
ՅԱԿՈԲ ՍՐԱՊԵԱՆ
«Շահմուրատը, որ հայ հողի սերմն է, հայ ջրովը սնուած եւ հայ արեւովը կիզուած, ունի ընտիր, պայծառ եւ եռանդուն ձայն: Հայերուս համար որքա՜ն պարծենալիքներ պիտի առթէ տակաւին նա, որ իր գործունէութեան գարնան շեմին վրայ է կանգնած…»:
ԿՈՄԻՏԱՍ
Եթէ հետեւելու լինէր Մուշում յայտնի իր հօր՝ Սարգիսի արհեստին, ինքն էլ էր դարբին դառնալու, եւ հայ երգարուեստը չէր ունենալու Արմենակ Շահմուրատեան փառահեղ երգչին, որին «Տարօնի սոխակ» պատուանունն են տուել: Բայց նրա շնորհը աստուածատուր էր. ութ տարեկանից էր յաճախել տեղի եկեղեցու երգչախումբ՝ միաժամանակ ուսանելով վարժարանում: Սակայն ամէն ինչ խաթարւում է հօր վաղաժամ մահով, իսկ մայրը միջոցներ չունէր զաւակի ուսումը շարունակելու համար: Բարեբախտաբար, փոքրիկի ձայնային արտակարգ շնորհը կարեւորելով, Մշոյ հոգեւոր թեմի առաջնորդ Ներսէս եպիսկոպոս Խարախանեանը որդեգրում է նրան եւ ուղարկում սովորելու Մշոյ նշանաւոր Սուրբ Կարապետ վանքի Ժառանգաւորաց դպրոցում:
Սակայն եկեղեցու անձուկ միջավայրը Արմենակի սրտով չէր, եւ կարճ ժամանակ անց վերադառնում է ծննդավայր: Նոյն պայծառանուն եպիսկոպոսն այս անգամ իր անձնական ծախսերով ու յանձնարարական նամակով ճանապարհում է Էջմիածին՝ Գէորգեան ճեմարանում սովորելու: Այստեղ դառնում է երաժշտութեան իր ուսուցչի՝ մեծավաստակ Կարա Մուրզայի երգչախմբի մեներգիչ: Երկար ժամանակ պէտք չէր, որ նրա շքեղ ձայնն ու բարձրորակ կատարումները գրաւէին Կարա Մուրզային փոխարինելու եկած երիտասարդ Կոմիտասի ուշադրութիւնը:
Այդուհետ, պատանի երգիչը հայոց երգի վեհափառի հոգածութեան ներքոյ էր: Շուրջ տարի ու կէս նա ձեւաւորւում է Կոմիտասի անմիջական հսկողութեամբ եւ կատարելագործւում նրա մասնագիտական խորհուրդներով: Ի դէպ, այս հոգածութիւնից զատ՝ նրա դասընկերներն էին Աւետիք Իսահակեանը, Գրիգոր Սիւնին, Դերենիկ Դեմիրճեանը, որոնց հետ մտերմութիւնը շարունակուելու էր երկար տարիներ:
Նա դեռ կը շարունակէր ուսումնառութիւնը ճեմարանում, եթէ չմասնակցէր ուսանողական խռովութեանը՝ ընդդէմ կրթօջախում իշխող պահպանողական-յետադիմական մթնոլորտի ու ղեկավարութեան գործելակերպի: Սակայն այս անգամ եւս բախտը ժպտում է Արմենակին՝ Խրիմեան Հայրիկի միջնորդութեամբ մեկնում է Թիֆլիս եւ դառնում Ներսիսեան դպրոցի սան: Շուտով ծանօթանում է թիֆլիսեան հայ մեծերից շատերի հետ՝ Ղազարոս Աղայեան, Գէորգ Բաշինջաղեան, Յովհաննէս Թումանեան, այլք: Իսկ դպրոցում նրա ուսուցիչը մէկ այլ երախտաւոր էր՝ Մակար Եկմալեանը:
1896 թուական: Ուսումնառութեան աւարտ: Իսկ Արեւմտեան Հայաստանում սկսուել էին համիդեան ջարդերը: Սուլթանական այդ վայրագութիւնների դէմ թիֆլիսահայութեան բողոքի ալիք էր բարձրացել:
Երգիչը դրանց եռանդուն մասնակիցների թւում էր:
Ցարական ոստիկանութիւնը ձերբակալում եւ Մետեխի բանտ է նետում նաեւ նրան, ապա, որպէս թուրքահպատակի, յանձնում նրանց: Բանտից բանտ փոխադրուելով՝ հասնում է մինչեւ Կարս: Ութ ամիս: Այդ անձկութեան մէջ Արմենակի միակ սփոփանքը երգն էր, որով շահում էր հսկիչների բարեացակամութիւնն ու բախտակիցների մտերմութիւնը: Ով զարմանք‘ թեւաւորուած երգն անցնում է բանտի բիրտ պատերից, հասնում թուրք հիւպատոս Ֆուադ բէյին, որն էլ նրան ազատ աքսոր է ուղարկում հայրենի Մուշ: Հարազատ քաղաքում երկու տարի ուսուցչութիւն է անում նոյն Ժառանգաւորաց վարժարանում, ղեկավարում իր իսկ ստեղծած երգչախումբը:
