ԱԼԱ ՄՈՒՇԿԱՄԲԱՐԵԱՆ

Նիրհի մէջ կաշկանդուած էր անվերջանալի, անշարժ հարթութիւնը: Շուրջը՝ մղկտացնող տխրութիւն, անեզր տարածք, որ հայեացքի առջեւ կարմիր ամպերի տակից բացւում, դառնում էր հարթավայր: Շէկ գոյնի համատարած թագաւորութիւնն իր մէջ էր առել երկինք ու երկիր: Գնում էր կարաւանը այս ու այն կողմ ճօճուելով, չկարողանալով կարծես յենման կէտ գտնել, գնում էր ճօճուելով… դատապարտուածի հաշտուածութեամբ:
Գնում էր նա հայոց պատմութիւն դարձած՝ Տէր Զօրի անապատներով դէպի… Գողգոթա…
Իրիկնացաւ: Կարաւանը կանգ առնելու հրաման ստացաւ: Մարդիկ կոտրտուած ճիւղերի նման փռուեցին աւազներին, բացի ալեզարդ մի վանականից, որը պտտւում էր կարաւանի մէջ մրմրնջալով իր իրիկնային աղօթքը.
Հրեշտակ պահապան
Պահեայ անսասան
Մինչեւ առաւօտեան…
Պատռտուած փարաջայի (հոգեւորականի վերնազգեստ) տակից երեւում էին առնական կուրծքն ու բազուկները: Աչքերը յառած անծայրածիր հարթութեանը, նա կրծքին էր սեղմել հնամաշ Աւետարանը՝ դարերի խորքից բերուած խօսքերով, որոնք էլ հենց բանն էին, Աստծոյ ծանր հայեացքը, որ հետեւում էր ամէն մի շարժմանը եւ յաւերժական վէճ՝ Ամենաբարձրեալի հետ, որին հարկաւոր էր ենթարկուել, բայց որի դէմ թւում էր թէ ընդվզել էր ուզում: Աչքերի մէջ մռայլ զսպուածութիւն էր, զսպուածութիւն, որ ծնել էր հզօր բնաւորութիւն, բայց ճնշել, հոգու գաղտնարաններում թաքցրել էր ալեկոծ այնպիսի հարցեր, որ մի օր էլ պոռթկալով ունակ էին փոթորիկ բարձրացնել: Մշուշն այդ, որում կարծես մերուել էր շրջապատը, դրդում էր նրան կեդրոնանալ ինքն իր մէջ, իր հոգու ցաւին…
Ինքը յուսոյ խօսքերով կը տանի ՆՐԱՆՑ…
Գիշերուայ ամպերը կամաց-կամաց երանգաւորւում էին ազդարարելով այգաբացը:
Առաւօտ՝ լուսոյ,
Արեգակն արդար,
Առ իս լոյս ծագեա…
Երգում էր վանականը այնպէս գեղեցիկ, ձայնի այնպիսի սքանչելիութեամբ, որ նոյնիսկ գազան եուզբաշին (հարիւրապետը), որ մի խոր ատելութիւն ունէր դէպի «գեաւուր»ները, ականջները սրած աշխատում էր բաց չթողնել ոչ մի ելեւէջ, ոչ մի թրթիռ:
Անապատի քարացած անծայրածիր հարթութեան մէջ, այգաբացի շողերի ներքոյ, ալեզարդ վանականը ձեռքերը կրծքին՝ մի վեհ եւ խորհրդաւոր տպաւորութիւն էր թողնում:
Առաւօտ՝ լուսոյ,
Արեգակն արդար…
Հազիւ էին լռել երգի ելեւէջները, երբ յանկարծ լսուեց ահռելի մի ճիչ…
Սկսուեց… դժոխային սպանդը… կտրուած ծառի նման, ծնկեց վանականը աւազներին…
Անապատը լցուել էր ահռելի ճիչ ու վայնասունով… Հրելով երեխաներին դէպի իրենց թիկունքը, մայրերն առաջինն էին ընդունում եաթաղանի հարուածները: Գազազած ասկեարները քաշում, հանում էին կանանց փէշերի տակ թաքնուած փոքրիկներին եւ յօշոտելով՝ ոռնում հաճոյքից… խելագարուած մի ծերունի փորձում էր թոռանը թաքնել աւազների տակ… Ցնորուած մի մայր սարսռացնող քրքիջով ծոցն էր խցկում անգլուխ նորածնի բարուրը…
O՜, տէր Աստուած, այնպիսի մի ահռելի դատաստան էր երկրի վրայ, որ դժոխքի դեւերն անգամ նախանձից կը ճաքէին…
Հոգեվարքի վերջին վայրկեաններն ապրող մարդիկ յոյսի մի հայեացքով էին նայում վանականի կողմը եւ մեռնում հաւատալով…
Լռել էին մեռնող մարդկանց վերջին տնքոցները, սակայն վանականը շարունակում էր ծնկած ճօճուել տեղում, աղօ՞թք էր շշնջում թէ՞ գանգատ, ե՞րգ էր թէ՞ կորցրած հաւատքի մրմունջ: Օ՜ ո՛չ, դա պատարագ էր… Հոգեհանգիստի պատարագ…
– Դէ՛ բաւ է, ցնդած գեաւուր, նայիր, – ճանկելով վանականի մօրուքը եուզբաշին նրա դէմքը շրջեց դէպի ետ՝ դէպ մորթուած կարաւանը, – ե՞ս եմ մեծ, թէ՞ քո Աստուածը:
Վանականը, աչքերը յառած եղերական տեսարանին, դանդաղ ձեռքը վեր բարձրացրերց.
– Քրիստոս յարեաւ ի մեռելոց…
– Շուն գեաւուր, փրփրեց եուզ բաշին, – կարդայ քո աղօթքը, թոյլ եմ տալիս, տեսնենք թէ ինչպէս է յարութիւն առնելու սրանցից մէկը, մատնացոյց անելով թքեց եուզբաշին:
Դանդաղ ոտքի կանգնեց վանականը.
– Հայր մեր որ յերկինս ես…
Աչքերը փակ, գլուխը վեր, ալեխառն մազերը անապատի քամուց ծածանուելով նա մի անբացատրելի երկիւղ եւ սարսուռ էր ներշնչել դիակների կողքին սեւ անգղների պէս ցցուած ասկեարներին: Ու երբ հնչեց «ԱՄԷՆ» յանկարծ անապատի յաւերժական լռութիւնն ընդհատուեց մանկական ուրախ, անուշ ղունղունոցով…
Ցնցուած ասկարները մօտ վազեցին դիակոյտին եւ նոյնքան էլ արագ ետ ընկրկեցին իրենց տեսածից սարսափած: Կապուտաչեայ մի չքնաղ մանկին կիսաքանդ բարուրից խաղում էր մահացած մօր նախշազարդ ճակատանոցի հետ:
– Մորթել դրան, – լրբացաւ եուզբաշին: Տեսարանից ցնցուած ասկեարները աւելի ետ նահանջեցին:
Բոլորին տիրել էր վախի ու սարսափի մի զգացում…
– Վախկոտ անասուններ, ցնդած վանականից վախեցաք, թէ այդ մի բուռ խմորից, գոռաց եուզբաշին դուրս քաշելով արիւնոտ եաթաղանը:
– Չհամարձակուես, – մռնչաց վանականը, – չհամարձակուես եուզբաշի, կ՛անիծեմ…
Քրքջաց թուրքը:
– Եթէ այս մսակոյտի մէջ է քո Աստուածը, – թափով վեր բարձրացնելով եաթաղանը գոռաց նա, – ապա ես կը սպաննեմ քո Աստծուն, գեաւուր… ու… ու…
Ինչ որ սեւ բան մտրակի պէս խարազանեց եուզբաշու ձեռքը եւ նոյն արագութեամբ էլ ետ թռչելով անհետացաւ իր ետեւից թողնելով միայն գալարուն հետքերը աւազների վրայ…
– Շէյթան (սատանայ)… շէյթան… գոռգոռալով այս ու այն կողմ փախան ասկարները թողնելով եուզբաշուն ծնկած աւազներին: Սառը քրտինքը պատել իր դէմքը, ձեռքը րոպէ առ րոպէ ուռչում էր, ահռելի ցաւից ջղաձգւում էր մարմինը:
– Յանուն Ալլահի փրկիր, մարդ Աստոյ, – կուչ ու ձիգ անելով աղերսում էր նա:
Վանականը պատռեց փարաջայի ծուէններից մէկը եւ կապեց եուզբաշու ձեռքը, այն ձեռքը որով հենց նոր մորթել էր մի ամբողջ աստուածութիւն… Նա գիտէր, որ ուշ էր, եւ որ եուզբաշին դատապարտուած էր, բայց կատարեց իր հայ քրիստոնեայի պարտքը… չէ որ ինքը մարդ էր, անչափ շռայլ էր հոգին, չարութեամբ լցուելու համար…:
Գրկելով մանկանը վանականը նրան մօտեցրեց մեռնող թուրքին.
– Նայիր եուզբաշի, դու չկարողացար նրան սպաննել… երկու անգամ Քրիստոս չեն սպաննում…
Ու… սատկող շնագայլի նման ոռնաց մեռնող եուզբաշին, վերջին անգամ նայելով հեռացող վանականին, որը գնում էր տանելով իր ծուատած փարաջայի ծոցում մի կապուտաչեայ փոքրիկ Հայաստան…