ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Երուսաղէմի հայկական թաղամասի Հարաւ-արեւմտեան հատուածում գտնուող «կովերի պարտէզ» պատրիարքապատկան կալուածի խնդրայարոյց վարձակալութեան հարցը լուծելու նպատակով, այս օրերին հայ իրաւաբանների միջազգային առաքելութիւն է ուղեւորուել Երուսաղէմ եւ Յորդանան: Այս մասին յայտնի դարձաւ Յունիսի 2ին, Լոս Անջելեսում` խնդրով մտահոգ համայնքի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ, որ նախաձեռնել էր ամերիկահայ բարերար, հասարակական գործիչ Ճեք Իւրէճեանը: «Այս միջոցառումը կազմակերպել եմ, որ ամերիկահայ համայնքը միասնական կերպով թիկունք կանգնի Երուսաղէմի հայ համայնքին, որ շատ դժուարին ժամանակներ է ապրում: Անիրաւ գործեր են կատարուել Երուսաղէմում: Ես չեմ հասկանում, թէ ինչ տեսակ գրիչ է կարողացել ստորագրել մի պայմանագիր` մէկ րոպէ անգամ չխորհելով, թէ որքան վնաս պիտի տայ այս թուղթը բոլոր հայերին: Չեմ ցանկանում, որ մեզ դաւաճան համարեն, որովհետեւ այս հողերը, որ 600 տարի է պահել ենք, սուրբ է ոչ միայն հայերի համար. այս գործարքն ազդել է նաեւ արաբական աշխարհի վրայ: Ես Երուսաղէմում եմ ծնուել ու մեծացել, եւ այս հարցը սրտումս է: Այստեղ չես կարող մէկ մետր հող կամ շինութիւն վաճառել: Պաղեստինի նախկին նախագահ Եասէր Արաֆաթը, տարիներ առաջ Իսրայէլի վարչապետի հետ հանդիպումը չեղարկեց այն պահին, երբ վերջինս հարց բարձրացրեց, որ հայերին պատկանող հողերն անցնեն Իսրայէլին: Եւ հիմա, մի գրչով, այդ տարածքներն յանձնւում են ընդամէնը մէկ կամ երկու միլիոն դոլարով, այնինչ հրեաների համար այս հողը հարիւրաւոր միլիոն դոլարներ արժէ: Պատրիարքը խոստացել է, որ այս պայմանագրերը պէտք է ջնջի, բայց չեմ հաւատայ` մինչեւ չտեսնեմ», իր խօսքում նշեց Իւրէճեանը` կոչ անելով սատարել հարցի կարգաւորմանը:

Յիշեցնենք, որ 2021 թուականի Յուլիսին, Երուսաղէմի Հայոց պատրիարքարանը, ի դէմս կալուածների տեսուչ Պարէտ Երէցեան ծայրագոյն վարդապետի, ստորագրել է պայմանագիր հրէական ծագմամբ գործարարի հետ, որով «կովերի պարտէզ» պատրիարքարանին պատկանող կալուածը վարձակալութեան է տրուել նրան 99 տարով: Գործարարն այդ հողամասի վրայ պէտք է կառուցի հիւրանոց: Գործարքն ամբողջականացուել է առանց Միաբանութեան ժողովի համաձայնութեան, ինչը հակասում է Երուսաղէմի Հայոց պատրիարքութիւնում գործող կանոններին, ըստ որոնց, նմանատիպ պայմանագրերը պէտք է ստորագրուեն միայն Ժողովի կողմից վաւերացումից յետոյ: Հայ առաքելական եկեղեցու Երուսաղէմի պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկեանը պնդում է, որ գործարքի ողջ պատասխանատուութիւնը կրում է կարգալոյծ արուած Երէցեանը:
Միջոցառմանը ներկայ էր Սան Դիէգոյի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգեւոր հովիւ Բագրատ Ծ. վրդ. Պերճէքեանը, ով 1981- 2016 թուականներին սովորել եւ ծառայել է Երուսաղէմում, 14 տարի հանդիսացել է պատրիարքարանի կալուածների տեսուչը:
Նա մանրամասներ ներկայացրեց «կովերի պարտէզ»ի մասին` նշելով, որ պատրիարքարանին պատկանող կալուածքների վարձակալութեան տալու հետ կապուած խնդիրները նոր չեն:
«Կալուածական հարցերին ես բաւականին ծանօթ եմ, զբաղուել եմ դրանցով, եւ գիտեմ, թէ ինչ տեղեկութիւններ կան արխիւներում: 1994-1995 թուականներին, Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկեան պատրիարքի եւ Յուսիկ սրբազանի միջեւ տարաձայնութիւններ էին եղել պատրիարքարանին պատկանող երեք կալուածքներ 99 տարով վարձակալութեան տալու մասին: Խարդախութիւններից խուսափելու համար, պատրիարքի հետ այն ժամանակ մտածեցինք գործիքակազմեր ստեղծել, որ նման խնդիրները չկրկնուեն: Տնօրէնների ժողովը բաւարար չէր, եւ պէտք է աւելի բարձր մարմին հիմնուէր` Միաբանական ընդհանուր ժողով, որը կը քննէր հարցերն ու որոշումներ կը կայացնէր, որպէսզի յետայսու ոեւէ պատրիարք մէկ ստորագրութեամբ կալուածք չվաճառէր: Սակայն, վարձակալութեան հետ կապուած անօրինականութիւնները, նոր օրէնքի ընդունումից յետոյ էլ շարունակուեցին, ինչի մասին, ես ահազանգել էի Նուրհան արքեպիսկոպոս Մանուկեանին, սակայն այդպէս էլ պատասխան չստացայ նրանից: «Կովերի պարտէզ» կոչուող կալուածքի` 99 տարով վարձակալութեան շշուկները մեզ հասան շուրջ երկու տարի առաջ, եւ պատրիարք սրբազանը յայտարարում էր, որ երկու միլիոն դոլար են ստացել գործարքի դիմաց, սակայն մանրամասներ չէր ներկայացնում եւ պայմանագիրը ցոյց չէր տալիս, Միաբանական ժողով էլ չէր կանչուել որոշումից առաջ: Հարցի շուրջ աղմուկը թէժացել է հիմա, քանի որ աղէտալի կացութիւն է ստեղծուած: Կարեւորութեան տեսակէտից, եթէ հարցնէք, թէ ի՛նչ է «կովերի պարտէզ»ը մեր համար, կ՛ասեմ, որ մեր համայնքի սիրտն է, Երուսաղէմում մեր Արցախը: Այն ձեռք է բերուել 1550-1571 թուականներին` Անդրէաս եւ Դաւիթ պատրիարքների կողմից, գնուել է տուն առ տուն, մետր առ մետր, որ մերը դառնայ, եւ մենք այսօր մէկ ստորագրութեամբ այն ուրիշին ենք օտարում: Կալուածքի տեղանքը շատ կարեւոր է, եւ քաղաքական մօտեցում էր պէտք, որ Ժառանգաւորաց վարժարանը շատ մեծ ջանքերով կառուցուի այդ տարածքում: Դա մի մասն է, իսկ կալուածքի երկու երրորդը դատարկ էր, եւ աւտոկանգառի վերածեցինք: Ծրագիր կար այդ մասում հիւրանոց կառուցելու, սակայն մեր մօտեցումը միշտ եղել է, որ հայ գործարար լինի կալուածքի պատասխանատուն: Մենք միշտ զգուշացրել ենք, որ ոչ-հայ որեւէ մէկին չպէտք է տանք», «Ասպարէզ»ի հետ զրոյցում պատմեց հայր Բագրատը` յայտնելով, որ գործարքն իրականացուել է գաղտնի, եւ պայմանագիրը լուծարելու ձեւ կայ, քանի որ խարդախութիւն է տեղի ունեցել:



Հասարակական գործիչ, լրագրող Յարութ Սասունեանն էլ նշեց, որ պատրիարքի վրայ պէտք է ճնշում գործադրուի, որ նա ներկայացնի պայմանագրի պատճէնը, որ ծանօթանանք մանրամասներին, եւ հասկանանք, թէ ինչպէս կարելի է լուծում գտնել ստեղծուած իրավիճակից: «Նախկինում եղել են վէճեր, երբ պատրիարքարանի անդամները վարձակալութեան են տուել այլ կալուածքներ կամ փորձել «Սոթբի» աճուրդում վաճառել արխիւներից գողացուած թանկարժէք ձեռագրերը: Միաժամանակ, պէտք է պահանջենք պատրիարքարանի ելքի ու մուտքի հաշիւները, որ պատկերացում կազմենք, թէ ի՛նչ է իրականում կատարւում: Եթէ պատրիարքարանը ֆինանսական ճգնաժամի մէջ է, կարող ենք դրամահաւաքներ անցկացնել, եւ անհրաժեշտ գումար ապահովել, որ պատրիարքը չվաճառի համայն հայութեանը պատկանող արժէքները», յայտնեց Սասունեանը:
«Կովերի պարտէզ»ի հետ այս գործարքի պատճառով մեծ դժգոհութիւն են յայտնել նաեւ Յորդանանի թագաւորն ու Պաղեստինի նախագահը, քանի որ Իսրայէլի ֆիզիկական անձանց, ընկերութիւններին կամ կառավարութեանը ցանկացած հայկական գոյքի վաճառք կամ վարձակալութիւն դիտարկում են որպէս Իսրայէլի ներկայութեան ընդլայնում բռնագրաւուած տարածքներում:
Միջոցառման բանախօսներից փաստաբան Կարօ Ղազարեանը յայտարարեց, որ հարցին լուծումներ գտնելու նպատակով, ձեւաւորուել է միջազգային իրաւաբանների խումբ, որի կազմում են ինքը, փաստաբան Գառնիկ Քերքոնեանը, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյեանը եւ այլոք, ովքեր Յունիսի 9ից այցելելու են Յորդանան եւ Երուսաղէմ: «Յորդանանում հանդիպումներ են նախատեսուած թագաւորի անձնակազմի հետ, որից յետոյ կը մեկնենք Երուսաղէմ, որտեղ տեղի համայնքը հանդիպումներ է նախապատրատսել տարբեր պաշտօնեաների հետ», յայտնեց Ղազարեանը, որ երուսաղէմահայ համայնքին առաջարկել են իրենց ծառայութիւններն անվճար, քանի որ, հայերի հաւաքական լռութիւնը սպառնում է մեծ կորուստներով:
Դոկտոր Կեպի Գէորգեանն իր խօսքում, նշեց, որ հարցը քաղաքական, կրօնական եւ ընկերային է: Խնդիրը դիտարկելով յատկապէս վերջերս Երուսաղէմի հայկական հոգեւոր հաստատութիւնների նկատմամբ բռնութիւնների եւ վանդալիզմի ծիրում, Գէորգեանը նշեց, որ հրեաներն անթաքոյց արտայայտում են իրենց ցանկութիւնը` այն է, որ հայերը հեռանան Երուսաղէմից, եւ ցաւօք, գտնում են իրենց հետ գործակցող հայերի:
Գլենդելի «Ֆընիշիա» սրահում կայացած ձեռնարկի բանախօսները յորդորեցին համայնքին կանգնել երուսաղէմահայերի կողքին. «Երուսաղէմը մեր համար միայն այդ կալուածքներ չէ, նաեւ`սրբատեղի է, հինգերորդ դարից սկսած մեր պատմութիւնն է ու մշակոյթը: Երուսաղէմի հայ համայնքը մեր ամենահին համայնքներից է, որ ունեցել է իր ուրոյն աւանդոյթներն ու սովորոյթները, որ մինչ այժմ շարունակւում են, եւ միշտ ջանքեր են գործադրուել, որ այս համայնքը շարունակի ապրել դարերէ», ամփոփեց հայր Բագրատը: