ՎԱՀԱՆ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ
28 Դեկտեմբերին ՀՅԴ Բիւրոյի անդամ, Գերմանիոյ մօտ Հայաստանի արտակարգ եւ լիազօր դեսպան, մտաւորական, պատմաբան, քաղաքական գործիչ Վահան Յովհաննիսեանի յիշատակի օրն է:
Այս առիթով ստորեւ կը հրատարակենք Վահան Յովհաննիսեանի յօդուածը՝ տպագրուած «Երկիր»ին մէջ, 29 Յուլիս 2013ին.
Այն տպաւորութիւնն ունեմ, թէ մենք մի շատ կարեւոր բան ենք բաց թողել: Աչքաթող ենք արել: Թոյլ ենք տուել, որ մեր կողքով անցնի: Կամ էլ ինքներս ենք մեր կեանքի ինչ-որ կարեւոր բանի կողքով անցել եւ նոյնիսկ չենք էլ նկատել այդ կորուստը: Յետ հայեացք եմ ձգում 80ականների վերջերին, 90ականներին, նոյնիսկ 2000ականների սկզբին եւ տեսնում, որ մենք ամենեւին չէինք ծրագրում յայտնուել նման կեղտի մէջ, որում, ներեցէք արտայայտութեանս համար, յայտնուել ենք: Ընդ որում` այս ոչ այնքան պարկեշտ արտայայտութիւնը դժուար չէ արդարացնել, եւ դժուար թէ մեր այսօրուայ կեցութեան համաթեքսթում գտնուեն այն մեղմել ցանկացողներ:
Թող «կեցութիւն» բառը ձեզ չապակողմնորոշի: Ես չեմ պատրաստւում գրել մարդկային արժանապատուութիւնը նուաստացնող մեր կենցաղի, ընկերային, տնտեսական ու բնապահպանական ճնշող խնդիրների, ամենակուլ փտածութեան, իշխանական վերնախաւի զգալի մասի մասնագիտական լիակատար անկարողութեան կամ յանցագործ հակումների մասին, թէեւ հիանալի գիտակցում եմ, որ մեր հասարակութեան մէջ շատերին, դրանից բացի, ուրիշ ոչինչ չի հետաքրքրում:
Աշխարհընկալման ձեւափոխումը մեզանում կատարուեց աստիճանաբար, այնպէս, որ հասարակական տրամադրութիւնների զանազան վիճակների միջեւ սահմանագծերն անզէն աչքով կարող ես եւ չնկատել` «ոչ միայն հացիւ» ազնիւ կարգախօսից մենք անցանք նախ «հաց եւ զուարճանք» պահանջին, բայց հաց չի եղել եւ հիմա էլ չկայ, իսկ միայն զուարճանքներով, որոնցով մեզ կերակրում է հանրապետական իշխանութիւնը, չես կշտանայ, այնպէս որ` հասարակական տրամադրութիւնները սահուն կերպով վերածուեցին «որտեղ հաց` այնտեղ հայրենիք» քաղքենիական խորիմաստութեանը: Եւ դա պատահական չէ: Ինչ-որ տեղ մեր ճանապարհին սխալ նրբանցք ենք թեքուել: Ո՞վ է դրանում մեղաւոր, եւ ինչո՞ւ այդպէս ստացուեց` հիմա քննարկելն անիմաստ է, այսինքն` առանց այդ էլ ամէն ինչ հասկանալի է: Դա չէ կարեւորը:
«Ազատութեան ճանապարհների վախեցնող բացակայութիւնը». այս արտայայտութիւնը ես կարդացել եմ շատ տարիներ առաջ ամերիկացի գրող Թորնթոն Ուայլտերի «Մարտեան Իդեր» (Իդեր ՝ Իդոսք(ներ)՝ Մարտ, Մայիս, Յուլիս եւ Հոկտեմբեր ամիսներու 15ը, իսկ միւս ամիսներու 13րդ օրը – Խմբ.) հրաշալի վէպում: Եւ յաճախ էի յիշում, երբ Հայաստանն անկախութեան ճանապարհին իր առաջին քայլերն անելիս յայտնուեց ճամբաբաժանին: Ո՞ր ճանապարհն ընտրել: Միշտ էլ սխալուելու վտանգ կայ` փորձ չունենք, իսկ մեր քաղաքական ու աշխարհագրական դրութիւնն այնպիսին է, ինչպէս սակրաւորի պարագայում` սխալը կարող է միայն մէկը լինել` ճակատագրական եւ վերջինը:
Վերջի՞նը: Ախ, երանի այդպէս լինէր: Բայց ոչ, այս հարցում մեր բախտը չի բերել: Ի տարբերութիւն ականապատ դաշտի, քաղաքական դաշտն ունի մէկ առանձնայատկութիւն` պայթիւնը հազուադէպ է անմիջապէս յաջորդում արուած սխալին, այդ պատճառով էլ դրա հետեւանքները միանգամից նկատելը յաճախ դժուար է լինում: Եթէ սխալների հետեւանքներն անմիջապէս նկատելի դառնային, կը կարողանայինք ընթացքում փոխել ձախորդ «սակրաւորներին», այսինքն` տարբեր տրամաչափերի ու տեսակի ղեկավարներին եւ առաջ շարժուել` սրբագրելով եւ շտկելով մեր ճանապարհի ուղղութիւնը: Աւաղ, փոցխը անմիջապէս չի խփում ճակատին եւ ոչ նրանց, ովքեր դրա վրայ կանգնել են: Եւ մեր ճակատագրերի ինքնագոհ արարիչները շարունակում են մէկը միւսի հետեւից սխալներ գործել` չնկատելով, թէ ինչ բաւիղներ են մտցնում երկիրը` մինչեւ վերջապէս չի գալիս հատուցման ժամանակը: Ձեզ չի՞ թւում, որ մեր շոգեքարշը, որն «առաջ է սլանում» (Առա՜ջ, Հայաստան) այն մարդկանց ղեկավարութեամբ, ովքեր չեն կարողանում տեսնել, ընդունել եւ ուղղել իրենց եւ իրենց նախորդների սխալները, մօտենում է հէնց այդ կանգառին: Ճիշդ է, այդ ամէնը հատուցելը աւելի ծանր կը լինի մեզ, այլ ոչ թէ նրանց համար, սակայն դա արդէն նշանակութիւն չունի:
Մարտավարական, ռազմավարական, դժուար շտկուող այդ սխալների հետեւանքները մենք տեսնում ենք բոլոր ոլորտներում` տնտեսական, ընկերային, մշակութային, բարոյական եւ քաղաքական:
Անձամբ ինձ թւում է, թէ մեր յոյսերին հասցուած ամենաուժգին հարուածը քաղաքացի լինելու զգացումի` ազգային օրկանիզմի հիմնական դիմադրողական մեքանիզմի (գործիքակազմի) կորուստն էր: Ասածս բացատրելու համար ես ստիպուած կը լինեմ խօսել պարզ, թւում է` այբբենական ճշմարտութիւնների մասին: Սրանք սոսկ բառեր չեն: Ի՞նչ է քաղաքացի լինելու զգացումը: Դա ընդամէնը պատասխանատուութեան զգացումն է: Բայց ոչ միայն ընտանիքի, մտերիմների, երեխաների առողջութեան եւ սեփական բարեկեցութեան նկատմամբ: Պատասխանատուութիւն` հայրենիքի նկատմամբ:
Պատասխանատուութիւն, որն անհնար է դնել ուրիշի, նոյնիսկ սեփական կառավարութեան ուսերին: Պատասխանատուութիւն, որը չի կարելի վաճառել, ինչպէս ձայն են վաճառում ընտրութիւնների ժամանակ:
Յիշենք 80ականների վերջը, յիշենք Ղարաբաղի համար մղուող պատերազմը: Ի՞նչը մեզ դարձրեց հպարտ, վճռական, քաջ: Ի՞նչը մեզ դարձրեց քաղաքացիներ: Ի՞նչն էր մեզ միաւորում: Ազգային պատկանելիութի՞ւնը, լեզո՞ւն, եզակի այբուբե՞նը, ընդհանուր պատմութի՞ւնը, «ջերմուկ» հանքային ջո՞ւրը, ազգային ինքնութեան գիտակցո՞ւմը, եկեղեցի՞ն, սէ՞րը տոլմայի ու խաշի նկատմամբ: Ո՛չ, թուարկածները եւ շատ այլ բաներ մեզ դարձնում են հայ, բայց Հայաստանի քաղաքացի մեզ դարձնում էր մէկ այլ բան` պատասխանատուութեան զգացումը: Ղարաբաղեան շարժումը մեզ քաղաքացիական պարտքի զգացումով պարուրեց: Մենք մեզ զգացինք մասը այն հասարակութեան, որը գիտակցում է իր պատասխանատուութիւնը, եւ մտածել անգամ չէինք կարող այն մասին, որ այդ պատասխանատուութիւնը դնենք «փոլիթպիւրոյի» կամ նման` մեզ չենթարկուող այլ կազմակերպութիւնների ինչ-որ «քեռիների» ուսերին: Այդ պատճառով էլ յաղթեցինք մեզ պարտադրուած պատերազմում:
Բայց յետոյ ինչ-որ մէկը վարպետօրէն տեղափոխեց մեր ուղենիշները: Կամ գուցէ պատճառ դարձաւ ազգային շահերին համարժէք քաղաքական օրակարգ ձեւակերպելու` մեր սեփական անկարողութիւնը:
Որպէս քաղաքացիական հասարակութիւն` մենք ձեւաւորուեցինք ղարաբաղեան շարժման ընթացքում, բայց յետոյ հեռացանք դրանից եւ, որպէս հետեւանք, դադարեցինք լինել քաղաքացիական հասարակութիւն, թէեւ հէնց այդ շարժումը կարող էր լինել մեր ներքին զարգացման ու առաջընթացի խթանը: Ոմանք յօժարակամ դուրս մնացին դրանից` բաւարարուած վերջին երկու նախագահների ղարաբաղեան ծագումով (իբր` սրանք չեն դաւաճանի), միւսներին մեղմօրէն (ոմանց էլ` կոպտօրէն) դուրս մղեցին իրական քաղաքական աշխուժութիւնից: Եւ մենք ձեզ հետ լողացինք դէպի ոչ մի տեղ` հրապուրուելով կեղծ փարոսներով, կեղծ ուղեցոյցներով: Մենք` հայ ժողովուրդը, դադարեցինք լինել Ղարաբաղեան շարժման հիմնական բաղկացուցիչը, իսկ առանց մեզ այն շուտով կորցրեց իր կենսատու բնոյթը` վերածուելով քաղաքական խարդաւանքի` դարձեալ «փոլիթպիւրոյի» «քեռիների» աշխուժ մասնակցութեամբ, բայց արդէն ոչ թէ խորհրդային, այլ միջազգային:
Մենք լուռ նայում էինք, թէ ինչպէս մեր ղեկավարների ձեռքով Ղարաբաղը դուրս էր մղւում բանակցային գործընթացից, մենք համակերպւում էինք, երբ մեր դիւանագիտութեան «հանճարները» միջազգային համաժողովներին մասնակցելու մեկնողներին մեծամտօրէն սովորեցնում էին մեծահոգի լինել ադրբեջանցիների հակահայկական ջղագրգիռ գրոհների նկատմամբ, իբր մեր կոշտ արձագանգը դուր չի գալիս մեր արեւմտեան գործընկերներին, իսկ ճշմարտութիւնն առանց դրա էլ բոլորը գիտեն: Մենք լուռ կողքի քաշուեցինք, երբ պարզ դարձաւ, որ իրար յաջորդող կառավարութիւններից եւ ոչ մէկը չի պատրաստւում իրական քայլեր ձեռնարկել ազատագրուած տարածքները հայերով բնակեցնելու հարցում: Դաշնակցականները բողոքում էին դրա դէմ: Բայց դէ դա դաշնակցականներն են, հասկանո՞ւմ էք,- բազմանշանակ քմծիծաղ էին տալիս դիւանագէտները: Երբեւէ վառօդի հոտ չառած, բայց իրենց երեւակայող պաշտօնեաների մռութներին չէինք հասցնում, երբ նրանք ամէն առիթով եւ առանց առիթի բոլոր լսարաններում արիաներ էին երգում, թէ Հայաստանը պատրաստ է զիջումներ անել: Մենք սովորեցինք ադրբեջանական էմիրութեան ներկայացուցիչների լկտի սպառնալիքներին` մոռանալով, որ նրանք մեր զսպուածութիւնն ընկալում են որպէս թուլութիւն եւ վախկոտութիւն:
Մեզ հետ վարժեցրին պայքարից: Դուք շատ լաւ գիտէք, թէ ինչու` հնազանդների հետ իշխանութիւններն իրենց աւելի հանգիստ են զգում:
Մեզ ազատեցին պատասխանատուութիւնից: Եւ մենք չգիտակցելով, որ օտարի ձեռքն ենք յանձնում քաղաքացի լինելու մեր կոչումը, հեշտութեամբ դէն նետեցինք սեփական երկրի համար պատասխանատուութեան բեռը: Եւ Սփիւռքը, նայելով մեզ, արեց նոյն բանը` երես թեքեց ու սկսեց զբաղուել իր գործերով:
Իսկ մենք ընկանք մէկ այլ տարերքի մէջ: Մեզ գրաւեց ազատութիւնը: Նախ` ինչպէս երեխաներն են անսպասելիօրէն ձեռք բերում չփորձուած ազատութիւնը, մենք սկզբում չէինք վախենում նրա ճանապարհների բացակայութիւնից: Չունենալով փորձ` նաեւ չէինք լսում նախազգուշացումները եւ չէինք սովորում տարբերել միջոցներն ու մեթոտները նպատակներից, գլխաւորը` երկրորդականից: Ազգային շահերի յստակ ցանկը, որի առաջին տողում եղել եւ մնում է Ղարաբաղի հարցը, մեր գիտակցութեան մէջ յետ մղուեց, իսկ առաջին տեղը եկան զբաղեցնելու թէեւ շատ կարեւոր, սակայն օժանդակ հարցեր` ժողովրդավարական վերափոխումներ, վարչական բարեփոխումներ եւ այլն: Յետոյ դրանք էլ կորցրեցին իրենց արդիականութիւնը: Դրանց փոխարինելու եկան խարդաւանքները, գայթակղութիւնները, եւ բամբասանքը դարձաւ աւելի ու աւելի նեխող հասարակութեան տեղեկատուութեան հիմնական աղբիւրը:
Եւ համընդհանուր անտարբերութեան այս հէնքին մեր երկիրն այսօր ստիպուած է լուծել ռազմավարական կարեւորութեան հարցեր: Խօսքը ոչ միայն եւրոպական համարկման նոր փուլերի եւ ռուսական կողմնորոշման միջեւ բարդ ընտրութեան մասին է: Դրան մենք դեռ կ՛անդրադառնանք: Խօսքը մեր հասարակութեան կենսունակ մոտելի ընտրութեան մասին է: Ինչպէ՞ս ելք փնտռել:
Հիմա, երբ մենք յոգնած, հիասթափուած, երբեմնի բոլոր պատրանքները կորցրած յայտնուել ենք փակուղում, ժամանակն է, որ վարուենք այնպէս, ինչպէս սովորաբար վարւում են քարանձաւում մոլորուածները` հարկաւոր է դանդաղ, խարխափելով յետ դառնալ` մինչեւ գտնենք այն, ինչ կորցրել ենք, մինչեւ գտնենք մեր ուղեցոյց թելը, մինչեւ գտնենք ինքներս մեզ: Նոյն գետը երկու անգամ չես մտնի, բայց ուրիշ գետ չկայ: