
ՀԱՐՑԱԶՐՈՅՑ «ՁԵՌՆԱՐԿՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԻՆԿՈՒԲԱՏՈՐ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ` «ԻՆՃԵՆԵՐԱԿԱՆ ՔԱՂԱՔ» ԾՐԱԳՐԻ ՂԵԿԱՎԱՐ ՄԱՐԻՆԱ ՄԻՆԱՍԵԱՆԻ ՀԵՏ
Վարեց՝ ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Հայաստանում գործող «Ինժեներական (ճարտարագիտական) քաղաք»ը, երկրում ճարտարագիտութեան լայնածաւալ զարգացմանն ուղղուած ամենախոստումնալից նախագծերից է, որ արդէն մեծ նուաճումներ է արձանագրել: Երեւանի Ջրվէժ թաղամասում տեղակայուած «Ինժեներական քաղաք»ը բացառիկ կենտրոն է, որը միաւորում է ճարտարագիտութեան եւ բարձր տեխնոլոգիաների (արհեստագիտութիւններու) ոլորտի հետազօտական, արտադրական, կրթական եւ գործարար ներուժն ու միջոցները: Գաղափարը՝ «Ձեռնարկութիւնների Ինկուբատոր (թխարան)» հիմնադրամինն է, որի իրականացումը յաջողուել է ՀՀ կառավարութեան, Սփիւռքի` մասնաւորապէս ԱՄՆի, միջազգային ու տեղական կազմակերպութիւնների ու ընկերութիւնների միջոցների միաւորմամբ: «Մենք վստահ ենք, որ ունենալով նման կարեւոր գործիքակազմ` կրթութիւնից մինչեւ արտադրութիւն եւ համապատասխան ենթակառուցուածք` կարող ենք Հայաստանը դիրքաւորել` որպէս ճարտարագիտական կարեւորագոյն տարածաշրջանային հանգոյց: Միաժամանակ, մեր նպատակներից է երկրում ճարտարագիտական միջավայրի եւ մտածելակերպի ձեւաւորումը, որն ունեցել ենք խորհրդային տարիներին: Այսինքն, կարողանալ ուսումնասիրել, նախագծել, թեստաւորել եւ յետագայում նաեւ արտադրել` ստեղծելով ամբողջական շղթայ: Եւ այս ամէնը զգալի ազդեցութիւն ունեն եւ կ՛ունենան Հայաստանի տնտեսութեան զարգացման վրայ, «Ասպարէզ»ին տրուած հարցազրոյցում նշում է «Ինժեներական քաղաք» ծրագրի ղեկավար Մարինա Մինասեանը: «Ինժեներական քաղաք»ում այս պահին գործում է երկու տասնեակից աւելի ճարտարագիտական ընկերութիւն` ընդհանուր շուրջ 350 աշխատակցով: «Ինժեներական քաղաք»ն ամբողջական է դարձնում Հայաստանում գործող Գիտութեան եւ տեխնոլոգիաների թանգարանը, որ ոգեշնչման եւ հպարտութեան իւրատեսակ կենտրոն է:
«Ինժեներական քաղաք»ի հսկայական համալիրում արդէն գործում են նորարարական ոճով գրասենեակներ, աշխատանոցներ, արտադրամասեր, հետազօտական եւ կրթական կենտրոններ:
Այս կենտրոն այցս իւրատեսակ ոգեւորութիւն առաջացրեց եւ գօտեպնդեց Հայաստանի գիտութեան եւ նորարարական տեխնոլոգիաների խոստումնալից ապագայի հանդէպ յոյսերս, երբ նաեւ ականատես եղայ հետազօտութեան արդիւնքների եւ նախագծերի գործնական նշանակութիւն ստացած արտադրանքին, այդ թւում՝ օրինակ EVAN ընկերութեան էլեկտրական մեքենաների լիցքաւորման կայաններին, կամ Oqni ընկերութեան կողմից ստեղծուած պրոթեզների (մարմինի կեղծ անդամներու) պատեաններին, եւ այս շարքը երկար կարելի է շարունակել:
Կարծում եմ, «Ինժեներական քաղաք»ը պէտք է դառնայ պարտադիր այցելավայր Հայաստանում, յատկապէս սփիւռքահայերի համար՝ ոգեշնչուելու, նաեւ` ներդրում ունենալու հայրենիքի զարգացման գործում կարեւորագոյն այս հաստատութեան աշխատանքներում:


ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Որո՞նք են «Ինժեներական քաղաք»ի ստեղծման նպատակներն ու առաջնահերթութիւնները:
ՄԱՐԻՆԱ ՄԻՆԱՍԵԱՆ.- «Ձեռնարկութիւնների ինկուբատոր» (ՁԻՀ) հիմնադրամի շուրջ 22ամեայ գործունէութեան ընթացքում առաջնահերթ նպատակ է եղել զարգացնել տեխնոլոգիական արդիւնաբերութիւնը` փորձարկելով ու բացայայտելով տարբեր մոդելներ առաջընթացի համար: Հիմնադրամը կարողացել է յաջողել ՏՏ (Տեղեկատուական Տեխնոլոգիաներ՝ Information Technology: Տեղեկատուութեան Արհեստագիտութիւն) ոլորտում, եւ իր առաջ նոր առաքելութիւն է դրել առաջ շարժուել դէպի ճարտարագիտութիւն, եւ այն դարձնել բարձր տեխնոլոգիական ոլորտում Հայաստանի համար երկրորդ կարեւոր ոլորտը:
«Ինժեներական քաղաք»ի ստեղծումը Հայաստանում ճարտարագիտութեան լայնածաւալ զարգացման առաջին քայլերից մէկն է, եւ այս առաքելութեան մէջ իր կարեւոր դերն ունի «Ձեռնարկութիւնների ինկուբատոր» հիմնադրամը, որը ՀՀ կառավարութեան` ի դէմս ՀՀ բարձր տեխնոլոգիական արդիւնաբերութեան նախարարութեան, Համաշխարհային բանկի, եւ մասնաւոր հատուածի համագործակցութեամբ ու աջակցութեամբ իրականացնում է այս ծրագիրը: Հիմնական նպատակն է` ստեղծել նորարարական (ինովացիոն) էկոհամակարգի (բնապահպանման համակարգի) իւրայատուկ մոդել, որտեղ ճարտարագիտական եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերութիւնները հնարաւորութիւն ունեն արդիական ենթակառուցուածքների միաւորմամբ, կիրառմամբ եւ համագործակցութեամբ մշակել եւ իրագործել նորարարական գաղափարներ տեղական ու միջազգային շուկաների համար:


ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- «Ինժեներական քաղաք»ն ինչպէ՞ս է գործում: Ի՞նչ չափանիշների պէտք է համապատասխանի տուեալ ընկերութիւնը «Ինժեներական քաղաք»ին մաս դառնալու համար, եւ ովքե՞ր են այսօր «Ինժեներական քաղաք»ի «բնակիչ» ընկերութիւնները:
ՄԱՐԻՆԱ ՄԻՆԱՍԵԱՆ.- «Ձեռնարկութիւնների ինկուբատոր» հիմնադրամն ստեղծումից ի վեր կարեւորել է միջազգային եւ վերազգային ընկերութիւնների ուշադրութեան սեւեռումը Հայաստանի ուղղութեամբ` ցոյց տալով այն ներուժն ու հնարաւորութիւնները, որոնք կան մեր երկրում: Մեր նպատակներից է նաեւ խթանել այստեղ տեղական ընկերութիւնների ստեղծումն ու զարգացումը: Սկզբնական շրջանում հեշտ չէր, բայց այսօր մեզ միացող ընկերութիւնների թիւը հետզհետէ աւելանում է:
«Ինժեներական քաղաք»ին այս պահին միացել եւ գործում են շուրջ երկու տասնեակից աւելի ճարտարագիտական ընկերութիւններ, որոնց թւում է միջազգային ճանաչում ունեցող National Instruments ընկերութիւնը, որն արդէն Emerson ընկերութեան մասն է: «Ինժեներական քաղաք»ում գործող ընկերութիւնները տեխնոլոգիական եւ նորարարական մրցունակ լուծումներ են առաջարկում աշխարհի տարբեր երկրների շուկաների համար: «Ինժեներական քաղաք»ում գործող կազմակերպութիւններում ներկայում գործում է 350ից աւել աշխատակից:
«Ինժեներական քաղաք»ում ճարտարագիտական ընկերութիւնները կարող են դառնալ վարձակալներ կամ բնակիչներ (ռեզիդենտներ): Ռեզիդենտ դառնալու համար կարող են դիմել Հայաստանում գրանցուած առեւտրային, ոչ-առեւտրային կազմակերպութիւնները, օտարերկրեայ կազմակերպութիւններ, որոնք համապատասխանում են ՀՀ կառավարութեան 2020 թուականի Յուլիսի 16ի N 1218-լ որոշմանը: Ծրագրի մասնակցութեան չափորոշիչներին բաւարարելու եւ «Ինժեներական քաղաք»ում ռեզիդենտի կարգավիճակ ստանալու դէպքում ընկերութիւնները հնարաւորութիւն կ՛ունենան նուիրաբերութեան միջոցով եւ սեփականութեան իրաւունքով ստանալու 250 քառ.մ., կամ 500 քառ.մ. հողատարածք` գրասենեակ կառուցելու նպատակով, ինչպէս նաեւ` կ՛ունենան հասանելիութիւն համատեղ օգտագործուող ժամանակակից ճարտարագիտական աշխատանոցների (լաբորատոր) սարքաւորումներին եւ արտադրական մեքենաներին:
Ծրագրին կարող են դիմել հետեւեալ ոլորտներում գործունէութիւն ծաւալող կազմակերպութիւնները` նիւթագիտութիւն, էլեկտրոնիկա (ռադիօէլեկտրոնիկա), չափիչ սարքաւորումներ եւ համակարգեր, ռադիօյաճախականային սարքաւորումներ եւ համակարգեր, աւիատիեզերական սարքաւորումներ եւ համակարգեր, ռոբոտաշինութիւն, կիսահաղորդչային սարքաւորումներ, վարորդների աջակցման արդի համակարգեր (ADAS), կենսաբժշկական սարքաւորումներ:


ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ի՞նչ է առաջարկում «Ինժեներական քաղաք»ը ներգրաւուած ընկերութիւններին: Աջակցութեան ի՞նչ ձեւեր են նախատեսուած:
ՄԱՐԻՆԱ ՄԻՆԱՍԵԱՆ.- Բոլոր այն ճարտարագիտական ընկերութիւններին, որոնք ցանկութիւն ունեն մուտք գործել «Ինժեներական քաղաք», մենք տրամադրում ենք աջակցութիւն սկսած ընկերութիւնների գրանցման գործընթացից, մինչեւ որակեալ մասնագէտների առաջարկում, վերապատրաստման դասընթացների կազմակերպումից, մինչեւ տարածքների եւ «Ինժեներական քաղաք»ում գործող ենթակառուցուածքներից օգտուելու հնարաւորութիւնների տրամադրում:
«Ինժեներական քաղաք»ի գաղափարի ամենակարեւոր մասը նաեւ այն է, որ եթէ օրինակ տեղեկատուական տեխնոլոգիների ոլորտում աշխատելիս հիմնականում անհրաժեշտ է ունենալ համակարգիչ, ծրագրային ապահովում եւ հասանելիութիւն համացանցին, եւ կարող ես արագ արտադրանք ստեղծել, ապա ճարտարագիտութեան մէջ դա բաւականին բարդ է. գաղափարներն իրականացնելու համար անհրաժեշտ են նաեւ ճշգրիտ, գերճշգրիտ սարքաւորումներ, հաստոցներ, գործիքներ, որոնք յատկապէս նորաստեղծ ընկերութիւնների համար թանկարժէք են եւ անհասանելի: «Ինժեներական քաղաք»ը ստեղծում է այդ հնարաւորութիւնն ընկերութիւնների համար: Կայ ընդհանուր արտադրամաս` հասանելի բոլորին (ճարտարագիտական ընկերութիւններ, հետազօտողներ, ուսանողներ եւ այլն), ճարտարագիտական աշխատանոցներ, սարքաւորումներ, հաստոցներ, այսինքն մի միջավայր, որն հասանելի է բոլորի համար: Յաճախ «Ինժեներական քաղաք»ում մի քանի ընկերութիւն միանում են` մէկ արտադրանքի ստեղծման նպատակով: Այսինքն, եթէ նրանք չլինէին միասին «Ինժեներական քաղաք»ում, հնարաւոր է այդ նախագծերն ուղղակի չիրականացուէին կամ աւելի շատ ժամանակ ու միջոցներ ծախսուէր վերջնարդիւնքի համար` բարձրացնելով դրանց ինքնարժէքն ու նուազեցնելով մրցունակութիւնը ոչ միայն տեղական, այլեւ միջազգային շուկայում:


ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Կը պատմէ՞ք «Ինժեներական քաղաք»ի ձեռքբերումների մասին: Կը նշէ՞ք յաջողուած համագործակցութիւնների կամ նախագծերի օրինակներ, որ առաջացել են «Ինժեներական քաղաք»ի միջոցով:
ՄԱՐԻՆԱ ՄԻՆԱՍԵԱՆ.- Յաջողուած ծրագրերն իրականում բազմաթիւ են` սկսած հեղինակաւոր ընկերութիւնների հետ համագործակցութիւններից, նրանց նորարարական եւ տեխնոլոգիական համալիր լուծումներ/արտադրանք առաջարկելուց, մինչեւ կրթական ծրագրերի ներդրում` բակալաւր, մագիստրատուրա եւ աւագ դպրոցի աշակերտների համար նախատեսուած դասընթացներ:
Կը ցանկանայի անդրադառնալ նաեւ «Ինժեներական քաղաք»ում իրականացուող «առաջադէմ հետազօտութիւնների կենտրոն» ծրագրին, որի նպատակն է խթանել Հայաստանի ճարտարագիտական ոլորտի մրցունակութեան բարձրացումը համաշխարհային շուկայում` աջակցելով հետազօտութիւններին, մշակումներին, առեւտրայնացմանն ու համախմբելով միջազգային ընկերութիւնների, ԱՄՆի առաջատար համալսարանների եւ Հայաստանի ճարտարագիտական կլաստերի (խմբակներու) ջանքերը:
Ծրագիրն իրականացւում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալութեան ֆինանսաւորմամբ, «Ձեռնարկութիւնների ինկուբատոր» հիմնադրամի կողմից` Ինժեներական ասոցիացիայի (միութեան), Նեշընըլ Ինսթրումընթս (Emerson) եւ Սինոփսիս ընկերութիւնների հետ համագործակցութեամբ: Այս ծրագրի շրջանակում նախատեսւում է հիմնել ոլորտի զարգացման համար կարեւոր նշանակութիւն ունեցող թուով հինգ աշխատանոցներ՝ կիսահաղորդիչների, աւիատիեզերական (օդանաւային-տիեզերական) արդիւնաբերութեան, աւտոմոբիլային (ինքնաշարժներու) արդիւնաբերութեան, կիբեռանվտանգութեան (cyber security) եւ խելացի արտադրութեան ուղղութիւններով, որոնցից երկուսն արդէն գործում են: Այս ամէնն ամբողջովին փոխում է ճարտարագէտի մասնագիտութեան մասին երիտասարդների պատկերացումները, օգնում նրանց մասնագիտական ճիշդ կողմորոշման ու լաւագոյն մասնագէտների հետ ամէնօրեայ շփման միջոցով ինքնաբացայայտուելու, նոր լուծումներ գտնելու եւ աշխատանքով ապահովուելու հարցում:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Որո՞նք են «Ինժեներական քաղաք»ի թիրախային ուղղութիւնները: Արտադրական ի՞նչ հնարաւորութիւններ ունի «Ինժեներական քաղաք»ը, եւ ի՞նչ ծառայութիւններ է առաջարկում:
ՄԱՐԻՆԱ ՄԻՆԱՍԵԱՆ.- «Ինժեներական քաղաք»ը տրամադրում է երկու տեսակի ճարտարագիտական ծառայութիւններ` մեխանիկական (մեքենագիտական) եւ էլեկտրոնիկայի (ելեկտրոնական): Մեխանիկական ծառայութիւնները ներառում են նախագծում, նախատիպի պատրաստում, արտադրական գործընթաց: «Ինժեներական քաղաք»ում առկայ են ժամանակակից հաստոցներ եւ սարքաւորումներ, որոնք հնարաւորութիւն են տալիս իրականացնելու նախատիպաւորում, թեստաւորում եւ արտադրական գործընթացի ամբողջական կազմակերպում: Էլեկտրոնիկայի ծառայութիւնները ներառում են նախագծում, աւտոմատացուած արտադրութիւն, թեստաւորում:
«Ինժեներական քաղաք»ում իր բացառիկ դերն ունի նաեւ Ազգային գերհամակարգչային կենտրոնի հիմնումը: Կենտրոնում տեղակայուած «Ազնաւուր» գերհամակարգիչն ունի 24480 միջոցկ եւ 39 ՏԲ օպերատիւ (գործուն) յիշողութիւն, ինչը թոյլ է տալիս մշակել մեծածաւալ տուեալներ եւ կատարել բարդ հաշուարկներ: Այն ունի 1,5 ՊԲ «հում» ունակութեամբ տուեալների պահոց, ինչը թոյլ է տալիս արդիւնաւէտօրէն պահպանել մեծաքանակ տուեալներ: Infiniband FDR միջմիացումն ապահովում է տուեալների արագ փոխանցում հանգոյցների միջեւ:
Մենք վստահ ենք, որ ունենալով այս կարեւոր գործիքակազմը` կրթութիւնից մինչեւ արտադրութիւն եւ համապատասխան ենթակառուցուածք` կարող ենք Հայաստանը դիրքաւորել` որպէս ճարտարագիտական կարեւորագոյն տարածաշրջանային հանգոյց:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- «Ինժեներական քաղաք»ը նաեւ կրթական հարթակ է, որ աշխատում է ոլորտում մասնագէտների նոր սերունդների պատրաստման ուղղութեամբ: Ի՞նչ ծրագրեր են գործում, ո՞ւմ համար են դրանք նախատեսուած: Համագործակցո՞ւմ է «Ինժեներական քաղաք»ը կրթական հաստատութիւնների հետ, նաեւ գիտակրթական ծրագրերը համապատասխանեցնելու ոլորտի կարիքներին:
ՄԱՐԻՆԱ ՄԻՆԱՍԵԱՆ.- «Ինժեներական քաղաք»ում իրականացւում են մի շարք կրթական ծրագրեր` սկսած աւագ դպրոցի աշակերտների համար նախատեսուած վեցամսեայ անվճար դասընթացներից, մինչեւ մագիստրոսական ծրագիր: «Ինժեներական դասընթացներ աւագ դպրոցի աշակերտների համար» ծրագրի հիմնական սկզբունքը տեսական գիտելիքների գործնական կիրառման ապահովումն է, որը նպաստում է աշխատանքային հմտութիւնների եւ կարողութիւնների զարգացմանը: Ծրագրի շնորհիւ աւագ դպրոցի աշակերտները հնարաւորութիւն են ստանում գործնական գիտելիք ձեռք բերել ռոբոտաշինութեան, ռադիօէլեկտրոնիկայի, մեխատրոնիկայի եւ աւիամոդելաւորման ոլորտներում:
«Ինժեներական քաղաք»ում գործում է ՀԱՊՀ «Էլեկտրոնային սարքեր եւ չափիչ համակարգեր» բազային ամբիոնը, որը համատեղում է աւանդական կրթութիւնը արդիւնաբերութեան վրայ հիմնուած կրթութեան հետ: Իրականացուող կրթական միւս կարեւոր ծրագիրը` «Աւիատիեզերական սարքաշինութիւն» մագիստրոսական ծրագիրն է: Այն եւս կարեւոր համագործակցութիւն է, որն իրականացւում է ՀՀ Գիտութիւնների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի, «Ձեռնարկութիւնների ինկուբատոր» հիմնադրամի եւ Ինժեներական ասոցիացիայի համագործակցութեամբ:
«Ինժեներական քաղաք»ում գործում է նաեւ «Բագրեւանդ 21» ծրագիրը` ուղղուած առաջին եւ երկրորդ կուրսերի ուսանողների համար, ինչպէս նաեւ` Ինժեներական ասոցիացիայի հետ համատեղ իրականացւում են Ճարտարագիտական դասընթացներ աւագ դպրոցի աշակերտների համար: Անցկացւում են նաեւ թեմատիկ բազմաթիւ դասախօսութիւններ: Բացի հիմնական դասընթացներից, ուսանողները հիանալի հնարաւորութիւն ունեն սովորելու ճարտարագիտական միջավայրում եւ դառնալու այդ համայնքի մասնիկը: Մեր այս դասընթացներին մասնակցել են 300ից աւելի աշակերտներ, որոնցից շատերն արդէն ընտրել են Ճարտարագէտի պատուաբեր եւ ապագային միտուած մասնագիտութիւնը, իսկ որոշներն անգամ աշխատում են «Ինժեներական քաղաք»ում իրականացուող ծրագրերի շուրջ:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ինչպէ՞ս է «Ինժեներական քաղաք»ը նպաստել Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ճարտարագիտութեան ոլորտի զարգացմանը: Ի՞նչ ներդրում ունի «Ինժեներական քաղաք»ը Հայաստանի տնտեսութեան զարգացման գործում:
ՄԱՐԻՆԱ ՄԻՆԱՍԵԱՆ.- «Ինժեներական քաղաք»ի արժէքը, բացի այստեղ գործող ընկերութիւններին աջակցելուց եւ երիտասարդ կադրերին (մասնագէտ պաշտօնեաներ) կրթութեամբ ապահովելուց, նաեւ` երկրում ճարտարագիտական միջավայրի եւ մտածելակերպի ձեւաւորումն է, որը մենք ունեցել ենք խորհրդային տարիներին: Այսինքն, կարողանալ հետազօտել, ուսումնասիրել, նախագծել, թեստաւորել եւ յետագայում նաեւ արտադրել` ստեղծելով ամբողջական շղթայ: Եւ այս ամէնը, միանշանակ, իրենք զգալի ազդեցութիւնն ունեն եւ շարունակաբար կ՛ունենան Հայաստանի տնտեսութեան զարգացման վրայ: Բացի այդ «Ինժեներական քաղաք»ը կարող է նպաստել այլ ոլորտների արդիականացմանը` շեշտը դնելով ժամանակակից ու նորարար ճարտարագիտական լուծումների ներդրման վրայ: Այդ լուծումները հնարաւորութիւն կը տան բարձրացնել նորարարական եւ տեխնոլոգիական գործընթացների արդիւնաւէտութիւնը, վերազինել տնտեսութեան տարբեր ճիւղեր եւ ապահովել դրանց մրցունակութիւնը:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ի՞նչ մարտահրաւէրներ կան, նաեւ` հնարաւորութիւնների ու ծառայութիւնների ընդլայնման առումով:
ՄԱՐԻՆԱ ՄԻՆԱՍԵԱՆ.- Մարտահրաւէրներից կարող եմ նշել հետեւեալը` մասնագէտների շարունակական պահանջ: Չնայած Հայաստանն ունի հմուտ ճարտարագէտների եւ տեխնոլոգների մեծ ներուժ, միշտ կայ պահանջ նոր տաղանդների, մասնաւորապէս`բարձր որակաւորում ունեցող մասնագէտների ներգրաւման եւ ուսուցման նկատմամբ:
Հետազօտական եւ զարգացման ենթակառուցուածքներ. «Ինժեներական քաղաք»ը մշտապէս փորձում է արդիականացնել եւ ընդլայնել իր հետազօտական աշխատանոցներն ու տեխնոլոգիական հարթակները, ինչը պահանջում է զգալի ֆինանսական ներդրումներ եւ ժամանակ: Հնարաւորութիւնների եւ ծառայութիւնների ընդլայնում. նորարարական աշխատանոցների ստեղծումը, գործիքների եւ միջոցների ապահովումը, ինչպէս նաեւ` ուսուցման ու զարգացման ծրագրերի ներդրումը, զգալիօրէն կ՛ընդլայնեն «Ինժեներական քաղաք»ի առաջարկած ծառայութիւններն, ինչպէս նաեւ` նոր հետազօտական կենտրոնների հիմնումը եւս կ՛աջակցի նոր տեխնոլոգիաների եւ նորարարական լուծումների զարգացմանը:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Որո՞նք են «Ինժեներական քաղաք»ի երկարաժամկէտ նպատակները: Առաջիկայ ի՞նչ ծրագրեր ունէք որոնցով յատկապէս ոգեւորուած էք: Ե՞րբ կ՛աւարտուեն քաղաքի ողջ տարածքի կառուցապատման աշխատանքները:
ՄԱՐԻՆԱ ՄԻՆԱՍԵԱՆ.- Մեր երկարաժամկէտ նպատակն է` Հայաստանը դիրքաւորել որպէս ճարտարագիտական հանգոյց, որտեղ կը կարողանանք ստեղծել նորարարական տեխնոլոգիական գաղափարներ, որոնք մրցունակ կը լինեն բարձր տեխնոլոգիական արդիւնաբերութեան ոլորտում առաջատար երկրների արտադրանքի հետ:
«Ինժեներական քաղաք»ի կառուցապատման առաջին մասն արդէն պատրաստ է, եւ գործում է 22 ընկերութիւն, անցել ենք երկրորդ փուլին, որի շինարարական աշխատանքներն ընթացքում են: Եւ ինչպէս նշեցի, նպատակն է` ստեղծել կենսունակ էկոհամակարգ, որտեղ ճարտարագէտները, ուսանողները, հետազօտողները համագործակցում են առաջադէմ նախագծերի վրայ` նպաստելով երկրի զարգացմանը:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Սփիւռքում ճարտարագիտութեան եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտում մեծ ներուժ կայ: Ինչպէ՞ս էք օգտւում այդ հնարաւորութիւնից եւ ինչպէ՞ս կարող են սփիւռքահայերն աջակցել «Ինժեներական քաղաք»ի զարգացմանը:
ՄԱՐԻՆԱ ՄԻՆԱՍԵԱՆ.- Սփիւռքի հայ ճարտարագէտները, գիտնականները մեծ ներուժ ունեն Հայաստանի բարձր տեխնոլոգիաների եւ ճարտարագիտութեան ոլորտների զարգացման գործում: Մենք ակտիւօրէն (աշխուժօրէն) համագործակցում ենք Սփիւռքի մասնագէտների հետ տարբեր ուղղութիւններով, աշխատում ենք Սփիւռքի հայ համայնքների հետ` խթանելու գիտական եւ ճարտարագիտական համագործակցութիւնը, ստեղծելով նորարարական հետազօտական նախագծեր եւ նորարարական հարթակներ, աշխուժօրէն համագործակցում ենք Ամերիկայի հայ ճարտարագէտների եւ գիտնականների հետ: Սփիւռքահայերը կարող են աջակցել «Ինժեներական քաղաք»ի զարգացմանը` կիսուելով իրենց փորձով, կազմակերպելով մենթորութեան (խորհրդատուութեան) ծրագրեր, ներդրումներ կատարելով տեղական ընկերութիւններում եւ օգնելով հաստատել միջազգային գործընկերութիւններ:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ի՞նչ առանձնայատկութիւններ ունի «Ինժեներական քաղաք»ը Հայաստանի եւ տարածաշրջանի այլ նորարարական կենտրոնների շրջանում: Ի՞նչ ճանաչում ունի միջազգային հարթակներում: Ի՞նչ հնարաւորութիւններ էք տեսնում մեծացնելու Հայաստանի ներկայութիւնն ու հեղինակութիւնը համաշխարհային ճարտարագիտական ոլորտում:
ՄԱՐԻՆԱ ՄԻՆԱՍԵԱՆ.- «Ինժեներական քաղաք»ն առանձնանում է որպէս տարածաշրջանի առաջատար ճարտարագիտական եւ տեխնոլոգիական հաբ (առանցք)` համախմբելով համալսարաններին, հետազօտական կենտրոններին եւ ճարտարագիտական ընկերութիւններին: Այն ապահովում է ամբողջական զարգացում` կրթութիւնից եւ հետազօտութիւններից մինչեւ արտադրութիւն եւ կիրառական տեխնոլոգիաներ: Հայաստանը վստահաբար կարող է ամրապնդել իր դերը համաշխարհային ճարտարագիտական ոլորտում` զարգացնելով հետազօտութիւնները, ընդլայնելով միջազգային համագործակցութիւններն ու ներգրաւելով Սփիւռքի եւ միջազգային մասնագէտներին:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- «Ինժեներական քաղաք»ում է գործում նաեւ Հայաստանում բացառիկ` Գիտութեան եւ տեխնոլոգիաների թանգարանը, որը ներկայացնում է Հայաստանի անցեալի գիտական նուաճումները, համաշխարհային ճանաչում ունեցող հայ գիտնականներին ու նրանց բացայայտումները, ներկայի գիտական ներուժը: Թանգարանը նաեւ ոգեշնչող մեծ նշանակութիւն ունի երիտասարդների համար: Ե՞րբ է հիմնադրուել եւ ի՞նչ է այն առաջարկում այցելուներին:
ՄԱՐԻՆԱ ՄԻՆԱՍԵԱՆ.- Գիտութեան եւ տեխնոլոգիաների թանգարանը հիմնուել է 2008 թուականին: Այստեղ ցուցադրւում է աշխարհահռչակ մեծանուն հայերի նշանակալի ներդրումը համաշխարհային գիտութեան եւ տեխնիկայի բոլոր ասպարէզներում: Ցուցանմուշների շարքում ներկայացուած են 20րդ դարի հայկական նորարարական միտքն ու գործարանների աշխոյժ աշխարհը, Խորհրդային Հայաստանում մշակուած եւ արտադրուած ստուգող-չափիչ սարքերի նմուշներ, տեխնիկական սարքեր, որոնք լայն կիրառութիւն են ունեցել գիտութեան տարբեր ոլորտներում: Այս թանգարանը եւս մէկ անգամ խօսում է Հայաստանում տարիներ շարունակ ապրող ու արարող ճարտարագիտական ու տեխնոլոգիական մտքի ու ներուժի մասին, ինչը նորից պէտք է վեր հանել եւ գործադրել ի նպաստ մեր պետութեան շահերի: Թանգարան են այցելում երիտասարդներ` այդ թւում տարբեր դպրոցների եւ համալսարանների ուսանողներ, ովքեր ոգեշնչւում են նմուշներով եւ ձեռք բերում իրենց մասնագիտական հմտութիւնների կատարելագործման համար անհրաժեշտ գաղափարներ: Երիտասարդները ծանօթանում են նորարարութիւններին եւ գիտական նուաճումներին` գիտակցելով հայ գիտնականների եւ ճարտարագէտների` համաշխարհային զարգացման գործընթացներում ունեցած անգնահատելի դերը:
«Ինժեներական քաղաք»ի մասին մանրամասների համար, այցելէք կայքը: