
2024 Նոյեմբերի 2ին Հիւսիսային Ամերիկայի Արեւմտեան թեմի առաջնորդանիստ Ս․Ղեւոնդեանց Մայր տաճարի «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրեայ դպրոցում գերիշխում էր տօնական գոյներն ու բարձր տրամադրութիւնը:
Ինչպէս միշտ, դպրոցի դասերն սկսուեցին եկեղեցու խնկաբոյր պատերի ներքոյ, ապա հնչեց «Տէրունական աղօթքը», որից յետոյ վարժարանի տնօրէն Յովհաննէս սարկաւագը Գումրույեանը ներկայացրեց օրուայ բազմաբնոյթ յայտագիրը։ Դպրոց էին այցելել կրթօջախի սիրելի բարեկամներից «Հայաստան ծառատունկ» ծրագրի ղեկավար Անահիտ Ղարիբեանը եւ հայրենիքից ժամանած նոյն կազմակերպութեան բնապահպանական կրթութեան ծրագրերի ղեկավար Իզաբել Շատոյեանը։ Հիւրերը հանդէս եկան հետաքրքիր դասախօսութեամբ։ Խօսեցին կատարուած ու կատարուող հսկայածաւալ աշխատանքների մասին, որը մեր բնօրրանը դարձնում է աւելի կանաչ ու գեղեցիկ։
Օրուայ երկրորդ կէսը դպրոցականների ձեռքերով պատրաստած ազգային համեղ կերակուրների փառատօնի անցկացումն էր, որն ուղեկցւում էր ցուցահանդէս-վաճառքով։ Այն առաջին անգամ էր տեղի ունենում: Բոլոր դասարանները ուսուցչուհիների, ծնողների, տատիկների ու պապիկների մասնակցութեամբ ջանք ու եռանդ չէին խնայել որպէսզի օրը դառնայ համեղ ու յիշարժան։ Նրանք իրենց սէրն ու ջերմութիւնը համեմելով արուած գործին՝ խանդավառել ու վարակել էին նաեւ կրթօջախում ծառայող հանրակրթական դպրոցների աշակերտներին, որոնք որպէս կամաւորներ իրենց օգտակարութիւնն են բերում վարժարանում։ Վերջիններս իրենց սեղանով եւս մասնակցում էին միջոցառմանը:
Իւրաքանչիւր ազգային ուտեստ պարունակում է հայկական մշակոյթի եւ հոգու մի կտոր։ Բոլորս կարող էք համտեսել նոյն ուտեստն աշխարհի տարբեր մասերում, բայց դրանք ոչ մի այլ տեղ չեն լինի այնքան համեղ եւ չեն ունենայ նոյն բոյրը, որքան հայրենիքում։ Սակայն պէտք է նշել, որ այդ հայկական ոգին միշտ սաւառնում եւ կապոյտ երկնքի տակ իր տեղն է գտնում նաեւ Հայաստանից հեռու՝ Ամերիկայում եւս: Հէնց դրա շնորհիւ է, որ հայ ժողովուրդն այստեղ կարողացել է պահպանել ազգային մշակոյթը, գրականութիւնը, հաւատը․․․ ինչու չէ նաեւ խորհելով արարելու արուեստը՝ խոհարարութիւնը: Հայկական խոհանոցն արուեստի մի տեսակ է, որը փոխանցուել է սերունդների միջով, եւ իւրաքանչիւր կերակուր պատմում է երկրի աւանդոյթների եւ ինքնութեան մասին:

Խոհանոցի, կերակուրների հետ աղերսւում են մի շարք գաղափարներ, որոնցից ամենակարեւորներից է մեր ազգին յատուկ բացառիկ հիւրասիրութիւնը։ Միասին ճաշ պատրաստելու աւանդոյթն ամրացնում է ընտանեկան եւ ընկերային յարաբերութիւնները՝ ամրապնդելով այն փիլիսոփայութիւնը, որ կերակուրը ոչ միայն սնունդ է, այլ նաեւ կապի միջոց. դա ինքնութեան եւ ժառանգութեան կենսական արտայայտութիւնն է: Աւանդական բաղադրատոմսերը փոխանցուելով մեզ՝ յաճախ ուղեկցւում են պատմութիւններով եւ յիշողութիւններով, որոնք հարստացնում են մարդկային կեանքը: Հայերիս համար ճաշ կիսելը, աղ ու հաց անելը եւ միասին սեղան նստելը սիրոյ եւ յարգանքի խորհրդանիշեր են, միմեանց յարգելու բացառիկ պատիւ:
Օրուայ կարեւոր խորհուրդներից մէկն էլ այն էր, որ աշակերտները Գոհաբանութեան տօնին ընդառաջ, իրենց օգնութեան բաժինն էին ուզում բերել մեր հայրենիքին։ Կատարուող հանգանակութեան արդիւնքները յաղթանակ էին դպրոցի ու մասնակիցների համար։ Որոշուել էր նուիրատուութիւնների մի մասը փոխանցել «Հայաստան ծառատունկ» ծրագրին, որի շնորհիւ «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրեայ դպրոցի անունից ծառեր կը տնկուեն Հայաստանում, իսկ միւս մասը կը տրամադրուի արցախահայ մեր կարիքաւոր հայրենակիցներին։
Նմանօրինակ ձեռնարկն առաջին փորձն էր, որն իր հետ բերեց բարութիւն, սէր ու ջերմութիւն՝ կամրջելով Հայաստանն ու հայրենիքի շնչով ապրող «Փոքրիկ հրեշտակներ»-ի մեծ ընտանիքը։
(Քաղուած՝ դպրոցի ուսումնական գծով փոխտնօրէն եւ 4րդ դասարանի ուսուցչուհի Ռիմա Եսայեանի թղթակցութենէն)