Իմ խօսակիցն է մօտ յիսուն տարեկան հայ անունով տղամարդ:
Որովհետեւ մի համեստ հայ կին մեր ներկայութեամբ արտայայտեց հայ կանանց եւ հայ մօր մասին հետեւեալը. «Աշխարհում նրանք եթէ ամենալաւը չեն, գոնէ լաւագոյններից են»: Չնայած, որ ես համակարծիք էի նրա հետ եւ իմ կողմից հաստատեցի վերոյիշեալ իրականութիւնը, այն պարոնի դուրը չեկաւ եւ նա, համարեայ պոռթկումով հերքեց այն ազնիւ հայ կնոջ խօսքերը՝ պնդելով հետեւեալ դատարկաբանութիւնը. «Ինչո՞ւ էք այդպէս սխալ արտայայտւում. միթէ՞ վիէթնամցի կամ ուրիշ ազգեր նման յատկութիւններից զուրկ են… Դա շովինիզմ է եւ էգոյիստութիւն»:
Ես հակադարձեցի եւ մեծ պատմական դէպք մէջբերեցի: Երկրորդ (Համաշխարհային-Խմբ.) պատերազմի տարիներին, միջազգային Սովետ միութիւնը եւ ֆաշիստական Գերմանիան Լեհաստանը գրաւելուց յետոյ, իրար մէջ բաժանեցին: Արեւելեան Լեհաստանը Սովետին միացուեց, իսկ Արեւմտեան Լեհաստանը՝ Գերմանիային: Սովետները, ըստ իրենց վատ սովորութեան, Արեւելեան Լեհաստանի բնակչութեան բարեկեցիկ կեանք ունեցողներին տեղահան արան՝ քշելով նրանց մինչ Արեւմտեան Սիբիր: 1941 թուի Յունիսին, խախտելով Սովետի հետ այդպէս կոչուած բարեկամական դաշնագիրը՝ Գերմանիան յարձակուեց Սովետ միութեան վրայ: Սովետը բարեկամացաւ Անգլիայի ու յետոյ, Միացեալ Նահանգների հետ: Նրանք համաձայնուեցին, որ աքսորուած լեհացիներին յանձնեն դաշնակիցներին: Հազարաւոր լեհացիներ լցուեցին Իրան, որպէսզի այնտեղից տեղափոխուեն հոն, որտեղ դաշնակիցները յարմար էին գտնում: Մինչեւ փոխադրուելը, լեհ կանայք, ի դէպ գեղեցիկ եւ գրաւիչ էին, չէին ուզում հալալ քրտինքով իրենց ապրուստը հայթայթել, այլ զբաղւում էին աշխարհի ամենահին արհեստով: Միայն մի քանի տասնեակ լեհացի կանայք ամուսնացան հայ, պարսիկ եւ ասորիների հետ:
Իսկ հայ կանայք՝ Եղեռնից մազապուրծ եղած, փրկուած, հալալ աշխատանքով եւ պատուով վաստակում էին իրենց ապրուստը՝ տներում լուացք անելով, տներում սպասարկելով եւ ամէն տեսակի սեւ աշխատանքով զբաղուելով:
Աւելացնելով եւ շարունակելով, ես իրեն հետեւեալ իրողութիւնը շարադրեցի. մենք միայն շնորհակալութիւն պէտք է յայտնենք իրենց նուիրաբերումի, զոհաբերութեան, հաւատարմութեան, հոգեկան ամրութեան եւ անմնացորդ սիրոյն համար: Բազում, բազում այլ բաների համար, որոնք անսահմանօրէն կը շնորհուեն, կը շռայլուեն ամէն Աստծոյ օրը: Հայ կինը տիեզերքի ոգին է, իսկ հայ մայրը՝ կատարեալ բանաստեղծութիւն ու նաեւ ընտանիքի երկաթէ սիւն, եւ այն ծառն է, որի շուքի տակ պատսպարւում են ընտանիքի բոլոր անդամները:
Իմ խօսքերից եւ պարզաբանումներից վերոյիշեալ պարոնը մռթմռթալով եւ մի քանի անկապ եւ ոչ նրբագին անկապակից խօսքերից յետոյ, ջղայնացած, գլխիկոր հեռացաւ, առանց «Ցտեսութիւն» բառը գործածելու:
Բայց ես ամենայն գոհունակութեամբ լիցքաւորուեցի՝ համոզուած լինելով, որ ես իմ սրտի խօսքը ասացի եւ հոգուս պարտքը կատարեցի:
Յարգանօք՝
ՎԱՐԴԱՆ ՏԻԳՐԱՆ ՄԱԹԷՈՍԵԱՆ