ԱԼՎԱՐԴ ՈՒԶՈՒՆԵԱՆ
Փետրուարի տասներկուսին Արշակ Տիգրանեան վարժարանը նշեց Վարդանանց տօնը: Վարդանի կերպարով ոգեւորուած՝ չորրորդ եւ հինգերորդ դասարանի աշակերտները՝ Ալիս Գուրուեանի ղեկավարութեամբ, հրաշալի ձեւով բացատրեցին Վարդանանց տօնի իմաստն ու խորհուրդը: Խօսուն բեմական զարդարանքները, աշակերտների բարձր տրամադրութիւնը, նրանց գիտելիքները՝ Վարդանանց տօնի նշանակութեան մասին, մեծ ոգեւորութիւն առաջ բերեցին աշակերտների մէջ:
Բացման խօսքով հանդէս եկաւ Գրիգոր Սուքիասեանը, որը բացատրեց Վարդանանց տօնի նշանակութիւնը, նրա դերը պատմութեան մէջ եւ Վարդան Մամիկոնեան կերպարի կարեւորութիւնը սերունդների կեանքում: Միջոցառումն ուղեկցուեց Կոմիտաս Քէշիշեանի կազմակերպած երգչախմբային կատարումով: Վարդանանց տօնի մասին իրենց ասելիքն ունէին նաեւ վեցերորդ եւ եօթներորդ դասարանի աշակերտները՝ Ալվարդ Ուզունեանի ղեկավարութեամբ: Վերջինիս ցուցմունքով, աշակերտների եւ ուսուցիչների համար տօնի մասին արդիական եւ հետաքրքիր տեսաերիզներ էին պատրաստել 11րդ դասարանի աշակերտներ Սամսոն Մղդսեանը եւ Ալեքս Ղարիբեանը: Աշակերտներին մեծ խանդավառութիւն էր պատճառել Աւարայրի ճակատամարտի մասին նկարահանուած նոր ֆիլմը եւ Վարդան Մամիկոնեանի կենդանի կերպարն այդ ֆիլմում, որի հատուածները ցուցադրուեցին այդ օրը՝ մեր աշակերտների տեխնիկական գիտելիքների օգնութեամբ:
Վարդանանց տօնը Արշակ Տիգրանեան վարժարանում ոչ միայն յիշատակաց օր էր, այլ նաեւ ապրելու, արարելու եւ սերունդների մէջ պայքարի ոգին կենդանի պահելու տօն: Վարդանանք այսօր բնաւորութեան գիծ պիտի դառնան գործող իւրաքանչիւր աշակերտի ներաշխարհում: Ապրելու եւ գոյատեւելու մեծ տենչը պիտի փոխանցուի սերունդներին, որտեղ էլ որ հայ պատանին գտնուի:
Միջոցառման վերջում, տնօրէն Վարդգէս Գուրուեանը շնորհակալութիւն յայտնեց միջոցառման կազմակերպիչներին եւ նշեց, որ հոգեկան խանդավառութիւնը ամենակարեւոր զգացումն էր, որ այդ օրը փոխանցուեց աշակերտներին: Մէկ անգամ եւս Տիգրանեանցիները ապացուցեցին, որ հեռու ափերում ապրող հայ պատանին միշտ էլ զգում է իր ազգային հերոսների կարիքը եւ առաջնորդւում նրանց գաղափարներով. այն է՝ «Մահ իմացեալ անմահութիւն է…»: