ԹԵՀՐԱՆ, «Ալիք».- Թեհրանահայ գործարարների բիզնես ծրագրով հետաքրքրուող մի խումբ՝ 48 հոգի, երէկ ազգային առաջնորդարանից մեկնեց Արցախ: Այս շրջագայութիւնը գործնական նպատակ է հետապնդում եւ ընդհանուր առմամբ Արցախում ու մասնաւորապէս Քաշաթաղում ներդրումային ոլորտը զարգացնելու նպատակով՝ Թեհրանի հայոց Թեմական խորհրդի կողմից կեանքի է կոչուել յանձնախումբ, որպէսզի գործը համակարգուած ձեւով կազմակերպուի:
Նախապէս որոշակի աշխատանքներ տանելուց յետոյ՝ Չորեքշաբթի, Մայիսի 12ին, երբ արդէն գործարարների խումբը պէտք է մեկնէր, յանձնախմբի ներկայացուցիչ Րաֆֆի Պետրոսեանը նշեց, որ այս ոլորտի զարգացման հոլովոյթում հետաքրքրութիւններ են ցուցաբերել նաեւ գործարարներ՝ Հայաստանից եւ ամերիկաբնակ իրանահայերից: Եւ նախատեսուած էր նաեւ գործարարների այս համատեղումը Լաչինում, բայց, ցաւօք, ամերիկաբնակ հայերը չհասցրեցին մասնակցել այս ճանաչողական հանդիպմանը: Բայց, դա չի նշանակում, որ դուրս են եկել նախագծից. նրանք մնում են նախագծում:
Երթուղին հետեւեալ կերպ է նախատեսուել: Այսօր գործարարների խումբը կը լինի Լաչինում, ապա՝ Իշխանաձոր գիւղում՝ աւելի ընդլայնւած ծրագրով: Իրանահայ գործարարների կողմից գիւղի բնակիչների համար նախատեսուել են նաեւ շուրջ 150 կապոց նուէրներ: Մեր այն հարցին, թէ նուէրները գործարարները անձամբ են բաժանելու բնակիչներին, պրն. Պետրոսեանը պատասխանեց՝ քանի որ Մայիսի 23ին Արցախում խորհրդարանական ընտրութիւններ են տեղի ունենալու, պետական ատեանները որոշում են ընդունել, որ նախքան ընտրութիւնները՝ նման մասսայական նուէրներ ժողովրդին չբաժանուեն: Եւ այդ որոշումից ելնելով՝ սոցապնախարարութեան (ընկերային ապահովութեան-Խմբ.) հետ համաձայնութիւն է ձեռք բերուել, որպէսզի այս կապոցները յանձնուեն իրենց եւ երբ Մայիսի 22ին քարոզարշաւն աւարտուի, նրանք կը փոխանցեն բնակիչներին:
Ծրագրում նախատեսուած են նաեւ՝ այցելութիւն Շուշի, Ստեփանակերտ, գործնական հանդիպումներ՝ Գանձասարում եւ վարչապետարանում՝ պետական այրերի եւ նախարարների հետ, ինչպէս նաեւ հանդիպում վարչապետի եւ նախագահի հետ:
Երբ զրուցում էինք առաջնորդարանի բակում հաւաքուած գործարարների հետ, նրանք լաւատեսօրէն էին մօտենում հարցին՝ յոյս յայտնելով, որ ներդրումային այս համատեղ աշխատանքը յաջողութեամբ կը պսակուի: Եւ վերջում մի հետաքրքիր զուգադիպութեան մասին կը ցանկանայինք անդրադառնալ:
1994 թուականի Մայիսի 12ին էր, երբ կնքուեց Ղարաբաղեան պատերազմում հրադադարի մասին պայմանագիրը, եւ արդէն 16 տարի է, ինչ Արցախի Հանրապետութիւնը խաղաղ պայմաններում է կերտում իր ապագան եւ հետաքրքիր զուգադիպութեամբ այն համընկաւ իրանահայ գործարարների այս գործնական շրջագայութեան առաջին օրուան: Ու ահա այստեղ է, որ խօսուն վկայութիւնները մէկտեղւում են, քանզի Արցախի 16ամեայ հրադարարի պայմանները վերափոխւում են փոքրիկ երկրի հզօրացման եւ շէնացման հանգրուանի, ուր համատեղուած են համահայկական միտքն ու գաղափարը:
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.