

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Արդի հայ բանաստեղծութեանը նուիրուած բացառիկ երեկոյ տեղի ունեցաւ Գլենդելում Ապրիլի 8ին, որ կազմակերպել էր Ազգային վարժարանների Խնամակալ մարմինը: Ձեռնարկը իւրայատուկ էր մի շարք առումներվ` մէկ սրահում համախմբուել էին արեւմտահայերէնով ստեղծագործող բանաստեղծ-մտաւորականներ, ազգային վարժարանների աշակերտներ ու բազմաթիւ երիտասարդներ, ինչը վկայութիւնն էր, որ սփիւռքահայ նոր սերունդները հետաքրքրուած ու խանդավառ են արդի հայ գրականութեամբ, եւ ընթերցասէր մեծաթիւ հանրութիւն, որ նաեւ մասնակից էր բանաստեղծների զրոյց քննարկմանը:
«Ազգային վարժարանների Խնամակալ մարմինը, տարիներով բաւական գործնական աշխատանք է կատարել հայոց լեզուն զարգացնելու համար: Այդ աշխատանքներից մէկն ենք համարում այս առիթը, որի նպատակն է համայնքի ներսում արթնացնել եւ զարգացնել հայերէնով արտայայտուելու կարեւորութիւնն ու հաճոյքը, մեր լեզուի հանդէպ գուրգուրանքն ու ուշադրութիւնը»` ձեռնարկի մեկնարկն ազդարարելով նշեց Խնամակալ մարմնի նախագահ Սարգիս Ուրֆալեանը` ընդգծելով, որ լեզուն ապրող եւ շնչող երեւոյթ է, որ ամէն սերնդի հետ բացւում եւ զարգանում է այդ սերնդին համապատասխան:


Խնամակալ մարմնի հայկական ծրագրերի տնօրէն, ձեռնարկի զրուցավար Թամար Թուֆէնկճեանն այնուհետեւ մտերմիկ զրոյցի հրաւիրեց սփիւռքահայ արդի չորս բանաստեղծների` Արա Գազանճեանին, Թամար Պոյաճեանին, Խաչիկ Տէր Ղուկասեանին եւ Վիգէն Յովսէփեանին: «Այս օրն առանձնայատուկ է մեր համայնքի համար, յատկապէս` այսքան երիտասարդների ներկայութիւնը, որ խանդավառում է բոլորիս: Ձեռնարկի ընթացքում նրանք կը լսեն մեր բանաստեղծների խօսքը` հայերէնով ստեղծագործելու կարեւորութեան, լեզուի հանդէպ պատասխանատուութիւն ստանձնելու անհրաժեշտութեան մասին, կը քաջալերուեն եւ նաեւ խորհուրդներ կը ստանան», իր խօսքում նշեց Թամար Թուֆէնկճեանը` ամփոփ ներկայացնելով բանաստեղծների կենսագրականն ու սկսելով քննարկումը:
Բանաստեղծութիւն գրելը զբաղմո՞ւնք է, կենցա՞ղ, լիցքաւորո՞ւմ է, լիցքաթափո՞ւմ, թէ՞ առաքելութիւն: Թուֆէնկճեանի այս հարցին, ստեծագործողները տարբեր կերպ պատասխանեցին: «Բանաստեղծութիւնն ամէն նշուածի խառնուրդն է` լիցքաւորում է, լիցքաթափում է, գեղեցիկը զատելու եւ մէջտեղ բերելու ճիգն է: Արձակի մէջ բառերն աւարտւում են, սահմանափակում կայ, մինչ բանաստեղծութիւնը տալիս է անսահման երեւակայելու առիթ», նշեց արեւմտահայ արդի բանաստեղծ, բազմաթիւ հրատարակութիւնների եւ գրքերի հեղինակ, մանկավարժ Ֆերահեան Ազգային վարժարանի ուսուցիչ Արա Գազանճեանը: Սթենֆորդ համալսարանում արեւմտահայերէնի ու գրականութեան դասախօս, բանաստեղծ, թարգմանիչ Թամար Պոյաճեանն էլ, ով ձեռնարկին մասնակցելու նպատակով էր Դիտրոյիթից ժամանել Լոս Անջելես, անդրադարձաւ, որ բանաստեղծութիւնը լաւագոյն միջոց է լեզուն ճանաչելու, լեզուի մեր խորութեամբ ընկղմուելու:

Արգենտինայից ժամանած, ձեռնարկի մասնակիցներից էր դոկտոր Խաչիկ Տէր Ղուկասեանը: Նա հրատարակչական ասպարէզ է մուտք է գործել «Ազդակ» օրաթերթի միջոցով, եւ Արգենտինա տեղափոխուելուց յետոյ երկար տարիներ հանդիսացել է «Դիարիօ Արմէնիա» թերթի հայերէն բաժնի խմբագիրը, դասախօսել է մի շարք համալսարաններում, այդ թւում` Հայաստանի Ամերիկեան համալսարանում եւ հանդիսացել գիտաշխատող: Մասնագիտական հրատարակութիւնների կողքին, նա հեղինակել է գրական տարբեր ստեղծագործութիւններ, եւ վերջերս հրապարակեց իր բանաստեղծութիւնների առաջին ժողովածուն: Խաչիկ Տէր Ղուկասեանը բանաստեղծութիւնը համարում է լեզուն զարգացնելու եւ լեզուի հետ յարաբերութիւնները խորքային դարձնելու միջոց:
Միջազգային յարաբերութիւնների դոկտոր, քաղաքական-հասարակական գործիչ, համայնքի եւ ազգային հարցերում գործուն ներդրում ունեցած, եւ «Հայդուկ» թերթի հիմնադիրներից, դոկտոր Վիգէն Յովսէփեանն էլ խոստովանեց, որ բանաստեղծութիւն գրելն իր համար մարդկանց հետ հաղորդակցուեկլու միջոց է, մտքերն ու զգացմունքները փոխանցելու ձեւ:
Թամար Թուֆէնկճեանի յաջորդ հարցը զրուցակիցներին այն մասին էր, թէ ի՛նչ բանաստեղծներ են հանդիսացել ներշնչանք, մղել նրանց ստեղծագործելու:


Արա Գազանճեանն ու Խաչիկ Տէր Ղուկասեանը նշեցին «Մենք» գրական խմբակի ազդեցութիւնը`1930-1933 թուականներին աշխուժօրէն գործող գրական եւ մտաւորական շարժում, որի նպատակներից էր համախմբել սփիւռքահայ տարբեր համայնքներում գործող հայ գրողներին ու մտաւորականներին` նոր գրականութեան գաղափարի շուրջ: «Իմ համար, «Մենք»ի շարժումից սկսած երեք անձ կար, ովքեր շեշտադրել են սփիւռքահայութեան հարցերը, եւ մեծ ազդեցութիւն են ունեցել իմ համար: Նրանք են` Նիկողոս Սարաֆեանը, Վահէ Օշականն ու Գրիգոր Պըլտեանը», նշեց Տէր Ղուկասեանը: Թամար Պոյաճեանն էլ խոստովանեց, որ իր` բանաստեղծ դառնալու հարցում վճռորոշ դեր է ունեցել Ֆերահեան Ազգային վարժարանում իր սիրելի ուսուցիչ Արա Գազանճեանը: «Նա միշտ քաջալերում էր ինձ, եւ պահանջում էր անընդհատ ներկայացնեմ յաջորդ բանաստեղծութիւնս, եւ Արա Գազանճեանն էր, որ համարձակութիւն ներարկեց իմ մէջ, որ կարող եմ գրել, եւ կարող եմ հայերէնով գրել: Իրեն հաւատալով էր, որ շարունակեցի»:
Վիգէն Յովսէփեանն էլ պատմեց գրական ուղու իր ընտրութեան մասին` նշելով, որ ի տարբերութիւն գործընկերների, պատանեկութեան շրջանում հայերէնի հետ առանձնապէս կապ չի ունեցել, քանի որ Միացեալ Նահանգներ տեղափոխուելուց յետոյ նման առիթ թէ՛ աւագ դպրոցում, թէ՛ համալսարանում չի ունեցել: «Իմ համար համայնքի միջավայրս է, որ ձեւաւորել է գրելու առիթ: Ես սկսել եմ մէկ-երկու յեղափոխական երգերով, եւ երբ Գառնիկ Սարգսեանն այդ երգերն ներառեց իր երգացանկում, այդ հանգամանքն էր, որ քաջալերեց ինձ շարունակելու գրելս, թէեւ գրուածքներս բանաստեղծութիւն չէին այդ ժամանակ»:
Որպէս արդի բանաստեղծ, լինելով պատմական այս պահին գրական ոլորտի ջահակիրներ, ինչպէ՞ս են պատկերացնում այդ ջահը երիտասարդներին յանձնելու, նրանց շղթայի օղակը դարձնելու գործը, հարցը զրուցակիցներին ուղղուած Թամար Պոյաճեանի յաջորդ հարցն էր: Արա Գազանճեանը ափսոսանքով նշեց, որ ոչ լիբանանահայ, ոչ սիրիահայ համայնքներում, նշուած ոլորտը նախկին բարւոք վիճակում չի, եւ այսօր ամերիկահայ համայնքն է, որ այդ ուղղութեամբ պէտք է մեծ աշխատանք կատարի, եւ նշեց, որ ոլորտի շուրջ տիրող յուսահատութիւնը յաղթահարւում է: Խաչիկ Տէր Ղուկասեանն էլ ընդգծեց, որ լեզուն կենդանի պահելու համար, պէտք է համարձակուել գրել, եւ այդ առումով կենսական է քաջալերել երիտասարդներին: Վիգէն Յովսէփեանի բանաձեւն էլ` մարտահրաւէր նետելն է ինքդ քեզ, ճիգ գործադրելը ստեղծագործելու, որ անպայման կը յաջողի: «Իւրաքանչիւր անձ լեզուի հետ որոշակի յարաբերութիւն ունի, բայց երբ սկսում է գրել այդ լեզուով` կարծես զրոյից է սկսում, նոր յարաբերութիւն է սահմանում տուեալ լեզուի հետ: Այդ առումով, մեր երիտասարդներին յորդորում եմ, որ չվախենան հայոց լեզուի իրենց իմացութիւնից, եւ եթէ կարծում են, որ բաւարար չեն տիրապետում գրելու համար` թող սկսեն ձեւաւորել նոր յարաբերութիւններ, եւ դիմեն մասնագէտների`նաեւ քաջալերանք ստանալու», նշեց Պոյաճեանը:


Թամար Պոյաճեանի մէկ հարցումն էլ ստեղծագործելու մղման մասին էր: «Կարծում եմ, որ բանաստեղծութիւնը սկսում է, երբ այլեւս չես դիմանում ներսի լռութեանը: Ես երբեք չեմ ծրագրում գրելս, այսինքն` պահ է գալիս, որ ցանկանում եմ ներքինս թղթին յանձնել, բանաստեղծութիւնը որեւէ ձեւով բռնազբօսիկ չպէտք է լինի, այսինքն, չպէտք է պայմանաւորուած լինի հանգամանքներով», ստեղծագործելու իր մղման մասին կիսուեց Արա Գազանճեանը: «Երբ ստեղագործող ես, չես կարող չգրել, չարարել, քանի որ այդ մղումը կեանքիդ ամէն պահի մէջ է: Բանաստեղծութիւն գրելը նաեւ չարչարանք է, քանի որ անընդհատ պրպտումների մէջ ես, բառերի հետ կռուի», նշեց Պոյաճեանը: Խաչիկ Տէր Ղուկասեանի կարծիքով, գրական ստեղծագործումը սկսւում է այն պահին, երբ անտարբեր չես լեզուի, բառերի նկատմամբ, եւ սկսում ես խաղալ բառերի հետ, ինչի արդիւնքում էլ ծնւում է գրական գործը:
Բանաստեղծները ընդգծեցին նաեւ լեզուի ոչ միայն պահպանման, նաեւ` զարգացման անհրաժեշտութիւնը, ինչի համար կենսական է հայերէնով ստեղծագործելը: «Շատ կարեւոր է, որ երեւակայենք հայերէնով, եւ այդ պարագայում նոր բառապաշար է զարգանում: Հայերէնով խօսելը Սփիւռքում որոշում է, եւ երիտասարդները միմեանց հետ տարբեր նիւթերի շուրջ խօսելով է, որ զարգացնում են լեզուն», նշեց Թամար Պոյաճեանը: Վիգէն Յովսէփեանն էլ կարեւորեց, որ պէտք է մեր մտայնութիւնից դուրս գայ այն, որ հայերէն խօսելը, հայերէնով զբաղուելը զոհողութիւն է: «Ոչ, այս հարցը պէտք է տանենք հաճոյքի դաշտ, եւ հայոց լեզուով ստեղծագործելը պէտք է հաճոյք լինի: Լեզուն թանգարանային արժէք չէ, այլ հաղորդակցութեան միջոց է»: Բանաստեղծները երիտասարդներին խորհուրդ տուեցին համարձակ լինել, եւ պատասխանատուութիւն ստանձնել հայոց լեզուի եւ Սփիւռքում մայրենիի զարգացման հարցում: Նրան յորդորին ի պատասխան, յատկանշական էր, եւ չափազանց յուզիչ, ձեռնարկի գեղարուեստական բաժնում` Ֆերահեան, Մեսրոպեան եւ Ռոզ եւ Ալեք Փիլիպոս Ազգային վարժարանների աւագ դպրոցի աշակերտների պատրաստած անակնկալը: Նրանք հանդէս եկան ձեռնարկին ներկայ բանաստեղծների ստեղծագործութիւնների ընթերցումներով` վկայելով, որ սփիւռքահայ նոր սերունդների շրջանում հայոց լեզուի պահպանման եւ զարգացման մտահոգութիւնները կարող են փարատուել, քանզի ազգային ոգով սնուցուած աշակերտները յանձնառու են ստանձնելու ջահը:
Ձեռնարկի մասին իր տպաւորութիւնները կիսելով «Ասպարէզ»ի հետ, սփիւռքահայ մտաւորական Խաչիկ Տէր Ղուկասեանը նշեց, որ Խնամակալ մարմնի կողմից հրաւէրը մասնակցելու նման միջոցառման` իր կեանքի ամենուրախ անակնկալներից մէկն էր: «Սա ձեռնարկ է, երբ աշակերտները արեւմտահայ բանաստեղծութիւն են կարդում, գրում, եւ ցանկանում են հանդիպել բանաստեղծների հետ: Անկեղծօրէն, չեմ յիշում, որ նման ձեռնարկ երբեւէ եղած լինի` այսինքն, իր տեսակի մէջ իւրայատուկ է: Սա նախանշան է, որ կարելի է թէ՛ արեւմտահայ եւ թէ արեւելահայ բանաստեղծութիւնը հետաքրքրական դարձնել, եւ փաստօրէն, տեսնել, որ հայ նոր սերունդը յանձնառու է: Սա նաեւ նշան է, որ այն մտահոգութիւնները, թէ արեւմտահայերէնը վտանգուած լեզու է, եւ շուտով կը մոռացուի` այդպէս չէ, եւ կարող է կենդանի լինել, հետաքրքրել եւ զարգանալ: Սա յոյս է, ինքնախաբէութիւն չէ, եւ եթէ նման ձեռնակներ լինեն ամէնուր, մի օր կը տեսնենք բոլորովին այլ պատկեր», ամփոփեց Խաչիկ Տէր Ղուկասեանը:
Ազգային վարժարանների Խնամակալ մարմնի` արդի հայ բանաստեղծութեանը նուիրուած այս ձեռնարկը ոգեւորիչ էր, քաջալերող եւ յուսադրող, ինչի մասին նշեցին նաեւ «Հիրօ Հաուս» կառոյցում ձեռնարկին մասնակցող բազմաթիւ հիւրերը: