Արցախի նախագահ Սամուէլ Շահրամանեան 3 Սեպտեմբերին, Եռաբլուր զինուորական պանթէոնին մէջ անդրադարձաւ Նիկոլ Փաշինեանի այն մեղադրանքներուն, թէ Արցախի նախագահը ստորագրեց Արցախը լուծարելու որոշումը, ոչ թէ ինք:
«Տեղահանուելով Հայաստան`որդեգրել ենք մի քաղաքականութիւն, եւ ես տեղեկացրել եմ մեր բոլոր պաշտօնեաներին, որ մեզ համար առաջնահերթութիւն է Հայաստանի անվտանգութիւնը: Սա եւս մեր հայրենիքի հիմնական մասն է, եւ ամէն ինչ պէտք է անենք, որպէսզի չվտանգենք այն գործընթացները, որոնք հիմա իրականացւում են ՀՀ իշխանութիւնների կողմից եւ չվնասենք անվտանգային համակարգին: Սակայն մենք տեսնում ենք, որ տարբեր առիթներով մանիպուլացւում է (ձեռնավարութեան կ՛ենթարկուի) այդ հարցը` կապուած Արցախի լուծարման հետ:
«Առաջինը, դա սուտ թէզ է, եւ այդ փաստաթուղթը, որը մենք ստիպուած ենք եղել ստորագրել, արուել է ապահովելու անվտանգ տեղափոխումը խաղաղ բնակչութեան ՀՀ: Նաեւ ԶՈՒն է տեղափոխուել` նախարարից մինչեւ զինուոր, ուժային կառոյցների պաշտօնաեներ: Ցաւօք, մենք ունեցել ենք նաեւ կենդանի պատանդներ` ի դէմս մեր ռազմաքաղաքական ղեկավարութեան: Ինչ վերաբերում է այդ փաստաթղթին, ուզում եմ տեղեկացնել մեր հանրութեանը, որ հէնց սկզբից մենք տեղեակ էինք, որ այդ փաստաթուղթը հակասահմանադրական է, հակաօրինական է: Այդ փաստաթուղթը չի ստացել իրաւական ուժ: Այն պաշտօնապէս չի հրապարակուել: Չի տեղադրուել իրաւական համակարգում, որից յետոյ այդ փաստաթուղթը կարելի է համարել նորմատիւ (օրինաչափական) ակտ (որոշում)։
«Արդէն տեղափոխուելով Հայաստան եւ տեսնելով մեր բնակչութեան կարծիքը` բոլորը չեն ցանկացել ինտեգրուել (համարկուիլ) Ադրբեջանի կազմում, Ադրբեջանի լծի տակ եւ կայացրել են իրենց հայրենիքը թողնելու որոշում: Մենք այդ փաստաթղթի վերաբերեալ կայացրել ենք որոշում, եւ ես գրաւոր տեղեկացրել եմ այդ որոշման մասին Հայաստանի կառավարութեանը՝ ի դէմս վարչապետի, իր կից փաստաթղթերով: Այսօր խօսել այդ փաստաթղթի ուժ ունենալու մասին անիմաստ է եւ չի համապատասխանում իրականութեանը», ըսաւ Շահրամանեան:
Պատասխանելով այն հարցումին, թէ ի՛նչ պատկերացում ունի Արցախի հարցը միջազգային օրակարգ բերելու հարցով, երբ Հայաստանի իշխանութիւնները կը հրաժարին՝ Շահրամանեան ըսաւ. «Արցախի ժողովրդի անունից առնուազն վերջին տասնամեակներում բանակցել են ՀՀ իշխանութիւնները, եւ համարում ենք, որ Արցախի հարցը միջազգային օրակարգ բերելը եւս ՀՀ իշխանութիւնների խնդիրն է: Մենք պատրաստ ենք այդ հարցում համագործակցել բոլոր շահագրգիռ կառոյցների հետ: Ինչ վերաբերում է, թէ ինչպէս դա կարող է յայտնուել օրակարգում, միակ տարբերակը տեսնում եմ՝ ՀՀ միջոցով: ՀՀ իշխանութիւններն ամէն ինչ պէտք է անէն արցախցիների իրաւունքները պաշտպանելու, այդ թւում՝ միջազգային հարթակներում»:
Ան նկատել տուաւ, որ Հայաստանի իշխանութիւնները հրաժարած են Արցախէն բայց Հայաստանի բնակչութեան մեծ մասին կարծիքը, ըստ անոր, այդպէս չէ: «Մեր խորը համոզմամբ` Արցախի հարցի արդարացի լուծումը միայն հզօր Հայաստանի միջոցով է հնարաւոր», ըսաւ Շահրամանեան:
Ատրպէյճան գտնուող գերիներուն վերաբերող հարցումին պատասխանելով՝ Շահրամանեան ըսաւ, որ որոշ աշխատանքներ կը տարուին անոնց վերադարձին ուղղութեամբ: «Հայաստանի ղեկավարը չցանկացաւ բացել փակագծերը. ես նոյնպէս ձեռնպահ կը մնամ մեկնաբանութիւններից», ըսաւ ան։
Շահրամանեան ըսաւ, որ սկզբնական փուլին կարելիութիւն ունեցած է կապ հաստատելու եւ զրուցելու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեան հետ, որ նոյնպէս պատանդ վերցուած է։
Արցախի նախկին պետական նախարար Ռուբէն Վարդանեանի մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի վերջին յայտարարութիւններուն վերաբերեալ՝ Շահրամանեան կոչ ուղղեց պարզաբանելու զանոնք եւ հանրութեան հետ բաց խօսիլ։