ԺՈՒԼԻԷԹ ԴԱՒԹԵԱՆ
Ասպարէզ օրաթերթի կայքէջը իր Ապրիլի 24-25 համարում յայտարարեց՝ Օպաման հայ ժողովրդին դաւաճանեց (betrayal)։ Խորագիրը խիստ էր, նրանից բխած զգացումն ու յուսահատութիւնը՝ խոր։ Ընտրութիւններից առաջ ու նրանից յետոյ նախագահ Օպամայի դիրքորոշումը հայկական ջարդին ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ անուանելու խոստումն ու տպաւորութիւնները մէկ անգամ եւս դրժւում էին եւ այդ գալիս էր այնպիսի մի նախագահի կողմից, որը ընտրարշաւի էր իջել ու նախագահ էր ընտրուել «փոփոխութիւն» նշանաբանով։
Հայրենասիրական զգացումների վիրաւորանքն ու անյարգուած զգալը անխուսափելի են ու խիստ հասկանալի։ Սակայն, անտեղի չէր լինել ճիշդ այս «տաք» պահերին հարցերի ծալքերը մի քիչ աւելի բանալ ու խուսափել դիւրագրգռութիւնից ու խիստ զգացական մօտեցումներից։
Ապրիլի 24ից ճիշդ երկու օր առաջ, հայ ժողովուրդը (թէ՛ հայրենիքում եւ թէ՛ սփիւռքում) խոր հիասթափութիւն եւ յուսայատութիւն ապրեց իւրիաններից, երբ մեր կառավարութիւնը (աւելի ստոյգ կը լինէր ասել կառավարութեան մէկ մասը) անամօթաբար անտեսելով իր ժողովուրդի վէրքն ու պահանջը՝ յայտարարեց մի համաձայնագրութեան մասին, որի նախաքայլերը ըստ երեւոյթին, սկսել էին ժամանակներ առաջ։ Համաձայնագիր, «Ճանապարհային Քարտէզ», որի մանրամասնութիւնները ոչ միայն անյայտ են համայն հայութեան, այլ՝ գաղտնի էին պահուել կոալիցիայի անդամ միւս կուսակցութիւններից։ Ու այսպիսով անակնկալի էր դրւում ամբողջ մի ժողովուրդ ինքն իր իսկ կառավարութեան կողմից։ Հարց է ծագում՝ այս վերը նշուած իրողութիւններից ո՞ր մէկը կարող է աւելի զօրաւոր ապտակ համարուել հայութեան։ «Օտար» նախագահի նամակում ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ բառի բացակայութի՞ւնը, նամակ, որտեղ առաջին անգամ լինելով Միացեալ Նահանգների մի նախագահ օգտագործում է հայ ժողովուրդի օգտագործած տարբերակ «Մեծ Եղեռն»ը, նամակ, որտեղ նախագահը հակառակ թրքական 300,000 թիւի կարծիքին՝ համաձայնւում է հայկական տարբերակի հետ ու յայտարարում մէկ ու կէս միլիոնը իբրեւ ջարդից զոհուածների թիւ, որտեղ նա շեշտում է իր կարծիքների «անփոփոխ մնալ»ու մասին, մատնանշելով իր նախընտրական յայտարարութեանը, որով նախագահը 1915ի դէպքերը անուանում էր ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ։ Թէ՞ այն, որ քո սեփական կառավարութիւնը կարող է համաձայնութեան յանգել ցեղասպանութեան հեղինակների հետ ծածուկ՝ անակնկալի բերելով համայն հայութեան։ Այն, որ «օտար» նախագահին սեփական կառավարութիւնը առիթնե՞րն ընծայում էր արդարանալու, թէ այն, որ «օտար» նախագահը արդարանալ էր փորձում՝ պատճառաբանելով Միացեալ Նահանգների ազնիւ ցանկութիւը չխանգարելու եւ չխոչընդոտելու երկու հարեւան երկրների բարի դրացիական կապեր ստեղծելու ջանքերը։
Իսկ հիմա աւելի գլխաւոր հարցը մնում է այն, որ հայ ժողովուրդի շահերի ու արդար դատի ջատագով ու պաշտպան, կոալիցիայի անդամ Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը ինչպիսի՞ կեցուածք կÿորդեգրի այս ազգային բախտորոշ պահերին։ Կուսակցութիւն, որ երբ Հայաստանը Խորհրդային կառավարութեան սահմաններում էր, ի՛նքը սփիւռքում տէր կանգնեց հէնց այսօրուան հայրենի կառավարութեան կողմից անտեսուած հայկական հարցին ու դատին։ Կուսակցութիւն, որի անդամներն արդէն բազմիցս անգամներ հէնց այդ ժողովրդի շահերը պաշտպանելու համար ու մեղադրանքով ազատազրկուել են ու բանտի նկուղներում օրեր անցկացրել։ Այն կուսակցութիւնը, որ բազմիցս յայտարարել է՝ Հայոց Ցեղասպանութիւնն ու Ղարաբաղը հարցականի տակ տարուելու խնդիրներ չեն, ոչ էլ զիջելու, ոչ էլ պայմանագրերի կէտեր:
Այս գրութիւնը գրելու ժամանակ արդէն իսկ շշուկներ կան, թէ ՀՅԴն քննում է իր կոալիցիային անդամակցութիւնը շարունակելու հարցը։ Այդպէս էլ պէտք է լինէր։ ՀՅԴն այսպէս հանգիստ էլ պիտի չանցնէր այս դաւաճանութիւնների վրայից, ու ի վերջոյ, կարելի չէր սպասել այն կուսակցութիւնից, որը հայրենիքի անկախութեան առաջին իսկ օրից դերակատար է հայրենիքում, եւ որը հայրենիքից դուրս ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆից յետոյ տէր է կանգնել իր ժողորդին, ապահովել նրա գոյատեւման շարունակութիւնը ու վառ պահել ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ իրականութիւնը, թէ չձեռնարկէր դիպուկ ու կտրուկ որոշումների:
ՀՅԴն կ՛որոշի։ Պատմութիւնը վկայում է, որ այն կÿորոշի՝ ի մտի ունենալով միայն ու միայն իր ժողովուրդի համընդհանուր շահերը, իր անցեալով, ներկայով ու ապագայով։
Ու հէնց այդ որոշումը կ՛ընդգծի, թէ ո՛վ աւելի յուսախաբ արեց հայ ժողովրդին ու խոստումը դրժեց, Օպամա՞ն, թէ հայրենի կառավարութիւնը։ Ո՞վ էր իսկական դերակատարը այսքան յոյզերի ու յոյսերի խորտակման, մեր ապրած հիասթափութեան։ Մե՞նք էինք նորէն մեր ձեռքով, թէ «օտար»ը։