ԱԼՎԱՐԴ ՈՒԶՈՒՆԵԱՆ
Հրաշալի գաղափար է, այնպես չէ՞:
Ճիշդ այդպէս էին կարծում նաեւ Արշակ Տիգրանեան վարժարանի երկրորդ եւ երրորդ դասարանի աշակերտները: Իրենց ուսուցչուհիներ Լուսինէ Ասատրեանի եւ Արշալոյս Կիրակոսեանի ղեկավարութեամբ, աշակերտները պատրաստել էին հրաշալի ծրագիր, որի արդիւնքում հաւաքուած գումարը նուիրաբերուելու էր Հայիթիի երկրաշարժում տուժածներին: Վարժարանի հայ սաները չէին կարող անտարբեր լինել եւ ցոյց չտալ իրենց մարդասիրական օգնութիւնը երկրաշարժում տուժածներին:
Այդ օրը դպրոցում վաճառուեց տարբեր տեսակի համադամ քաղցրաւենիք, որի արդիւնքում հաւաքուած գումարը նուիրաբերուեց երկրաշարժից տուժածներին: Նուիրատուութեան արդիւնքը ոչ միայն հաւաքուած գումարն էր, այլ նաեւ մարդկային մօտեցումը դժուարութեան եւ կարիքի մէջ գտնուողներին: Այն գաղափարը, որ այդ նուիրատուութեան ծրագիրը մտածել եւ իրականացրել էին աշակերտները, արդէն ողջունելի էր ոչ միայն ուսուցիչների, այլ նաեւ տնօրէնի կողմից, որը խրախուսեց նման ծրագրերը եւ մեծ աջակցութիւն ցոյց տուեց կազմակերպչական գործում: