


ԱՆՈՒՇ ԱԼԵՔՍԱՆԵԱՆ ՀՈՎԵԱՆ

Կազմակերպութեամբ Իրանահայ միութեան (ԻՀՄ) Գրականութեան եւ արուեստից բաժանմունքի, Ս. Գրիգոր Նարեկացու «Մատեան Ողբերգութեան» պարսկերէն նոր հատորի ներկայացումը տեղի ունեցաւ Ուրբաթ, Դեկտեմբերի 15ի երեկոյեան, ԻՀՄ սրահում։
Բծախնդրութեամբ կազմուած էր մի բովանդակալից յայտագիր, որի ոլորտներով հիւսւում էր՝ օրուայ խորհուրդը. ամէն մի ելոյթ լուսաբանում էր Գրիգոր Նարեկացին, եւ իր կեանքի սքանչելի ստեղծագործութիւնը։
Նոր սերունդը ներկայացնող երաժշտութեան աշակերտ Արամէ Վարդանեանը՝ Սաքոյի թոռը, կատարեց «Հայր Մեր» աղօթքը այնքան հարազատ, հաճելի եւ հնչեղ ձայնով, որ ներկաները ոգեւորուած միաձայն ընկերակցում էին նրան: Ապա վարչական Հովիկ Վարդանեանը հանդէս եկաւ բացման խօսքով եւ բարձր գնահատեց կազմակերպուած սոյն միջոցառումը, որ այնքան բարձրորակ լուրջ աշխատանք էր։
Նարեկացիի «Մատեան Ողբերգութեան» պարսկերէնի («Դիւանէ Ֆաղան») թարգմանած է Սարգիս Եղնազարի՝ Սաքոն։ Գրքի շապիկի կազմում յաւերժութիւնը խորհրդանշող շրջանակի կենտրոնում զետեղուած էր Նարեկացին, իսկ կազմի վերջին էջը՝ Վանայ լճի ափին Նարեկացու ծննդավայրն էր պատկերուած՝ Նարեկավանքով, շքեղ կոթող բարձրունքի վրայ։ Հարազատ թարգմանութեան կողքին տրուած է Նարեկացու կենսագրականը։ Իմաստալից եւ ուշագրաւ է գրքի շապիկը, որը ձեւակերպել էր Անահիտ Միրզայեան Եղնազարը՝ Սաքոյի կինը։ Գիրքը կազմուած է 424 էջից եւ տպագրուել է 2023ին, 150 տպաքանակով։ Գրաշարութիւնը՝ Էմմայից։
Եւ ահա սոյն հոյակապ գրքի ներկայացումին, «Հաւիկ մի պայծառ տեսի»ն Ալենուշ Եղնազար եւ Նժդիկ Փիրջանեան, հայերէնով եւ պարսկերէնով, բեմական համոզիչ մեկնաբանութեամբ ներկայացրին։ Նարեկացու «Հաւուն Հաւուն» ստեղծագործութիւնը կատարեց երգիչ, դասական եւ հոգեւոր երգերի մեկնաբան Վահագն Հովենցը, իսկ «Սրտի խորքերից»ով ելոյթ ունեցաւ Նժդիկ Փիրջանեանը։
Ապա աստուածաբան Հայկ Մադոյեան մանրամասնութեամբ ներկայացրեց Նարեկացին։ Ելոյթը դառնում էր աւելի ցայտուն եւ տպաւորիչ, երբ բեմի ճակատում արուեստի բարձր մակարդակով արտացոլւում էր ելոյթը Փիեռ Վարդանեանի ստեղծագործ մտքի իմաստալից ցուցադրութեամբ. հարկ եմ համարում շեշտելու, որ այդպիսի ցուցադրութեան երբեք դեռ չեմ հանդիպել իմ այսքան երկար գործունէութեան ծիրում։ Ապա, «Մեղաներ»ը հայերէնով ասմունքեց Ալենուշ Եղնազարը եւ պարսկերէնով՝ Ժասմին Սադրի, այնքան կենդանի եւ յստակ, որ Նարեկացին էր ցոլում իր սքանչելի աստուածաբանութեան բնազդով։
Հետաքրքիր էր երբ Վահագն Հովենցը իր հնչեղ ձայնով երգեց Նարեկացու՝ «Ահեղ Ձայնս»ը եւ Շնորհալիի «Նոր Ծաղիկ» ստեղծագործութիւնը. արտացոլուեց որակ եւ իմաստ։
Ժասմին Սահաբին ներկայացրեց իր հիացումը գրքի բովանդակութեան եւ Սաքօ Եղնազարի պարսկերէնի իւրայատուկ ոճին։ Ելոյթ ունեցաւ Խորէն Արամունին, որ բարձր գնահատեց գրքի թարգմանութիւնը։
Ապա շնորհակալական խօսքով հանդէս եկաւ Սարգիս Եղնազարը. նա իր համեստ մօտեցումով շնորհակալութիւն յայտնեց բոլորին, միջոցառումը կազմակերպելու համար։
Նունէ Աւետիսեանը իր իւրայատուկ ոճով ներկայացրեց՝ Վահագն Դաւթեանի «Նարեկացու Հետ» բանաստեղծութիւնը, իսկ փակման խօսքով ելոյթ ունեցաւ ԻՀՄի վարչական Թոմիկ Ալեքսանեանը։ Նա բեմ հրաւիրեց բոլոր մասնակիցներին, որոնք ծափողջոյնների ներքոյ գնահատուեցին ծաղիկներով։ Յատկանշական էր Թ.Ալքսանեանի խօսքը, որ «Ինձ համար ծանր էր սոյն միջոցառումը, բայց ես շատ բան սովորեցի»։
Ձեռնարկի գեղարուեստական համադրիչն էր Ալենուշ Եղնազարը, իսկ միջոցառման ընթացքին դաշնակահար Հովիկ Ոսկանեանը իր հմուտ դաշնակահարութեամբ՝ զարդում էր ելոյթները։
Օրինակելի հայկական օջախի կերպար է ներկայացնում Սաքօ Եղնազարի ընտանիքը. գրքի կազմի իմաստալից ձեւաւորումը եւ կազմակերպչական աշխատանքին ներդրող Սաքոյի կողակից՝ Անահիտ Միրզայեան Եղնազարն էր, գեղարուեստական համադրիչը աղջիկը՝ Ալենուշ Եղնազարը իսկ Արամէ Վարդանեանը՝ թոռը օրուայ «Հայր Մեր»ը երգողը։ Ընտանիքը զբաղւում է ստեղծագործական կեանքով, մէկը միւսին ուժ ներշնչելով եւ օգնելով:
Ստորեւ Նարեկացու մասին տեղեկութիւններ, քաղուած համացանցից.
Գրիգոր Նարեկացու կեանքի մասին շատ քիչ տեղեկութիւններ են պահպանուել։ Յայտնի է, որ Նարեկացին ծնուել է Վասպուրական նահանգի Ռշտունիք գաւառում` Վանայ լճի հարաւային ափերին գտնուող Նարեկ գիւղում, 951ին։ Նարեկացին Անձեւացեաց գաւառի Խոսրով Անձեւացի եպիսկոպոսի որդին էր։
Ուսումը ստանալուց յետոյ, Գրիգորը Նարեկայ վանքում դարձել է վանական, ստացել վարդապետի աստիճան եւ զբաղուել մանկավարժութեամբ ու գրական աշխատանքներով։ Իր հարուստ գիտելիքների եւ անբասիր վարքի շնորհիւ Նարեկացին շուտով մեծ համբաւ է վաստակել։ Նրա մասին հիւսուել են զանազան աւանդութիւններ, որոնց մի մասը բանաւոր կամ գրական մշակմամբ մեզ է հասել։
Նարեկացին ունեցել է նաեւ թշնամիներ՝ հոգեւոր դասի բարձր շրջաններից։ Նա ինչ-ինչ պատճառներով մեղադրուել եւ անգամ հոգեւոր դատարան է կանչուել։ Ենթադրւում է, որ Նարեկացին հալածուել է Թոնդրակեանների աղանդին պատկանելու կամ յարելու համար, եւ գրել է մի թուղթ, որտեղ դատապարտում է թոնդրակեցիներին։
Նարեկացին վախճանուել է 1003ին եւ թաղուել է Նարեկայ վանքում։ Շրջակայ հայ բնակչութեան համար նրա գերեզմանը երկար ժամանակ եղել է սրբազան ուխտատեղի։ Ըստ աւանդութեան՝ Նարեկացին ճգնել է ներկայումս իր անունը կրող քարայրում։
Նարեկացուց մնացել են բաւական թուով գործեր` «Սողոմոնի «Երգ Երգոց»ի Մենակութիւն»ը, տաղեր (թուով 30ից աւելի), «Մատեան Ողբերգութեան»ը (որը յայտնի է «Նարեկ» անունով), թղթեր եւ այլ գործեր։