ՀԱՐՑԱԶՐՈՅՑ «ՄՈՒՍԱՒԱԹ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ ՄԵՃԼԻՍԻ ՆԱԽԱԳԱՀ, ԱԹԼԱՆԹԵԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹԵԱՆ ԱՏՐՊԵՃԱՆԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹԵԱՆ ՆԱԽԱԳԱՀ ՍՈՒԼՀԱԴԴԻՆ ԱՔՊԵՐԻ ՀԵՏ Հայ-Թրքական Յարաբերութիւնները Երկար Ժամանակ Կը Պահանջեն Բնական Դառնալու
«ԱՍՊԱՐԷԶ».- Ստորեւ կը ներկայացնենք «Հետք» լրատու գործակալութեան կողմէ տրամադրուած հարզազրոյցը:
ՀԱՐՑՈՒՄ.- Ո՞ր երկիրը Հայաստա՞նը, թէ՞ Թուրքիան աւելի կը շահի հայ-թուրքական սահմանի բացումից, երկու երկրների միջեւ դիւանագիտական յարաբերութիւնների հաստատումից:
ՍՈՒԼՀԱԴԴԻՆ ԱՔՊԵՐ.- Կասկածից վեր է, որ երկու պետութիւնների միջեւ սահմանի բացումից աւելի կը շահի Հայաստանը: Այս դէպքում Հայաստանը, հակամարտութեան կարգաւորման հարցում նոյնիսկ կէս քայլ չնահանջելով, կը հասնի հետեւեալին.
ա) կը ձեւաւորի քաղաքական-դիւանագիտական յարաբերութիւններ իր թշնամու դաշնակցի հետ, ինչպէս նաեւ կը հասնի նրան, որ Թուրքիան կը փոխի երկկողմանի բանակցութիւններում ունեցած իր դիրքորոշումը եւ կը հրաժարուի հակամարտութիւնը կարգաւորելու եւ գրաւեալ հողերը վերադարձնելու պահանջներից,
բ) տարածաշրջանում Ռուսաստանի դերի մեծացմանը զուգընթաց՝ Թուրքիան կը չէզոքացուի, իսկ Ադրբեջանի տարածաշրջանային դիրքը կը թուլանայ, ուստի՝ Հայաստանը կ՛ամրապնդի սեփական դիրքերը բանակցային գործընթացում,
գ) Թուրքիայի հետ սահմանի բացումը օրակարգից կը հանի Ադրբեջանի բռնազաւթուած տարածքների ազատման հարցը եւ կը հանի Հայաստանը տրանսպորտային եւ հաղորդակցական մեկուսացումից,
դ) ելքը դէպի այնպիսի շուկայ, ինչպիսին Թուրքիան է, եւ դէպի Եւրոպա ճանապարհի բացումը կարող է տնտեսական առումով դրական ազդեցութիւն թողնել Հայաստանի վրայ, ինչպէս նաեւ նպաստել երկրի պաշտպանունակութեան մեծացմանը:
Անհրաժեշտ է աւելացնել, որ այս ամէնը տեղի կ՛ունենայ առանց Հայաստանի՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի նկատմամբ տարածքային յաւակնութիւններից եւ ցեղասպանութեան հարցի վերաբերեալ ունեցած յաւակնութիւններից հրաժարուելու:
Թուրքիայի կողմից միակողմանի զիջումները, դիւանագիտական յարաբերութիւնների ձեւաւորումը եւ սահմանների բացումը կարող են նպաստել՝
ա) ԱՄՆի եւ Եւրամիութեան հետ ժամանակաւոր փոքրիկ մարտավարական, քաղաքական-դիւանագիտական դիւիդենտների (շահաբաժին-Խմբ.) ձեռքբերմանը,
բ) Հայաստանի հետ յարաբերութիւնների զարգացմանը յատկապէս առեւտրատնտեսական ոլորտում,
գ) տարածաշրջանում քաղաքականութեան համեմատական ակտիւացմանը:
Սակայն, առաջին՝ այդ դէպքում Թուրքիայի ձեռքբերումները կը կրեն ժամանակաւոր մարտավարական բնոյթ եւ կունենան սահմանափակ մասշտաբ: Երկրորդ՝ նման ձեւով համեմատաբար «չէզոքացնելով» Հայաստանը՝ Թուրքիան չի կարողանայ չէզոքացնել հայկական լոբբին: Երրորդ՝ Հայաստանը չի հրաժարուի Թուրքիային ներկայացուող իր ոչ մի պահանջից: Չորրորդ՝ եթէ Թուրքիան նոյնիսկ լիովին չկորցնի իր բնական դաշնակից Ադրբեջանին, ապա կարող է կորցնել նրան որպէս ռազմավարական գործընկերոջ:
ՀԱՐՑՈՒՄ.- Ի՞նչը կարող է արմատապէս փոխել կամ խանգարել հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորմանը:
ՍՈՒԼՀԱԴԴԻՆ ԱՔՊԵՐ.- Առաջին՝ Հայաստանը պէտք է ճանաչի Թուրքիայի ներկայ սահմանները եւ Կարսի պայմանագիրը, վերջ տայ ցեղասպանութեան եւ Թուրքիայի նկատմամբ տարածքային յաւակնութիւններին: Երկրորդ՝ պէտք է ազատուեն Ադրբեջանի բռնազաւթուած տարածքները, եւ Հայաստանը պէտք է կառուցողական դիրք գրաւի Ղարաբաղի հարցում: Երրորդ՝ Հայաստանը պէտք է ազատուի Ռուսաստանի ռազմաքաղաքական եւ տնտեսական ազդեցութիւնից: Չորրորդ՝ Հայաստանը պէտք է փոխի իր ռազմավարական կողմնորոշումը եւ ընտրի ժողովրդավարական զարգացման եւ եւրաատլանտեան տարածութիւն ինտեգրման (ներառնուելու-Խմբ.) ուղին: Հինգերորդ՝ Թուրքիան պէտք է արագացնի Եւրամիութիւն մտնելու հետ կապուած բարեփոխումները, ինչպէս նաեւ համաձայնեցնի իր տարածաշրջանային քաղաքականութիւնը ոչ թէ Ռուսաստանի, այլ ԱՄՆի, Եւրամիութեան եւ Նատօ-ի հետ: Վեցերորդ Թուրքիան չպէտք է անտեսի իր բնական դաշնակից Ադրբեջանի ազգային շահերը, այլ կոորդինացնի Հարաւային Կովկասի եւ Կասպիական տարածաշրջանի հետ կապուած իր քաղաքականութիւնն Ադրբեջանի հետ:
Եօթերորդ՝ եթէ ԱՄՆը եւ Եւրամիութիւնը ցանկանում են կարգաւորել հայ-թուրքական յարաբերութիւնները, ինչպէս նաեւ հայ-ադրբեջանական յարաբերութիւնները՝ խաղաղ ճանապարհով, ոչ թէ պէտք է սատարեն Հայաստանին եւ հոգ տանեն նրա մասին, այլ ճնշում գործադրեն Հայաստանի վրայ այդ երկրի կողմից ՄԱԿի ԱԽի համապատասխան որոշումների՝ միջազգային իրաւական նորմերի շրջանակում կատարման հարցում: Ութերորդ՝ Եւրամիութիւնը եւ յատկապէս Ֆրանսիան ու Գերմանիան պէտք է Թուրքիայի համար բացեն այդ կառոյցի անդամութեան հեռանկարը:
ՀԱՐՑՈՒՄ.- Ինչպէ՞ս կարող է ազդել հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորումը մինչ այդ սկսուած կամ մտայղացուած հաղորդակցական, էներգետիկ կամ տարածաշրջանային այլ նախագծերի վրայ:
ՍՈՒԼՀԱԴԴԻՆ ԱՔՊԵՐ.- Երկկողմանի յարաբերութիւնները հիմնականում կարող են զարգանալ Թուրքիայի կողմից կատարուող միակողմանի քայլերի հաշուին: Այդ դէպքում առաջիկայում կարելի է սպասել հետեւեալը.
ա) Բաքու-թբիլիսի-կարս երկաթուղին մեծ հաշուով կը կորցնի հրատապութիւնը, յատկապէս Թուրքիայի համար:
բ) Այդ պայմաններուն «Նաբուկօ» նախագծի իրականացումը կը բարդանայ հիմնականում Ադրբեջանի դիրքորոշման մէջ կատարուած փոփոխութիւնների հաշուին:
գ) Ամենայն հաւանականութեամբ, սպասուածին հակառակ, կասկածի տակ կը յայտնուի անդրկասպեան խողովակաշարի նախագծի իրականացումը: Հրատապ կը դառնայ Շահդենիզ հանքավայրից Ռուսաստանի տարածքով գազի տեղափոխման նախագիծը: Ընդհանուր առմամբ, կը բարդանայ էներգապաշարների տեղափոխման՝ Ռուսաստանը շրջանցող այլընտրական ուղիների նախագծերի իրականացումը:
դ) Այս բացասական միտումների պայմաններում կը մեծանայ ԲԹՍ եւ ԲԹԱՅ խողովակաշարերի անվտանգութեան ռիսկը:
ՀԱՐՑՈՒՄ.- Ինչպէ՞ս կարող է ազդել հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորումը թուրք-ադրբեջանական յարաբերութիւնների վրայ, եւ արդեօք տարբերւո՞ւմ են Թուրքիայի եւ Ադրբեջանի՝ Հայաստանի հետ կապուած շահերը:
ՍՈՒԼՀԱԴԴԻՆ ԱՔՊԵՐ.- Առաջին ներկայ փուլում հայ-թուրքական յարաբերութիւնների լիակատար նորմալացումը թւում է խնդրահարոյց: Այդ բարդ գործընթացը շատ ժամանակ կը պահանջի: Երկրորդ քանի որ Թուրքիան չի տեսնի իր կատարած քայլերի ադեկուատ (համարժեք-Խմբ.) պատասխանը, ինչպէս նաեւ Ադրբեջանի հետ յարաբերութիւնների հաւանական սրման, հայ-ադրբեջանական հակամարտութեան լուծման վրայ դրական ազդեցութեան բացակայութեան պատճառով, այդ գործընթացը չի կարող լինել տեւական եւ, բացի այդ, կարող է ունենալ հակառակ ազդեցութիւն: Երրորդ երկկողմանի յարաբերութիւնների նորմալացումը կախուած կը լինի նրանից, թէ Հայաստանը որքանով ի վիճակի կը լինի վարել անկախ եւ կառուցողական քաղաքականութիւն, ինչպէս նաեւ՝ այդ հարցի նկատմամբ ԱՄՆի եւ Եւրամիութեան հաւասարակշռուած եւ ադեկուատ մօտեցումից: Բացի այդ, յարաբերութիւնների նորմալացման հեռանկարը կախուած է նաեւ Ռուսաստանից: Չորրորդ՝ երկկողմանի յարաբերութիւնների զարգացման հեռանկարը պահանջում է համալիր մօտեցում, ինչպէս նաեւ հայ-ադրբեջանական հակամարտութեան զուգահեռ կարգաւորում:
Չնայած Ադրբեջանի ու Թուրքիայի մերձութեանը, այդուհանդերձ, նրանք տարբեր պետութիւններ են եւ ունեն տարբեր ազգային շահեր: Անհրաժեշտ է յատուկ ընդգծել, որ այս երկու բնական դաշնակից երկրների միջեւ չկայ ոչ միայն ռազմաքաղաքական դաշնակցութիւն, այլեւ համաձայնութիւն ռազմաքաղաքական գործընկերութեան մասին: Հայաստանի նկատմամբ Թուրքիայի եւ Ադրբեջանի ռազմավարական շահերը եւ հայեացքները համընկնում են: Այդուհանդերձ, ներկայ պահին Թուրքիայի եւ Ադրբեջանի մարտավարական շահերն այս հարցում ոչ միայն տարբեր են, այլեւ ինչ-որ իմաստով հակադիր: Առկայ պայմաններում Թուրքիայի կառավարութիւնը Հայաստանի հետ յարաբերութիւններին վերաբերում է՝ հաշուի առնելով հետեւեալ գործօնները. «ոչ մի խնդիր հարեւանների հետ» սկզբունքը, ԱՄՆի նոր վարչակարգի կողմից հայերի ցեղասպանութեան ճանաչման երկիւղը, վրացական իրադարձութիւններից յետոյ Ռուսաստանի ազդեցութիւնը տարածաշրջանում: