ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ
«Գելափի» ինստիտուտի սոցիոլոգիական հարցման (հարցախոյզի-Խմբ.) արդիւնքը, ըստ որի՝ հայաստանցիների 39 տոկոսը (եթէ որպէս հիմք վերցնենք պաշտօնական վիճակագրութիւնը՝ դա աւելի քան մէկ միլիոն մարդ է) ցանկանում է լքել մեր երկիրը, անկասկած, ջուր է լցնում ադրբեջանցիների եւ թուրքերի ջրաղացին: Այդ հիմքով կարելի է հերքել հարցման տուեալները կամ դրանք ընդհանրապէս բանի տեղ չդնել: Բայց իրականութեանը շիտակ չնայելը այս դէպքում նշանակում է նպաստել նրան, որ այդ մարդիկ իրագործեն Հայաստանից գնալու իրենց մտադրութիւնը: Իսկ ի՞նչը կարող է աւելի շատ ջուր լցնել յիշեալ ջրաղացներին, քան մեր երկրի հայաթափումը:
Հետեւաբար, աւելի ճիշտ կը լինէր լրջօրէն մտածել՝ հասկանալու համար, թէ ինչու մեր համաքաղաքացիների այդքան ստուար հատուած ձգտում է հեռանալ Հայաստանից, ինչն է այստեղ այնքան վատ, որ մարդիկ ուզում են պանդուխտ դառնալ: Եթէ մարդն իր երկրում նորմալ աշխատանք չունի, եթէ նա չի կարող ապահովել իր ընտանիքի արժանապատիւ կեանքը, ապա հայրենասիրական ոչ մի քարոզ չի կանգնեցնի նրան. նա առաջին իսկ յարմար պահին ինքնաթիռի տոմս կը գնի եւ կը գնայ՝ իր բախտը այլ երկրներում որոնելու: Բայց ես վստահ եմ, որ մէկ միլիոն պոտենցիալ (հաւանական-Խմբ.) մեկնողներից ամենաշատը 10 տոկոսն է այդպիսի աղէտալի վիճակում:
Իմ անձնական շփումը ցոյց է տալիս, որ «երթալու» ցանկութիւն ունեցողների գերակշիռ մասը սովից չի կոտորւում, ունի բնակարաններ եւ ստանում է քիչ թէ շատ տանելի եկամուտներ: «Մենք այստեղ հեռանկար չունենք», ասում են ինձ երիտասարդները: «Մենք այստեղ մեր երեխաների համար որեւէ հեռանկար չենք տեսնում», պնդում են իմ հասակակիցները: «Հեռանկար չտեսնելը», իհարկէ, շատ տարողունակ հասկացութիւն է: Հիմնականում խօսքն այն մասին է, որ մեր երկրում նորմալ մասնագէտը եւ ազնիւ աշխատանքը բացարձակապէս չեն գնահատւում: Երիտասարդը, որը «ջիփի» ղեկին տեսնում է իր անբան, անտաղանդ, անգրագէտ եւ անկիրթ հասակակցին, հասկանում է, որ ոչ մի գիտելիքով, ոչ մի հմտութիւններով նա երբեք այդ «ջիփը» չի վաստակի, որ այդ մեքենան ձեռք է բերուել անբան երիտասարդի գող-աւազակ ծնողների կողմից՝ թալանելու եւ կաշառք վերցնելու միջոցով: Ի՞նչ էք կարծում՝ կը ցանկանա՞յ այս պայմաններում մտաւոր եւ մասնագիտական ներուժ ունեցող երիտասարդը իր գործունէութիւնը ծաւալել Հայաստանում: Կը ցանկանա՞ն այդ երիտասարդի ծնողները, որ նա մնայ երկրում: Կամ՝ բնական չի՞, որ կրպակ կամ փոքր խանութ ունեցողը, որի մօտ ամէն ամիս գալիս է հարկայինը եւ առանց որեւէ պատճառի 100 հազարաւոր դրամներ պահանջում՝ պլանները կատարելու եւ գերակատարելու համար, ի վերջոյ կը փորձի կրպակ դնել այն երկրում, որտեղ իրեն չեն հարստահարելու: Այնպէս որ, երկիրը լքելու պատճառներն իրականում բաւականին «թափանցիկ» են:
Վստահ եմ, որ իշխանութիւնը մօտ ապագայում կ՛անցկացնի իր հարցումը, որպէսզի ապացուցի, որ «Գելափի» տուեալները չափազանցուած են: Իհարկէ, գլուխը աւազի մէջ մտցնելը ամենահեշտ տարբերակն է:
Արամ Աբրահամեան «Առաւօտ» օրաթերթի գլխաւոր խմբագիրն է: