24 Սեպտեմբերին, Սահմանադրական դատարանը աւարտեց Հայաստան-Ատրպէյճան սահմանազատման յանձնաժողովներու կանոնակարգի սահմանադրականութեան հարցին քննութիւնը:
ՀՅԴ Հայաստանի Գերագոյն Մարմինը վերոյիշեալ կանոնակարգի վտանգներուն եւ հակասահմանադրական ըլլալուն արձագանգելով՝ հրապարակեց հետեւեալ յայտարարութիւնը.
«Հայաստանի կառավարութիւնը Սահմանադրական դատարան է ներկայացրել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատման հարցերով երկու երկրների յանձնաժողովների համատեղ գործունէութեան մասին կանոնակարգը (այսուհետ` կանոնակարգ)` Սահմանադրութեանը վերջինիս համապատասխանութիւնը որոշելու համար:
«Անհրաժեշտ է ընդգծել.
«1. Որպէս պետական սահմանի սահմանազատման գործընթացի հիմնարար սկզբունք յայտարարուած 1991 թ. Ալմա Աթայի հռչակագիրը չի նկարագրում ԱՊՀին անդամակցող երկրների սահմանները, չի պարունակում Խորհրդային նախկին հանրապետութիւնների վարչական սահմաններին վերաբերող որեւէ յղում: Իբրեւ փաստարկ բերուող այն հանգամանքը, որ սոյն հռչակագրով կողմերը ճանաչում են միմեանց տարածքային ամբողջականութիւնը, էական չէ, քանի որ այս սկզբունքն ամրագրուած է թէ՛ ՄԱԿ կանոնադրութիւնում, թէ ԵԱՀԿ Հելսինկիի եզրափակիչ ակտում (որոշումին մէջ) եւ այլ միջազգային հիմնարար իրաւական փաստաթղթերում, որոնց կողմ են հանդիսանում Հայաստանն ու Ադրբեջանը: Սակայն այս պարտաւորութեան ստանձնումը որեւէ կերպ չի կաշկանդել Ադրբեջանին ներխուժել Հայաստանի Հանրապետութեան տարածք: Հետեւաբար, Ալմա Աթայի հռչակագրի յիշատակումը որեւէ կերպ չի զսպում ադրբեջանական ագրեսիան (յարձակումը): Առաւել եւս, երբ կանոնակարգը նախատեսում է ապագայում հիմնարար սկզբունքի փոփոխականութեան հնարաւորութիւն:
«2. Կանոնակարգում առկայ են ձեւակերպումներ, որոնք էական ռիսկեր (վտանգներ) են պարունակում Հայաստանի համար: Մասնաւորապէս` սահմանի հատուածական սահմանազատումը, վէճերի լուծման կարգի բացակայութիւնը եւ այլն:
«3. ՀՀ իշխանութիւնները պնդում են, որ սահմանազատման հիմք է ծառայում ԽՍՀՄ ԶՈՒ գլխաւոր շտաբի 1976-78 թթ. կազմուած եւ 1979 թ. հերթապահութեան անցած քարտէզը, որով ուրուագծւում էին ԽՍՀՄ միութենական հանրապետութիւնների վարչական այն սահմանները, որոնք հանդիսացել են «Խորհրդային Միութեան փլուզման պահի դրութեամբ գոյութիւն ունեցող իրաւաբանօրէն հիմնաւորուած միջհանրապետական սահման»: Սակայն Կանոնակարգի տեքստում (բնագիրին մէջ) այդ քարտէզին որեւէ յղում չկայ:
«Ըստ այդմ, ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինն արձանագրում է.
«1. Հայաստանի Հանրապետութեան եւ Ադրբեջանի Հանրապետութեան միջեւ միջպետական սահմանի սահմանազատման համար ելակէտային սահմանը, այսինքն` այն աշխարհագրական ուրուագիծը (սահմանը), որը ներպարփակում է Հայաստանի Հանրապետութեան տարածքը, պէտք է յստակ սահմանուած եւ նկարագրուած լինի ՀՀ օրէնսդրութեամբ: Սահմանազատման արդիւնքում այդ ուրուագծի փոփոխութիւնը ենթակայ է հաստատման հանրաքուէի միջոցով: Հակառակ դէպքում Կանոնակարգը ենթակայ է հանրաքուէով հաստատման:
«2. Սահմանազատման հիմնարար սկզբունքները պէտք է գործեն սահմանի իւրաքանչիւր հատուածի համար: Այլապէս` սահմանի իւրաքանչիւր հատուածում Ադրբեջանը կարող է պարտադրել այնպիսի կամայական «հիմքեր», որոնք բացառապէս կը ծառայեն ադրբեջանական շահերին:
«3. Սահմանազատման ժամանակ պէտք է գործի «ոչինչ համաձայնեցուած չէ, եթէ ամէն ինչ համաձայնեցուած չէ սկզբունքը»: Այսինքն` որեւէ հատուածի սահմանազատում չի կարող վերջնական համարուել, քանի դեռ չի նկարագրուել ամբողջ սահմանը:
«4. Սահմանազատման գործընթացի արհեստական ձգձգումը, սահմանազատման շուրջ եղած տարաձայնութիւնները որպէս պատերազմի պատճառ օգտագործելը բացառելու նպատակով` յստակ պէտք է նշուի, թէ ինչպէս են կարգաւորուելու սահմանազատման գործընթացում առաջացած սահմանային վէճերը:
«5. Կանոնակարգն անտեսում է Ադրբեջանի շահերից չբխող միջազգային լաւագոյն փորձը, անտեսւում են այն իրաւական հիմքերը, որոնք ամրագրում են Հայաստանի Հանրապետութեան տարածքային շահերը: Կանոնակարգը հիմքեր է ստեղծում յետագայ միակողմանի զիջումների համար:
«Առ այդ, ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինը հակասահմանադրական է համարում նման փաստթղթի գոյութիւնը, եւ հետեւաբար այն ենթակայ չէ Ազգային ժողովի կողմից ընդունման»: