
Հազուադէպ է պատահում, որ որեւէ բիզնես (ձեռնարկութիւն) իր երկարակեցութեամբ կարող է համեմատուել հանրապետութեան անկախութեան տարիքի հետ։ Levon Travel-ն այն եզակիներից է, որը կազմաւորուել է դեռ 1990ին։ Գործակալութեան մասին խօսելիս, կարող ենք մի քանի անգամ օգտագործել առաջին բառը․ այն ոչ միայն առաջին ճամբորդական գրասենեակն էր, այլեւ անկախ Հայաստանի պատմութեան մէջ առաջին ամերիկեան ներդրումնը Հայաստանում։
Այս տարի Levon Travel-ի հայաստանեան գրասենեակը նշում է իր 35ամեակը։ Գործակալութիւնը նոյնիսկ աւելի մեծ է, քան անկախ Հայաստանը ու ինչպէս մեր հանրապետութիւնը, այնպէս էլ Levon Travel-ը ձեւաւորել է իր պատմութիւնը` Հայաստանի զբօսաշրջային շուկայում սահմանելով բարձր չափանիշներ։
ԻՆՉՊԷ՞Ս Է ԿԱԶՄԱՒՈՐՈՒԵԼ LEVON TRAVEL-Ը
Գործակալութեան հիմնադիր ամերիկահայ գործարար Կարպիս Թիթիզեանն առաջին անգամ Հայաստան է եկել սիրուած դերասան Հրանտ Թոխատեանի հրաւէրով դեռեւս 1989ին։ Առաջին իսկ այցելութեան ժամանակ նա որոշեց մնալ Հայաստանում եւ անել ամէն ինչ, որպէսզի օգնի կազմաւորել եւ զարգացնել Հայաստանում զբօսաշրջութեան ոլորտը։
«Առաջին անգամ Հայաստան եկայ 1989ին Հրանտի հրաւէրով։ Չնայած երկիրը դժուարին ժամանակներ էր ապրում, ես սիրահարուեցի Հայաստանին եւ որոշեցի մնալ այստեղ։ Ես հասկանում էի, որ պէտք է ընդլայնեմ իմ աշխատանքը եւ զարգացնեմ զբօսաշրջութեան ոլորտը, որը դեռ գոյութիւն չունէր Հայաստանում: Դա բաւականին դժուար մարտահրաւէր էր․ պատկերացրէք, երկրում նոյնիսկ չկային օրէնքներ, որոնք թոյլ կը տային անհատին գրասենեակային տարածք գնել: Ես պէտք է սպասէի, որ նորաստեղծ խորհրդարանն օրէնսդրութիւն ընդունի, որպէսզի ես կարողանամ ունենալ իմ սեփական գրասենեակը», ասաց Թիթիզեանը։
Levon Travel-ի երեւանեան գրասենեակի աւելի քան 25 տարուայ տնօրէն Անահիտ Փափազեանի խօսքով՝ այդ օրերին գործակալութեան աշխատակիցները բազմաթիւ մարտահրաւէրներ էին յաղթահարում։ Ճամբորդական գործակալութեան գործունէութեան մասին յստակ պատկերացումներ չկային։
«Levon Travel-ը իր գործունէութիւնը սկսել է «Անի» հիւրանոցում փոքր սենեակ վարձակալելով։ Գործը սովորում էինք զրոյից, դժուար պայմաններում, երբ չէր գործում ամրագրման որեւէ համակարգ», յիշում է նախկին տնօրէն Անահիտ Փափազեանը։
LEVON TRAVEL-Ի ԳՐԱՍԵՆԵԱԿԻ ԲԱՑՈՒՄԸ
Գրասենեակը վերջնականապէս հիմնադրուեց 1991ին Սայաթ Նովա փողոցի բնակելի շէնքի առաջին յարկում, որտեղ եւ գործում է մինչեւ այժմ։ Զարմանալի չէ, որ քաղաքացիները բնակիչները շէնքն անուանում են «Լեւոն Թրեւելի շէնք»։
1990ականների սկզբի անհանգիստ Հայաստանում գործակալութիւն բացելը նշանակալի քայլ էր: Աւելին, Levon Travel-ը ոչ միայն առաջինն էր զբօսաշրջութեան ոլորտում, այլեւ դարձաւ ամերիկեան բիզնեսի առաջին ներդրումը՝ Հայաստանը կապելով աշխարհի հետ։
Կարպիս Թիթիզեանին պաշտօնապէս հրաւիրեցին Հայաստան եւ նա դարձաւ պետնախարարի աւիացիայի (օդային ճամբորդութեան) հարցերով գլխաւոր խորհրդական։ Նա առանցքային դեր է խաղացել Հայաստանը միջազգային ամրագրման համակարգերին կապելու գործում։
1995ից Levon Travel-ի երեւանեան գրասենեակը հանդիսացել է հոլանդական թագաւորական KLM հետ գլխաւոր գործակալը Հայաստանում, իսկ 1997ից հանդիսացել է նաեւ British Airways-ի ներկայացուցիչը Հայաստանում։
«Այսպիսով, յաղթահարելով դժուարութիւնները, ամբողջութեամբ զրոյից կառուցեցինք մեր գրասենեակը եւ զբօսաշրջային բիզնեսը», յաւելում է Անահիտ Փափազեանը։
LEVON TRAVEL-Ի ԱՊԱԳԱՆ
Աւելի քան 30 տարուայ ընթացքում գործակալութիւնը շարունակել է զարգանալ՝ պահպանելով բարձր որակը եւ առաջատար դիրքը զբօսաշրջութեան ոլորտում: Յաճախորդների ցանկում են բազմաթիւ միջազգային հաստատութիւններ, ինչպիսիք են ՄԱԿի գրասենեակը, դեսպանատները, տեղական եւ միջազգային բիզնեսները։
Գործակալութիւնը հաւատում է արհեստավարժ եւ անհատականացուած մօտեցման․ յաճախորդները ստանում են բարձր որակի ծառայութիւններ եւ հոգատար վերաբերմունք, ինչի շնորհիւ դառնում են Levon Travel-ի ընկերները:
«Մեր յաճախորդները ստանում են ոչ միայն ծառայութիւն, այլ հիւրընկալութիւն։ Նպատակը դա պահելն ու ընդլայնելն է՝ նոր նշաձող սահմանելով Հայաստանի զբօսաշրջութեան ոլորտում», ասաց Levon Travel-ի գործադիր տնօրէն Ծովինար Մարտիրոսեանը:
Գործակալութեան ուժեղ կողմերից մէկը խմբակային ճանապարհորդութիւնների կազմակերպումն է, յատկապէս միջազգային այցելուների համար: Levon Travel-ի յաճախորդներից են տարբեր երկրներում գտնուող հայերը: Դա կարող են լինել, օրինակ, մեծ դպրոցական խմբեր Ամերիկայից, որոնց նպատակն է վերագտնել կապը իրենց արմատների եւ հայկական ժառանգութեան հետ։ Գործակալութեան նպատակներից մէկն է օտար երկրներից ժամանած յաճախորդների համար Հայաստանը դարձնել գրաւիչ՝ զբօսաշրջութեան եւ բիզնեսի տեսակէտից։
«35ամեակին ընդառաջ ուրախ ենք վերանայել մեր ճանապարհը, գնահատել յաջողութիւնները եւ ոգեւորուած ենք այն ամէնով, ինչ սպասւում է մեզ ապագայում: Մեր առաքելութիւնը նոյնն է․ մատուցել որակեալ ծառայութիւններ եւ իւրաքանչիւր ճամբորդութիւն վերածել անմոռանալի իրադարձութեան, ոչ թէ պարզապէս ճանապարհորդութեան: Հպարտ ենք, որ ունենք նուիրուած խումբ, հաւատարիմ յաճախորդներ եւ վստահելի գործընկերներ: Նրանց աջակցութեամբ է, որ մենք շարունակում ենք մատուցել որակեալ ծառայութիւններ եւ լաւատեսութեամբ նայել ապագային», ասաց Ծովինար Մարտիրոսեանը: