լարուած զարգացման ազատ հոսքի մէջ, դրանք ձեռք են բերում նոր կեանք, նոր յատկութիւններ»:
Արամ Խաչատուրեանը սիմֆոնիզացիայի (սիմֆոնիկ հնչողութեան) է ենթարկել ժողովրդական երաժշտութիւնը, որի շնորհիւ էլ այն հարստացել է նոր բովանդակութեամբ, նոր կերպարներով, նոր ձեւերով ու արտայայտչամիջոցներով:
Քսաներորդ դարի հայ դասական երաժշտութեան առաջին բալետի («Երջանկութիւն», յետագայում «Գայանէ»), առաջին սիմֆոնիայի, առաջին գործիքային կոնցերտոների (ջութակ, դաշնամուր, թաւջութակ) հեղինակը Արամ Խաչատուրեանն է, ինչպէս նաեւ հայկական առաջին հնչուն «Պեպօ» ֆիլմի երաժշտութեան հեղինակը:
Ապրելով իր ժամանակակից կոմպոզիտորներ Շոստակովիչի եւ Պրոկոֆեւի կողքին, նրանց պէս գրելով սիմֆոնիաներ, Խաչատուրեանը իր համար գծեց ինքնուրոյն ուղի, այն է՝ սիմֆոնիկ երաժշտութիւնը մօտեցնել ժողովրդական երաժշտութեանը:
«Սիմֆոնիայի մեղեդիները պէտք է յիշուեն, ինչպէս դասականների սիմֆոնիաների պարագային», այս է Խաչատուրեանի նշանաբանը իր սիմֆոնիկ մտածողութեան մէջ:
– Շոստակովիչից, անշուշտ շատ բան եմ վերցրել, սակայն այնքանով, որքանով ինձ հնարաւոր էր նրանից վերցնել,- գրում է Խաչատուրեանը եւ շարունակում,- ես նկատի ունեմ, որ այդ մեծ կոմպոզիտորի ստեղծագործութիւնը հասկանում եմ եւ բարձր եմ գնահատում, բայց նրա հնարները ամբողջովին խորթ են իմ գաղափարներին: Եւ սա ես ասում եմ ոչ որպէս դատապարտում: Լաւ է, որ մենք հակադիր ենք մէկս միւսին:
Լաւ է ասուած՝ «հակադիր ենք մէկս միւսին», եւ այդ հակադրութիւնը հիմնականում գալիս է նրանից, որ Խաչատուրեանի մօտ հիմնականը մեղեդին է, մեղեդի՜ն՝ շքեղ հանդերձանքով, որ կատարման առաջին իսկ վայրկեանից ընկալւում է ունկնդրի կողմից ու մնում նրա յիշողութեան մէջ: Իսկ Շոստակովիչի մօտ՝ աւելի քան փայլուն հանդերձանքը ոչ այնքան գեղեցիկ մարմնի վրայ:
Նշանաւոր են Արամ Խաչատուրեանի «Գայանէ» եւ «Սպարտակ» բալետները: Առաջինում ժողովրդական պարերի երաժշտութիւնը աչքի է ընկնում ակնառու երեւակայութեամբ ու փայլուն, լուսաւոր, պայծառ գործիքաւորմամբ: «Սպարտակ» բալետում կոմպոզիտորը անդրադարձել է հին Հռոմի ստրուկների ապստամբութեանը, որով արտայայտել է յանուն ազատութեան եւ մարդկային արժանապատւութեան համար պայքարի ելած ժողովրդի ձգտումը:
Ժողովրդի կողմից չափազանց սիրուած են նաեւ դրամատիկական ներկայացումների համար գրուած կոմպոզիտորի երաժշտութիւնը: Յիշենք Լերմոնտովի «Պարահանդէս-Դիմակահանդէս»ի համար կոմպոզիտորի գրած երաժշտութիւնը, նշանաւոր «Վալս»ով:
Մեծ չէ թիւը Խաչատուրեանի հայկական երգերի: Դրանք կարելի է մատների վրայ հաշուել: Հետաքրքիրն այն է, որ նա մի՛շտ է ձգտել աւելի շատ երգեր գրել, բայց նրա աշխարհածաւալ մտածողութիւնը մշտապէս խանգարել է իրեն երգեր, մանաւանդ լաւ երգեր գրելուն:
Արամ Խաչատուրեանը երաժշտական արուեստը տեսնում էր արուեստի միւս ճիւղերի՝ թատրոնի, գրականութեան, նկարչութեան հետ զուգահեռ ընթացող մի համակցութիւն, որը ոչ միայն հաճոյք պիտի պատճառի մարդկանց, այլեւ պիտի օգնի զարգացնելու նրանց ընդհանուր գիտելիքներն ու բանիմացութիւնը:
Երաժշտագէտ Մարգարիտ Յարութիւնեանին ուղղուած նամակում ահա թէ ինչ է գրում Խաչատուրեանը.
– Տես եւ հետեւիր երաժշտութեան եւ արուեստի միւս տեսակների միջեւ եղած ԲԱԼԱՆՍԻՆ (հաւասարակշռութիւն): Եթէ երաժշտութիւնը կենտրոնական ու գլխաւոր տեղ գրաւի այդ աշխատութեան մէջ, յանկարծ չստացուի «Վիթխարի փոր, կարճլիկ ոտքեր եւ փոքրիկ գլուխ…»: Ես կարծում եմ, որ դու պէտք է ապացուցես, որ հայերը, չնայած զանգուածային բնաջնջման, չնայած թշնամիների հալածանքներին, կարողացել են պահպանել ե՛ւ ազգը, լեզուն, մշակոյթը եւ թէ կրօնը:
Այսօր մենք երախտապարտ պիտի լինենք համաշխարհային համբաւի տիրացած մեր հայրենակից հանճարեղ կոմպոզիտոր, ուղն ու ծուծով մոլեռանդ հայ Արամ Խաչատուրեանին, որի շնորհիւ Հայ երաժշտութիւնը համաշխարհային ճանաչման արժանացաւ:
Յունիս 1 2023