Այդ օրերին իր երբեմնի սանի ճակատագրով մտահոգ Կոմիտասը Էջմիածնից յորդորանքի գիր է ուղարկում. «Ասացէք Արմենակին՝ չնստի-մնայ Էրզրումում, պէտք է անպայման Իտալիա երթայ՝ ձայնը մշակելու»: Սակայն ազատ աքսորում գտնուողն ինչպէս կարող էր հատել թուրքական սահմանը: Եւ դպրոցի ղեկավարութեան միջնորդութեամբ, իբր բուժման մեկնելու նպատակով, ձեռք է բերում լիբանանեան անձնագիր եւ ֆրանսիական նաւով Լիբանանի փոխարէն մեկնում Փարիզ: Ֆրանսիայի մայրաքաղաքում մասնակցում է ազգաշահ մեծահարուստ Ալեքսանդր Մանթաշեանցի ծախսերով կառուցուած եկեղեցու օծման արարողութեանը, դրան մասնակցող երգիչների մէջ ճանաչւում առաջինը: Եւ այստեղ կրկին բախտը ժպտում է Արմենակին. Փարիզում սովորում է աշխարհահռչակ երգչուհի Պոլինա Վիարդոյի մօտ, ով յանձն է առնում երկու տարի անվճար պարապել նրա հետ:
Այնուհետեւ ընդունւում է Փարիզի երաժշտանոց: Իսկ 1911ի Յունուարի 27ին, փայլում է նրա աստղը՝ Ֆաուստի դերով հանդէս է գալիս Գունոյի նոյնանուն օպերայում: Յաջողութիւնը ցնցող էր:
Փարիզեան մամուլի եւ երգարուեստի սիրահարների խնդրանքով, նրա մասնակցութեամբ ներկայացումը կրկնւում է շուրջ մէկ ամիս: Շահմուրատեան երգիչը միաբերան համարւում է այդ օրերի Ֆրանսիայի «ամենաթովիչ տենորը»: Այնուհետեւ Փարիզի Մեծ օպերայի երգիչը համերգներով հանդէս է գալիս Կահիրէում, Կ. Պոլսում, Թիֆլիսում, Բաքւում: Նրան ֆինանսական (նիւթական) աջակցութիւն է ցուցաբերում մեծն բարերար Ալ. Մանթաշեանցը: 1914ին Արմենակ Շահմուրադեանը հանգրուանում է Ամերիկայում, համերգներ ունենում ամերիկեան խոշոր քաղաքներում, եւրոպական ու ասիական երկրներում:
Թափառումներից յոգնած ու արդէն խարխլուած առողջութեամբ, նիւթապէս խիստ անապահով երգիչը, որ շլացրել էր հանդիսատեսին, կրկին վերադառնում է Փարիզ եւ շտապում հիւանդանոցում տառապող իր մեծ ուսուցչին՝ Կոմիտասին տեսակցութեան:
Հիւանդասենեակում, բժշկի խորհրդով, երգում է «Հայաստան, երկիր դրախտավայր» երգը, որի առաջին քառատողն իսկ մոգական ազդեցութիւն է ունենում տառապեալ հանճարի վրայ: Վեր է կենում անկողնուց, ձեռքերը տարածում գրկելու համար եւ բացականչում միակ բառը՝ «Արմենա՜կս…»: Այդքանը միայն:
Այնուհետեւ նորից լռութիւն՝ ոչ ճանաչում է, ոչ լսում, ոչ էլ պատասխանում իրեն պաշտող երգչի հարցերին:
Մօտենում է պատուհանին, դէմքը հպում ապակուն եւ խռովածի տեսք ընդունում: Շահմուրատեանը երկար ժամանակ անզօր է լինում դուրս գալ հիւանդասենեակից:
Ինը տարի անց այդ նոյն հոգեբուժարանում վախճանւում է «Տարօնի սոխակը» ու Ֆրանսիայի ամենաթովիչ տենորը: «Եղել են ուրիշ հայ երգիչներ, բայց Շահմուրատեանի նմանը չի եղել,- այդ օրերին գրել է Վիլեամ Սարոյեանը:- Եթէ ինձ հարցնէք, նա փառաւոր կեանք ապրեց: Կարեւոր չէ, թէ ինչպէս եւ ինչու մահացաւ, որովհետեւ քիչ մարդիկ են փառաւոր մեռնում…»:
Եւ փառաւոր վաստակ, որի դէմ անզօր է մահը:
«Արմէնփրէս»