Ամերիկահայ գաղութում աւանդոյթ է դարձել տարբեր առիթներով կազմակերպութիւնների, հաստատութիւնների կողմից եւ անհատական ձեւով այցելութիւններ տալ Քալիֆորնիայի «Արարատ» տարեցների հանգստեան տուն: Այս կամաւոր շարժմանը անուն չես կարող տալ, այլ կարող ես համարել մարդկային պահանջք՝ փոքրիկ փոփոխութիւն մտցնել իրենց կեանքը մինչեւ վերջ այդ պատերի մէջ գամած մեր հայ մամիկների եւ պապիկների առօրեայում:

Մեր դաշնամուր նուագող աշակերտական խմբակով ծրագրել էինք ելոյթ ունենալ «Արարատ»ում: Ամիսներ առաջ տեսնուել էինք հաստատութեան ղեկաւար տիկին Պապիկեանի հետ եւ համաձայնուել՝ Ս. Զատկին յաջորդող Մեռելոցի օրն առաւօտեան ժամը 10:30ին լինել այնտեղ: Փոքրիկները, զարդարուած տօնական հագուստներով՝ իրենց ծնողների առաջնորդութեամբ արդէն ժամանել էին: Ելոյթը նուիրել էինք հայ կանանց, նկատի ունենալով, որ 2010 թուականը հռչակուած էր Հայ կնոջ տարի: Մասնակցող աշակերտներն էին՝ Քրիստինէ Թօփաչիկեան, Մէրի Թումիկեան, Փիտր Տէր Պետրոսեան, Նանօր Տէր Պետրոսեան, Քրիստինէ Գալուստեան, Սարին Քէշիշեան, Արենի Պետրոսեան եւ Գէւիկ Սաֆարեանց: Կանանց եւ յատկապէս հայ կանանց մասին մեր ամփոփ ելոյթից յետոյ, փոքրիկները հայ եւ օտար երգահանների ստեղծագործութիւնների կատարումներով հաճելի տրամադրութիւն ստեղծեցին սրահում հաւաքուած բնակիչներին, աշխատակիցներին եւ ներկայ ունկնդիր ծնողներին ու հիւրերին համար: Ելոյթից առաջ, երբ մասնակիցներից մէկը դժկամել էր գալու, մեծ մայրը յորդորել էր նրան. «Աղջի՛կս, երթա՛նք, անոնք վերջը աղօթք կ՛ընեն քեզի համար»: Եւ եկել էր Արենին: Եկել էին մեր փոքրիկ դաշնակահարները՝ պարտաճանաչ եւ պատասխանատու, գիտակցելով, որ այս անգամ նրանք կամաւոր զինուորներ են, եւ ոչ՝ բեմի վրայ փայլող դաշնակահարներ: Եկել էին աղօթքի համար: Շնորհակալ ենք մէկիկ-մէկիկ:
Ձեր Ուսուցչուհին՝
Կարինէ Տէր Գէորգեան