
Հոկտեմբերը կրծքագեղձի քաղցկեղի դէմ պայքարի համաշխարհային ամիսն է եւ մեր այսօրուայ ակնարկը վերաբերւում է ախտորոշիչ ռադիօլոգիական հետազօտութեան` մամոգրաֆիային:
Մամոգրաֆիան թոյլ է տալիս բացայայտել կրծքագեղձի քաղցկեղը եւ բարորակ գոյացութիւնները: Յիշեցնենք, որ կրծքագեղձի քաղցկեղի վաղ շրջանում ախտորոշումը հնարաւոր է դարձնում ամբողջութեամբ բուժումը:
40 տարեկանից յետոյ կանայք տարեկան մէկ անգամ պէտք է անցնեն մամոգրաֆիկ հետազօտութիւն: Եթէ կինը կրծքագեղձի քաղցկեղի պատմութեամբ հարազատներ` մայր, քոյր ունի, կամ ինքը նախկինում ունեցել է կրծքագեղձի քաղցկեղ, ապա նրանց համար հետազօտութիւնները պէտք է սկսուեն աւելի վաղ տարիքից:
Հետազօտութեան օրը պէտք չէ քսուկներ կամ օգտագործել, որոնք կարող են խեղաթիւրել ստացուող պատկերները: Յղիութեան կամ կրծքով կերակրելու դէպքում նպատակայարմար է նախ ուլտրաձայնային (գերձայնային) հետազօտութիւն կատարել: Հետազօտութեան ընթացքում, կրծքի շրջանում անյարմարութիւն կամ ճնշման զգացողութիւն կարող էք ունենալ, քանի որ պատկերը ստանալու համար գեղձը սեղմւում է: Սա մի փոքր տհաճ է եւ շատ կանանց համար այս հետազօտութիւնից խուսափելու պատճառ է դառնում: Սիլիկոնային իմպլանտների (պատուաստ) առկայութեան դէպքում մինչեւ մէկ տարի մամոգրաֆիկ հետազօտութիւնը հակացուցուած է, քանի որ կրծքագեղձի սեղմումը կարող է վնասել իմպլանտը: Մէկ տարի անց, երբ արդէն ձեւաւորուած է ֆիբրոզ (մանրաթելային) պատիճը, մամոգրաֆիկ հետազօտութիւնը հակացուցուած չէ:
Ժամանակակից թուային մամոգրաֆիան աւելի պատկերաւոր է ցուցադրում հետազօտութեան արդիւնքները, որոնք արտացոլւում են համակարգչի էկրանին (պաստառին) եւ հնարաւորութիւն են տալիս տարբեր կողմերից առաւել մանրամասն զննել պատկերները:
Մամոգրաֆիան ժամանակակից միակ հետազօտութիւնն է, որ թոյլ է տալիս յայտնաբերել քաղցկեղը բաւական վաղ շրջանում:
Մամոգրաֆիկ հետազօտութեան ընթացքում, կինը որոշակի քանակով ճառագայթում է ստանում, ինչը վնաս չի հասցնում մարմնին: Սքրինինդային մամոգրաֆիան առողջ կնոջ հետազօտութիւն է, ով գանգատ չունի: Ախտորոշիչ հետազօտութիւնը կատարւում է գանգատների առկայութեան դէպքում եւ ըստ ցուցումների:
Մամոգրաֆիայի հետազօտութեան արդիւնքները ուղարկւում են բժշկին, ով էլ ուղղորդում է յետագայ քայլերը:
All For Health, Health For All բժշկական կենտրոնում գործում են բազմաթիւ ծրագրեր, որոնց շնորհիւ կանանց կը տրուի անվճար հետազօտութեան հնարաւորութիւն: Գրանցէք ձեր ժամադրութիւնը` զանգահարելով (818) 549-8800 համարին: