
ԽԹԱՆԵԼ ՆՈՐԱՐԱՐՈՒԹԻՒՆԸ ԵՒ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ ՏՆՏԵՍՈՒԹԻՒՆՈՒՄ
Յունիսի 22ին, Նիւ Եորք քաղաքի Harvard Club-ում տեղի ունեցաւ Orion Summit 2023 գագաթնաժողովը՝ «Ներդրումները դիրքաւորում են Հայաստանը» խորագրով: Գագաթնաժողովին մասնակցում էին տեխնոլոգիաների (արհեստագիտութիւններ), տնտեսութեան տարբեր ճիւղերի, ելեւմտական ոլորտի շուրջ 100 բարձրաստիճան ներկայացուցիչներ, գործարարներ Միացեալ Նահանգներից, Միացեալ Թագաւորութիւնից, Կանադայից, Գերմանիայից եւ Հայաստանից:
Միջոցառման բացումը կատարեցին Orion-ի հիմնադիրները, Հայաստանի տնտեսութեան նախարարը, Նիւ Եորք քաղաքի Տնտեսական աճի գործակալութեան միջազգային յարաբերութիւնների եւ ռազմավարական աճի տնօրէն Փարքեր Շեդին: Կենդանի կատարմամբ հնչել են Հայաստանի եւ Ամերիկայի օրհներգերը:
«Դէպի Հայաստան եւ Հայաստանից դէպի արտերկիր ներդրումները մեր երկիրը կը դիրքաւորեն որպէս աշխարհի գրաւիչ ուղղութիւններից մէկը: Նորամուծութիւններով եւ արագամցան ծրագրերով վերջին երեք տարիներին աւելի քան 52 մլն. ամերիկեան դոլար ենք հաւաքել մեր նորահաստատ ընկերութիւնների համար, եւս 50 մլն. դոլարի գործարքներ կը փակուեն մինչեւ տարեվերջ: Orion-ը նաեւ միաձուլումների եւ ձեռքբերումների հարթակ է. հէնց հիմա մենք ունենք չորս ընթացիկ գործարք, որոնք կը փակենք մինչեւ տարեվերջ: Բոլորիս մաղթում եմ յաջող օր», նշել է Orion Worldwide Innovations Armenia-ի համահիմնադիր, գործադիր տնօրէն Դիանա Արզումանեանը:
«Մեզ համար շատ կարեւոր է, որ Հայաստանը ներկայացնենք որպէս նորարարութիւնով հարուստ եւ այլընտրանքային ներդրումներ կատարելու պատրաստ երկիր: Երկիր, որը ոչ միայն ներդրումների հնարաւորութիւններ ունի, այլ նաեւ կարող է այդ ներդրումները բազմապատկել, համագործակցել եւ ստեղծել արժէք` Հայաստանի եւ առաջադէմ աշխարհի համար», նշել է Orion Worldwide Innovations-ի հիմնադիր, Covenant Venture Capital-ի գործընկեր Էմմա Առաքելեանը:
«Ես ցանկանում եմ շնորհակալութիւն յայտնել «Օրիոն»ի խումբին, վերջին մի քանի ամսուայ ընթացքում կատարած հիանալի աշխատանքի համար։ Նիւ Եորքում անցկացուող Orion Summit 2023 ներդրումային գագաթնաժողովը կարեւոր իրադարձութիւն է, որը համախմբել է ներդրողներին եւ ձեռներէցներին, ովքեր կարող են միասին քննարկել Հայաստանում ներդրումները խթանելու գաղափարները։ Հայաստանի տնտեսական քաղաքականութեան հիմնական ուղղութիւններից մէկը ներդրումների ներգրաւումն է։ Մենք պէտք է փոխենք մեր տնտեսական աճի կառուցուածքը՝ անցում կատարելով սպառման վրայ հիմնուած աճից դէպի ներդրումների վրայ հիմնուած աճի։ Enterprise Armenia-ի, ԱՆԻՖը (ANIF), եւ Հայաստանի Բարձր տեխնոլոգիական արդիւնաբերութեան նախարարութեան մեր գործընկերների հետ միասին մենք այստեղ ենք քննարկելու եւ աջակցելու Հայաստանում ներդրումներ կատարելու ձեր հնարաւոր գաղափարները», գագաթնաժողովի բացմանը նշեց Հայաստանի տնտեսութեան նախարար Վահան Քերոբեանը:


«Սա իսկապէս հետաքրքիր ժամանակաշրջան է Նիւ Եորքի համար: Երեք շատ ծանր տարիներից յետոյ Նիւ Եորքը վերադարձել է եւ աւելի քան երբեւէ ծաղկում է: Էմմայի եւ Դիանայի ջանքերի շնորհիւ դուք այստեղ տեսաք աշխատանքի բազմազան համակարգ: Նիւ Եորքի բնակիչներն իսկապէս ուժեղ եւ տոկուն մարդիկ են, որոնք անցել են 2009ի տնտեսական ճգնաժամի, Սեպտեմբերի 11ի, համավարակի միջով: Ես կարծում եմ, որ այս առումով մենք շատ ընդհանուր բան ունենք հայերի հետ, մասնաւորապէս ինչ վերաբերում է աճի, արժէքների եւ գործարարութեան։ Այդ պատճառով ես շատ ոգեւորուած եմ աշխատելու հայ գործարար համայնքի հետ եւ կարծում եմ, որ կայ մեծ ներուժ՝ համագործակցութեան եւ ապագայ ներդրումների համար», ասաց Փարքեր Շեդին:
Covenant ընկերութեան գիտութեան եւ նորարարութիւնների գլխաւոր տնօրէն Արմէն Խերլոփեանը երկու գլխաւոր բանախօսներից մեկն էր: Միւս գլխաւոր բանախօսը՝ Bank of America-ի համաշխարհային ռազմավարութեան, ռազմավարական ներդրումների տնօրէն Ռենէ Նալբանդեանն իր ելոյթը կազմել էր «Ռազմավարական ներդրումների համար ներդրում յատկացնող ընկերութիւնների կարեւորութիւնը» թեմայով:
Orion Worldwide Innovations-ը իր հայաստանեան գրասենեակի հետ միասին Օrion Summit 2023-ի կազմակերպիչն է, Հայաստանի տնտեսութեան նախարարութիւնը գագաթնաժողովի համակազմակերպիչն է, Fastex-ը եւ Covenant Venture Capital-ը՝ Platinum, ներդրումային դրամահաւաքի հայկական առաջին հարթակը՝ ԱՌՖԻն, ինչպէս նաեւ Հայաստանի պետական հետաքրքրութիւնների ֆոնդը՝ ԱՆԻՖը, Yeremyan Projects-ը, Burnwe-ն՝ Ոսկէ գործընկերներն են: Գ
Նոյն օրը տեղի ունեցած «Թուային Ջուղա ցանցը դիրքաւորում է հայկական նորարարութիւնը, գիտութիւնը եւ բացառիկ ընկերութիւններ» նիւթով քննարկմանը յայտարարուեց, որ նախաձեռնող խումբն արդէն աշխատում է տարբեր երկրներում հայկական կենտրոնների բացման ուղղութեամբ եւ առաջինը կը բացուի Դուբայում:
Գագաթնաժողովի ժամանակ տեղի ունեցաւ նաեւ Orion Scoring-ի շնորհանդէսը, որն աշխարհում առաջին համապարփակ գնահատման համակարգն է եւ որը կանխատեսելիութիւն եւ չափանիշ է հաղորդում ներդրողներին ու նոր հաստատող ընկերութիւններին:
Գագաթնաժողովին նախորդած 3 աշխատանքային օրերին մասնակիցներն այցելել են մի շարք առաջատար կրթական, ելեւմտական հաստատութիւններ, ընկերութիւններ, հանդիպումներ ունեցել ներդրողների հետ, քննարկումներ ունեցել Bank of America-ում, Jacobs Technion-Cornell Institute at Cornell Tech-ում, Brooklyn Navy Yard-ում-ում, Fortune 100 այլ ընկերութիւններում:
Գագաթնաժողովի ընթացքում ելոյթներ են ունեցել եւ քննարկումներին մասնակցել շուրջ 40 բանախօսներ առաջատար ընկերութիւններից՝ Goldman Sachs, BDO Global and BDO Armenia, New York Life Insurance, Francisco Partners, Block եւ այլն:


ORION-Ի ՄԱՍԻՆ
«Օրիոն»ը (Orion Worldwide Innovations) նոր հաստատուող ընկերութիւնների աճի եւ փոխկապակցուած համակարգի զարգացման հանգոյց է, որն առաջարկում է ծառայութիւնների ամբողջական փաթեթ: «Օրիոն»ը ներդրումների ենթակայ ընկերութիւնների համար ստեղծում է Ամերիկա մուտք գործելու հնարաւորութիւններ, բարելաւում այդ ընկերութիւնների՝ յաճախորդներ ձեռք բերելու ռազմավարութիւնները, օգնում մնալ մրցունակ եւ պաշտպանում իրենց նորարարութիւնները։ «Օրիոն»ը հիմնադրուել է 2017ին, Ամերիկայում։ Ընկերութիւնը գրասենեակներ ունի Նիւ Եորքում եւ Երեւանում, համագործակցում է աշխարհի տարբեր երկրներում գործող ընկերութիւնների եւ ներդրողների ցանցերի հետ։
(Թղթակցութիւնը՝ «Orion»էն)