
Ապրիլի 2ին Կոնգրեսում անցկացուել է Հայոց Ցեղասպանութեան ամէնամեայ ոգեկոչման միջոցառումը: Վերջինիս մասնակից՝ Կոնգրեսի երկու կուսակցութիւնները ներկայացնող պաշտօնեաները, պահանջել են Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների անյապաղ ազատ արձակում, տեղահանուած արցախահայերի վերադարձի իրաւունքի ապահովում, ինչպէս նաեւ պատժամիջոցներ Ալիեւի եւ Էրդողանի վարչակարգերի նկատմամբ՝ նրանց պատերազմական յանցագործութիւնների եւ ցեղասպանական ցեղային զտումների համար:
Ոգեկոչման միջոցառումը, որը կրում էր «Յետադարձ հայեացք 2023ի Արցախի ցեղասպանութեանը․ Հայոց Ցեղասպանութեան (1915-1923) յիշատակում» խորագիրը, տեղի է ունեցել Կոնգրեսի այցելուների կենտրոնի դահլիճում: Այն ներառում էր ազդեցիկ վկայութիւններ եւ քաղաքական պահանջներ՝ Թուրքիային եւ Ադրբեջանին, ցեղասպանական յանցագործութիւնների համար, պատասխանատուութեան ենթարկելու վերաբերեալ:
«Այս յանցագործութիւնը չաւարտուեց 1915ին՝ այն շարունակւում է մինչ օրս», միջոցառման ընթացքում յայտարարել է Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի նախագահ Ջորջ Աղջայեանը՝ կիսուելով Ցեղասպանութիւնը վերապրած իր ընտանիքի անձնական պատմութեամբ: Նա պատմել է իր մեծ մօրաքրոջ մասին, ով ականատես է եղել հօր գլխատմանը եւ վեց տարի անցկացրել է գերութեան մէջ՝ մինչեւ փրկուելը: Ապա, վերյիշելով իր 2020ի այցը Արցախ՝ պատերազմի աւարտից օրեր անց՝ նկարագրելով, թէ ինչպէս էր վախն ու կոտրուածութիւնն արտացոլուած տեղահանուած երեխաների հայեացքներում՝ նոյն զգացողութիւնը, որը տարիներ առաջ ունեցել էր իր տատիկը: «Սրանք առանձին իրադարձութիւններ չեն, դրանք շաղկապուած են իրար»,- ընդգծել է նա՝ յաւելելով. «Հայերն ընդամէնը ցանկացել են ապրել խաղաղութեան մէջ, բայց այդ խաղաղութիւնը պէտք է լինի արդար եւ կայուն: Որպէս ամերիկահայեր՝ մենք պահանջում ենք գործողութիւններ»:
Միջոցառումը կազմակերպուել էր Կոնգրեսի Հայկական հարցերով յանձնախումբը՝ Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի ու Ամերիկայի Հայկական համագումարի աջակցութեամբ: Այն, ըստ էութեան, հանդիսացաւ Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի Արեւելեան եւ Արեւմտեան շրջանների կողմից կազմակերպուած երկուօրեայ քարոզչական աշխուժ աշխատանքների աւարտը, երբ Ապրիլի 1ին եւ 2ին Հայ Դատի հարիւրաւոր գործիչներ հանդիպեցին իրենց ծերակուտականների եւ կոնգրեսականների հետ՝ քննարկելու հայանպաստ օրէնսդրական նախագծերը:
Միջոցառման ժամանակ ելոյթ են ունեցել Ծերակոյտի եւ Ներկայացուցիչների պալատի տասներկու անդամներ, այդ թւում՝ ծերակուտականներ Քորի Բուքերը (Նիւ Ջերսի), Էնդի Քիմը (Նիւ Ջերսի), Էդ Մարքին (Մասաչուսեթս) եւ Ադամ Շիֆը (Կալիֆորնիա), ինչպէս նաեւ Կոնգրեսի հայկական հարցերով խմբի հիմնադիր համանախագահ Ֆրենկ Փալոնը (Նիւ Ջերսի) եւ փոխնախագահ Բրեդ Շերմանը (Կալիֆորնիա): Նրանց կողքին ելոյթ ունեցան նաեւ ներկայացուցիչներ Գէյբ Ամոն (Ռոդ Այլենդ), Հերբ Քոնավէյը (Նիւ Ջերսի), Ջիմ Կոստան (Կալիֆորնիա), Լորա Ֆրիդմանը (Կալիֆորնիա), Ջորջ Լաթիմերը (Նիւ Եորք) եւ Ջիմ Մակգաւերնը (Մասաչուսեթս): Ելոյթ է ունեցել նաեւ ամերիկահայ դերասան Ջօ Մանջանիէլոն։
Կոնգրեսի շէնքում անցկացուող այս ամէնամեայ միջոցառումը յիշեցում է՝ արդարութիւնը պահանջում է ոչ միայն յիշատակում, այլեւ գործողութիւններ: Ըստ այդմ՝ Հայ Դատի յանձնախմբի ներկայ առաջնահերթութիւններն են․


– Կասեցնել ամերիկեան ռազմական օգնութիւնը Ադրբեջանին,
– Կիրառել «Մագնիցկու պատժամիջոցներ» ադրբեջանցի ռազմական յանցագործների նկատմամբ,
– Ապահովել հայ ռազմագերիների ազատ արձակումը,
– Միջազգային պաշտպանութեան ներքոյ ապահովել Արցախի տեղահանուած հայերի վերադարձի իրաւունքը
– Պաշտպանել արդար եւ կայուն խաղաղութիւնը, որը մերժում է ուժի սպառնալիքները եւ երաշխաւորում է Հայաստանի ինքնիշխանութիւնը:
Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը շարունակում է պահանջել պատասխանատուութիւն Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից իրականացուած ցեղասպանական քաղաքականութիւնների համար եւ ամերիկեան իշխանութիւններին կոչ է անում ձեռնարկել վճռական քայլեր՝ հակազդելու նրանց ոճրագործութիւններին:
ՀՅԴ ԲԻՒՐՈՅԻ ՀԱՅ ԴԱՏԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆԵԱԿ
