Երկուշաբթի, Դեկտեմբերի 25ին, Նոր Ջուղայի Հայոց երաժշտական թանգարանի սրահում, կազմակերպութեամբ նոյն թանգարանի տնօրէնութեան, տեղի ունեցաւ «Խաչքար. Խաչքարի Արուեստը. Համատեքստ Եւ Կառուցւածքային Քննութիւն, Սպահան եւ Երուսաղէմ» գրքի ներկայացումը՝ գրքի համահեղինակ Յարութիւն Խաչատուրեանի միջոցով: Վերոնշեալ աշխատութեան միւս հեղինակն է Միշէլ Պասմաճեանը:
Սկզբում, ողջոյնի խօսքերով եւ Յարութիւն Խաչատուրեանի կենսագրական գծերի մասին արտայայտութիւններով հանդէս եկաւ Վանանդ Իսաղուլեանը: Նա հեղինակին ծանօթացրեց՝ յատկապէս ընդգծելով. «Ծնուել է 1956 թ. Ֆրանսիայի Մարսէլ քաղաքում։ Տեղեկատուական տեխնոլոգիաների (արհեստագիտութիւններու) ոլորտի ճարտարագէտ է։ Որպէս անկախ գիտաշխատող՝ նա ուսումնասիրել է Արուեստի հայոց պատմութիւնը INALCO-ում (Արեւելեան լեզուների եւ քաղաքակրթութեան ազգային ինստիտուտ (հիմնարկ), Ֆրանսիա): Ներկայումս նա աշխատում է Հայաստանում գտնուող խաչքարերի առցանց կառավարման համակարգի վրայ՝ Հայաստանի Հանրապետութեան պատմութեան յուշարձանների ինստիտուտի հետ։ Նա երկու գրքերի համահեղինակ է՝ «Խաչքար. Խաչքարի Արուեստը. Համատեքստ Եւ Կառուցւածքային Քննութիւն, Սպահան եւ Երուսաղէմ» (Փարիզ, 2014 եւ Երեւան, 2019) եւ «Localites et biens culturels armeniens, un patrimoine en destruction» («Հայկական Բնակավայրեր Եւ Մշակութային Յուշարձաններ Օսմանեան Թուրքիայում, Ժառանգութիւն Կործանման Մէջ », Փարիզ, 2016) գրքերը: 2021 թուականին Յարութիւն Խաչատուրեանը զեկոյց է գրել Արցախի հայկական ժառանգութեան մասին՝ ԵՈՒՆԵՍԿՕի համար: Ներկայումս նա «Յուշարձաններ Եւ Ինքնութիւններ Կովկասում-Ղարաբաղը, Նախիջեւանը եւ Ադրբեջանը Ժամանակակից Աշխարհաքաղաքական Հակամարտութիւնում» գրքի համախմբագիրն է, որը պատրաստւում է հրատարակուելու Նիդեռլանդներում»:

Այնուհետեւ հերթն հասաւ Խաչատուրեանին, ով հիմնականում ներկայացրեց գրքում տեղ գտած թեմաներից հատւածներ՝ ի մասնաւորի նորութիւնները: Սկզբում նա պատասխանեց «ի՞նչ է խաչքարը» հարցին՝ ասելով. «Խաչքարը յօրինուածք է, երբեմն օծւած, յաճախ օրհնուած, որը քանդակուած է քարի վրայ՝ հարթաքանդակի տեսքով. կազմուած է խաչից, զարդաքանդակներից եւ սովորաբար արձանագրութիւններից, որը պարունակում է «Սուրբ խաչ» կամ «Սուրբ նշան» բառերը»:
Շարունակութեան մէջ համապատասխան լուսանկարներով բացատրութեամբ նա հանդէս եկաւ խաչքարերի դիրքերի եւ բաղադրիչների մասին, համեմատութիւններ անցկացրեց Երուսաղէմի եւ Նոր Ջուղայի խաչքարերի միջեւ, ապա անդրադարձ կատարեց Նոր Ջուղայի խաչքարերի յատկութիւններին:
Նա ընդգծեց, որ Նոր Ջուղայի եկեղեցիներում տեղադրւած խաչքարերը հիմնականում գտնւում են խորանի, մուտքի կամ մկրտութեան աւազանի հատուածներում:
Խաչատուրեանը ժամանակագրական իմաստով եւս համեմատութիւն անցկացրեց Նոր Ջուղայի եւ Երուսաղէմի խաչքարերի միջեւ եւ շեշտեց, որ Նոր Ջուղայում դրանք քանդակուել են 1602 թուականից եւ շարունակուել են շուրջ 90 տարի, իսկ Երուսաղէմում քանդակութեան գործն սկիզբ է առել աւելի շուտ՝ 1000 թուականից եւ շարունակուել է մինչեւ 1824ը:
Նա ընդգծեց նաեւ, որ թէեւ Նոր Ջուղայում խաչքարի քանդակագործութիւնը Հին Ջուղայի քանդակագործութեան արուեստի շարունակութիւնն է, սակայն մի շարք տարբերութիւններ են նկատւում դրանց միջեւ, սկսած չափերից, որոնք Նոր Ջուղայի քանդակներում շատ աւելի փոքր են, մինչեւ զարդաքանդակներում նկատելի բազմազանութիւնները:
Ներկայացման աւարտին համահեղինակը պատասխանեց ներկաների հարցումներին, իսկ գրքից նա մէկական օրինակ նուիրեց Ս. Ամենափրկիչ վանքի «Ս. Ներսէս Շնորհալի», հայոց Ազգային կրթահամալիրի «Յովհաննէս Թումանեան» եւ Նոր Ջուղայի Հայ ՄՄ «Արարատ» միութեան «Մ. Նալբանդեան» գրադարաններին:
Թղթակից (Նոր Ջուղա)
«ԱԼԻՔ»